Վիկտոր Բիյագով. Ուղղակի ագրեսիա է իրականացվում ՀԱՊԿ անդամներից մեկի նկատմամբ

Վիկտոր Բիյագով

Վիկտոր Բիյագով. Ուղղակի ագրեսիա է իրականացվում ՀԱՊԿ անդամներից մեկի նկատմամբ

14 ՅՈՒԼԻՍ 2020 – golosarmenii.am:

Այսօր` հուլիսի 14-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի հեռավար նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը, Բիյագովը մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս–արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածնքերի և բնակչության թիրախավորմանը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարի և Այգեպար հայկական գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտները, իսկ վերջին ժամերի ընթացքում անօդաչու թռչող սարքերը հրետակոծել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, հակառակ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, ի աջակցություն որի հանդես են եկել ՀԱՊԿ անդամ պետությունները, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, իսկ ներկայում անգամ փորձում կյանքի կոչել դրանք։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասել է ՀՀ ներկայացուցիչը:

Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտության հարցերի համատեքստում Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:

«Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության և ուշադրության առարկա է ամբողջ կազմակերպության և նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ»,- ասել է նա:

Բիյագովը կոչ է արել ՀԱՊԿ դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին համահունչ։ Նա նաև նշել է, որ այս աննախադեպ իրավիճակը կարևոր փորձություն է ինչպես ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի, այնպես էլ կազմակերպության համար:

ԱԳՆ-ն հայտնում է նաև, որ ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կշարունակի աշխատանքներ տանել ՀԱՊԿ շրջանակներում:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ մարտերի հետևանքով մահացել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։

ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել է, որ մահացել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս–արևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից, ցավոք, մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

Վիկտոր Բիյագով

golosarmenii.am/am/article/90501/viktvor-biyagvov–voghghaki-agryesia-e-irakanatsvum-hapk-andamnyerits-myeki-nkatmamb?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail