Ծովինար Գզիրյան – Դա ցեղասպանություն էր – Շահումյանից բռնի տեղահանումը վերապրած կնոջ հիշողությունները
13 հունիսի, 2020, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԷՐ – Հարցազրույց:
Ծովինար Գզիրյանի կյանքը երկու մասի է բաժանվել՝ մինչեւ Շահումյանից բռնի տեղահանումը եւ տեղահանումից հետո:
«Մինչեւ» կյանքում է մնացել տունը Վերին Շեն գյուղում, մեծ ընտանիքի երջանիկ րոպեները, «հետո» կյանքում՝ ամուսնու զոհվելը, պատերազմը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ծովինար Գզիրյանի NEWS.am-ին տված հարցազրույցում պատմել է վերապրած ողբերգական օրերի մասին:
1992 թվականի հունիսի 13-ին ադրբեջանական ստորաբաժանումներ սկսեցին Շահումյանի շրջանի վրա հարձակումը: Շրջանի բնակչությունը բռնի տեղահանվեց, շատերը զոհվեցին: Մինչ օրս հարյուրավոր խաղաղ բնակիչների ճակատագիրն անհայտ է:
«Մենք Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղից ենք: Այն ժամանակ, երբ տեղի ունեցան այդ իրադարձությունները, ես ամուսնացած էի, չորս երեխաների մայր էի: Կրտսեր երեխաներիցս մեկը մեկ տարեկանից մի փոքր էր մեծ, մյուսը 3 տարեկան էր:
Ավագ երեխաներս 10 եւ 11 տարեկան էին: Մեր տունը գյուղի ծայրին էր եւ մշտապես գնդակոծության տակ էր: Հաճախ էին գնդակոծում:
Հարձակումը սկսվեց հունիսի 12-ին: Ես չորս երեխաներիս հետ, նաեւ տալիս չորս երեխաների հետ ուղեւորվեցի Գյուլիստան, որովհետեւ գյուղում մնալն արդեն շատ վտանգավոր էր:
Մենք չգիտեինք, որ հայրենի գյուղը ընդմիշտ ենք լքում:
Քանի որ նախկինում էլ էինք ստիպված եղել թաքնվել անտառում, բայց հետո մենք վերադառնում էինք հայրենի օջախներ:
Մենք այդ անգամ էլ էինք մտածում, որ շուտով կվերադառնանք:
Գիշերեցինք անտառում, առավոտյան ռմբակոծությունը վերսկսվեց:
Այնուհետեւ սկսվեց բնակչության արտագաղթը: Դա այնպես էր, ինչպես Ցեղասպանության ժամանակ:
Մեկը ձիու վրա, մեկն՝ ավանակի, մյուսը՝ ոտքով, երեխաների, ծերունիների, լացի հետ: Մենք տեղի ունեցողին չէինք հավատում»,- հուզվելով վերապրած հիշողություններից՝ պատմեց տիին Ծովինարը:
Մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր ոտքով էին գնում՝ անտառներով եւ հեղեղատներով: «Ես տանում էի փոքրիս, սկեսրայրիս գրկում երեքամյա փոքրիկն էր: Ավագներն ինքնուրույն էին գնում: Գնում էինք առանց հույսի, որ կարող ենք հասնել անվտանգ ապաստարանի:
Մենք ոչինչ չէինք կարողացել տանից վերցնել: Ո՛չ երեխաների համար հագուստ, ո՛չ ճանապարհի ուտելիք, ո՛չ փաստաթղթեր, ո՛չ գոնե մեկ լուսանկար»,- շարունակում է տիկին Ծովինարը:
Հետո ստեղծվեցին պարտիզանական ջոկատներ հայրենի Շահումյանն ազատագրելու հույսով: Պարտիզանական ջոկատներում է մարտնչել ու զոհվել Ծովինարի ամուսինը՝ նայոր Վանյա Գզիրյանը:
Առանց ամուսնու, հայրենի տնից հեռու, բայց սկեսրայրի ու սկեսուրի օգնությամբ Ծովինարը երեխաներին մեծացրել է, նրանց կրթություն տվել: «Հիմա ես 8 թոռան տատիկ եմ, եւ համալրում է սպասվում»,- հայտնեց տիկին Ծովինարը:
Ավագ երեխաները հիշում են տունը եւ հիշում են փախուստի ճանապարհը: «Մենք երկհարկանի տուն ունեինք, իսկ մեր գյուղի տները լավն էին, մեծ տնամերձ հողամասով:
մենք այդ ամենը կորցրել ենք: Սկեսուրս ասում էր՝ փառք Աստծուն, որ գոնե երեխաներին փրկեցինք:
Մենք այն սարսափելի օրերի մասին երբեք չենք մոռանում, հիշում ենք միշտ, ամեն օր:
Անցել է 28 տարի, բայց մենք ապրում ենք հայրենիքի կարոտը սրտներիս մեջ:
Այնտեղ են մեր տները, նախնիների գերեզմանները»,- հառաչում է տիկին Ծովինարը:
artsakhpress.am/arm/news/127721/da-cexaspanutyun-er-shahumyanic-brni-texahanumy-veraprats-knoj-hishoxutyunnery.html