ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Վարչապետը բացահայտել է ադրբեջանական պլանը. Երեւանի կոշտ պայմանը
8.07.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Հայաստանի Զինված ուժերի բարձրագույն հրամկազմի հետ, որին մասնակցել է նաեւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արձանագրելով Հայաստանի Զինված ուժերի բարձր մարտունակությունը, անդրադառնալով տավուշյան իրադարձություններին՝ վարչապետ Փաշինյանն նշել է, որ դրանք տեղի են ունեցել Ադրբեջանի սադրանքի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ոտնձգության հետեւանքով, ինչը ստացել է Հայաստանի զինուժի պատասխան կոշտ հակահարվածը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդպիսով հայկական զինուժը խափանել է ադրբեջանական ավելի լայն պլանը, որի միայն սկիզբն է եղել Տավուշի ուղղությամբ սադրանքը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներքին սոցիալական եւ քաղաքական խնդիրները կոծկելու համար Ադրբեջանը մտադրվել է սադրանք կազմակերպել Տավուշի ուղղությամբ, որտեղ սակայն նպատակը եղել է ոչ թե սեփական հանրությանը, այլ Հայաստանի պաշտպանական համակարգը շեղելը՝ հետո արդեն Արցախի ուղղությամբ վճռորոշ հարված հասցնելու եւ հենց դրանով սեփական ներքին խնդիրներից իր հանրությանը շեղելու համար:
Փաստացի, Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ Տավուշում կանխելով սադրանքը եւ իրականացնելով պատասխան պատիժ գործողություն, հայկական բանակը կանխել է ռեգիոնալ լայն ապակայունացման ադրբեջանական ծրագիրը: Ընդ որում, կանխել հասկացությունն այդ առումով գուցե չի ընդգրկում տեղի ունեցածի ամբողջ իմաստը, քանի որ հայկական բանակի պատժիչ գործողության արդյունքում ստեղծված վիճակը լինելով ապակայունացման ընթացիկ պլանի բացահայտում, միաժամանակ նաեւ ապահովում է հայկական զինուժը կանխարգելիչ ռազմավարական կարողությամբ հետագա հնարավոր պլանների առումով:
Այլ կերպ ասած, հայկական զինուժը լուծել է երկարաժամկետ խնդիր: Ընդ որում, վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որով նա բացահայտել է Ադրբեջանի պլանը, խոսում է այն մասին, որ հայկական կողմն ունեցել է համարժեք հետախուզական տեղեկատվություն սադրանքի լայն մասշտաբի եւ պլանի հաջորդ փուլերի մասին, ինչով էլ թերեւս պայմանավորված է եղել ադրբեջանական նախահարձակմանը հաջորդած հայկական պատասխան հարձակումը, ասիմետրիկ նպատակադրումն ու հարվածը:
Ասիմետրիկ այն իմաստով, որ փաստացի դրսեւորված այսպես ասած լոկալ սադրանքին հայկական կողմը տվել է ռազմավարական խորությամբ պատասխան, ինչն էլ եղել է Բաքվի համար անսպասելի: Ադրբեջանը թերեւս ակնկալել է Տավուշում ծավալել այսպես ասած «մաշող դիմակայություն», նախապատրաստելով հիմնական հարձակումն Արցախում: Բացահայտելով, թե ինչ է եղել իրական պլանը, վարչապետ Փաշինյանը հայտարարել է նաե, որ պետք է դուրս գալ հրադադարի խախտումների մասին անընդհատ խոսակցություններից եւ սահմանել ռեգիոնալ կայունության ապահովման եւ հրադադարի խախտման համար միջազգային պատասխանատվության հստակ մեխանիզմ:
Գործնականում, Երեւանն ազդարարում է Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգի մասին, բայց հնարավոր է արդեն բոլորովին նոր պայմաններով, ինչի համար էլ չի հիշատակվում Վիեննան եւ Սանկտ-Պետերբուրգը: Դա թերեւս պայմանավորված է նրանով, որ հայկական կողմը ներկայումս ստացել է թելադրողի դիրքից խոսելու հնարավորություն: Նիկոլ Փաշինյանի ելույթն արդյո՞ք նշանակում է, որ Հայաստանը ձեռնամուխ է լինում Ադրբեջանին ռազմավարական խորությամբ պատժելու եւ առանց նախապայմանի խաղաղության շուրջ քննարկման բերելու քաղաքական-դիվանագիտական գործողության:
lragir.am/2020/07/18/564875/