Եթե նախագահը չի ստորագրելու օրենքը, մենք էլ առաջնորդվելու ենք այնպես, ինչպես Սահմանադրությամբ է նախատեսված
02.07.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար – ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը
Պարոն Գաբրիելյան, արդյոք ձեզ համար անակնկալ էր, որ ՀՀ նախագահը որոշեց չստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները: Տեսակետ կա, որ նախագահը ձեռքերը լվաց այս գործընթացից և ասում է՝ ձեր իրականացրածն է, դուք էլ տակից դուրս եկեք:
Ես չեմ կարող նախագահի փոխարեն ասել, թե ինչը նա լվաց: Անակնկալի մասով, նայած, թե ինչ ենք հասկանում անակնկալ ասելով: Ինձ համար անակնկալ կարող է լինել նաև այն, որ ինքը ստորագրում է, կամ որ դիմում է ՍԴ: Անակնկալ է նաև այն, որ ասում է՝ չեմ ստորագրում, որովհետև եթե մեր մեջ չկա պայմանավորվածություն, նրա յուրաքանչյուր քայլ քեզ համար նորություն է: Եթե անակնկալը զուտ նորության իմաստով ենք ընկալում, ապա այո, նորություն էր դա: Ծանոթ եմ այդ քննադատություններին, որ նախագահը չի ցանկացել ներգրավվել այս գործընթացում և այլն: Կարծում եմ՝ նախագահի աշխատակազմից կարելի է հարցնել, թե ինչու է նման եզրահանգման եկել:
Այսինքն չկա՞ պայմանավորվածություն ձեր և նախագահի միջեւ:
Խմբակցության մակարդակով որևէ պայմանավորվածություն չի եղել, եթե լիներ, ես վստահաբար կիմանայի:
Այդուհանդերձ չունե՞ք տպավորություն, որ խնդրի լուծման այս տարբերակը նախագահը չի ողջունում:
Չեմ կիսում այդ տեսակետը, որովհետև մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ՍԴ երեք դատավորների և ՍԴ նախագահի լիազորությունները դադարել են Սահմանադրության ուժով, ոչ թե երեկ ընդունված ՍԴ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով:
Նախօրեին ընդունված նածագիծն ընդամենը կանոնակարգում էր նախևառաջ պաշտոնաթող դատավորների թոշակի հարցը, ինչպես նաև հերթականությունը, հաջորդականությունը , թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող երեք սուբյեկտներից ով ինչ ժամկետում և հերթականությամբ պետք է առաջադրի: Եթե քննադատում են, որ նախագահը չի ուզեցել մասնակցել ինչ-որ գործընթացների, ես ընդամենն ասում եմ իմ տպավորությունը, որ ՍԴ դատավորների լիազորությունները միևնույն է դադարել են Սահմանադրության փոփոխությունների ուժով, հետևաբար, այս գործընթացը այդ դատավորների հետագա պաշտոնավարման հետ որևէ առնչություն չունի:
Եթե նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չի ստորագրելու այդ օրենքը, բնականաբար, մենք էլ առաջնորդվելու ենք այնպես, ինչպես Սահմանադրությամբ է նախատեսված: Սահմանադրությունն ասում է, որ նախագահը պետք է 21-օրյա ժամկետում ստորագրի օրենքը կամ դիմի ՍԴ:
Եթե չի ստորագրում և չի էլ դիմում ՍԴ, ապա ժամկետի ավարտից հետո ԱԺ նախագահն իրավունք ունի 5-օրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքի նախագիծը, որից հետո այն մտնում է ուժի մեջ: Այսինքն, եթե նախագահը չի ստորագրելու և չի դիմելու ՍԴ, ապա այդ մարդկանց թոշակի հարցը կարգավորող դրույթներն ընդամենը 21 օր ուշացումով են ուժի մեջ մտնելու: Սակայն անկախ նրանից, թե երբ ուժի մեջ կմտնի ՍԴ դատավորների թոշակի հարցը կարգավորող օրենքը, ինքը բարելավող նորմ է, թոշակը կհաշվարկվի նաև այդ 21 օրը:
Դուք ՍԴ-ի ճգնաժամը լուծված համարո՞ւմ եք:
Սահմանադրական ճգնաժամ ասելով մենք հիմնվում էինք ոչ թե անձերի, այլ սկզբունքի վրա: Մենք ասում էինք, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ դատավորը պետք է պաշտոնավարի 21 տարի, ՍԴ նախագահը՝ 6 տարի: Բայց ստացվեց այնպես, որ դուք ոչ միայն ընտրակեղծարարությամբ մարդկանց քվեն ոտնահարեցիք, այլև այն, ինչը պարզ ճակատով հայտարարում էինք, նաև այդ ժամանակվա նախագահը հայտարարում էր, որ չի լինելու վարչապետ, այդ ամենը խաբեցիք, և ստացվեց այնպես, որ եթե հիմա չլինեին այս փոփոխությունները, մեր հասարակությունը առնվազն 20 տարի չէր տեսնելու այն ամենը, ինչը խոստացված էր, որովհետև Հրայր Թովմասյանը կպաշտոնավարեր 15 տարի և ավելի:
ՍԴ-ում մենք դատավոր ունենք, որ արդեն 24 տարի պաշտոնավարում է: Հենց այստեղ էր, որ մենք ասում էինք՝ ճգնաժամ կա, որովհետև Սահմանադրությամբ գրված է, որ ՍԴ դատավորներն իրավունք ունեն ընտրվելու ՍԴ նախագահ, բայց իրենք այդ հնարավորությունից զրկված են, որովհետև քաղաքական վերնախավի համաձայնությամբ և թողտվությամբ տեղի է ունեցել իրավական աճպարարություն:
Հիմա մենք ասում ենք, որ երբ այդ 3 թափուր տեղերը կհամալրվեն, արդեն Սահմանադրության 7-րդ գլխի դրույթների համաձայն ՍԴ-ի նոր համալրված կազմը ինքն իր միջից կընտրի ՍԴ նախագահ, որը կպաշտոնավարի ոչ թե մինչև թոշակի անցնելը, այլ 6 տարի ժամկետով: Արդյունքում մենք կունենանք ՍԴ նոր նախագահ և փոխնախագահ: Սա է մեր ասածը:
Իսկ ՍԴ դատավորի թեկնածուների առումով խնդիրներ չե՞ն առաջանա, կա՞ն այդ թեկնածուները:
ՍԴ դատավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կառավարությունը, ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը, այսինքն քաղաքական իշխանությունից միայն կառավարությունն է, որ իրավունք ունի առաջադրել մեկ թեկնածու: Իմ նշած մարմինները երկամսյա ժամկետում կառաջադրեն իրենց թեկնածուներին, Ազգային ժողովն էլ կընտրի:
Ես չեմ կարող ասել, թե ինչ ժամկետում ՍԴ-ի կազմը կհամալրվի, որովհետև տեսականորեն հնարավոր է՝ այդ թեկնածուներից որևէ մեկը չարժանանա ԱԺ-ի հավանությանը, նոր թեկնածուներ առաջադրվեն, և այդ գործընթացը ևս 2 ամսով ուշանա: Բայց նաև հնարավոր է, որ այդ սուբյեկտները ոչ թե երկամսյա ժամկետի վերջին օրը առաջադրեն թեկնածու, այլ ասենք 3 օր հետո ներկայացնեն իրենց թեկնածուներին: Այնտեղ խիստ չափորոշիչներ են դրված, և կարող ենք ասել, որ Հայաստանում այդպիսի մասնագետները շատ չեն:
Բնականաբար, որ թեկնածուն էլ լինի, իմ խորին համոզմամբ հասարակության լայն զանգվածի համար ճանաչված է լինելու, որովհետև դժվար կլինի գտնել մի մասնագետի, որն ունի 15 տարվա մասնագիտական ստաժ, վայելի հեղինակություն, ունենա գիտական աստիճան: Եթե մենք ֆիլտրենք, կտեսնենք, որ այդպիսի մասնագետները շատ չեն, հետևաբար, ովքեր էլ լինեն թեկնածուները, կարծում եմ՝ հանրությանը հայտնի են լինելու:
Ամենատարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում, ես չեմ ուզում շտապել: Օրինակ, կառավարությունը մեզ չի փոխանցել ազդակներ, թե ում են ցանկանում տեսնել որպես թեկնածու: Ինչ վերաբերում է նախագահին և Դատավորների ընդհանուր ժողովին, մենք հիշում ենք, որ օրինակ նախագահականում մրցույթ էր անցկացվում, և իրենց թեկնածուին այդպես էին ընտրում:
Ես լիահույս եմ, որ մինչև սեպտեմբերի վերջ, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մենք կունենանք ՍԴ նոր կազմն ամբողջությամբ՝ 9 դատավորներով, և իրենք շատ արագ իրենց կազմից կընտրեն նախագահ և փոխնախագահ:
lragir.am/2020/07/02/560855/