Հայկազուն Ալվրցյան – Անդրադարձ – Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայում
19.06.2020 | Հարցազրույց | Lragir.am:
Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանի հետ «ՀՀ»-ն զրուցում է Թուրքիայում ապրող կրոնափոխ հայերի մասին. ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած այս մարդիկ, ի՞նչ է նրանց սպասվում ապագայում։
Պարոն Ալվրցյան, «արեւմտահայոց հարցերի ուսումնասիրություն» արտահայտությունն այսօր որքանո՞վ է ռեալ հնչում։
Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության խնդիրը շատ արդիական է, բայց եւ արդիական լինելով՝ նաեւ մոռացված է մեզանում։ Որպեսզի ռեալ լինելու մասին խոսենք, նախ եւ առաջ պետք է տեղեկանանք, ի՞նչ ունենք Արեւմտյան Հայաստանում եւ արեւմտահայության շրջանում։ Մենք մեր առջեւ դրել ենք հստակ խնդիր. ուսումնասիրել արեւմտահայության կյանքը բոլոր դիտանկյուններից՝ ազգային, կրոնական, մշակութային, քաղաքական, տնտեսական եւ այլն։ Ընդ որում, ոչ միայն Արեւմտյան Հայաստանում, այլեւ Կիլիկիայում, Փոքր Հայքում, Պոնտոսում եւ երկրի այլ տարածաշրջաններում։
Իսկ այդ հայերի ո՞ր մասն է գիտակցում իր ազգային պատկանելությունը։
Թուրքիայում ապրող հայերը բաժանվում են մի քանի խմբի։ Լոզանի պայմանագրով պոլսահայությանը տրվեց կրոնական համայնքի կարգավիճակ՝ Թուրքիո հայոց պատրիարքարանի առաջնորդությամբ, որի ենթակայության տակ են Թուրքիայի այլ շրջաններում դեռեւս պահպանված մի քանի եկեղեցական փոքրիկ ծխեր։ Ըստ էության, Թուրքիայում կիսապաշտոնական կերպով հայ են համարվում միայն այս համայնքի հայերը։ Ունենք համշենահայերի մի մեծ զանգված, որոնց թուրքերը կոչում են հեմշիլներ, այսինքն՝ համշենցիներ։
Սրանք հիմնականում 250-300 տարի առաջ իսլամացած հայեր են, որ ապրում են Սեւ ծովի ափին՝ Պոնտոսում։ Նրանց մի մասը՝ հատկապես Արդվինի նահանգում բնակվողները, այսօր էլ գիտակցում են իրենց ազգային ակունքները, խոսում են հայոց լեզվի Համշենի բարբառով։ Արեւմտյան Հայաստանում, պատմական Կիլիկիայում եւ Թուրքիայի այլ վայրերում բնակվող հայերն ըստ դավանանքի բաժանվում են երկու մեծ խմբի՝ իսլամադավաններ եւ ալեւիություն դավանողներ։
Սրանց մի մասը հանդես է գալիս քրդական ինքնության պիտակով, մյուսը՝ թրքական։ Այս մարդկանց մի մասը հեռացել է իր ազգային ակունքներից ու չի էլ ուզում այլեւս այդ մասին հիշել։ Մյուսները գիտեն, թե ովքեր են իրենք եւ պատրաստ են վերադառնալու սեփական ակունքներին։ Վերջին խմբին ընդունված է համարել ծպտյալ հայեր, թեեւ վերջին տասնամյակներին ծպտյալ բառը պայմանական իմաստ է ձեռք բերել, քանզի արդեն նրանց հայ լինելն այլեւս գաղտնիք չէ։ Նրանք ոչ միայն պահպանում են իրենց հայկական էությունը, այլեւ, թեկուզ զրկված եկեղեցուց, գաղտնի պահպանում են ազգային դավանանքի ինչ-ինչ տարրեր։
Փաստորեն, ապրում են երկու կյանքով. արտաքին աշխարհի համար այլ անուն ու վարքագիծ ունեն, իսկ ներքին՝ ընտանեկան կյանքում ապրում են ժառանգաբար ստացած ծեսով ու կարգով։ Ընդ որում, խիստ զգոն են նաեւ ամուսնությունների հարցում՝ ամուսնանում են հիմնականում իրար հետ։ Եվ հնարավոր առիթի դեպքում անպայման հայտարարում են իրենց հայ լինելու մասին։ Սրանցից շատերը, տեղափոխվելով Պոլիս, մկրտվում են եւ վերադառնում հայոց եկեղեցու գիրկը։
–Իրենց միջավայրում ինչպե՞ս է ընդունվում այդ վարքագիծը, չե՞ն ենթարկվում հալածանքների։
–Պոլսում ընդգծված հալածանք չկա, բայց այլ բնակավայրերում ճնշման տակ են։ Գիտեք, որ իսլամի օրենքով իսլամից հրաժարումը ենթադրում է մահապատիժ։ Իհարկե, աշխարհիկ պետության պարագայում արդեն մի փոքր այլ է, բայց Թուրքիայում խնդրի էությունը էապես քիչ է փոխվել։
Իսկ կա՞ մոտավոր թիվ. որքա՞ն են հայերը։
Հենվելով բազմաթիվ ուսումնասիրողների տեսակետների վրա, հաշվի առնելով այլեւայլ հանգամանքներ ու գործոններ, նախ, հայության՝ մինչեւ ցեղասպանությունը եղած թվաքանակը, սփռվածության ավազանները, ցեղասպանությանը զոհ գնացած հայության թիվը, նաեւ նկատի ունենալով որոշ թուրք հեղինակների, այդ թվում՝ նաեւ Հալաչօղլուի նման հակահայ «պատմաբանների» բերած տվյալները, 2014 թ. իմ «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» գրքի մեջ հայտնեցի այն կարծիքը, որ այսօր Թուրքիայում ունենք 3,5-4 մլն-ի հասնող իսլամացված հայություն։ Խոսքը 1915-ից հետո իսլամացվածների եւ համշենահայերի մասին է։ 2 թե 3 տարի առաջ Թուրքիայի մի պաշտոնական կայք նշում է 4,5 միլիոն թիվը, ինչը խոսում է այն մասին, որ իմ հաշվարկները մոտ են իրականությանը։
Այս մարդկանց համար Դուք ի՞նչ ապագա եք տեսնում։
Բարդ է նրանց ապագայի հարցը։ Եվ բարդ է մի շարք առումներով, որովհետեւ այն պայմանավորված չէ միայն իրենց ցանկությամբ եւ վարքագծով։ Դեր են խաղալու բազմաթիվ այլ գործոններ եւս։ Նախ՝ կարեւոր դեր կխաղա երկրի արեւելումը. Թուրքիան ձգտում է մտնել Եվրամիություն, որը նրա առաջ որպես նախապայման դրել է ժողովրդավարացման, ազատականացման լուրջ պահանջներ։
Ապա՝ Թուրքիան ներքին զարգացման ի՞նչ ուղի կընտրի՝ ժողովրդավարացմա՞ն, բռնապետության հաստատմա՞ն, կրոնապետությա՞ն, թե՞ մեկ այլ։ Կարեւոր է նաեւ քրդական գործոնը։ Այս ժողովուրդը բացահայտ պայքար է մղում իր ինքնավարության համար, մի բան, որն անհնարին էր պատկերացնել մի 40 տարի առաջ։ Ի վերջո, մենք գիտենք, որ, սահմանադրության համաձայն, Թուրքիայում ծնված բոլոր մարդիկ թուրք են։ Բայց այսօր տաբուն ջարդվել է։
Ողջ աշխարհը, նաեւ իրե՛նք են խոսում քրդական հարցի մասին։ Ասել է թե՝ ընդունում են, որ նրանք թուրք չեն։ Ամենակարեւորը՝ քրդական հարցին զուգահեռ՝ բարձրանում է նրանց համար վտանգավորագույն՝ հայկական հարցը։ Արդեն պաշտոնապես են խոսում իսլամացված հայերի խնդրի լրջության մասին։ Այս հարցում էական գործոն դարձավ նաեւ Հայաստանի անկախացումը, որը հայության՝ ազգային ինքնությանը վերադառնալու լրացուցիչ խթան է։
Ավելին՝ այսօր շատ իսլամադավան հայեր գալիս են Հայաստան կա՛մ որպես զբոսաշրջիկ, կա՛մ ինչ-ինչ աշխատանք անելու։ Օրինակ՝ Խոպա քաղաքի իսլամացված համշենահայերը ակտիվ գնում-գալիս են Հայաստան դեռեւս 1991-ից։ Թուրքիայից Հայաստան ապրանքներ բերող ավտոմեքենաների վարորդները հիմնականում այս մարդիկ են։
Նման հայերը փորձ չե՞ն անում գալ ու դառնալ Հայաստանի քաղաքացի։
Նման դեպքեր արդեն գրանցվում են, բայց նրանք հիմնականում չեն լքում այն հողերը, որոնց վրա ապրելու հնարավորությանն ի գին, կորցրել են լեզու, դավանանք եւ ինքնության այլ տարրեր։ Այս դեպքը հաճախ եմ հիշում. երբ դեռեւս 2005 թ. ամռանը Արեւմտյան Հայաստանում իսլամացած մի հայ երիտասարդի հարցրի՝ ինչո՞ւ Հայաստան չեք գալիս, ինձ պատասխանեց. «Մենք Հայաստանում ենք ապրում, դո՛ւք եկեք Հայաստան»։
Իսկ Թուրքիայի այսօրվա քաղաքականությունն ո՞ւր է տանում այս մարդկանց։
Օսմանյան կայսրությունից մնացած որոշ տաբուներ, որոնք գործում էին նաեւ հանրապետական շրջանում, այսօր ճաքեր են տալիս։ Մի բան հասկանալի է. այլեւս վերադարձ չի լինելու նախկին վիճակին։ Բայց դեռ չի նշանակում, որ հայության այս հատվածին վառ ապագա է սպասում, որովհետեւ սահմանադրորեն նրանք, որպես հայ, պարզապես գոյություն չունեն։ Ընդամենը գիտական, հասարակական շրջանակներում են ընթանում խոսակցություններ՝ նրանց ինքնության վերաբերյալ։
Բայց այս ամենով հանդերձ՝ չի էլ նշանակում, թե Թուրքիայի իշխանությունները չեն գիտակցում, որ այս հարցը կա։ Ավելին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին անգամ կառավարությունը լրջորեն հետաքրքրվում է հայկական հարցով եւ որոնում է լուծումներ։ Որովհետեւ, ըստ էության, իսլամացված հայերի հարցը չի առանձնացվում ընդհանուր հայկական հարցից։
Թուրքիայում հայկական եկեղեցիները վերականգնում են ու դարձնում թանգարան։ Սա ի՞նչ երկդիմի խաղ է։ Մի կողմից՝ վերականգնում են հավատի տները, մյուս կողմից՝ վերցնում են տերերի ձեռքից՝ տալով դրանց պետական կարգավիճակ։
Ամբողջ խնդիրը հենց դա է։ Այն էլ ասեմ, որ միայն հայկական եկեղեցիների վերաբերյալ չէ, որ Թուրքիան նման քաղաքականություն է վարում։ Եվրամիության ճնշման տակ ստիպված է որոշ թատերականացված ներկայացումներ անել՝ փորձելով խորքում բոլորովին այլ հարցեր լուծել։
Փաստորեն, եթե մինչ այդ իսլամացված հայերի ծպտյալ հատվածից շատերը եկեղեցիների ավերակներում մոմ էին վառում, մատաղ անում, այսինքն՝ իրենց ազգային ինքնության հետ որոշ հոգեւոր կապի մեջ էին մտնում, դրանից զրկվում են։ Հ
իմա պետությունը գալիս ու դրանք վերցնում է, դարձնում է թանգարան կամ հնագիտական արգելավայր, զինվորներին պահակ է կարգում եւ այլն։ Այսինքն՝ մարդկանց զրկում է իրենց ինքնությունն այս կամ այն կերպ պահպանելու մեկ հնարավորությունից եւս։
Գոհար Սարդարյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
lragir.am/2020/06/19/557363/