Ադրբեջանին Սպառնում Են ԼՂՀ Ճանաչմամբ

16 դեկտեմբեր 2015
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
ԱՄՆ պետքարտուղարութիւնը ողջունել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի յանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի եւ 80 կոնգրեսականների ներկայացրած առաջարկները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարուածութեան թուլացմանն ուղղուած միջոցներ ձեռնարկելու վերաբերեալ: Յիշեցնենք՝ կոնգրեսականներն առաջարկել էին միջոցներ ձեռնարկել շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, սահմանի ողջ երկայնքով կրակորսիչ համակարգեր եւ ձայնային սարքաւորումներ տեղակայելու, ինչպէս նաեւ ԵԱՀԿ մշտական դիտորդներ ապահովելու համար, որոնք օբյեկտիւօրէն կը քննեն արձանագրուող դէպքերը:

Պետքարտուղարութիւնը կոնգրեսականներին ուղղուած նամակում այդ առաջարկութիւնների ընդունումն անհրաժեշտ է համարում ուժի կիրառման հարցով կողմերից որեւէ մէկին հասցէական մեղադրանքներ ուղղելու, այսինքն՝ կոնկրետ պատասխանատու կողմին մատնացոյց անելու տեսանկիւնից: Զուտ առաջարկութիւնները ողջունելու՝ պետքարտուղարութեան յայտարարութիւնը դեռ չի նշանակում, որ վաղը հրադադարի վերահսկման այդ մեխանիզմները սկսելու են գործել: Ընդամէնը Սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը փաստացի մերժել էր այդ առաջարկը՝ յայտարարելով, թէ դա կը նշանակի ամրագրել ներկայիս ստատուս-քուօն (հաստատուած սահմանը-Խմբ.):

Բայց դրանից՝ պետքարտուղարութեան այս յայտարարութիւնը քաղաքական լուրջ նշանակութիւն ունի: Նախ՝ այն բացայայտում է, որ ամենայն հաւանականութեամբ Սերժ Սարգսեան-Իլհամ Ալիեւ առաջիկայ հանդիպման (եթէ այն, ի հարկէ, կայանայ) հիմնական թեման հենց շփման գծում խաղաղութեան հաստատմանն ուղղուած այդ մեխանիզմների ներդրման հնարաւորութիւնն է լինելու, այսինքն փորձ է արուելու ճնշում գործադրել Ալիեւի վրայ՝ համաձայնելու դրանց կիրառմանը: Եթէ նախագահների հանդիպումը չկայանայ, նշանակում է Ալիեւն այն տապալել է հենց նման պարտադրանքից խուսափելու համար: Երկրորդ՝ պետքարտուղարութեան նամակում յստակ նշւում է, որ նման միջոցների ձեռնարկմանը դէմ է միայն Ադրբեջանը:

Յղում անելով հայկական կողմին կործանիչ հարուածներ հասցնելու մասին Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի նախօրէի յայտարարութեանը՝ պետքարտուղարութիւնն առաջին անգամ շփման գծում լարուածութիւնը մեծացնելու, հրադադարի ռեժիմը խախտելու պատասխանատուութիւնը յստակօրէն դնում է Ադրբեջանի վրայ եւ Բաքուին մեղադրում է բանակցային գործընթացը տապալելու մէջ: Սա հիմք է ինչպէս քաջալերելու Ադրբեջանին զսպելու հայկական կողմի պատժիչ, անհամաչափ գործողութիւնները, այնպէս էլ այս գիծը շարունակելու դէպքում Բաքուի հանդէպ որոշակի «պատժի»չ քայլեր նախատեսելու համար:

Ուշագրաւ է, որ այս կոշտ գնահատականները Վաշինգտոնը հնչեցրեց Ադրբեջանի կողմից ԱՄՆին բողոքի նոտա յղելուց յետոյ: Յիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան նախօրէին հրաւիրուել է այդ երկրի արտգործնախարարութիւն, որտեղ նրան բողոքի նոտա էր փոխանցուել ԼՂՀ արտգործնախարար Կարէն Միրզոյեանին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ æէյմս Ուորլիքի կողմից Վաշինգտոնում ընդունելու կապակցութեամբ, որը Բաքուն որակել է «Ադրբեջանի ինքնավարութեան ու տարածքային ամբողջականութեան դէմ ուղղուած քայլ»: Փաստօրէն արձագանգելով կոնգրեսականներին՝ պետքարտուղարութիւնը Բաքուին հասկանալի է դարձնում, որ մեծ հաշուով թքած ունի նրա նոտայի վրայ եւ շարունակելու է մինչեւ այժմ ԼՂ հարցում որդեգրած քաղաքականութիւնը:

Ի դէպ, ընդամէնը օրեր առաջ Վաշինգտոնը նաեւ հերքել էր Ադրբեջանի իշխանութիւնների կողմից շրջանառութեան մէջ դրուած տեղեկութիւնը, թէ հիմնուելով Ուորլիքի գործունէութիւնից Բաքուի դժգոհութեան վրայ՝ որոշուել է ԵԱՀԿ ՄԽում նրան փոխարինել: Աւելի լուրջ ու կոշտ պատասխան, գուցէ դժուար էր այս փուլում ակնկալել: Պէտք է նկատի ունենալ նաեւ, որ պետքարտուղարութեան այսպիսի կոշտ արձագանգը հետեւում է փաստացի ընդամէնը օրեր առաջ Կոնգրեսում ԼՂՀ արտգործնախարար Կարէն Միրզոյեանին ընդունելուն: Այսինքն, ինչ որ իմաստով Վաշինգտոնը պաշտօնականացնում է ԼՂՀ ներկայացուցչի ամերիկեան այցը, ինչը ԼՂՀի ճանաչմանն ուղղուած ուղերձային, ենթատեքստային քայլ էր: Ընդհանրապէս պէտք է նկատել, որ ՄԽ համանախագահող երկրների կողմից ԼՂՀի քաղաքական կշիռը մեծացնելու ինչ որ հետաքրքիր գործընթաց է սկսուել:

Ուղիղ մէկ ամիս առաջ կայացաւ ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի այցը ՌԴ, որին Մոսկուան ընդգծուած քաղաքական ենթատեքստ տուեց՝ առանց, ի հարկէ, Սահակեանին պաշտօնական ընդունելութեան արժանացնելու: Նախ այցը տեղի ունեցաւ Ռուսաստանում անցկացուող Արցախեան մշակութային օրերի շրջանակներում, ինչն ինքնին արդէն խօսուն երեւոյթ էր: Երկրորդ՝ Սահակեանը ասուլիս տուեց Կրեմլի ոչ պաշտօնական քարոզչամիջոցը հանդիսացող «Ռեգնում» լրատուական գործակալութիւնում, հանդէս գալով բաւականին աղմկահարոյց յայտարարութիւններով:

Երբ Միրզոյեանի վաշինգտոնեան իսկապէս ներկայացուցչական այցը համադրում ենք ԼՂՀ նախագահի մոսկովեան այցի հետ, տպաւորութիւն է ստեղծւում, որ ԱՄՆն ու Ռուսաստանը ԼՂ հարցում որոշել են շատ ռիթմիկ եւ ներդաշնակ հարուածել միեւնոյն մեխին: Նրանք առաջին հերթին Բաքուին հասկանալի են դարձնում, որ ՄԽ ձեւաչափը կազմալուծելու, ԼՂ հարցը այլ միջազգային հարթակներ տեղափոխելու նրա ջանքերն անընդունելի են թէ՛ Վաշինգտոնի, թէ՛ Մոսկուայի համար, եւ որ թոյլ չեն տալու խաղալ գլոբալ այլ խնդիրների շրջանակում երկու գերտերութիւնների հակասութիւնների լարերի վրայ՝ Հր. Կովկասում ապակայունացման նոր օջախ ստեղծելու հեռահար նպատակներով: Երկրորդ, որ շատ աւելի էական է՝ փաստացի, թէ՛ Մոսկուան եւ թէ ԱՄՆը, Բաքուին հասկացնում են, որ հակամարտութեան գօտում էսկալացիան (գործողութիւններու ընդլայնումը-Խմբ.) միտումնաւոր խորացնելու նրա քաղաքականութիւնը կարող է հէնց Ադրբեջանի համար անդառնալի հետեւանքներ ունենալ՝ նուազագոյնը ԼՂՀին բանակցութիւնների ֆորմատ (ձեւաչափի-խմբ.) վերադարձնելու, առաւելագոյնը՝ նրա ինքնիշխանութիւնը որեւէ մակարդակով ճանաչելու տեսքով: Վերջինս, ի հարկէ, առաւելապէս զուտ սպառնալիքների դաշտից է, սակայն կարող է հսկայական զսպող նշանակութիւն ունենալ՝ ընդ որում թէ՛ Բաքուի եւ թէ գուցէ առաջին հերթին Թուրքիայի համար:

http://asbarez.com

Facebooktwitterredditpinterestlinkedinmail