Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Դոնալդ Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին
24 Ապրիլ, 2018
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ՝ կատարվածը կրկին անվանելով Մեծ Եղեռն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական կայքը, ուղերձում ասվում է.
«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ դատապարտվեցին մահվան երթի Օսմանյան Կայսրության վերջին տարիներին: Մենք հիշատակում ենք 1915թ. իրադարձությունները և սգում զոհերի և տառապյալների համար:
Մենք նաև օգտագործում ենք պահը՝ ճանաչելու քաջությունն այն անհատների, ովքեր ձգտեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան վերապրածներին օգնություն ցուցաբերելու և համայնքները վերակառուցելու համար, այդ թվում և Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ձգտում էր վերջ տալ բռնությանը, իսկ հետագայում Մերձավոր Արևելյան նպաստամատույցի միջոցով հավաքեց գումարներ՝ օգնելու հայ ժողովրդին: Խորը հարգանքով ենք արձանագրում հայ ժողովրդի դիմացկունությունը, որի շատ ներկայացուցիչներ նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և շատ անհաշվելի ներդրումներ ունեցան մեր երկրում:
Քանի որ մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են, մենք նաև վերադառնում ենք մեր հանձնառությանը՝ երաշխավորելու, որ նման կոտորածները չկրկնվեն: Մենք ընդգծում ենք ցավոտ տարրերով անցյալի ճանաչման ու դրա հետ հաշվի նստելու կարևորությունը՝ որպես անհրաժեշտ քայլ ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհին:
Այս հանդիսավոր օրը մենք կանգնած ենք ողջ աշխարհի հայ ժողովրդի կողքին՝ ի նշան հարգանքի նրանց հիշատակին, ովքեր զոհվել են՝ պարտավորվելով աշխատել միասին և կառուցել ավելի լավ ապագա»:
armenpress.am/arm/news/931317.html