Պարտադիր կողմնորոշումներ. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը
10 հուլիսի, 2020, Վերլուծական:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Համաշխարհային առումով թվում է, որ տնտեսական պատերազմը Վաշինգտոն-Պեկին հարաբերակցությամբ է ընթանում: Տնտեսական բեւեռի վերածված Չինաստանը բոլոր ոլորտներում ազգային տնտեսություն կայացրած պետություն է, որն արտահանման հսկայական տարածականություն է գրավել:
Փոխվող աշխարհակարգում կենսաբանությունը գերակա ուղղություն է հայտնապես: Ոչ անպայման բնապահպանության դասական ընկալումով հատկանշվող քաղաքական ուժերի առաջընթացի իմաստով, այլ հատկապես վարակաբանական շեշտադրումներով:
Թագավարակի ստեղծած համաշխարհային իրավիճակը հուշում է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ պայքարելու կերպարանափոխվող կամ բոլորվին նոր վարակների դեմ:
Արձանագրվեց փաստ, որ առաջին հերթին եւ ամենից շատ ախտահարված աշխարհագրական միջավայրը` Չինաստանին ամենից ազդու եւ ամենից արագ ու արդյունավետ ձեւերով հաջողվեց հաղթահարել ընդհանուր իրավիճակը: Հետագա միտումները նկատի ունենալով ուրեմն, կենսաբանական զենքերի կամ հակազենքերի, վարակների եւ հակավարակային գործողությունների բախվող գործընթացներում Չինաստանը պիտի շարունակի գրավել առաջին հորիզոնական դիրքերը:
Կերպարանափոխվող համաշխարհայնացման նախադրյալներն արդեն պարզվել են: Երեւույթը ինքնին համաշխարհային է:
Կենսաբանականն ու տնտեսականը համախառն են եւ ընթանում են անքակտելիորեն միահյուսված տեսքով:
Չինաստանը փորձում է իր առաջատար դիրքերը պահել այս համախառն կացությունում, թե՛ կենսաբանական վտանգները հաղթահարելու կազմակերպվածությամբ եւ թե՛ տնտեսական ցուցանիշերի պահպանմամբ:
Մյուս բեւեռին, տարբեր հանգամանքներով, մինչ այժմ չի հաջողվում վերահսկելի դարձնել իրավիճակը: Կենտրոնական եւ նահանգային իշխանությունների միջեւ քաղաքական հակասությունները միատեսակ քաղաքականություն չեն կարողանում ճշտել վարակի դեմ հայտարարված պայքարի նկատմամբ եւ վերաբացման փորձերին արագորեն հետեւում են վերափակումները:
Շարունակելով համախառնի տրամաբանությունը, պարզ է, որ ազդվում է նաեւ տնտեսությունը: Եթե Չինաստանը շարունակում է իր արտահանումների հաղթարշավը, ապա ««Նախ Ամերիկա» կարգախոսը չի սահմանափակվում ընտրական դաշտում եւ տարբեր ուղղություններով ամփոփվում է ներամերիկյան շրջագծերում։
Կենսաբանական-տնտեսականի համախառն ընթացքը անշուշտ կստանա քաղաքական տարողություն: Տնտեսական թափանցումներն ու նահանջները տեսականորեն իրենց հերթին առաջացնում են կամ չեզոքացնում ազդեցության գոտիներ:
Ընդհանուր այս տեսության մեջ յուրահատուկ պարագա է Լիբանանը: Քաղաքական դրդապատճառներով երկիրը ֆինանսատնտեսական պաշարման տակ է: Համաշխարհային բանկը, Միջազգային դրամական ֆոնդը չհայտարարված քաղաքական պատճառներով կաթվածահարում են Լիբանանի բանկային համակարգը: Մինչ գահավիժվում է երկրի տնտեսությունը: Այստեղ, համավարակի վերահսկելիությունն ու տնտեսական գահաժիջումը նույն ուղղություններով չեն ընթանում, ի տարբերություն չինական օրինակի:
Արծարծվում է կողմնորոշման խնդիրը: Եթե Արեւմուտքը պաշարման է ենթարկում Լիբանանը, քննել կարելիությունները` հարելու դեպի Արեւելք: Արեւելք նշանակում է ածանցվել Չինաստան-Իրան-Ռուսաստան առանցքին:
Իրանի նկատմամբ կիրառվում է մեկուսացման քաղաքականություն. ՌԴ-ն որոշ առումներով շարունակում է կրել պատժամիջոցների հետեւանքները, իսկ Չինաստանը արդեն տնտեսական համաշխարհային պատերազմի բեւեռն է:
Պարզ չէ ընտրությունը. Եւ անշուշտ չի կարելի ասել, որ միանգամայն նոր կողմնորոշում որդեգրելով լիբանանյան տնտեսությունը կսկսի շնչել: Հայացքները դեպի տարբեր ուղղություն շրջելու անմիջականության առջեւ է երկիրը:
Արեւմտականացած, ազատ շուկայական ու բաց առեւտրի դրությունից դեպի տնտեսական սահմանափակ նոր գործընկերների անցումը անշուշտ հեզասահ չի լինում:
Ներլիբանանյան համաձայնություն չկա կողմնորոշման պարտադիր փոփոխության շուրջ: Առ այս պահը չեն երեւում նախադրյալներ այլընտրանքային ուղիներ որդեգրելով իրավիճակի ծանրությունը հանգրվանային ձեւով թեթեւացնելու առումով:
Բեւեռների պայքարը պիտի շարունակվի: Լիբանանում, գործող կառավարության շուրջ համախմբվելն է առաջին հերթին, որը կարող է առաջնորդել, սկսելու համար, թեթեւացնել այն ծանր հարվածների ազդեցությունը, որին ենթարկվում է երկիրը:
Այս բոլորից հետո, քննարկել այլընտրանքային ուղիների որդեգրման հավասարակշիռ մոտեցումները` պաշարման հետեւանքներին եւ պարտադիր նոր կողմնորոշմամբ պայմանավորված կարելիությունների միջեւ:
Համաշխարհային տնտեսական բեւեռացումը կողմնորոշման պարտադիր ընտրանքների կացության առջեւ կանգնեցնելու է տարբեր երկրների։ Գտնվում ենք անցումային հանգրվանում՝ դեպի տնտեսական համաշխարհային պատերազմ։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
artsakhpress.am/arm/news/129075/partadir-koxmnoroshumner-shahan-gantaharyani-nor-hodvatsy.htm