ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Նախիջեւանը դրվել է աճուրդի. Հայաստանի արժեթղթերը

Նախիջեւանը դրվել է աճուրդի. Հայաստանի արժեթղթերը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Նախիջեւանը դրվել է աճուրդի. Հայաստանի արժեթղթերը

22.07.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:– ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

Բրիտանական BBC-ն որոշել է անդրադառնալ Նախիջեւանին եւ «բացահայտել» այն, ըստ լրագրողի՝ ապշեցուիչ մաքրությունից մինչեւ կամային ինքնաբավություն: Լրագրողը հիշատակում է, որ Նախիջեւանն Ադրբեջանի ենթակայության անկլավ է, որը սահմանակից է Իրանին, Թուրքիային, Հայաստանին եւ չունի ելք դեպի ծով: Ընդ որում, BBC-ի նյութում կա մի քանի խիստ հետաքրքիր դետալ: Մասնավորապես, նա խոսում է օրինակ «ինքնավար հանրապետության՝ ԽՍՀՄ-ից անկախանալու» մասին: Հետո դիտարկում, որ Նախիջեւանը շրջափակված էր եւ միայն Թուրքիայի հետ նեղ միջանցքը թույլ տվեց չսովահարվել:

Դա արդեն խիստ ուշագրավ է, հաշվի առնելով այն, որ Նախիջեւանը ահռելի սահման ունի Իրանի հետ, եւ կարծես թե Իրանի հետ Նախիջեւանը չունի խնդիր, հետեւաբար անգամ Թուրքիայի հետ բարակ անցքի բացակայությունն անգամ չպետք է թույլ տար, որ Նախիջեւանը սովահարվեր՝ Իրանը կօգներ, եւ իրականում օգնել է:

Ուրեմն, ինչու՞ է բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցի թղթակիցը մոռանում Իրանի մասին: Բաքվի՞ց են այդպես պատվիրել: Ընդհանրապես, BBC-ին կհետաքրքրե՞ր Նախիջեւանի «բացահայտումը», եթե օրինակ խնդրանք չլիներ Բաքվից:

Հնարավոր է իհարկե թե մեկը, թե մյուսը, որովհետեւ Բաքուն ներկայում մի կողմից ստիպված է պաշտպանել իր «իրավունքը» Նախիջեւանում եւ հիշեցնել այդ մասին տարբեր առիթներով, մյուս կողմից Նախիջեւանի հանդեպ միջազգային հետաքրքրությունն էլ կարող է պայմանավորված լինել գործնականում նույն մոտիվով կամ պատճառով, ինչով պայմանավորված է Բաքվի, մասնավորապես Ալիեւի կամ նախիջեւանյան դեռեւս իշխող կլանի մտահոգությունը՝ ընթանում է բավական թեժ պայքար Բաքվի իշխանության՝ ներառյալ հնարավոր մասնատումը, եւ Նախիջեւանի համար: Ընդ որում, այդ պայքարում դիտարկվում է թերեւս Բաքվի հարցը Նախիջեւանի հետ փոխանակելու տարբերակը:

Թուրքիան ըստ ամենայնի դիտարկում է, որ Ադրբեջանի հարցում տանուլ է տալիս, ընդ որում զգալիորեն նաեւ Ալիեւի պատճառով: Անկարան ներկայում փորձում է Ադրբեջանի հարցում առեւտուր անել, նվազագույնը Նախիջեւանն ապահովելու համար, որովհետեւ այդ անկլավի հարցը նոր սրությամբ է ընդգծվելու, եթե Մոսկվան չվերահաստատի հավատարմությունը ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերին, որոնցով է սահմանվել նաեւ Նախիջեւանի ներկայիս կարգավիճակը:

Իսկ Մոսկվայի հրաժարումը անհավանական չէ, հաշվի առնելով այն, որ հայկական հարցը նոր եւ ավելի բարձր հարթություն է բերել ԱՄն, միաժամանակ հայկական հարցի հանդեպ հետաքրքրությունն է ընդլայնում Պեկինը: Մինչդեռ, նոր աշխարհակարգի ճարտարապետությունը գծող ամերիկա-չինական դիմակայությունը բերել է Թուրքիայի եւ Ռուսաստանի դիմակայության մինչեւ հայկական հարցին հասնելը: Բայց դա լինելու է անխուսափելի, եւ Էրդողանը պատրաստվում է դրան հատուկ կառույցով:

Ահա այդ իրավիճակում Թուրքիան այս փուլի համար միանգամայն հաջող տարբերակ կհամարի, եթե ապահովի Նախիջեւանի հանդեպ անվերապահ գերակայությունը: Թույլ կտա՞ դա Իրանը, օրինակ սահմանակից Թալիշստանի դիմաց:

BBC անդրադարձը վկայում է, որ Նախիջեւանը դրված է աշխարհքաղաքական աճուրդի, թեեւ հնարավոր է խոսել դա ամբողջ Ադրբեջանի կտրվածքով: Այդ առումով մասնակցության բոլոր իրավունքները պատկանում են Հայաստանին, այսպես ասած թղթով: Երեւանն անշուշտ պետք է դնի այդ թուղթն արժեթղթի վերածելու նպատակ, դուրս չմնալով այդ աճուրդից:

lragir.am/2020/07/22/565927/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail