Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ է եղել բժիշկների Հայաստան այցից․ Զարեհ Սինանյան

Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ է եղել բժիշկների Հայաստան այցից․ Զարեհ Սինանյան

8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի կառավարությունը ոչ միայն տեղյակ էր ֆրանսիացի բժիշկների Հայաստան այցից, այլ նաև ինչ-որ փուլում ներգրավված է եղել այդ աշխատանքներում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հերքելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե, իբր, Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ չի եղել Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների այցից։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մի հասարակ փաստ ներկայացրեց, որն ապացուցում է, որ Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ է եղել այցելությունից․

«Երբ ժամանեց բժիշկների առաջին խումբը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ միասին դիմավորեցինք նրանց։ Արդեն այնտեղ խոսակցություն տեղի ունեցավ երկրորդ թիմի այցելության մասին։ Ես խոսեցի դեսպան Լաքոտի հետ և խնդրեցի, որպեսզի երկրորդ թիմի ֆինանսավորման հարցում մեզ օգնեն, քանի որ առաջին թիմի այցելությունը լիովին ֆինանսավորում էին USAID և ԱՄՆ-ի դեսպանատունը։ Իմ դիմումից հետո դեսպան Լաքոտը 36-48 ժամվա ընթացքում կապվեց մեզ հետ և ասաց, որ Ֆրանսիայի կառավարությունը ստաձնում է թիմի այցելության ծախսերը»։

Ինչ վերաբերում է թիմի մասնագիտական ունակություններին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ առաջին թիմը ղեկավարում էր պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնը, որը բնագավառի ամենահարգված մասնագետներից է, երկրորդ թիմի ղեկավարը՝ պրոֆեսոր Լորան Փափազյանն է, որը լավագույն մասնագետն է Ֆրանսիայում։

«Նրանք են հավաքել իրենց թիմերը։ Թիմի մեջ չէին կարող լինել մարդիկ, որոնք առնչություն չէին ունեցել կորոնավիրուսի հետ, հետևաբար հոդվածն անհեթեթ է և հիմնած է ստերի վրա»,-եզրափակեց Սինանյանը։

Հունիսի 15-ին և 23-ին ֆրանսիայից մի խումբ բժիշկներ հատուկ չվերթով ժամանել էին Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցույց տալու ՀՀ առողջապահական համակարգին:

armenpress.am/arm/news/1020983.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail