ԱՐՄԵՆՊՐԵՍ – Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է
14 Հունիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում է, որտեղ հարցաքննվում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԱԾ-ի մոտ՝ Երևանի Նալբանդյան փողոցում են հավաքվել նրա աջակիցները, որոնց ոստիկանները հորդորում են պահպանել արտակարգ դրության կանոնները։ Իրավիճակի սրումից հետո որոշ անձինք բերման են ենթարկվել։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հաղորդել էր, որն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը։
«Ներսում իրավապահները գործողություններ են կատարում։ Որքանով տեղյակ եմ խուզարկություններ են իրականացվում նաև կուսակցական գրասենյակներում՝ Գեղարքունիքի մարզի»,- նշել էր Աբովյանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ընկերությունը պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս է պատճառել։
Մեկ այլ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:
armenpress.am/arm/news/1018440.html