Հայաստանում կա մեկ պետական լեզու, և այդ լեզուն հայերենն է
29.06.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարությունը՝ կապված «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծի հետ, որտեղ թեեւ նշվում է, որ լեզվաքաղաքականությունը Հայաստանի ներքին գործն է, սակայն նաեւ ակնարկ է արվում ռուսերենին Հայաստանում պաշտոնական կարգավիճակ տալու մասին:
Ինչպես դուք ասացիք, ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի ընդունումը Հայաստանի ներքին գործն է։ Այս մտքի հետ դժվար է չհամաձայնել։ Իրականում, սրանով էլ կարելի էր այս հարցազրույցն ավարտել, բայց քանի որ հարցը տվել եք, սիրով կպատասխանեմ։ Ինչ վերաբերում է ձեր մեջբերած մյուս մտքին, ապա իրականում նման բան հայտարարության մեջ չկա։
Այնտեղ խոսվում է այն մասին, որ ռուսերենը Հայաստանում լայնորեն տարածված է, և այն մասին, որ կապված ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հետ ռուսերենն առանձնակի կարևորություն է ձեռք բերում։ Այս մտքերի հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց ամեն դեպքում ես չեմ տեսնում այնտեղ որևէ պահանջ, որ ռուսերենը պետք է հատուկ կարգավիճակ ունենա։
Մեր բոլոր միջազգային գործընկերները, կարծում եմ, հասկանում են, որ նման պահանջ չի կարող լինել, քանի որ Հայաստանում կա մեկ պետական լեզու, և այդ լեզուն հայերենն է։ Եվ ես չեմ պատկերացնում, որ երբևիցե Հայաստանում որևէ այլ լեզու ստանա ինչ-որ պաշտոնական կարգավիճակ, կամ ընդհանրապես նման քննարկում լինի։
Այլ հարց է, որ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ունեն իրենց իրավունքները, այդ թվում նաև լեզվական ոլորտում, բայց, կարծում եմ, սա որևէ կապ չունի քննարկվող թեմայի հետ։
Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում այդ օրենքը, ըստ որի օտարալեզու մեդիա–պրոդուկտը պետք է կամ թարգմանվի, կամ ուղեկցվի հայերեն տիտրերով: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ռուսերենի համար ինչ–որ բացառություններ արվեն:
Ցավոք, ինչպես և շատ այլ օրինագծերի դեպքում, մենք գործ ունենք որոշ ԶԼՄ-երում առկա տեղեկատվական մանիպուլյացիաների հետ, որոնք խեղաթյուրում են օրենքի էությունը։ Եթե հետևել եք նիստին, հենց նիստի ընթացքում պատգամավորներից ոմանք ֆիքսեցին, որ ԶԼՄ-ներում հայտնվել էին խեղաթյուրումներ։
Իրականում, օրենքի հիմնական նպատակն է կարգավորել տեսալսողական ԶԼՄ-ների հայաստանյան դաշտը, և օտարերկրյա ԶԼՄ-ների հեռարձակումը օրենքի տիրույթում առկա խնդիրներից ընդամենը մեկն է, այն էլ ոչ հիմնական։ Օրենքն ընդամենը ենթադրում է, որ օտարերկրյա ԶԼՄ-ները հանրային մուլտիպլեքսում կարող են ներառվել միջպետական պայմանավորվածության արդյունքում։
Սա, իհարկե, գործադիրի տիրույթում է արդեն, բայց, ամեն դեպքում, ես չեմ տեսնում, թե ինչու դա պետք է խնդիր դառնա երկու դաշնակիցների՝ Ռուսաստանի և Հայաստանի միջպետական հարաբերություններում։ Իսկ ցանցային օպերատորները կարող են ցանկացած ալիք ներառել, և համոզված եմ, որ ինչպես և այսօր, այդպես էլ ապագայում, այդ ալիքների մեջ մեծ տոկոս կկազմեն ռուսաստանյան և ռուսալեզու ալիքները։
Այլ խնդիր է, որ այսօր շատերը, հատկապես երիտասարդները, ընդհանրապես հեռուստատեսությունից հեռանում են և դառնում են հիմնականում համացանցային մեդիա պրոդուկտների սպառողներ։ Բայց դրա հետ մենք արդեն որևէ բան չենք կարող անել, նույնիսկ եթե նման ցանկություն ունենայինք։
ՌԴ դեսպանատունը հիշեցնում է Ռուսաստանում հայ վարորդների վարորդական իրավունքների հետ կապված իրավիճակը: Արդյոք սա շանտաժի արտահայտություն է, եւ այս պարագայում ո՞րը պետք է լինի հայկական կողմի արձագանքը: Կա տեսակետ, որ Հայաստանը պաշտոնապես պետք է արձագանքի սրան:
Ես չեմ կարծում, որ այս թեմայի քննարկման մեջ «շանտաժ» հասկացությունն ընդհանրապես կիրառելի կարող է լինել։ Կարծում եմ, առնվազն 2018 թ-ից հետո բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի հետ որևէ մեկը չի կարող խոսել շանտաժի լեզվով։ Առավել ևս, չեմ կարծում, որ «շանտաժ» բառը կիրառելի է երկու դաշնակիցների հարաբերություններում, ինչպիսիք են Հայաստանը և Ռուսաստանը։ Պարզապես, անգամ ամենամոտ դաշնակիցների հարաբերություններում կարող են լինել առանձին հարցեր, որոնց կողմերը տարբեր կերպ են նայում, և դա միանգամայն նորմալ է։
Նույնը վերաբերվում է նաև ԵԱՏՄ շրջանակներում առկա քննարկումներին, ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ իր տեսակետներն ունի, որոշ հարցերում մեր տեսակետները կարող են համընկնել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ, որոշ դեպքերում կարող են չհամընկնել, սա ևս նորմալ է։ Մենք ռուսաստանցի գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրների գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, տարբեր հարցերի շուրջ մեր տեսակետները նրանց հայտնում ենք և այդ առումով որևէ բանով կաշկանդված չենք։
Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ վերջին շրջանում ռուսական շրջանակները առավել ակտիվ են միջամտում ՀՀ ներքաղաքական պրոցեսներին, այդ թվում ուղղակի կամ անուղղակի աջակցելով նախկին իշխանություններին: Անգամ հնչեց տեսակետ, որ միայն կորոնավիրուսը չէր պատճառը, որ Փաշինյանը չմեկնեց Մոսկվա՝ շքերթին մասնակցելու: Սա, ձեր կարծիքով արվում է առանց Կրեմլի գիտությա՞ն, կամ գուցե հանձնարարության:
Սկսեմ վերջից․ Փաշինյանի այցի չեղարկումը պետք չէ դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, առավել ևս տեսնել դրա մեջ ինչ-որ հայ-ռուսական ենթադրյալ խնդիրների արտահայտություն։ Եթե Մոսկվա չմեկներ միայն Փաշինյանը, ապա գուցե նման քննարկումն իմաստ ունենար, բայց, ինչպես տեսանք, այցերը չեղարկեցին այլ երկրների ղեկավարներ, օրինակ, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Խորվաթիայի նախագահները։
Բոլորն էլ հասկանում են, որ այսօր ամբողջ աշխարհում առկա է կորոնավիրուսային ճգնաժամ և այդ իրավիճակում նման բաներ հնարավոր են։ Ինչ վերաբերում է ձեր բուն հարցին, ապա ես չգիտեմ, դուք կոնկրետ ում ի նկատի ունեք «ռուսական շրջանակներ» ասելով։ Այո, գուցե կան Հայաստանի նախկին իշխանությունների հետ կապված լոբբիստական շրջանակներ, որոնք գործում են, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ, օրինակ, Եվրոպայում և ԱՄՆ-ում։
Ես դա չէի անվանի «ռուսական» շրջանակներ։ Այդ խմբերի գործունեությունը կարող է ժամանակ առ ժամանակ իր արտահայտությունը գտնել ԶԼՄ-ներում, այդ թվում ռուսական ԶԼՄ-ներում, բայց դա չի կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ միջպետական հարաբերությունների վրա։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դաշնակցային են և հիմնված են երկու կողմերի ինքնիշխանության հանդեպ հարգանքի վրա։ Եվ ընդհանրապես, ես բացառում եմ որևէ արտաքին սուբյեկտի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։ 2018 թ իրադարձությունները ցույց տվեցին բոլորին, որ Հայաստանում կա միայն մեկ ուժ, որը որոշում է երկրի ճակատագիրը, և այդ ուժը Հայաստանի ժողովուրդն է։
www.lragir.am/2020/06/29/559939/