Թուրքիայում Ունեցվածքի հարկը (Varlık Vergisi). հայերի, հույների և հրեաների ֆինանական ջարդը 1940-ական թթ
09 ՅՈՒԼԻՍ 2020 – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից
Նոր ճնշումներ փոքրամասնությունների նկատմամբ
Քանի դեռ պատերազմի ելքը անհայտ էր, Թուրքիայի համեմատաբար չեզոքությունը և Գերմանիային չմիանալը կարևոր էր հակահիտլերյան դաշնակիցների` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համար: 1943-ից, երբ բրիտանական ուժերը Միջերկրականում էին, իսկ խորհրդային զորքերը հարձակման էին անցել, թուրքերի չեզոքությունը դաշնակիցների համար կորցրեց արժեքը: Սակայն Թուրքիան շարունակում էր հրաժարվել Գերմանիայի դեմ պատերազմ հայտարարելուց: Մյուս կողմից, թուրքական կառավարությունը, որպեսզի չզայրացնի Դաշնակիցներին, վերացրեց ՙՈւնեցվածքի հարկը՚ (Varlık Vergisi):
1943թ. դեկտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահը Կահիրեում հանդիպեց ԱՄՆ նախագահ Ռուզվելտի, իսկ դեկտեմբերի 7-ին` Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի հետ: Նախքան Կահիրե մեկնելը Ինոնյուն կարգադրեց Ստամբուլ վերադարձնել Ունեցվածքի հարկի պատճառով աքսորված հայ և այլ փոքրամասնությունների վերապրողներին:
Աթաթուրքի և Թուրքիայի հաջորդ նախագահների օրոք հանրապետությունում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվել են մի շարք խտրական միջոցառումներ, որոնց հետևանքով նվազել է հայերի, հրեաների, ասորիների, արաբների և հույների քանակը: Խտրական միջոցառումներից երկուսը` ՙՈւնեցվածքի հարկը՚ և ՙՔսան դասակարգի զորակոչը՚, իրականացվել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին:
ՙՔսան դասակարգի զորակոչը՚ (1941-1942 թթ.) տարածվել է հայերի, հրեաների և հույների հանդեպ: Հնարավորին գաղտնի պայմաններում զորակոչվել են չափահաս տարիքի տղամարդիկ: Իրականում, սակայն, զորակոչվածները զինվոր չէին, քանի որ նրանց չի տրվել զենք, զինվորական համազգեստ: Զորակոչվածները ուղարկվել են Թուրքիայի արևելյան շրջաններում գտնվող աշխատանքային ճամբարներ: ՙՔսան դասակարգի զինակոչի՚ նպատակը, ըստ տարածված կարծիքի, եղել է անվստահելի համարվող ոչ մուսուլմանների մեկուսացումը Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հապշտապ բանակ էին զորակոչվում հայ, հույն և հրեա չափահաս տղամարդկանց մեծ մասը:
ՙՈւնեցվածքի հարկի՚ մասին ավելի շատ սկսեց գրվել 1980-ական թթ. վերջերից: Թուրքական ՙԷկոնոմիկ պանորամա՚ պարբերականը առաջինն էր, որ անդրադարձավ այդ հարկին, որը երբեմն անվանվում է ՙտնտեսական ցեղասպանություն՚ փոքրամասնությունների նկատմամբ: Լրագրող և հետազոտող Ռըդվան Աքարը տարիներով զբաղվել է այդ հարցով, զրույցներ ունեցել այդ հարկի աղետից վերապրողների, նրանց զավակների հետ:
ՙԱլարկո՚ ընկերության նախագահ, հրեա Իսհաք Ալաթոնը պատմել է, որ ինքը 15 տարեկան էր, երբ Սիրքէջիի ճամբարում գտնվող հորը ամեն շաբաթ հագուստ էր տանում: Մի օր, երբ գնացել էր, հորը այնտեղ չէր գտել, տարել էին Էրզրումի կողմերը` Աշքալե` պարտադիր աշխատանքի: ՙՀայրս Աշքալեում մահացածների մեջ չէր, բայց երբ վերադարձավ, հավատը կորցրել էր: Այդպես էլ մեռավ՚,- ասել է Ալաթոնը:
ՙՈւնեցվածքի հարկը՚ հեղինակել էր վարչապետ Սարաջօղլուն: Թուրքական կառավարությունը հարկի բուն թիրախ էր դիտում հարուստներին, օտարահպատակներին և փոքրամասնության ներկայացուցիչներին: Սարաջօղլուն հայտնում էր, որ այս ձևով ասպարեզից օտարահպատակները պետք է քշվեն և առևտրական ոլորտը պիտի հանձնվի թուրքերին:
ՙՈւնեցվածքի հարկի՚ ընդունումը, ըստ վարչապետ Սարաջօղլուի, ուղղված էր թուրքական լիրայի արժևորմանը, շրջանառության մեջ եղած դրամի նվազեցմանը, սև շուկայի, գների աճի և չարաշահումների դեմ:
ՙՈւնեցվածքի հարկի՚ չափերը պետք է ճշտվեին Ժողովրդահանրապետական կուսակցությունից ընտրված և առևտրականներից բաղկացած հանձնախմբերը, որոնք ոխերիմ թշնամի էին իրենց մրցակից ոչ իսլամ առևտրականներին: Ցանկերի առաջին տեղերից պարզ էր, որ նպատակը փոքրամասնություններին հարվածելն էր. մեկ միլիոն լիրայից ավելի բարձր հարկ վճարելիք 11 հարկատուներից 9-ը ոչ իսլամ էր:
1942թ. թուրքական կառավարությունը, վարչապետ Շյուքրյու Սարաջօղլուի գլխավորությամբ, խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց ՙՈւնեցվածքի հարկի՚ մասին օրենքը, որն ընդունվեց նոյեմբերի 11-ին, նիստին ներկա 350 պատգամավորների միաձայն քվեարկությամբ (չեն մասնակցել հետագայում Դեմոկրատական կուսակցության հիմնական առանցքը կազմող 76 պատգամավոր), որից հետո օրենքը մտավ գործողության մեջ:
Թուրքական մամուլը աջակցում էր իշխանություններին: Թերթերը գրում էին, որ ՙՈւնեցվածքի հարկը՚ ազդանշան էր ՙկես հայրենակիցներին, որոնք Թուրքիայում հյուրի նման են ապրում, որոնք հարգանք չունեն իրենց հայրենիքի նկատմամբ՚. ՙԵրկրի բոլոր բարիքներից օգտվող փոքրամասնությունը պետք է բաժանի երկրի դժվարությունները՚:
ՙՈւնեցվածքի հարկը՚ հարկատուներին բաժանում էր 4 խմբի` իսլամներ, ոչ իսլամներ, օտարներ, իսլամ ընդունած կրոնափոխներ:
Եթե թուրքերը պարտավոր էին տարեկան եկամտից 5 տոկոսը վճարել, ապա հույները` 156, հրեաները` 179, հայերը` 232 տոկոս:
Ունեցվածքի հարկի՚ անցկացման ժամանակաշրջանում Ժողովրդահանրապետական կուսակցության պատրաստած մի զեկույցից երևում է պետական ապարատի վերաբերմունքը ոչ մուսուլմանների նկատմամբ: Զեկույցում մասնավորապես հայերի մասին ասվում է, որ հայերը ՙԱնատոլիայում վերածվել են կամաց-կամաց սակավացող փոքր համայնքի և քաղաքական ինչ-որ եղանակով ձգտում են ավելացնել իրենց թվաքանակը՚: Հայերին նախ և առաջ Անատոլիայից ՙմաքրելով՚` պետք է տեղափոխել Ստամբուլ, այսպիսով հնարավոր կլինի ՙվերահսկողության տակ վերցնել նաև բնակչության աճը՚:
Զեկույցում, հենվելով պատմական փորձի վրա, նշվում է հայերին Ստամբուլ տեղափոխելու համար մի հիմնավորում ևս. ՙԱյս եղանակով և նրանց թվաքանակի աճը կկանխվի, և վաղը, անհրաժեշտության դեպքում, նրանք ավելի հավաքական ձևով կլինեն պետության աչքի առաջ և ձեռքի տակ՚: Ըստ այդ զեկույցի, հայերը մի խումբ են, որ չեն ձուլվում, ուստի առաջարկվում է նրանց թվաքանակը պակասեցնել կամ բնակչության փոխանակման, կամ էլ այլ երկրներ նրանց գաղթը դյուրացնելու միջոցով:
Ստամբուլահայ Երվանդ Էոզուզունը ՙԱկօս՚ թերթում գրել է, որ ՙՈւնեցվածքի հարկի՚ հետևանքները բազմաշերտ էին և չէին սահմանափակվել միայն տնտեսության թուրքացմամբ, այլև դրա հետևանքով վերացել է թուրքահայ բուրժուազիան և այդ բուրժուազիայի մաս կազմող մտավորական դասը: Կարդացած, գրագետ, տարբեր լեզուների տիրապետող դասակարգը վերացավ` տեղը զիջելով իրենց ունեցվածքին էժան գներով տիրացած անատոլիական նոր հարուստներին, որոնց գերակշիռ մասը անգրագետ, անմշակույթ մարդիկ էին, գրում էր Էոզուզունը, ընդհանրացնելով, որ ՙՈւնեցվածքի հարկը՚ հայերի համար նաև մշակութային կոտորած էր:
ՙՈւնեցվածքի հարկը՚ վճարելու հնարավորություն չունեցող հարկատուների իրերն ու կալվածքները գրավվում և աճուրդի էին հանվում: Այն հարկատուները, որոնք մինչև 1943 թվականի հունվարի 21-ը չէին կարողանում վճարել հարկերը, քշվում էին Աշքալե:
Մոտ 5-6 հազար հոգի աքսորվեց Էրզրումի, Աշքալեի և Սիվրիհիսարի ճամբարներ: Աշքալեում 21 հոգի մահացավ: Հայերը պնդում են, որ 30 հազար մարդ քշվեց Անատոլիայի խորքերը, քանի որ պահանջված գումարները չկարողացան վճարել, և շատերը չվերադարձան: ՙՈւնեցվածքի հարկը՚ որոշ հեղինակներ համարում են նաև ՙփոքր չափի անարյուն ֆինանսական ջարդ՚:
Աշխատանքային ճամբարների կյանքի և առօրյայի մասին գրել է ՙԹասվիրի էֆքյար՚ թերթի թղթակից Ֆերիդուն Քանդեմիրը: Նա աքսորյալների հետ նույն գնացքով մեկնել է Աշքալե և 12 օր ապրել այնտեղ, պատրաստել ռեպորտաժներ, որոնք տպագրվել են թերթի 1943թ. հունվարի 28-ից փետրվարի 8-ի համարներում:
1944 թվականի մարտի 15-ին ՙՈւնեցվածքի հարկը՚ վերացվեց, թեև արդեն 1943-ի վերջերից սկսվել էին վերանայումները: Այսպես, Աշքալե աքսորվածները կարող էին վերադառնալ տուն և մնացյալ հարկը վճարել հետո աշխատելով:
Վարչապետ Սարաջօղլուն ընդունել է, որ ՙՈւնեցվածքի հարկի՚ գաղափարը իրենն է, եթե անհրաժեշտություն լինի, ինքն առանց երկմտելու նորից կդիմեր նույն քայլին: Ռըդվան Աքարը իր գրքում մեջբերում է Սարաջօղլուի խոսքերը` տպագրված ՙՋումհուրիյեթի՚ 1943թ. հունվարի 21-ի համարում. ՙԱյս օրենքը, իր ամբողջ խստությամբ կիրառվելու էր բոլոր նրանց նկատմամբ, որոնք, այս երկրի հյուրասիրությունից օգտվել ու այդ շնորհիվ հարստանալով հանդերձ այդ զգայուն պահին փախչելու էին՚:
Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:
aniarc.am/2020/07/08/varlik-vergisi-tatul-hakobyan-book-chapter/