ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ամենաթանկարժեք ու կարևոր ԱԹՍ-ներից մեկը

drone-Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք - drone-Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարք

ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ամենաթանկարժեք ու կարևոր ԱԹՍ-ներից մեկը

14 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման տեսանյութը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այն Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ամենաթանկարժեք ու կարևոր անօդաչու թռչող սարքերից մեկն է:

««Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է հանդիսանում, հետախուզական ԱԹՍ է, շատ թանկարժեք է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է»,- ասաց Հովհաննիսյանը:

«Ֆեյսբուք»-ի իր էջում Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Երևի սա Hermes 900-ի առաջին խոցումն է նաև աշխարհում»:

ՊՆ-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների արձակած հրթիռը խոցում ադրբեջանական ԱԹՍ-ը:

Մարտավարական խոշոր անօդաչու սարքը որոշ գնահատականներով շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժի։
Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռում։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում, Ադրբեջանի բանակից բացի, ներգրավված է նաև ՊՍԾ-ն:

Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ: ՀՀ Զինված ուժերի կողմից նախօրդ օրերին ևս մի քանի ԱԹՍ-ներ էին խոցվել, որոնց լուսանկարներից երևում էր, որ դրանք իսրայելական արտադրության են:

Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

drone-Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք – drone-Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարք

Նորայր Շողիկյան

armenpress.am/arm/news/1021717.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail