Մենք պետք է ամրացնենք մեր բազուկներն ու ոտքերը և ամուր կանգնենք այս հողի վրա․ Նիկոլ Փաշինյան
16 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր զինվորական պանթեոնում մասնակցեց հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ հայրենիք-պետություն ունենալը պատասխանատվություն է, պատասխանատվություն, որ ընկած է ժողովրդի, հանրության ուսերին։
«Ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք այն թողնենք միայն ժողովուրդ-հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված, եթե ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձևավորող սուբյեկտների, այսինքն՝ անհատների միջև, մեզնից յուրաքանչյուրի միջև։
Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել, և ի՞նչ կապ ունի մեր այսօր այստեղ գտնվելը իմ նշած պատասխանատվության հետ։ Մենք այստեղ հավաքվել ենք ազդարարելու, որ Հայաստանի զինված ուժերի մայոր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի զինված ուժերի կապիտան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սմբատ Գևորգի Գաբրիելյանը, Հայաստանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գրիշա Վահանի Մաթևոսյանը լիարժեք և անմնացորդ կրեցին հայրենիք-պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը։
Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որ ունի մարդը։ Նրանք հայրենիք-պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը։ Ու ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքների անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքն այլևս առաջվանը չի լինելու, և նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը նահատակվեցին։ Բայց միթե նրանց հետ նահատակվեց նաև հայրենիք-պետություն ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը, միթե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը։
Ոչ, իհարկե։ Այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունը սպասում է մեզ, մեզնից յուրաքանչյուրին՝ վարչապետից մինչև փոքր գործարար, նախագահից մինչև հոգևորական, որ մեզնից յուրաքանչյուրն ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով»,- ասաց վարչապետը։
Նա հավելեց՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը լիարժեք կրեցին իրենց պատասխանատվությունն Աստծո առաջ, հայրենիք-պետության առաջ, մեր ժողովրդի ու պատմության առաջ, մեր նահատակների ու սերունդների առաջ, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի առաջ։ «Եվ սա մեր՝ ապրողներիս պատասխանատվության ժամն է, մեր հավաքական և մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության ժամը։
Եվ մենք ամեն օր, ամեն Աստծո օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր կանգնենք այս հողի վրա, որն ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, ապրիլյան պատերազմի հերոսներին։
Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները, ովքեր այսօր մարտի դաշտում, հայրենի հողը պաշտպանելիս, խոսում են Սարդարապատի հերոսների, Արցախյան ազատամարտի հերոսների, ապրիլյան պատերազմի հերոսների անունից և հպարտություն ու վստահություն են ներշնչում բոլորիս։
Այդ մարդիկ հայրենիք պետության առաջ իրենց պատասխանատվության ապահովման համար դրել են առավելագույնը, իրենց կյանքը, իրենց ընտանիքների խաղաղությունն ու երջանկությունը և մեզնից յուրաքանչյուրը, ամեն անգամ Եռաբլուրի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս օրհներգը լսելիս ինքը իրեն հարց պետք է տա ու պատախսանի՝ իսկ ինչ եմ ես անում, որ Տավուշի կամ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի․ և այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պետք է տա ինքը իրեն և Ասծտուն։ Միայն ինքը իրեն և Աստծուն, որովհետև միայն ինքդ քեզ հետ և Աստծո հետ խոսելիս է, որ չես կարող եղծել։
Եվ մեզնից յուրաքանչյուրի այս խոսակցությունից է կապված Համբարձումյան, Էլբակյան, Գաբրիելյան, Մաթևոսյան ընտանիքների, նահատակներ տված մեր մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցավ կլինի, թե հանդարտություն, ավելի շատ ափսոսանք կլինի, թե հպարտություն։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյան, խոնարհվում եմ ձեր առաջ, խոնարհվում եմ ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են Տավուշի հողի վրա և կերտեցին մեր այսօրվա հպարտությունը։
Եվ ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հարապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե հայոց բանակը և կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- եզրափակեց վարչապետը։
armenpress.am/arm/news/1021979.html