ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայաստանի հաջորդ հարվածի ուղղությունը. ինչպե՞ս կբաժանվի Բաքուն
21.07.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Տավուշի սահմանագոտու լարված շաբաթից հետո անդորր է, որը չի կարող եւ չպետք է թուլացնի հայկական զինուժի եւ ընդհանրապես պետական զգոնությունը, հաշվի առնելով այն, թե ում հետ գործ ունի Հայաստանը:
Անդորրը Բաքվին առաջին հերթին պարտադրեց անշուշտ հայկական բանակը, ցույց տալով, որ ռազմական դիմակայության շարունակությունը Ադրբեջանի համար ոչ միայն անհեռանկար է, այլ հղի է տարածքային նոր կորստով:
Մյուս կողմից, Տավուշում տեղի ունեցածի միջազգային արձագանքը, առավել եւս Թուրքիայի աննախադեպ արագ եւ կոշտ արձագանքը վկայեց, որ տեղի է ունեցել շատ լուրջ եւ անսպասելի մի բան, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Անկարայում պաշտպանության նախարարությունների մակարդակով հաղորդակցված ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունները հնարավոր է քննարկել են որոշ դադարի եւ Հայաստանի հանդեպ նոր հարվածի հարցեր:
Ըստ ամենայնի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար անսպասելի է եղել սահմանային սադրանքին Հայաստանի զինուժի հարվածի ուժգնությունն ու մասշտաբը, ինչը հարվածը «պատասխանից» վերածել է «կանխարգելիչի», ապահովելով ռազմավարական առավելություն:
Անկարան ըստ ամենայնի ակնկալում էր, որ կլինի հայ-ադրբեջանական սահմանագոտու մարտավարական բնույթի լարում, իսկ ռազմավարական հարցերը կքննարկի արդեն Մոսկվայի հետ, այն էլ թելադրող դիրքից, քանի որ Կովկասի ապակայունացումը Ռուսաստանի համար ներկայում կլինի խիստ ցավոտ խնդիր:
Հայկական զինուժը սակայն իրավիճակը շրջեց «գլխիվայր», սահմանագոտում լարվածությանը հաղորդելով ռազմավարական նշանակություն եւ լուծելով այդ նշանակության խնդիրը: Թուրքիայի արձագանքը հուշեց հենց դրա անսպասելիությունը, նաեւ կասկածը, որ Ռուսաստանը իրազեկ է եղել, սակայն չի կանխել հայերին:
Այդպե՞ս է եղել, թե ոչ, դժվար է ասել: Ի վերջո, չի բացառվում, որ հայկական կողմը ուժային կենտրոններին տեղյակ է պահել սպասվող սադրանքի եւ իր «կանխարգելիչ» ռազմավարական հակահարվածի մտադրության մասին, որպես միջազգային անվտանգության բարեխիղճ գործընկեր եւ ռեգիոնալ անվտանգության համակարգի պատասխանատու:
Առավել եւս, որ հիմնական ուժային կենտրոնները թերեւս շահագրգռված են հայկական այդպիսի հարվածի իրողությամբ, հաշվի առնելով այն խնդիրները, որ լայն մասշտաբով առաջացնում է Անկարայի աշխարհքաղաքականությունը, իսկ ռեգիոնալ մասշտաբով՝ Ադրբեջանի շանտաժի դիվանագիտությունը, համեմված դրա ներադրբեջանական փակուղով ու ճգնաժամով, որն ակնառու դարձավ հայկական հարվածից հետո:
Շահագրգռված է նաեւ Ռուսաստանը, որի համար Անկարան բավական խնդիրներ է ստեղծում Սիրիայում եւ Լիբիայում, ըստ այդմ Ռուսաստանը դեմ չի լինի, եթե Կովկասում խնդիրներ ստանա Անկարան, ինչը թույլ կտա նրա հետ խոսել ավելի համարձակ: Իսկ այստեղ Մոսկվան ու Անկարան ունեն խոսելու շատ բան:
Մասնավորապես, լրանում է հակահայկական Լենին-Աթաթուրք պայմանագրերի 100-րդ տարելիցը, որով Մոսկվան ու Անկարան բաժանել են Կովկասը, իսկ վերջին տարիներին հավատարմություն էին հայտնում այդ պայմանագրին:
Ամբողջ հարցն այն է սակայն, որ դրանց հավատարիմ մնալը նշանակում է դաշնակցել Հայաստանի դեմ: Թուրքիան իհարկե այդ հարցում չունի խնդիր, ինչը հնարավոր չէ ասել Մոսկվայի համար, որքան էլ փորձ է արվում գործի դնել Հայաստանի հանդեպ ազդեցության ցանցը: Բանն այն է, որ այդ պայմանագրերի տրամաբանությունը եւ «ոգին ու տառը» չափազանց բաց են, որեւէ կերպ քողարկելու համար:
Միեւնույն ժամանակ հայկական հարցը որակապես նոր աստիճանի է բարձրանում Արեւմուտքում, հարցին աստիճանաբար մոտենում է նաեւ Չինաստանը: Դա ՌԴ համար էապես բարդացնում է Թուրքիայի հետ պայմանագրին հավատարմության շարունակությունը:
Նոր իրավիճակում Ռուսաստանն ու Թուրքիան կարող են գործակցել արդեն ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը բաժանելու հարցում: Հայաստանի խնդիրն է թույլ չտալ, որ ընտրվի այդ գործընթացի պատերազմական տարբերակը:
Այդ խնդիրը լուծելու համար թերեւս կարող է առաջանալ «կանխարգելիչ» նորանոր հակահարվածների անհրաժեշտություն:
lragir.am/2020/07/21/565563/