ՀՀ-ում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ
7 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջայց է կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Վարչապետին տեղեկացվել է, որ արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Նախատեսված է նաև նանո մանրաթելերի, ինչպես նաև նանո մանրաթելից տարբեր իրերի արտադրություն։
Մասնավորապես, այստեղ արտադրվելու են օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ: Ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը և մեկ տարվա ընթացքում կբավարարվի ՀՀ Պաշտպանության նախարարության պահանջարկը:
Հայաստանում ռուսական հայտնի ինքնաձիգի արտադրության համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի օգոստոսին՝ «Royalsys Engineering ltd.» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև: Արտադրանքի մի մասը կհամալարի ՀՀ Զինված ուժերը, իսկ մյուսը կարտահանվի:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է մեր երկրում «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրության հիմնումը և այն գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում սերտ համագործակցության արդյունք:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ գործարանի կողմից փամփուշտների արտադրությունը Երևան քաղաքից տեղափոխվում է Կոտայքի մարզում գտնվող արտադրական տարածք։ Տվյալ տարածքները վերանորոգելուց և արդիականացված հոսքագծերով համալրելուց հետո, կսկսվի 7,62×39 մմ, 7,62×54 մմ, 12,7 մմ, 9×18 մմ և 9×19 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրություն, որի արդյունքում նաև կավելանան նոր աշխատատեղեր։
ՌԴ «Սպեցմաշինժինիրինգ» ԲԸ-ի հետ կքնվել են մոտ 24 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրեր 7,62×39 մմ, 7,62×54 մմ, 12,7 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրության համար ժամանակակից և արդիականացված հոսքագծեր ու սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև խորհրդային արտադրության առկա հոսքագծերը վերանորոգելու վերաբերյալ։
Կոտայքի մարզում գտնվող մասնաճյուղի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել ավտոտեխնիկայի և զրահատեխնիկաների վերանորոգման արտադրամասեր։
armenpress.am/arm/news/1020860.html