ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ – Իսրայելի նոր հրթիռները կուղղվե՞ն Արցախի դեմ
03.06.2020 | Քաղաքականություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:
Իսրայելական Israel Aerospace Industries կոնցեռնը պաշտոնակապես հայտնել է LORA (Long-Range Artillery Weapon System) օպերատիվ-մարտավարական հրթիռի հաջող փորձարկման մասին, գրում է The Jerusalem Post-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանն առաջին ու միակ երկիրն է, որին Իսրայելը մատակարարել է այդ հրթիռային համալիրները։ Պարզվում է, Ադրբեջանի զինված ուժերը LORA համակարգերն ստացել են 2018 թվականին։
Փաստորեն, 2018 թվականին իսրայելական ընկերությունն Ադրբեջանին մատակարարել է հրթիռներ, որոնք փորձարկել է միայն 2020 թվականին։ Նոր հրթիռներն ունեն մի փոքր այլ բնութագրիչներ, բայց արդյո՞ք ընկերությունը ցանկացել էր իր հրթիռները փորձարկել «դաշտային պայմաններում», որի համար էլ որոշել է անհամաչափ մահացու զենքն ուղարկել Հայաստանի հետ պատերազմող երկրին։
2017 թվականին մեծ սկանդալ էր բռնկվել՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում իսրայելական անօդաչու սարքերի կիրառման հետ։
Maariv-ը հրապարակել է հոդված, որում պնդել էր, որ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունն իր ապրանքի արդյունավետությունը ցույց է տվել՝ հարվածելով Ղարաբաղում հայերի դիրքերին։ Այսինքն, հարվածել էր հայկական թիրախներին։
Maariv-ը հիշեցրել է, որ ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության կանոնների, սպառազինության իսրայելական մատակարարներն իրավունք չունեն ուղիղ կամ անուղղակի մասնակցել այլ երկրների տարածքում ռազմական գործողությունների, եթե չկա պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարությունը, որը տրվում է շատ հազվադեպ։
Ռազմական արտադրանքի փորձարկման ժամանակ, ըստ հրապարակման, ադրբեջանական կողմը խնդրել է պայթուցիկով զինված անօդաչու սարքն ուղղել հայկական դիրքերի կողմ։
Aeronautics Defense Systems-ը, իր հերթին, կտրականապես հերքել է այդ պնդումները՝ հայտարարելով, որ ընկերությունը երբեք չի թեստավորում իր արտադրանքը կենդանի թիրախների վրա։ Ընկերության ներկայացուցիչները չեն հերքում, որ հայկական դիրքերին հարված հասցվել է, ի հեճուկս իսրայելցի օպերատորների առարկությունների եւ գնորդի նախաձեռնությամբ։
Ինչպես գրում է Maariv-ը, օպերատորները մի քանի անգամ հրաժարվել են կատարել ադրբեջանական կողմի պահանջները, անգամ սպառնալիքներից հետո։ Այդ ժամանակ դրոնների կառավարումն իրենց ձեռքն են վերցրել ընկերության մենեջերները՝ փորձնական թռիչքն ավարտին հասցնելով հայկական դիրքերին հարվածով։
Ապրիլյան պատերազմի ժամանակ կիրառվել են անօդաչու-կամիկաձեներ, որոնք «հակամարտությունների պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի դեմ 2016 թվականին», – գրել են ռուսական լրատվամիջոցները։
Այդ դրոնը իսրայելական Israel Aerospace Industries ընկերության Harop սարքն էր, իսկ համացանցում հայտնվել է նաեւ տեսանյութ, թե ինչպես է դրոնը գրոհում հայկական դիրքերը։ Դրոնը խոցել է ավտոբուս, որի հետեւանքով 9 մարդ է զոհվել։
Հիմա Իսրայելը փորձարկում է զենք, որը 2 տարի առաջ մատակարարել է Ադրբեջանին։
www.lragir.am/2020/06/03/552240/