Կիրօ Մանոյեան.- «Միջազգային հանրութեանը կարելի է արդէն մեղսակից համարել Ադրբեջանի պահւածքին»

Հինգշաբթի 24 Դեկտեմբերի 2015
«Ինչպէս ԱԳ նախարարն է ասում՝ այս հանդիպումը կամ նման հանդիպումների կայանալը առայժմ ինչ-որ տեղ նպաստում է սահմանագծում իրադրութեան մեղմանալուն, սակայն Ադրբեջանը ցանկացած հանդիպման նախօրէին սրում է իրավիճակը»,- «panorama.am»-ի հետ զրոյցում՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Շւէյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը, նշել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:

Մանոյեանի կարծիքով՝ հաշւի առնելով Ադրբեջանի պահւածքը ճիշտ չի լինի բանակցութիւններում լուրջ տեղաշարժ ակնկալել:
Նշենք, որ Ադրբեջանը տարբեր ատեաններում իր դժգոհութիւնն է յայտնում Մինսկի խմբի ձեւաչափից, սակայն վերջին հանդիպմամբ արձանագրւեց հակառակը:

«Նախագահները հաստատել են իրենց պատրաստակամութիւնը շարունակել համագործակցութիւնը ներկայում բանակցութիւնների սեղանին դրւած լուծման ուղղութեամբ: Նրանք նաեւ վերահաստատել են, որ հաւատարիմ են Մինսկի խմբի ձեւաչափին»,- մասնաւորապէս ասւած է ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահների յայտարարութեան մէջ:

Այս կապակցութեամբ Կիրօ Մանոյեանը նշեց, որ չի բացառւում՝ Ադրբեջանը վաղը կը սկսի յայտարարել իր դժգոհութիւնը Մինսկի խմբից, քանի որ հակամարտութեան կարգաւորման երեք սկզբունքներից Ադրբեջանը չի ընդունում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը:

«Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ցանկանում է, որ փոխւի ձեւաչափը, ատեանը: Դրա համար էլ աջ ու ձախ փորձում են, որ հարցը քննարկւի այնտեղ, որտեղ կաշառելը հեշտ է եւ ինչ-որ բանաձեւեր կորզի: Նրանց ոչինչ չի բաւարարելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ սկզբունքը կայ: Եւ նրանք կարծում են, որ կարելի է այդ սկզբունքը հանել, եթէ ինչ-որ բան փոխւի ձեւաչափի մէջ»,- նշեց Մանոյեանը:

Նրա կարծիքով, միջազգային հանրութիւնը նոյնպէս իր մեղքի բաժինն ունի Ադրբեջանի պահւածքի մէջ:

«Միջազգային հանրութեանը կարելի է արդէն մեղսակից համարել Ադրբեջանի պահւածքին, որովհետեւ անհրաժեշտ վճռականութիւն չի ցուցաբերում եւ քայլեր չի ձեռնարկում, որպէսզի Ադրբեջանի այս կամայականութիւններին վերջ դրւի: Կարծում եմ ճիշտ կը լինի, որ միջազգային հանրութիւնը նշաններ ցոյց տայ առ այն, որ եթէ Ադրբեջանը շարունակելու է այս ընթացքը, ապա միջազգային հանրութիւնը կը ձեռնարկի Լեռնային Ղարաբաղը ճանաչելու քայլեր»,- նշեց Կիրօ Մանոյեանը եւ յաւելեց, որ միայն դա կարող է Ադրբեջանին զսպել:

«panorama.am»
http://alikonline.ir

Facebooktwitterredditpinterestlinkedinmail