Արաբական պետությունների լիգան դատապարտել է Իրաքի հյուսիսում Թուրքիայի օդուժի ռմբակոծությունները
17 Հունիս 2020 – ՌԱԶՄԱԿԱՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դատապարտել է Թուրքայի օդուժի կողմից Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ սկսված «Արծվի մագիլ» ռազմագործողության շրջանակում իրականացված ռմբակոծությունները։
ԱՊԼ-ն հայտարարել է, որ Անկարան տվյալ օպերացիան իրականացնում է առանց Բաղդադի հետ համաձայնեցման։
Լիգայի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ աբու ալ-Գեյթը դատապարտել է PKK-ի տարրերին հետևելու պատրվակով Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող ռազմական օպերացիան և հաստատել, որ թուրքական ռազմական օկուպացիան խախտում է Իրաքի ինքնիշխանությունը»։
Նշվում է, որ Թուրքիան նսեմացնում է միջազգային իրավունքը և իր հարևան արաբական երկրների հետ ունեցած հարաբերությունները։
«Արաբական երկրներին, այդ թվում՝ և՛ Սիրիային, և՛ Լիբիային, և՛ նաև Իրաքին ուղղված Թուրքիայի ռազմական միջամտությունը հանգեցնում է մտահոգության, ժխտման և դատապարտման և ցույց է տալիս Թուրքիայի էքսպանսիոնիստական հավակնությունները»,-ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ «Pençe-Kartal» ռազմական օպերացիայի մեկնարկի մասին։ Թուրքիայի օդուժը շարունակում է ռմբակոծություններ հասցնել Սինջար, Քարաջաք, Քանդիլ, Զափ, Ավաշին Բասյան և Հաքուրք շրջաններին։ Ռազմագործողության նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը։
Աղբյուր` odatv4.com
ermenihaber.am/am/news/2020/06/17/Թուրքիա-Իրաք-ԱՊԼ/185939