ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշումը
11 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼՒՍԻ, ԱՐՄԵՆՊՉԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների որոշումը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը․
«Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը:
Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն:
Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ՝ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը։
Այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթի և նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը»։
armenpress.am/arm/news/1021396.html