Համլետ Մարտիրոսյան – Օ Ր Ե Ն Ք Ը – Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն

0rion - transferred from fr.wikipedia - 3 April 2004

Համլետ Մարտիրոսյան – Օ Ր Ե Ն Ք Ը – Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն

Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է

Օ Ր Ե Ն Ք Ը

Համլետ Մարտիրոսյան Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն

1․ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Մեզնից յուրաքանչյուրի ամբողջական բնութագիրը կազմված է երկու բաղադրիչից․ ա․ որպես մարդկային տեսակ՝ հայ ենք, բ․ որպես անհատ՝ յուրաքանչյուրս որոշակի մտավոր, հոգևոր, ֆիզիկական կարողությունների, խառնվածքի, բարոյականության կրողներ ենք։

Տեսակի բնութագիրն առավելապես երկար պատմական ժամանակահատվածում ցեղի ծագման ու պատմության, հավատքի, ստեղծած մշակույթի, դրսևորած բարոյականության ընդհանրացումն է։

Մեր դեպքում ազգային բնութագիրը, ըստ ժամանակի, բաժանվում է երկու մեծ փուլերի․

ա․ նախաքրիստոնեական

բ․ քրիստոնեական։

Վերջինս սկիզբ է առել 4-րդ դարում և մինչ օրս շարունակվում է։

Նախաքրիստոնեականից քրիստոնեականին անցման փուլը բնութագրվում է որպես մշակութային եղեռնի ժամանակաշրջան, որի ընթացքում ոչնչացվեց ազգային մշակույթի շատ տարրեր․ հավատքն ու ազգային մշակույթ ստեղծող քրմական դասը, գիրն ու գրչությունը, քրմական գիտելիքը, տաճարները, բարոյական չափանիշները, կառավարման օրենքները և այլն։

Քրիստոնեական դարաշրջանի սկզբնական փուլից սկսած, եկեղեցին դառնում է Հայքի ամենախոշոր ու ամենահարուստ կալվածատերը և իր ազդեցությունը տարածում է նաև աշխարհիկ իշխանության (արքա, նախարարներ, իշխաններ) վրա։

Կարճ ժամանակ անց Հայքը կորցնում է ինքնիշխան պետականությունը և մի քանի դարերի ընթացքում վերանում է ազգի կորիզը՝ տեսակի հիմնական բնութագրերը կրող ազնվականությունը։

Սկսվում է պարբերական անկումների ու կորուստների դարաշրջանը։

Շատերի կողմից է բարձրաձայնվել և մինչ օրս բարձրաձայվում է այն հարցը, թե ինչպիսին էինք շատ դարեր առաջ (հզօր, առաքինի, միասնական, գիտուն) և ինչպիսին ենք այսօր (թույլ, տգետ, անբարոյական, անմիաբան, աննպատակ)։

Վերլուծել ու մինչ օրս վերլուծում են անկման պատճառները, փորձում են գտնել ու վերականգնել ազգային ինքնության անաղարտ վիճակը։ Որպես լուծում, որոշներն առաջարկում են ստեղծել ազգային գաղափարախոսություն, առանց պատկերացնելու նրա ձևը, բովանդակությունը և կիրառման միջոցները։

Սակայն բոլոր փորձերն էլ անհաջողության են մատնվում, որովհետև վերլուծությունների համար հիմք են վերցվում պատմական որոշակի փուլ, նրա պատմական դեպքերն ու դեմքերը և անտեսվում են հազարամյակների ընթացքում առաքինության, միաբանության ու հզօրության ապահովման ամենակարևոր ու ամենակայուն հիմքը՝ հոգևորը, որից բխում են օրենքներն ու բարոյական չափանիշները։

Մեր ժամանակների հայ ժողովրդի բարոյական կերպարի ամենադիպուկ գնահատականներից մեկը տվել է Հ․ Թումանյանն իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածում, որն ավարտվում է հետևյալ խոսքերով․ «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Ճիշտ ախտորոշումը հիվանդության բուժման երաշխիքն է և Թումանյանի հանճարեղ մտքի ծնած այս ախտորոշումը ճիշտ է։ Ճիշտ է նաև Թումանյանի նշած բուժման միջոցը․ ներսից է լինելու փրկությունը։

Ավա՜ղ, այս կետում չենք հետևում հանճարեղ լոռեցու խորհրդին։

Դրսից ոչ միայն չեն կարող մեզ օգնել ու փրկել, այլ ավելին՝ այժմ դրսից են Հայաստան մտցվում նորանոր ախտեր։

Մեր առջև ծառացել է ազգային ինքնության բացահայտման խնդիրը, դրանից բխող ապրելակերպի վերականգնումը, որոնց լուծմանն անհրաժեշտ սկզնաղբյուրներն ունենք․ Հայոց լեզուն, Սասնա Ծռեր էպոսը, վերին հին քարի դարում փորագրված ժայռապատկերները, Հայքի տարածքից պեղված հնագիտական նյութերը, ազգային հիշողությունը (բանահյուսություն), մ․թ․ա․ 3÷1 հազարամյակների սեպագիր աղբյուրները։

2․ ՆԱԽՆԻՔ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՌԱՋ Մեր ցեղի նախահայրերն աստվածազարմ էին, իրենց համարում էին Աստծո որդիներ, Երկիր մոլորակի առաջին բանական մարդիկ էին, աստվածատուր Հայոց լեզվի կրողները և մոլորակի առաջնային քաղաքակրթական օջախի ստեղծողները։

Առաջին բանական մարդիկ իրենց արարած Հայր և Որդի աստվածների անուններով իրենց ցեղին տվել են Հայ, Արմեն, Քաջ, Արի, Ջոջ, Գեղնի անուններ, իրենց հայրենիքը կոչել են Հայք ու բնութագրել որպես արարչության վայր, Արարչի երկրային սրբազան կացարան, ներկայացել են որպես Աստծո որդիներ։

Մ․թ․ա․ 3÷2 հազարամյակի միջագետքյան սեպագիր աղբյուրները հայերին բնութագրում են որպես «արարվածներ»։

Իրենց աստվածային ծագմանն ու առաքելությանը հավատարիմ մնացած և ազնվական արյունն անաղարտ պահպանած Աստծո որդիներից ձևավորվում են ռազմիկ-արքաների (ազնվականություն) և քրմերի դասերը։ Նրանք Հայքում հիմնում են իրենց տոհմական կալվածքները և կոչվում նախարարներ։

Նախարար բառը նշանակում է «առաջին արարված» և փաստում այդ տոհմերի արարչական ծագումը։ Արշակունիների ժամանակներից մեզ հասած Գահանամակում և Զօրանամակում հիշատակվում են 70-ից ավել նախարարական տներ։

Ամեն նախարարական տուն ուներ իր քրմական դասը, որի անդամները պատկանում էին նախարարական տոհմին և տոհմական Աստծո պաշտամունքի սպսավորներն էին։ Քրմերը աստվածատուր գիտելիքների կրողներն էին և Հայոց ազգային մշակույթը ստեղծողները։

Նախարարական և քրմական իշխանությունները ժառանգական էին։ Ազնվական (ազատանի) և քրմական դասերից է ձևավորվել Հայոց Ազգը։ Աստծո որդիները բանական մարդու կենսագործունեությանն անհրաժեշտ գիտելիքները և իրենց առաքելության պատգամը ստացել են իրենց Արարիչ Հորից։

Նրանց աշխարհընկալումային համակարգում աստվածաշնորհ պարգևներ են համարվել․ – ազնվական/արքայական իշխանությունը, որն իր մեջ է առել նաև գլխավոր քրմի գործառույթը,

– լեզուն իր 36 հնչյուններով, իսկ 36 թիվը համարվել է ողջ Տիեզերքը և գերագույն երդումը։

Հայոց լեզուն է երևույթների և իրերի էությունների ճանաչման միակ բանալին։

– գիրը, որը նախապես եղել է գաղափարագրություն և գործածվել դեռևս վերին հին քարի դարում,

– տոմարը, որի միջոցով սահմանվում էին տարվա ընթացքում տոների կատարման ժամանակն ու կարգը։

Այս ամենն աստվածաշնորհ սրբազան գիտելիքների կարգավիճակ ունեին և մաս էին կազմում մի ընդհանրական և սրբազնագույն համակարգի։

Այդ աստվածաշնորհ ու սրբազնագույն համակարգը կոչվում էր ՕՐԵՆՔ։

Տիեզերքում և Երկրի վրա ամեն ինչ, ամեն գործողություն ու շարժում կարգավորվում էր Օրենքով և Օրենքի հեղինակ էր համարվում Արարիչը։ Ինչպիսի՞ն էր Օրենքը, ինչպիսի՞ն էին մեր նախների փոխհարաբերություններն Օրենքի հետ։

– Կա մի Արարիչ, մի Տիեզերք և մի Ճշմարտություն։

Օրենքը համատիեզերական Ճշմարտության գիտակցված ընկալումն էր, որում ամփոփված էր Տիեզերքի և բանական մարդու անցյալը, ներկան ու ապագան և նրանց փոխհարաբերությունները։

– Աստծո որդիներն Արարչից ստանում են ճշմարիտ աստվածապաշտության կարգը և ճշմարիտ կենսակերպի կարգը, որպես միակ բացարձակ Ճշմարտության դրսևորում։

– Օրենքի հիմքում մարդկանց կողմից գիտակցված և ընդունված ու աստվածաբուխ համարվող Ճշմարտությունն էր։ Այն ամենը, ինչ չուներ Ճշմարտության կարգավիճակ, դուրս էր Օրենքից։

– Օրենքն ուղենշում էր այնպիսի ապրելակերպ, որպեսզի ամեն ոք, անկախ հասարակության մեջ գրաված դիրքից, կարողանա բացահայտի ու դրսևորի իր էության այն որակները, որոնց վերագրվում էին աստվածային ծագում, որոնք համարվում էին ճշմարիտ։

Մարդիկ քաջ էին, առաքինի, արդար, ազնիվ, վեհ, բարեպաշտ։ Այս որակները ձեռք էին բերվում կրթության ու դաստիարակության միջոցով, սկսած մանուկ հասակից։

– Օրենքը ցեղի ներսում ստեղծում էր ընդհանուր շահի գերակայության, փոխըմբռնման, փոխօգնության, հարգանքի ու վստահության մթնոլորտ։

Ցեղի յուրաքանչյուր անդամի կեցության հիմքում հետևյալ բանաձևն էր․

«Ես կամ ու կլինեմ, քանի դեռ կա ՄԵՆՔ-ը՝ Ցեղը»։

Ցեղը Օրենքի ուժն ու էությունը գիտակցող և ընդունող անհատականությունների միասնություն էր։

– Օրենքը չէր պարունակում ոչ մի սահմանափակում, ոչ մի արգելք, քանզի դրանք անհամատեղելի են Ճշմարտության հետ։ Մարդն ազատ էր և գիտակցաբար գնում էր Օրենքի ճանապարհով, որ է Ճշմարտությունը։

Ոչ թե մարդն էր Օրենքի գծած սահմանի մեջ, այլ՝ Օրենքը մարդու։

– Օրենքը մարդկանց կեցության ու փոխհարաբերությունների հիմքում դնում էր բարոյականության անխախտ չափանիշներ, որոնք ոչ թե պարտադրվում էին, այլ՝ գիտակցվում և ընդունվում։

Որպես Ճշմարտության դրսևորում, բարոյական չափանիշները դաստիարակության միջոցով փոխանցվում էին ժառանգաբար։

– Ցեղի ներսում բարոյական չափանիշները միատար չէին։

Հասարակության ամեն խավ ուներ բարոյական չափանիշների իր սանդղակը։ Որքան բարձր էր տոհմի դիրքը ցեղի մեջ, այնքան բարձր էին նրա համար սահմանված բարոյական չափանիշները։

Բարոյական բարձրագույն չափանիշների կրողները արքայական/նախարարական տոհմերն էին։ Բարձրագույն բարոյական չափանիշները արդարության, ազնվության, ազնվացեղության, սրբազանության և աստվածային այլ որակների ցուցիչներն էին, որոնցով արքաներն ու նախարարները հիմնավորում էին իրենց տոհմերի աստվածային ծագումը։

Ամեն նախարարական տոհմ միաժամանակ որոշակի Աստծո (տոհմական Աստծո) քրմեր էին։

– Բարոյականության ցածրագույն սանդղակով սահմանվում էր հասարակության ստորին խավի կեցության կարգը։

Բարոյականության այս սանդղակն ընդհանուր գծերով համապատասխանում էր Հին կտակարանի 10 պատվիրաններին։

– Օրենքն առաջին պլանում էր դասում անհատի պարտականությունները, իսկ իրավունքները՝ ետին պլանում։

Իրավունքների չափը պայմանավորված էր (ուղիղ համեմատական էր) պարտականությունների չափին։

Նա, ով կրողն էր բարձրագույն բարոյական չափանիշների և առավել մեծ պարտականություններ ուներ ցեղի ընդհանրական շահի պաշտպանության գործում, համապատասխանաբար մեծ էին և նրա իրավունքները։

– Ցեղի ամեն խավի անդամ կրթվում ու դաստիարակվում էր իր խավի բարոյական սանդղակին ու պարտականություններին համապատասխան։

Սրանք Օրենքի սոսկ մի քանի ընդհանրական բնութագրերն են։

Օրենքն անխախտ գործել է շատ հազարամյակների ընթացքում, իսկ նրա աղճատումը սկսվել է մոտ 2300 տարի առաջ, հելլենիզմի ազդեցության հետևանքով։

Եկան ժամանակները, երբ մեր նախնիները չկարողացան պահպանել Ճշմարտության գիտակցումն ու նրա վրա հիմնված Օրենքը։

Նախ Հայք մտավ հելլենիզմը և իր հետ բերեց փողն ու նյութապաշտությունը, կռապաշտությունը, հույն մատերիալիստ փիլիսոփաների կեղծ գաղափարները։

Ընդ որում, հելլենիզմը տարածող մակեդոնական զորքերը չեն գրավել Հայքը, այդ ժամանակվա մեր նախնիներին չեն պարտադրել իրենց լեզուն ու մշակույթը։ Մեր նախնիներն իրենք են գայթակղվել հունական ախտավոր մշակույթով ու կռապաշտությամբ։

Արտաշեսյան հարստության արքաներն իրենց անուններին կցում էին «հունասեր» մակդիր, գրում ու խոսում էին հունարեն, Հայոց աստվածներին դիմում էին հունական անուններով։

Անկայուն գտնվեցին նրանք, ովքեր պարտավոր էին բարոյական բարձրագույն չափանիշների կրողները լինել։ Մեջտեղ էր եկել փողը և շատ հարուստ լինելու գայթակղությունը։

Այդպես սկսվեցին օտարամոլության, կռապաշտության, փող կուտակելու ագահության ժամանակները։ Այնուհետև եկավ քրիստոնեությունն իր կեղծիքներով, հնազանդություն, խոնարհություն, համբերություն քարոզող «առաքինությամբ» և 10 պատվիրաններով։

Հայոց աստվածաշնորհ Օրենքը ծածկվեց անթափանց ծածկոցով, իսկ նրա նյութական դրսևորումները (հավատք, մշակույթ, գիր) ոչնչացվեցին։

3. ՄԵՆՔ

Անցան դարեր։ Վերացան արքայական ու նախարարական տոհմերը, քանզի գայթակղվելով հելլենիստական ու քրիստոնեական կեղծիքներով, նախ անտեսեցին, ապա մոռացության մատնեցին Ճշմարտության և իրենց աստվածային ծագման գիտակցումը, դուրս մղվեցին Օրենքի ճանապարհից։

Հետևեցին անձնական շահի գերադասման, եսասիրության, ագահության, ավազակության, խաբեության ժամանակները։

Այսօր մենք, որպես ազգային տեսակ, չենք ճանաչում մեր ազգային ինքնության իրական պատկերը, չգիտենք մեր ծագումը, հայերենի խորհուրդը, մեր առաքելությունը և տեղը Տիեզերքի կառույցի մեջ։

Ինչպես Թումանյանն է գրում, մենք շատերի ոտքերի տակ տրորվելով, դարձել ենք դառնահամ, ինչպես ոտնակոխ եղած թփի վարունգը։ Իբր մեր ախտերը քիչ էին, կլանեցինք նաև օտարների՝ պարսիկի, հրեայի, թուրքի, ռսի, եվրոպացու ախտերը։

Ինչպես մարդը չի կարող փախչել ինքն իրենից, այնպես էլ զտարյուն հայը չի կարող հեռու փախչել Ճշմարտությունից ու նրանից բխեցված Օրենքից, քանզի նրա ներսում է Հոգևոր Արմատը, որից ճառագվում է Ճշմարտությունը։

Նյութապաշտ ու եսասեր դարձած հայի ներսում սկսվում է անհաշտելի հակասություն, որը վեր է ածվում հակամարտության։ Հակամարտություն նրա եսասեր ու նյութապաշտ կեսի և Հոգևոր Արմատը կրող կեսի միջև։

Նյութապաշտ կեսը ցույց է տալիս հեշտ ապրելու, ցանկացած միջոցներով նյութական բարիքներ ձեռք բերելու ճանապարհը, իսկ Հոգևոր Արմատը կրող կեսը փորձում է ետ պահել այդ ճանապարհից և առաջադրում է Ճշմարտությանը հետևելու պահանջներ։

Գայթակղության թակարդն ընկած հայն իր այդ անհանգիստ վիճակից դուրս գալու համար ամեն կերպ աշխատում է լռեցնել իր բնական վիճակը ներկայացնող կեսի ձայնը։ Նման որոշ հայերի մեջ նույնիսկ ատելություն է ծնվում իր տեսակի նկատմամբ։

Ի վերջո Հոգևոր Արմատը կրող կեսին նետում են իրենց էության խորագույն հատակները և հիմնավոր ծածկում, որպեսզի նրա ձայնը չլսվի։ Հոգևոր Արմատը կրող կեսը Փոքր Մհերն է յուրաքանչյուրիս մեջ, ում ինքներս ենք փակել խոր ու մութ քարանձավի մեջ, որպեսզի նրա ձայնը չլսենք ու չանհանգստացնենք մեր էգոիստ ու նյութապաշտ կեսին։

Սակայն ժամանակը կրիտիկական է, լինել չլինելու խնդիր է կանգնած մեր առջև։ Եթե չկարողանանք ոչնչացնել մեր նյութապաշտ ու էգոիստ կեսին, որն անհարիր է մեր բնական ավանդական վիճակին, և բացահայտել ու մթին քարանձավից դուրս հանել Ճշմարտությունն ու նրա Լույսը, տանուլ ենք տալու գոյապայքարում։

Իսկ եթե կարողանանք դա անել, այդ ժամանակ համատիեզերական Ճշմարտությունից բխեցված Օրենքը վերստին կդառնա մեր կեցության հիմքը և մենք կհաղթենք։ Հենց սա է մեր այժմեական առաքելությունը․ մարդկությանն առաջնորդել Օրենքի ճանապարհով։

Այսօր ապրում ենք պայմանականությունների մի ժողովածուի թելադրանքով, որն անվանում ենք սահմանադրություն։

Դրանք ոչ թե օրենքներ են, այլ իշխանությունների շահերին ծառայող կանոններ, որոնցով պիտի կառավարվի պետությունն ու հասարակությունը։ Այդ կանոններից շատերը հաճախ խախտվում են հենց իշխանությունների կողմից, իրենց շահի թելադրանքով։

Ինչպես ցույց է տալիս նաև սահմանադրություն անվանումը, այդ կանոններից կառուցվում է մի ցանկապատ (սահման), որով սահմանափակվում են այս կամ այն սուբյեկտի ազատությունները։

Այլ լեզուներում գործածվող «կոնստիտուցիա» անվանումը գալիս է լատիներեն constitutio բառից, որը Հռոմի կայսերական հրամանների, հրահանգների, ցուցումների ժողովածուի անվանումն էր։

ՀՀ-ում այժմ գործող և նախկին սահմանադրությունների հիմնական դրույթները վերցված են եվրոպական երկրների սահմանադրություններից, որոնցում շատ են կեղծ և Ճշմարտությունը գիտակցած ազգի համար անընդունելի սկզբունքները։ Անդրադառնամ դրանցից մի քանի կարևորներին։

Դեմոկրատիա – Դեմոկրատիան կառավարման բռնապետական և օլիգարխիկ ձևերին գրեթե հավասար քննադատվել է անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը։ Բերեմ մի քանի հայտնի մտածողների տեսակետներ։

Պլատոն – «Դեմոկրատիայից է ծնվում բռնապետությունը», «դեմոկրատիան նախանձ աղքատների իշխանությունն է»։

Արիստոտել – «Դեմոկրատիան չունեվոր մեծամասնության կառավարումն է հանուն սեփական բարօրության»։

Բերտրան Ռասսել – «Դեմոկրատիայի ժամանակ հիմարները քվեարկելու իրավունք ունեն, բռնապետության ժամանակ՝ իշխելու»։

Չերչիլ – դեմոկրատիան «կառավարման վատագույն ձևն է, եթե հաշվի չառնենք մնացած բոլորը»։

Պատմական փաստերը ցույց են տալիս, որ ա․ դեմոկրատական ճանապարհով իշխանության են գալիս կամ ապագա բռնապետերը, կամ օլիգարխները, կամ էլ՝ նրանց շահերը սպասարկողները։ բ․ դեմոկրատիան առաջին պլան է մղում ժողովրդի նյութական շահերը, ի հաշիվ ընդհանրական-պետական շահերի։

Մեծ մտածողների տված բնութագրերն արտացոլում են հենց այս երևույթները։ Բերենք Արիստոտելի կողմից տրված մի այլ բնութագիր, որպես ասվածի ամփոփում․ «Բռնապետությունը մի իշխողի շահերը հաշվի առնող միապետական իշխանություն է, օլիգարխիան պաշտպանում է ունևոր քաղաքացիների շահերը, դեմոկրատիան՝ չունևորների շահերը։

Սրանցից ոչ մեկը հաշվի չի առնում ընդհանրական շահերը»։

Իմա՝ բոլորն իշխանությունն օգտագործում են իրենց և ոչ թե ընդհանուրի ու պետության շահերի համար։

Արիստոտելը, հետևելով իր ուսուցիչ Պլատոնին, դեմոկրատիան համարում էր մեծամասնություն կազմող «նախանձ աղքատների» կառավարում, որը հետապնդում էր այդ մեծամասնության շահերը։

Արիստոտելը դեմոկրատիան բռնապետության և միապետության հետ համարում էր երեք խեղաթյուրված կառավարուման ձևերից մեկը (բռնապետությունը միապետության խեղաթյուրումն է, իսկ օլիգարխիան ՝ ազնվականության):

Իսկ արդեո՞ք հնարավոր չէ կառուցել այնպիսի հասարակություն, որում չլինեն մեծամասնություն կազմող «նախանձ աղքատներ»։ Անշուշտ հնարավոր է, բայց ոչ «դեմոկրատական» կոչվող երկրում։

Բազմակարծություն – Բազմակարծությունը հայտնվում է այնտեղ, որտեղ անտեղեակ են միակ Ճշմարտությունից։ Այնտեղ, որտեղ ճանաչված է Ճշմարտությունը, բազմակարծությունը կեղծիք է, անիմաստ է և պառակտիչ։

Բազմակարծությունը հայտնվում է այնտեղ, որտեղ իրար են բախվում իրերի ու երևույթների պատկերը ներսից դիտողի (մասնակի և սուբյեկտիվ ընկալում) և դրսից դիտողի (ամբողջական ընկալում) տեսակետները։

Մեր օրերում բազմակարծություն կարող է լինել միայն արվեստում, որպես արվեստագետների (պոետ, նկարիչ, ռեժիսոր և այլն) կողմից նույն թեմայի սուբյեկտիվ ընկալում և վերարտադրում։

Հավասարություն – Բնության մեջ ամեն ինչ բրգաձև հիարխիկ կառույց ունի, այդ թվում կառավարման ցանկացած համակարգ, հասարակության սոցիալական կառույց, հասարակության անդամների մտավոր ու ֆիզիկական կարողությունների բաշխում և այլն։ Սա ունի իր խորհուրդը։

Ժամանակակից դեմոկրատական երկրներում, մասնավորապես Հայաստանում, թաքցվում է հասարակության բրգաձև կառույցի գոյությունը և հայտարարվում, թե բոլորը հավասար են օրենքի առաջ, չնայած այն ճչացող փաստերի, որ բուրգի գագաթին մոտ գտնվողներն անպատիժ կարող են խախտել օրենքները, պատգամավորներն ունեն անձեռնամխելիության իրավունք և այլն։

Իրականությունն այն է, որ մարդիկ այժմ էլ գնահատվում են ըստ իրենց մտավոր և ֆիզիկական կարողությունների և ստանում համապատասխան նյութական շահույթ։ Խնդիրն այն է, թե որքանով է արդարացի այս կամ այն անհատի կարողությունների գնահատականը և վարձատրությունը։

Հավասարություն կա միայն հասարակության խավերի ներսում։ Հավասարության միայն մի ընդհանրական պարամետր կա․ դա այն է, որ բոլորս պատկանում ենք նույն տեսակին, բոլորս ՀԱՅ ենք, չնայած բաշխված ենք միևնույն բուրգի տարբեր ոլորտներում։

Կուսակցություն – Կուսակցությունը կեղծ գաղափարական (բազմակարծության) հողի վրա ժողովրդին մասնատելու, անմիաբան դարձնելու միջոց է և անընդունելի է մեզ համար։

Մարդու իրավունքներ – Մարդու իրավունքների մասին այսպես բարձրաձայնել և այն առաջին պլան կարող են մղվել միայն հոգևոր-մշակութային և իմաստության ասպարեզներում զարգացման չձգտող և այդ ասպարեզներում հեռահար նպատակներ չհետապնդող հասարակության և պետության մեջ։

Լիարժեք կյանքով ապրող անհատը և պետությունը գործում են հանուն հեռահար նպատակի, իսկ նպատակի իրականացումը թելադրում է իրենց վրա վերցնել որոշակի պարտականություններ։ Իր առաջնային պարտականությունները (բարոյական, ընտանեկան, աշխատանքային, պետական) չկատարողը չի կարող իրավունքներ ունենալ։ Իսկ այդպիսիք շատ են մեր հասարակության մեջ։ Ուստի առաջնայինը պարտականությունն է, ոչ թե իրավունքը։

Ճշմարտությունը ջնջվել է, մոռացվել և այս կեղծիքները մարդկությանը պարտադրվում են որպես գերագույն քաղաքակրթական արժեքներ։

Ճշմարիտ Օրենքը միայն տիեզերական ներդաշնակությունը գիտակցող հասարակությանը յուրահատուկ գիտելիք է, պիտի լինի ճշգրիտ և արտացոլի ճշմարտությունը։

Օրենքը պիտի

* Դառնա մեր սուրբ Գիրքը,
* Հնարավորություն ընձեռնի, որպեսզի վերածնվի երկիրը կառավարող ազնվական դասը,
* Մարդու հոգին պիտի մաքրի հետևյալ ախտերից․ մեծամտություն, նախանձ, եսասիրություն, անբարոյականություն, տգիտություն, չարակամություն, քաղքենիություն, ․․․
* Հնարավորություն ընձեռնի, որպեսզի հայությունը միաբանվի և վերածնվի որպես քաղաքակրթություն ստեղծող ցեղ 21-րդ և հետագա ժամանակների համար,
* Օտարին հնարավորություն չտա, որպեսզի մեզ հուշեն, թե ինչպես ապրենք, ինչ գնենք, ինչ ուտենք, ինչ հագնենք և այլն
* Բնական գիտությունների բոլոր նոր բացահայտումներն այսօր նախ դարձվում են մարդ ոչնչացնելու զենք։

Հոգևոր գիտելիքը իմաստնանալու, մշակույթի զարգացման համար նոր հեռանկարներ բացելու, Տիեզերքի Արարիչ գերբանական ուղեղի հետ հաղորդակցվելու միջոցն է։

Առաջինը մեզ անհրաժեշտ է ներկա թշնամիներից պաշտպանվելու, իսկ երկրորդը՝ մեր ազգի առաքելությունն իրականացնելու համար։

Օրենքը պիտի ապահովի սրանց ներդաշնակ զարգացումը և դառնա մեր Խաչ Պատարագին։

Մենք չենք կարող պատմության թատերաբեմից հեռանալ առանց մեր առաքելությունն իրականացնելու։ Դա Արարչից ստացված պատգամ է։

Orion – Par Till Credner Travail personnel AlltheSky.com

Համլետ Մարտիրոսյան – Օ Ր Ե Ն Ք Ը – Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն

Facebooktwitterredditpinterestlinkedinmail