Կայծ Մինասյան – ՀՅԴ-ն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ քաղաքական ինքնասպանություն, կա՛մ ինքնամեկուսացում
01.07.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշել, որ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանին տրամադրել 50-60 միլիոն եվրո օգնություն, որը շատ կարևոր է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ հիմա, ինչո՞վ էր հիմա կարևոր այս ուղերձը։
Նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի միջև հարաբերությունները գերազանց են: Հայաստանը հիմա բարդ փուլում է, որտեղ փորձարկում է պետության կարողությունները` դիմակայելու կորոնավիրուսի այս տեսակ աղետին: Երկկողմ համագործակցությունը ուժեղ է: Պատճառ չկա զարմանալու Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող այս օգնությունից:
Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, մասնավորապես ԲՀԿ, ՀՅԴ, Հայրենիք կուսակցությունների՝ սահմանադրական կարգը ոտնահարելու հետ կապված դատախազություն դիմելը։
Երկու մեկնաբանություն ունեմ. թավշյա հեղափոխությունից հետո Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության հարցում դրսևորվեց դանդաղկոտություն: 2018 թվականի գարնանից Նիկոլ Փաշինյանը պետք է պահանջեր Սահմանադրական դատարանի լուծարումը, որը, ինչպես գիտենք, ամբողջովին կոռումպացված էր 23 տարվա խարդախությունների և անկանոնությունների արդյունքում: Հին ռեժիմի տապալման պահին թավշյա հեղափոխությունը պետք է լուծարեր Սահմանադրական դատարանը, քանի որ առանց այսպիսի հաստատությունների տապալման՝ հեղափոխություն չկա: Մինչդեռ երկու տարի անց թավշյա հեղափոխությունը պահանջում է լուծարել Սահմանադրական դատարանը: Կա տպավորություն, որ այս առումով աշխատանքն ավարտված չէ:
Երկրորդ՝ ինչ վերաբերում է այս երեք կողմերի մերձեցմանը, սա թավշյա հեղափոխության արտացոլումն է, սա սպասվում է արդեն 2 տարի: Կա հին ռեժիմից ՀՅԴ-ն, որը խորը ճգնաժամի մեջ է և իր պատմության մեջ աննախադեպ իրավիճակում է գտնվում: Ոչ ոք չգիտի՝ արդյոք դուրս կգա՞ ճգնաժամից, թե ոչ, ի՞նչ իրավիճակ կլինի և ե՞րբ դուրս կգա։ ՀՅԴ-ն գաղափարների առումով «հնչակյանացավ»։ Սա նշանակում է, որ այլևս գաղափարներ չունի, այն Հայաստանում դարձել է գաղափարների անապատ և հրեշ։
ՀՅԴ-ն «ռամկավարացավ» նաև գործողությունների տեսանկյունից՝ խնձոր, շալվար, ֆետիշիզմ, այն անհետացավ Հայաստանի, Արցախի և քիչ-քիչ սփյուռքի քաղաքական կյանքից: Կա նաև ընդդիմադիր կուսակցություն ԲՀԿ-ն, որը հին ռեժիմից է և իր հիմնադրումից ի վեր բոլորովին կոռումպացված: Վերջապես, գոյություն ունի հետհեղափոխական «Հայրենիք» կուսակցությունը, որը նոր կուսակցություն է հայկական ավանդական հետխորհրդային մոդելում: Այս երեք կուսակցությունների միջև ընդհանուր կետն այն է, որ նրանք Ռուսաստանն են փնտրում առաջ շարժվելու համար:
Ընդհանրապես Դաշնակցության ակտիվացումը և հրաժարականների պահանջը ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք նրանք կարո՞ղ են հաջողել։
Ներկայումս ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է հաջողության հասնել այս «արտանետվող եռանկյունին»: Ստեղծված պայմաններում այս երեք ուժերը չեն կարող հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Տարօրինակ բան է տեղի ունենում ՀՅԴ-ի շրջանակներում, կարծես Հրանտականի ղեկավարությունը (Բյուրոն և գերագույն մարմինը) բաժանված են երկու մասի. մի մասը պատրաստ է հրաժարվել հին ռեժիմից, իսկ մյուս մասը հավատարիմ է հին ռեժիմին:
ՀՅԴ-ի ներկայիս ճգնաժամը ճգնաժամ է «Հրանտական» հոսանքի շրջանակներում (ռևիզիոնիստ դաշնակ): Երբ ՀՅԴ-ի ղեկավարը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին համագործակցել, այլ դաշնակցական ձայներ են բարձրանում, որոնք դատապարտում են Նիկոլ Փաշինյանին: ՀՅԴ-ն փակուղու առջև է, որովհետև մի կողմից չի ցանկանում հարմարվել, քանի որ դա նշանակում է փոխվել, իսկ փոխվել նշանակում է քաղաքական ինքնասպանություն գործել՝ հաշվի առնելով ՀՅԴ-ի կոալիցիոն կառավարման տարիներին եղած ռիսկերը: Մյուս կողմից ոչինչ չփոխելու դեպքում ՀՅԴ Բյուրոն սառեցված է, անզոր և դատապարտված է ինքնաչեզոքացման: Ամփոփելով ասեմ, որ ՀՅԴ-ն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ քաղաքական ինքնասպանություն, կա՛մ ինքնամեկուսացում:
Պարոն Մինասյան, ՍԴ խնդրի կարգավորման իշխանության քայլերը ինչպե՞ս եք գնահատում։ ՍԴ դատավորները սպառնում են դիմել ՄԻԵԴ և այլն։
Ստեղծված իրավիճակում ես չեմ տեսնում, թե ինչպես կարելի է դուրս գալ այս ճգնաժամից: Ինստիտուցիոնալ շրջափակումը խորն է: Երկու լուծումները էլ սահմանափակ են. օրենսդրական ընթացակարգը ծագում է սահմանադրական օրենսդրությունը հարգելու հարցով: Իշխանության կողմից պասիվությունը պահպանում է Սահմանադրական դատարանը որպես հին ռեժիմի գողերի հանցակից: ՄԻԵԴ-ի ցանկացած միջամտություն չի հանգեցնի ոչ մի բանի: Լուծումը Հայաստանում է:
www.lragir.am/2020/07/01/560592/