ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Թուրքմենական գազը Իրանով կգա՞ Հայաստան. մարգարեի տարիքը
29.06.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Հայաստանի վարչապետն ու նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ ծննդյան տարեդարձի առիթով, հայտնելով երկկողմ բարեկամական կապի խորացման հույս:
Նա դառնում է 63 տարեկան: Ի դեպ, Բերդիմուհամեդովը հենց հունիսի 29-ին ծննդյան տարեդարձով էր պատճառաբանել հունիսի 24-ին Մոսկվայի շքերթին չմեկնելը, որ դա մարգարեի տարիքն է, եւ ավանդույթը պահանջում է տոնել այն ընտանիքի, հարազատների ներկայությամբ: Ակնհայտ է սակայն, որ բուն պատճառը աշխարհակարգային վերափոխման շրջափուլն է, որում ցանկություն չկա հայտնվել մեկ անձի հավակնությունների «ռեկվիզիտի» դերում: Այն էլ անձի, որն ակնհայտորեն գտնվում է քաղաքական ստագնացիայի փուլում եւ այդ շրջափուլ է մտցրել նաեւ Ռուսաստանը, աշխարհքաղաքական պատասխանատվության այն գոտու համար ռիսկերով հանդերձ, որ ընդունված է համարել հետխորհրդային տարածություն:
ՌԴ նախագահի հրավերը մերժեց ոչ միայն Բերդիմուհամեդովը, այլ գործնականում բոլորը, ում հրավիրել էին՝ ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսրայել, Չեխիա, Խորվաթիա, Հայաստան, Ալիեւ: Կիրգիզիայի նախագահն անգամ մեկնելով Մոսկվա, վերջին պահին ուղեկցողների շարքում կորոնավիրուսի առկայության պատճառաբանությամբ չմասնակցեց շքերթին:
Նոր աշխարհակարգը փոխելու է թերեւս նաեւ հետխորհրդային տարածություն «եզրույթի» տրամաբանությունը, կամ ի վերջո հանելու է այդ եզրույթը քաղաքական արդիականության շրջանակից: Դրա անուղղակի վկայություն է թերեւս Պուտինի հայտարարությունը, թե հետխորհրդային շատ երկրներ անկախացել են ռուսական հողերով, որոնք նվեր էին ստացել ԽՍՀՄ մաս դառնալուց հետո: Նրա խոսքը մի կողմից նման է սպառնալիքի, մյուս կողմից սակայն պարունակում է «հեռացող գնացքի» տրամաբանություն՝ «հողերը գոնե հետ տվեք», հեռանալուց առաջ:
Ռուսաստանին ավելի ու ավելի դժվար է պահել հետխորհրդային տարածությունը: Սպառվում է անգամ միակ տեխնոլոգիան՝ ուժը, քանի որ Ռուսաստանն այդ հարցում դառնում է արդեն ոչ թե երկրորդ, այլ մեծ վերապահումներով՝ երրորդ կենտրոն՝ Վաշինգտոնից եւ Պեկինից հետո:
Կա թերեւս մի տարբերակ, որը կախված է այն հանգամանքից, թե Մոսկվան որքան է ունակ լինելու առաջարկել տնտեսական փոխշահեկան մեխանիզմներ, որոնք թույլ կտան կայսերական հավակնությունը վերածել իրապես տնտեսական փոխշահավետ գործակցության: Բայց, այստեղ էլ Մոսկվան առայժմ ի վիճակի չէ դուրս գալ մտածողության նոր հարթություն, էներգետիկ առավելությունը դիտարկելով ոչ թե որպես մահակ, այլ գրավչության մեխանիզմ:
Ավելին, Ռուսաստանը իր հնարավոր գործընկերներին փաստացի մղում է այլընտրանքի փնտրտուքի, եւ այդ հարցում Թուրքմենիայի հանգամանքը նշանակալի է, մասնավորապես այդ խնդիրների առաջ կանգնած Հայաստանի համար:
Երեւանը 2017 թվականից նկատելի հետաքրքրված է Թուրքմենիայի հետ հարաբերության խորացմամբ, այդ թվում գազի ներկրման ուղղությամբ՝ սվոփ տարբերակով, Իրանի միջոցով: Եռակողմ քննարկումների մասին հայտարարվել է դեռեւս 2017 թվականին, թեեւ նշվել է նաեւ, որ այստեղ խնդրահարույց գործոն է Թուրքմենիային Իրանի ունեցած պարտքը:
Ի՞նչ ընթացքում է եռակողմ քննարկումը, այն կա՞, թե՞ ընդհատվել է: Նոր իրավիճակում Հայաստան-Թուրքմենիա-Իրան եռակողմ քննարկումը ստանում է նոր նշանակություն եւ հեռանկար՝ հետխորհրդային տարածություն հասկացության «դուրսգրման» հեռանկարի ֆոնին:
www.lragir.am/2020/06/29/559836/