ՅՕԴՈՒԱԾՆԵՐ
«Հայ Ժողովրդի Ներդրումը Քաղաքակրթութեան Գանձանակին»
Դկ. Տ. Ներսէս աւագ քհն. Ներսէսեան,
Աւագ աւանդապահ Բրիտանական գրադարանում 1975-2012թ, 5 Նոյեմբեր 2015
Ոեւէ մէկը, որ դոյզն չափով տեղեակ է, թէ ինչպէս են թանգարանները, գրադարանները եւ պատկերասրահները հարստացնում եւ համալրում իրենց մշակութային գանձերը, պիտի զզուշանար տեսակէտ յայտնելու Զէյթունի Աւետարանի Ջ. Պոլ Գետտի (J. Paul Getty) թանգարանի սեփականութիւնը դարձած պատառիկների վերականգման փորձի մասին (Ոսկան Մխիթարեան, «Մենք ենք մեր գանձերուն իրաւատէրը», 1 Նոյեմբեր 1015թ.): Մշակութային գանձերը սեփականութիւնը չեն միայն դրանց ստեղծողների, այլ մաս են կազմում մարդկային քաղաքակրթութեան «գանձարանի», եւ բախտաւոր է այն ազգը եւ ժողովուրդը, որ իր լուման է ներդրել այդ «գանձանակի» մէջ:
Թանգարանների հաւաքածոները հարստանում են բազմաթիւ միջոցներով.
Ա.Նուիրատուութեամբ
Բ. Գնումներով
Գ. Մշակութային գանձերի գրաւում պետութեան կողմից՝ ի դիմաց մահուան տուրքի (Death duty) կամ նուիրատուութիւն՝ փոխան մահուան տուրքի
Դ.Պատերազմական աւար
Ե. Մշտական պարտքով (Permanent Loan) [0րինակ: Pictures from the Gulbenkian Collection lent to the National Gallery, London, 1937]
Այս հիմնական միջոցներով են թանգարանները եւ գրադարանները հարստացնում իրենց ունեցուածքը եւ հետեւաբար ասել, որ Զէյթունի պատառիկների վերադարձը ձախողուեց, որովհետեւ հարցը «լուրջ ու մանրազնին փնտռտուքի, հետազօտութեան եւ վերլուծումի կը կարօտի», սխալ մեկնակէտ է: Ոչ մի թանգարան եւ գրադարան մինչեւ այսօր իր հավաքածոյից ոչ մի իր չի վերադարձրել իր «իրաւատէրին»:
Բրիտանական Գրադարանի ձեռագրային հավաքածոյին մեր պաշտօնավարութեան ընթացքին աւելացրել ենք աւելի քան 92 բացառիկ ձեռագրային նմոյշներ՝ բոլորը գնուած աճուրդային վաճառքներից: Այստեղ համառօտաբար տամ անունները այն անհատների, որոնց ձեռագրերը վաճառքի են հանուել հաստատութեան կամ ժառանգների կողմից.
Ասպետ Տօնապետեան
Արտաշես Տէր Խաչատրեան ( 47 ձեռագիր )
Յակոբ Գէորգեան (Hagop Kevorkian Fund, որի հայկական ձեռագրերի վաճառքն սկսուեց 1967 թ. եւ տեւեց մինչեւ 1985թ. (ԱՄՆ)
Յարութիւն Հազարեան (ԱՄՆ)
Յովսէփ Փուշման (ԱՄՆ)
Նազարէթ Ադամեան (Watertown) Զէյթունի աւետարանի պատառիկների տէրը՝ նախքան դրանց վաճառքը Ջ.Պոլ Գետտիի գրադարան-թանգարանին (ԱՄՆ)
Ռուբէն Տէր Արութիւնեան (ԱՄՆ)
Տիգրան Խան Քելեկեան
Ֆրեդերիկ Ֆեյդիի [տես Vrej Nerses Nersessian, A Catalogue of the Armenian manuscripts in the British Library acquired since the year 1913 and of collections in other libraries in the United Kingdom, The British Library, 2012, 2 vols.pp.1202; Vrej Nersessian, ‘A treasure in Heaven: An armenian illuminated Gospel Book (Rouben Ter Arutunian Gospel Ararat Summer 1995, pp.39-42); Vrej Nersessian, Sotheby’s Western Manuscripts and Miniatures, Thursday 26th November,1989′(Harutiwn Hazarian collection ms.nos.137-176)].
Այս պատկառելի հավաքածոները վաճառքի հանուեցին հաւաքողների ժառանգների կողմից: Յակոբ Գէորգեանի հավաքածոյից Բրիտանական գրադարանի հավաքածոյի թագն ու պսակն է Աւագ վանքի աւետարանը (Or.13654), որը նախկինում մաս է կազմել Ղալաթայի Ազգային գրադարանի: Յակոբ Գէորգեանի հավաքածոյին էր պատկանում նաեւ Լեւոն Գ. թագաւորի Ժամագիրքը (1269-89)՝ այժմ Բրիտանական Գրադարանի Ձեռագիր համար Or.13993): Այս ձեռագրի նկարագրութիւնն, ինչպէս վերոյիշեալ հավաքածոների նկարագրութիւններն ու գնահատումները, ինձ էին վստահուած: Վերջին ձեռագրի նկարագրութեան օրերին Լոնդոն էր գտնւում մի մեծահարուստ հայ (այժմ հանգուցեալ): Օգտուելով առիթից, ձեռագիրը տարայ հիւրանոց ցոյց տալու նրան՝ մտածելով, որ նկատի ունենալով ձեռագրի պատմական եւ գեղագիտական (գրիչը եւ մանրանկարիչը Սարգիս Պիծակ) արժէքը, պիտի խանդավառուի եւ գնի: Մեծ հիասթափութիւն էր, երբ առանց ձեռագրին նայելու եւ ինձ առիթ տալու բացատրել ձեռագրի կարեւորութիւնը, անմիջապէս տուեց իր վճիռը՝ «կազմերը լաւ վիճակի մէջ չեն»:
Վստահ եմ շատ հայեր յիշում են 14 Մարտ, 1967 թուականի Երեքշաբթի օրը, երբ Sotheby’s & Co ընկերութիւնը հրատարակեց Օքսֆորդի Գալուստ Կիւլպէնկեան Հայագիտութեան Պրոֆեսոր Չարլզ Դաուսեթի պատրաստած Twenty-three important Armenian illuminated Manuscripts կայանալիք աճուրդի ցուցակը: Սա ծրագրուած վաճառքն էր Երուսաղէմի Սուրբ Յակոբեանց վանքից գողացուած 23 ամենաընտիր ձեռագրերի, որոնց մէջ առաջին եւ երկրորդ համարներն էին կրում Թորոս Ռոսլինի կողմից մանրանկարուած 1262թ. Չորս Ավետարանը եւ նաեւ Հեթում թագաւորի աւետարանը՝ մանրանկարուած Հռոմկլայում 1268/69թ.: Հեղինակիս սեփականութիւնն է սոյն տպագրուած ցուցակի ‘Galley proofs’-ը, որտեղ իւրաքանչիւր ձեռագրի տակ մանր գրերով կան Բրիտանական թագարանի (Բրիտանական գրադարանը դեռ չկար որպէս առանձին հաստատութիւն) տնօրէնի ծանօթագրութիւնները՝ թելադրելով Թանգարանի խնամակալութեանը փորձել գնել բոլոր ձեռագրերը՝ նշանակուած գումարների սահմաններում: Ծանօթագրութիւնները եւ գնահատականները չափազանց հետաքրքրական են եւ շատ տարբեր այն հայ բարերարից, որը որոշեց մի ակնթարթում մերժել պատեհութիւնը ձեռք բերելու ազգային մշակոյթի մի գանձ: Հայ ձեռագրական երկու խոշոր մասնագէտների, յանձինս Պրոֆ. Ս. Տէր Ներսէսեանի եւ Ակադեմիկոս Լեւոն Խաչիկեանի, աճուրդի ցուցակը տեսնելուն պէս ահազանգ հնչեցրին եւ երջանկայիշատակ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջնորդութեամբ կասեցրին աճուրդը: Դատավարական բոլոր ջանքերը՝ Sotheby’s ընկերութիւնից իմանալու անունը այն անձնաւորութեան, որ ձեռագրերը յանձնել էր աճուրդին, անցան ապարդիւն: Աճուրդի Ընկերութիւնը ընդունեց, որ ձեռագրերը պատկանում են Երուսաղէմի Միաբանութեանը, բայց Ընկերութիւնը պահպանելով իր ‘Vendor Secrecy’ օրէնքը, չբացայայտեց ձեռագրերը գողացողի կամ գողացողների ինքնութիւնները: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը 500,000 անգլիական ֆունտ ստեռլինգ վճարելով կասեցրեց աճուրդը եւ ձեռագրերը վերադարձրեց Սուրբ Երուսաղէմ: Երուսաղէմ վերադարձնելու հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ Իսրայելեան կառավարութիւնը դրանք համարում էր իր պետական հարստութիւնը: Ոչ ոք ժամանակին չհարցաքննեց Իսրայելեան կառավարութեանը, որ եթէ դրանք իր երկրի պետական հարստութեան մասն են, ապա ինչպէս պատահեց, որ 23 ձեռագիր յայտնուեցին Լոնդոնում՝ առանց պետութեան իմացութեան: Ինչպէս գիտենք, ձեռագրերի վերադարձից յետոյ, 1975թ. հանգուցեալ Եղիշէ Պատրիարք Տէրտէրեանը վաճառքի հանուած Թորոս Ռոսլինի ձեռագրերից մէկը նուիրեց Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ նա էլ իր հերթին նուիրեց Երեւանի Մաշտոցի անուան Մատենադարանին (Երուսաղէմի նախկին Nօ 3627-ը դարձաւ Երեւանի Մատենադարան No 10675 համար ձեռագիրը):
Հեղինակի այն յայտարարութիւնը, որ մի թանգարան չի կարող սեփականատէրը դառնալ օտար «ազգային մշակոյթի հարստութեան», չափազանց տղայական միտք է: Թանգարանը սեփականատէրն է առարկայի, բայց ոչ մշակոյթի: Երկրագնդի վրայ չկայ մի թանգարան կամ գրադարան, որի հավաքածոները չկազմեն մասնիկները քաղաքակրթութեան՝ ստեղծուած տարբեր ազգերի եւ ժողովրդների կողմից: Մի պահ պատկերացրէք, եթէ ամէն ազգ կամ ժողովուրդ պահանջի իրեն պատկանող մասունքի վերադարձը, ապա ոչ մի հաստատութիւն չի կարող շարունակել իր առաքելութիւնը որպէս մարդկային մտքի եւ տաղանդի ստեղծագործութեան պահապանը եւ դաստիարակիչը: Թանգարանների եւ գրադարանների մէջ պահուած մշակութային նմուշները «յիշատակարաններն» են այն ժողովուրդների, որոնք ստեղծիչներն են եղել, եւ որոնք ներկայացնում են իրենց ներդրումը համաշխարհային մշակոյթի «գանձանակի» մեջ:
Զէյթունի Սուրբ Աստուածածին եկեղեցու Աւետարանը՝ ընդօրինակուած Հռոմկլայում,1256թ., նկարազարդել է Թորոս Ռոսլինը՝ Կոստանդին Ա. Բարձրբերդցի կաթողիկոսի պատուէրով, որն այժմ գտնւում է Երեւանի Մաշտոցի անուան մատենադարանում (ձեռ.No.10450): Զէյթունի Աւետարանի մասին գրել են Մեսրոպ Եպսկ. Տէր-Մովսէսեանը (1913թ), Արտաւազդ Արք. Սիւրմէեանը (1936թ), Գարեգին Արք. Յովսէփեանցը (1943 թ), Պրոֆ. Ս. Տէր-Ներսէսեանը (1952 թ): Մայիսի 4-ից Օգոստոս 7 եւ 18 Օգոստոսից 23 Հոկտեմբեր 1994 թուականներին Զէյթունի Աւետարանի ութ խորանները ցուցադրւում են Treasures in Heaven: Armenain Illuminated Manuscripts ցուցահանդէսում նախ՝ The Pierpont Morgan Library, New York (4 May-7 August,1994) եւ ապա The Walters Art Gallery, Baltimore (28 August-23 October,1994) գրադարաններում: Երեւում է, որ այս ցուցադրումներից անմիջապէս յետոյ Ջ. Պոլ Գետտիի թանգարանը գնում է պատառիկները սեփականատիրոջից անձնական պայմանագրով (1976թ. երբ Ջ. Պոլ Գետտի կտակը բացեցին, յայտաբերեցին, որ նա 700 միլիոն դոլլար էր կտակել իր թանգարանին):
Հազիւ ստանձնել էի Բրիտանական Գրադարանի Արեւելեան Քրիստոնեական բաժանմունքի աւանդապահութիւնը (Curatorship), երբ մխրճուեցի մի վերադարձման (restitution) պահանջքի հարցի մէջ՝ Եթովպիայի կառավարութեան կողմից: 1867թ. երբ անգլիական կառավարութիւնը մի արշաւանք կազմակերպեց Եթովպիայի Թէոդորոս կայսրի դէմ, անգլիական բանակին ուղեկցում էին մի քանի մասնագէտներ, որոնց պարտականութիւնն էր հաւաքել Բրիտանական Թանգարանի համար մշակոյթի նմուշներ՝ այդ թւում ձեռագրեր: Պատերազմի նախօրեակին Թէոդորոս կայսրը կուտակել էր աւելի քան 10,000 ձեռագրեր վանքերից՝ զարդարելու համար այն եկեղեցին, որը նուիրուելու էր «Աշխարհի Ամենափրկչի» պատուին կառուցուելիք Մագդալայի բերդում: Երբ անգլիական բանակը գրաւեց Մագդալայի բերդը, Թէոդորոս կայսրը ինքնասպանութիւն գործեց, իսկ անգլիական բանակը թալանեց Մագդալայի մատենադարանի 7,000-ի մօտ ձեռագրեր: 1868թ. Օգոստոսի 28-ին այդ հաւաքածոյի 350 լաւագոյն ձեռագրերը յանձնուեցին Բրիտանական թանգարանին: Այս պատկառելի հաւաքածոյի այլ մասունքներ մաս են կազմում Windsor Palace արքայական պալատի գրադարանի, Բոդլէեան գրադարանի, Կեմբրիջի Համալսարանի: Ողջ հավաքածոյից միայն մի ձեռագիր Վիկտորիա թագուհին վերադարձրեց Եթովպիայի Յովհաննէս Կայսրին՝ վերջինիս խնդրանքով: Դա Kebra Negast (Glory of the Kings) [«Թագաւորների Փառք»]-ը հատորն էր, որի վրայ նորընծայ թագաւորները կատարում էին իրենց հաւատարմութեան ուխտը [Տես՝ Vrej Nersessian, ‘The Ethiopian collection of Manuscripts in the British Library’, Proceedings of the First International Conference on the History of Ethiopian Art, Warburg Institute, October 21-22.1986, The Pinder Press, London, 1989, pp.62-69]: Եթովպական կառավարութիւնն իր Լոնդոնի դեսպանատան միջոցով բազմաթիւ անգամներ պահանջեց ձեռագրերի վերադարձը՝ ականաւոր Եթովպագէտների հովանաւորութեամբ, բայց ամէն անգամ գրադարանը առանց որեւէ երկմտանքի մերժեց: Պահանջքների մի դրական արդիւնքն այն եղաւ, որ ես հաւաքածոն դարձրի աւելի մատչելի ընթերցողներին, լաւագոյն նմուշների միկրոֆիլմերը տրամադրուեցին ազգային գրադարանին Ադիս Աբբեբայում, եւ ամենայատկանշականը՝ քաջալերեցի ձեռագրերի ցուցադրումը միջազգային ցուցահանդէսներում՝ առանց վախի, որ դրանց վերադարձը Լոնդոն Եթովպական Պետութիւնը կարող էր իրաւաբանական գետնի վրայ արգիլել: Մինչեւ 1868թ. այդ ձեռագրերը երբեք չէին ցուցադրուել: Դրանք առաջին անգամ ցուցադրուեցին ‘The Christian Orient’ (1978) ցուցահանդէսում’ քոյր եկեղեցիներին (Հայերէն, Ղպտերէն, Ասորերէն) առընթակից: Այս ցուցահանդէսի համար Մայր Աթոռի աջակցութեամբ Լոնդոն բերուեց 1225թ. մի հոյակապ խաչքար, որը յետոյ նուիրուեց Բրիտանական Թանգարանին: Այս առաջին ցուցահանդէսից յետոյ 1993 թ. տեղի ունեցաւ ‘African Zion: The Sacred Art of Ethiopia’ ցուցահանդէսը Բոլթիմորում, իսկ 2001թ. Փարիզում եւ ապա Ջերոնիայում ‘L’Arche Ethiopienne. Art Chretien D’Ethiopie’: Այս համագործակցութիւնը բարելաւեց յարաբերութիւնները երկու հաստատութիւնների միջեւ, թէեւ ոչ մի գրաւական չկայ, որ ձեռագրերը վերադարձնելու պահանջքը կ՚անհետանայ: Մի բան պարզ է, որ աշխարի բոլոր թանգարանները եւ գրադարանները յամառօրէն հետեւում են միանման քաղաքականութեան, որն է՝ ոչ մի դէպքում տեղի չտալ մշակութային գանձերի վերադարձի պահանջքներին:
Ջ. Պոլ Գետտիի Թանգարանի դէմ ծախսալից դատական գործողութիւնը, ետ վերցնելու համար Թորոս Ռոսլինի կողմից մանրանկարուած պատառիկները, երբեք պիտի չյաջողուէր յօգուտ Արեւմտեան Թեմի Առաջնորդարանին: Դա արկածախնդիր, չմտածուած գործողութիւն էր, որը ոչ մի պատիւ չբերեց հայ ժողովրդին: Մենք կարիքը չունենք Ջ. Պոլ Գետտիի տնօրէնութեան հաստատումին, որ պատառիկները հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինին են պատկանում եւ հետեւաբար հայ մշակոյթի մասնիկներ են: Սա պէտք է համարել առաջին անփորձ մօտեցումը մշակութային մի մասունքի վերականգնումի ‘restitution’՝ բոլորովին չփաստուած եւ անհիմն պատճառաբանութիւնների հիման վրա: Յիշեցնենք թէ՝ առաջին յաջող, առանց որեւէ թատերականութեան, մշակութային գանձի վերադարձը տեղի ունեցաւ 2011 թ., երբ Թորոս Ռոսլինի ձեռքով 1272 թ. մանրանկարուած «Կեռան Թագուհու Աւետարանից» պոկուած երկու մանրանկարները վերադարձուեցին Երուսաղէմ եւ ներդրուեցին ձեռագրի մէջ՝ շնորհիւ մեր անաղմուկ ջանքերին եւ յոյն սեփականատիրոջ վեհանձն վերաբերմունքին [տես՝ Rev. Dr. Nerses Vrej Nersessian, The repatriation of an Armenian cultural treasure.The Gospel of Queen Keran, Sis, Cilicia,1272 A.D=Հայոց Կեռան Թագուհու Աւետարանի պոկուած երկու մանրանկարների դարձը Երուսաղէմ, Լոնդոն, 2011, էջ. 36; ‘Կը վերականգնուի մեր «Գանձերու Գանձը» Կեռան Թագուհիի Աւետարանը’, Սիոն,1-4(2015), էջ .29 ]:
«Որ յամենայն ժամ ուսանին եւ երբեք ի գիտութիւն ճշմարտութեան ոչ հասանեն» (Բ Տիմ Գ .7)