Մօտենում Է Մոսկուայի ու Կարսի ապօրինի պայմանագրերի 100ամեակը. Էրդողանը մտահոգ Է

Մօտենում Է Մոսկուայի ու Կարսի ապօրինի պայմանագրերի 100ամեակը. Էրդողանը մտահոգ Է

2020/06/26 – ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

«ԼՐԱԳԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՄԱԱՀՀ-Ի ՓՈՉՁԱԳԷՏ, ԹՈՒՐՔԱԳԷՏ ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԷԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացուած փորձագէտ, թուրքագէտ Հայկ Գաբրիէլեանը:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.– Պարոն Գաբրիէլեան, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայկական հարցի միջազգային շրջանառութեանը հակազդման յատուկ կառոյց է ստեղծում։ Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան այս քայլով եւ ի՞նչ կարող է արձանագրել այդ կառոյցը։

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Իմ կարծիքով՝ Էրդողանը գնալով աւելի է կոշտացնում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հիմնախնդրի հանդէպ իր դիրքորոշումը, ինչի վկայութիւնն են թէ՛ տուեալ հանդիպումը, թէ՛ տուեալ թեմայով նրա արած վերջին սուր յայտարարութիւնները, որոնցում նա վիրաւորում է հայերին։

Նախեւառաջ Էրդողանը տեսաւ, որ հայկական կողմին սիրաշահելով («ցաւակցական» բնոյթի եւ ոչ սուր յայտարարութիւններ անելով)՝ ոչնչի չհասաւ, ոչ մի լուրջ արձագանգ չստացաւ մեզանից, ուստի որոշեց «պաշտպանական» մարտավարութիւնը փոխարինել «յարձակողականի»։ Հայկական կողմը, բնականաբար, տուրք չտուեց Էրդողանի հրամցրած խայծերին ու խաբքերին, որը որդեգրել էր ժխտողականութեան «փափուկ ձեւաչափեր»։

Բացի այդ, Էրդողանը տեսնում է, որ Հայոց Ցեղասպանութեան հիմնախնդիրը շարունակում է դամոկլեան սրի նման կախուած մնալ Թուրքիայի գլխին, որ աստիճանաբար այն աւելի ներքեւ է իջնում։ Նկատի ունեմ, որ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը ոչ միայն շարունակւում է աշխարհում, այլեւ ճանաչւում է շատ աւելի ազդեցիկ երկրների կողմից (ԱՄՆ, Գերմանիա), ինչը նոր գլխացաւանքներ կարող է առաջացնել թուրքական կողմի համար։

Էրդողանը, թերեւս, համարում է, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ պայքարելով՝ այդպիսով միաժամանակ պայքարում է նաեւ Պոնտոսի յոյների, ասորիների եւ Օսմանեան կայսրութիւնում այլ ժողովուրդների ցեղասպանութեան դէմ, Հայաստանն այս հարցում դիտարկում է որպէս առաջամարտիկ եւ կարծում է, որ եթէ կարողանայ յաջողութեան հասնել այս հարցում, ապա միւս ազգերը կը վհատուեն եւ կը թուլացնեն իրենց պայքարը կամ էլ ամբողջովին կը հրաժարուեն դրանից։

Էրդողանն ի հարկէ չի մոռացել, որ մօտենում է Սեւրի պայմանագրի, ինչպէս նաեւ Վուդրոյ Վիլսոնի իրաւարար վճռի 100ամեակը եւ մտավախութիւն ունի, որ հայկական կողմը կը ուժեղացնի լոբբիստական համապատասխան աշխատանքներն արտերկրում եւ միգուցէ խնդիրը կը բարձրացնի նաեւ պետական մակարդակով։

Թուրքիայում վաղուց գոյութիւն ունի «Սեւրոֆոբիայի սինդրոմ», ինչն ընթացիկ տարում կը ուժգնանայ եւ կը մեծացնի թուրքական իշխանութիւնների ջղաձգումները։ Մօտենում է նաեւ 1921թ․ Մոսկուայի ու Կարսի ապօրինի պայմանագրերի ստորագրման 100ամեակը, եւ Էրդողանը թերեւս մտահոգ է, որ հայկական կողմն ի վերջոյ կարող է նախընտրել ընթանալ իրաւական ճանապարհով, իրաւական պահանջների թղթածրար պատրաստելու ճանապարհով։ Իսկ իրաւական ճանապարհը մեր ամենաուժեղ, հետեւաբար Թուրքիայի ամենաթոյլ կողմն է։

Ելնելով այս ամէնից՝ Էրդողանը ցանկանում է ունենալ նոր ռազմավարութիւն՝ այս բոլոր մարտահրաւէրներին դիմագրաւելու համար, եւ ոչ միայն։ Բանն այն է, որ «համացանցային ժամանակաշրջանում» Թուրքիայի աւելի շատ քաղաքացիներ կարող են ծանօթանալ Հայոց Ցեղասպանութեան եղելութեանը եւ դէմ արտայայտուել այդ հարցում թուրքական պաշտօնական տեսակէտին։

Այդ ամէնին նպաստում են հէնց թուրք հեղինակների եւ առաջին հերթին Թաներ Աքչամի գրքերը, բացայայտումները, որոնց թուրքական իշխանութիւնները, ըստ էութեան, ոչինչ չեն կարողանում հակադրել։ Եւ պատահական չէ, որ այս տարուայ Փետրուարին թուրքական իշխանութիւնները կարծիք յայտնեցին, որ Հայոց Ցեղասպանութեան թեման կարող է պառակտում առաջացնել Թուրքիայում (կամ աւելի մեծացնել այն)։

Այնպէս որ, ակնկալում ենք նէոօսմանիստ եւ իսլամիստ Էրդողանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ պայքարի ուժգնացում, քանի որ այդ թեման, ի թիւս այլ բաների, «ստուեր է նետում» Թուրքիայի օսմանեան ու իսլամական անցեալի վրայ, ինչն անընդունելի է իրեն սուլթան ու խալիֆ երեւակայող Էրդողանի համար (դեռեւս Դարֆուրի ցեղասպանութեան կապակցութեամբ Էրդողանը յայտարարել է, թէ «մուսուլմանն ի վիճակի չէ ցեղասպանութիւն գործել»)։

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Պարոն Գաբրիէլեան, վերջերս Jerusalem Post-ը, վկայակոչելով Nordic Monitor-ի կողմից հրապարակուած գաղտնի փաստաթղթերին, գրեց, որ Թուրքիան Հայաստանի Հանրապետութիւն եւ Յունաստանի Հանրապետութիւն ներխուժելու ծրագրեր է մշակել: Ին՞չ է ձեզ յայտնի այդ փաստաթղթից։

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Նման տեղեկատուութիւն եղաւ նաեւ նախորդ տարեվերջին, Թուրքիայում համարում են, որ Nordic Monitor-ը գիւլենականներին մօտ կանգնած աղբիւր է, որը գաղտնի փաստաթղթեր հրապարակելով՝ ձգտում է վարկաբեկել Թուրքիայի ներկայիս իշխանութիւններին, բարդ դրութեան մէջ դնել նրանց եւ այլն։ Nordic Monitor-ն այլ կերպ կարող ենք որակել «Թուրքական Վիկիլիքս», որի դերում աւելի վաղ հանդէս էր գալիս թուրքական «Թարաֆ» թերթը։

Նախկինում էլ ենք նշել, որ, ըստ էութեան, որեւէ արտառոց բան չկայ նրանում, որ Թուրքիայի նման երկիրը մշակել է հարեւան երկրների նկատմամբ ռազմական գործողութիւնների պլան։ Մենք էլ միգուցէ ունենք, ասենք, Արարատ լեռն ազատագրելու ռազմական պլան, բայց դա չի նշանակում, որ պլանը մշակելուց անմիջապէս անց պէտք է ձեռնամուխ լինենք դրա իրագործմանը։

Ինձ համար ուշագրաւ էր թուրքական պլանի անունն ու ժամկէտը՝ «Ալթայ» եւ 15․08․2000։ Այդ անունը լիովին տեղաւորւում է Թուրքիայի պանթուրանական ձգտումներում, ուր Հայաստանը կոկորդին կանգնած ոսկորի դեր է որակւում։ Նոյնը պէտք է ասել «Օղուզթիւրք» անուանումը ստացած օդային յարձակողական պլանի մասին, որն էլ թուագրուած է 2001թ․ Յուլիսի 13ին (ըստ նախորդ տարեվերջեան հրապարակման)։ «Ալթայ» պլանի ժամկէտի ընտրութիւնն ինձ համար ուշագրաւ է միանգամից մի քանի տեսանկիւնից։

1) 2000թ․ Հայաստանը թեւակոխել էր «յետհոկտեմբերիքսանեօթեան» ժամանակաշրջան, կար ներքին լարուածութիւն եւ այլն։

2) 2000թ․ առաջին անգամ Ռուսաստանի նախագահ էր ընտրուել Վլադիմիր Պուտինը, ով զբաղուած էր երկրի ներսում իր դիրքերի ամրապնդմամբ, չեչենական խնդրի լուծմամբ, մեծ հաշուով չունէր մեծ հեղինակութիւն արտերկրում եւ այլն։

3) 2000թ․ Թուրքիայի նախագահի պաշտօնը թողել էր բազմափորձ Սուլեյման Դէմիրելը, ով դրանից առաջ 7 անգամ դարձել էր Թուրքիայի վարչապետ։ Նկատենք, որ Արցախեան պատերազմի տարիներին ռազմատենչ տարրերը պահանջում էին աւելի գործուն աջակցութիւն ցուցաբերել Ադրբեջանին, գնալ Հայաստանի հետ ռազմական անմիջական պլանի, բայց ԱՄՆ նախագահից համապատասխան զգուշացում ստացած Դէմիրելը շարունակ նրանց հակադարձում էր, որ դա անհնար է։

2000թ․ Դէմիրելին Թուրքիայի նախագահի պաշտօնում փոխարինել էր Ահմեթ Նեջդեթ Սէզերը, ով դրանից առաջ եղել էր երկրի ՍԴի նախագահը եւ չունէր մեծ հեղինակութիւն ու ազդեցութիւն։ Փոխարէնն այդպիսի ազդեցութիւն ունէր 1999թ․ վերստին Թուրքիայի վարչապետի պաշտօնը զբաղեցրած Բիւլենթ Էջեւիթը, ով միայն բարձրագոյն կրթութիւն չունենալու պատճառով 2000թ․ չդարձաւ Թուրքիայի նախագահ եւ յետագայում լուրջ տարաձայնութիւններ ունէր նախագահ Սէզերի հետ։ Էջեւիթը 20րդ դարում Թուրքիայի քաղաքական կեանքի ամենակարկառուն ներկայացուցիչներից է, նրան անուանում են նաեւ «Կիպրոսի Ֆաթիհ» (նուաճող), քանի որ 1974թ․ հէնց նա էր Թուրքիայի վարչապետն ու կարգադրել էր օկուպացնել (Գրաւել- Խմբ) Կիպրոսի հիւսիսային հատուածը։

Ռազմատենչութեան պլանում կարող ենք նշել նաեւ այն, որ 2000թ․ Թուրքիայի զինուած ուժերի Գլխաւոր շտաբի պետը Հուսէին Քըւրըքօղլուն էր, ով 1998թ․ հանդիսանալով Թուրքիայի ցամաքային զօրքերի հրամանատար՝ ձեռնարկել էր «Քրդստանի աշխատաւորական» կուսակցութեան (PKK) դէմ խոշորագոյն ռազմական գործողութիւնը Թուրքիայի Հանրապետութեան ողջ պատմութեան ընթացքում («Մուրադ» ռազմական գործողութեանը մասնակցել է 40․000 թուրք զինծառայող)։

Ամէն դէպքում վերստին կը ցանկանայի ընդգծել, որ Հայաստան ներխուժելու ռազմական պլան մշակելու եւ այն իրագործելու միջեւ բաւական մեծ տարբերութիւն կայ։ Եթէ այդ պլանն իսկապէս մշակուել է 2000թ․, ապա փաստօրէն անցել է 20 տարի, եւ այն չի իրագործուել։ Միւս կողմից էլ դա չի նշանակում, թէ այն չեղարկուել է, այն չի թարմացւում եւ չի սպասում պատեհ պահի իրագործուելուն։

Իսկ այն կեանքի կոչելու համար Թուրքիայից պահանջւում է առաջին հերթին ունենալ «հզօր հիմնաւորում» կամ պատրուակ, եւ մենք պէտք է այնպէս անենք, որ Թուրքիային զրկենք անգամ այդ պատրուակի հնարաւորութիւնից։ Եւ, բնականաբար, չափազանց կարեւոր են գերտէրութիւնների դիրքորոշումները տուեալ հարցում։

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Իսրայէլը, Կիպրոսն ու Յունաստանը տարածաշրջանում փորձում են հակաթուրքական դաշինք ստեղծել։ Հայաստանի դիւանագիտութեան համար սա ինչպիսի՞ հնարաւորութիւնն է ստեղծում։

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Դա հնարաւորութիւն է ստեղծում խորացնելու առաջին հերթին Կիպրոսի ու Յունաստանի հետ յարաբերութիւնները, որոնք ըստ իս՝ չպէտք է կախուած լինեն միայն երեք երկրների նկատմամբ Թուրքիայի ագրեսիւ (յարձակողական- Խմբ) գործողութիւններից։ Իսրայէլի պարագայում նոյնպէս կան հնարաւորութիւններ, պոտենցիալ (կարողականութիւն- Խմբ), որը պէտք է իրացնել՝ ընդգծելով, որ հայ-իսրայէլական յարաբերութիւնների խորացումը ոչ մի կերպ ուղղուած չէ եւ չի լինելու Իրանի դէմ։

Հայաստանի համար շահեկան կը լինի տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային երկրների մասնակցութեամբ եռակողմ ու քառակողմ մեխանիզմներ ստեղծելը, դրանց շրջանակներում այդ երկրների հետ յարաբերութիւնները խորացնելը, ռիթմիկ դիւանագիտութիւն վարելը, տարածաշրջանային խնդիրների հանդէպ ակտիւութիւն ցուցաբերելը եւ արդիւնքում հայկական գործօնը տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս մեծացնելը, ինչն աւելի ծանրակշիռտ կը դարձնի հայկական գործօնը եւ միւսներին կը ստիպի գնալով աւելի շատ հաշուի նստել մեզ հետ։

Asbarez.com

akunq.net/am/?p=71600

Facebooktwitterredditpinterestlinkedinmail