ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստան վերադարձնել ապօրինի ձեռքբերված գումարները – քննարկում Վաշինգտոնում

ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստան վերադարձնել ապօրինի ձեռքբերված գումարները – քննարկում Վաշինգտոնում

14 Փետրվար, 2019 – ԼՈՒՐԵՐ – Արման Թարջիմանյան:

«Մենք չունենք ոչ նրանց փողերի, ոչ էլ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, ովքեր չեն հարգում օրենքը եւ գալով այստեղ՝ թունավորում են մեր համակարգը, փորձում կաշառել մեր քաղաքացիներին», – Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Բրայան Էրլը կրկին անգամ հիշեցնում է՝ ԱՄՆ-ը պատրաստ է իր կողմից բոլոր ջանքերը գործադրել զարգացող երկրներից ապօրինի ձեռքբերված գումարները վերադարձնելու համար: Ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում՝ Էրլն ընդգծում է. Վաշինգտոնում պատրաստ են աշխատելու զարգացող երկրների քաղաքացիներից գողացված գումարները վերադարձնելու ուղղությամբ, սակայն, գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է մյուս կողմի իշխանությունների համագործակցելու պատրաստակամությունը: Հայաստանի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ի իրավապահները նույնպես սերտ համագործակցում են, համոզված է Բրայան Էրլը.

«Շատ բան այստեղ կախված է իրենց ժողովուրդը ներկայացնող իշխանություններից, քանի որ դրա համար բոլոր գործիքներն առկա են»:

Սակայն, հիշեցնում է նախկին հատուկ գործակալը, ապօրինի ձեռքբերված գումարների վերադարձը պահանջում է երկար տարիների աշխատանք բոլոր կողմերից: Հաճախ երկրների իշխանությունները, որտեղից դուրս էին բերվել գումարները, չունեն բավարար փորձ կամ ցանկություն ամերիկյան իրավապահներին փաստեր տրամադրելու համար, որը կօգներ բացահայտել այդ գումարները:

Հայաստանի դեպքում երկրի նախկին իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հիմնականում սահմանափակում էին արտերկրյա դոնորներից ֆինանսական միջոցներ խնդրելով, մինչդեռ, միջազգային մասնագետների գնահատմամբ 2004-2013 թվականներին Հայաստանից շուրջ 9 միլիարդ դոլար է ապօրինի արտահանվել, նշեց Transparancy International կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Սոնա Այվազյանը: «Թավշյա հեղափոխությունից» հետո, կարծես թե, իրավիճակը փոխվել է.

«Առաջին անգամ մենք ունենք կառավարություն, կամ, մի գուցե, ճիշտ կլինի ասել, առաջնորդ, ով հետաքրքրված է կոռուպցիան արմատախիլ անելու մեջ եւ պատրաստ է այդ ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկել»:

Ապօրինի միջոցների՝ հայրենիք վերադարձնելու ճանապարհին մարտահրավերները սակայն այդքանով չեն սահմանափակվում: Հաճախ այդ միջոցների մի մասն այլեւս անհնար է լինում վերադարձնել, նշում է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Քերեն Գրինուեյը.

«Միջոցների վերադարձման հիմնական խնդիրն այն է, որ դրանք հաճախ ծախսվում են վերավաճառքի ոչ ենթակա ապրանքների վրա կամ փոշիացվում թանկարժեք հագուստի, սպորտային խաղերում կամ խաղատներում»:

Շքեղ զբոսանավ, օլիմպիական խաղերի տոմսեր, թանկարժեք հագուստ՝ այս ամենն անհնար կամ չափազանց բարդ է վերավաճառել, նշում է Գրինուեյը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն իր կողմից պատրաստ է ամեն կերպ աջակցել երկրներին վերադարձնել իրենց միջոցները, քանի որ քաղաքացիներից գողացված հարստությունը ոչ միայն ապօրինի է այլեւ՝ ոչ բարոյական:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

amerikayidzayn.com/a/4785770.htm

Facebooktwitterredditpinterestlinkedinmail