Հայոց բանակը վերահաստատեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համարումը. Նիկոլ Փաշինյան
23 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին: Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես գիտեք, ս/թ հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքերի ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը ոչ միայն ետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ:
Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է:
Շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը, և սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների ներքին դժգոհության էներգիան Հայաստանի ու Արցախի դեմ ուղղորդելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց կատարել մի քանի կարևոր արձանագրումներ:
«Նախ՝ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, և ևս մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են:
Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:
Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն ետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում: Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և, հետևաբար, Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեց:
Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով: Եվ հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: Երբ ասում եմ ուժերի հարաբերակցություն՝ նկատի չունեմ միայն սպառազինությունների և Զինված ուժերի քանակը, այլ նախ և առաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ հիմա կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին:
«Եվ սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն: Մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը:
Կարևոր եմ համարում նաև այն, որ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ աջակցություն և վստահություն իր լեգիտիմ կառավարությանը և Զինված ուժերին:
Կուզենայի առանձնահատուկ ընդգծել Սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին իրենց օգնելու նվիրումը, խոհեմությունը և սթափությունը: Սփյուռքի մեր հայրենակիցներն այս օրերին ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն»,- ընդգծեց վարչապետը:
armenpress.am/arm/news/1022758.html