««Hermes-900»-ի խոցումը կատարվել է ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի անցած տարվա շրջանավարտներից մեկի հաշվարկներով». Բալայան
Հուլիս 21 2020 – 168.am :
ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում հուլիսի 21-ին ներկայացվեցին վերջին օրերին` հայ-ադրբեջանական սահմանագոտում իրականացված մարտական գործողությունների շրջանակում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները:
Ցուցադրվածների թվում էին՝ ինչպես ամբողջական, անվնաս թռչող սարքեր, որոնք հաջողվել է որսալ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի օգնությամբ, այնպես էլ՝ ոչնչացված հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների բեկորներ:
Չորս օրվա ընթացքում Տավուշում, ընդհանուր առմամբ, չեզոքացվել է 13 ԱԹՍ, ևս մեկն այդ օրերին ոչնչացվել է Արցախում։
«Խոցվել է 10 միավոր հարվածային անօդաչու թռչող սարք, մեկ ռազմավարական՝ «Hermes-900», և 3-ը՝ «Օրբիտեր-2» և «Օրբիտեր-3» տեսակի հետախուզական անօդաչու թռչող սարքեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսեսյանը:
ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանն էլ հայտնեց, որ այս օրերին ադրբեջանական զինուժի կողմից հայկական ԱԹՍ չի խոցվել:
Ըստ նրա՝ Հայաստանն ու Արցախը բոլոր ուղղություններով ապահովված են անօդաչու թռչող սարքերով։
«Բոլոր ուղղություններով մենք ապահովում ենք, ունենք համապատասխան տեխնիկա, հաշվարկներ, արդեն հինգերորդ տարին է, որ համապատասխան հաշվարկները կան. և՛ տեխնիկան է համալրվում, և՛ մասնագետները»,- լրագրողներին վստահեցրեց Բալայանը:
Այս համատեքստում գեներալ հպարտությամբ հատկանշեց, որ «Hermes-900»-ի խոցումը կատարվել է ռազմական ավիացիոն համալսարանի անցած տարվա շրջանավարտներից մեկի հաշվարկներով:
Հարցին՝ զինվորն այդ քայլի համար պարգևատրվե՞լ է, Բալայանն արձագանքեց, որ միանգամից մարտի դաշտում չեն պարգևատրում:
«Հետո կլինի վերլուծություն, ամենքն իր արժանին կստանան: Բայց մենք չենք կռվում պարգևների համար, ամենամեծ պարգևն այն է, որ ադրբեջանցին մեր հողը չգա։ Կարճ ասեմ՝ երբ որ ես վերլուծեցի այս ամենը, այս կռիվն ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին և խայտառակ եղան: Ոնց որ փայտը վերցրած մեղվի բունը փորձեին քանդել, համապատասխան պատիժն էլ ստացան»,- լրացրեց գեներալը՝ վստահեցնելով, որ բոլոր ուղղություններով ՀՀ ստորաբաժանումները պատրաստ կանգնած են. ունենք և՛ գիշերային դիտարկման սարքեր, և՛ ռադիոհետախուզություն:
«Այսինքն՝ եթե հանկարծակի Ադրբեջանը փորձի հարվածել, հարձակվել, դա իրենց չի հաջողվի: Իսկ թե ինչ միջոցներ են ձեռնարկվում, որ հակառակորդն անօդաչուներն այդքան անարգել չկարողանա կիրառել, ասեմ, որ հաջորդ քայլն իրենց համար արդեն ավելի դժվար կլինի։ Գիտե՞ք ինչ, ընդհանրապես, գնում է երկկողմանի մրցակցություն. դու մի բան ստեղծում ես, հակառակորդը փորձում է քեզ հակազդել, հակառակորդն է ստեղծում, դու մտածում ես՝ իրենց հակազդել։ Այսինքն՝ ամեն մի գործողությունից հետո համապատասխան եզրակացություններ են արվում են, տեղում չենք դոփում»,- պնդեց ռազմական ավիացիոն համալսարանի պետը:
168.am/2020/07/21/1339133.html?