ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայաստանը շատ ուժեղ է հարվածել. Առավելությունը պետք է իրացնել
25.07.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Ադրբեջանցիներն աշխարհի տարբեր երկրներում թիրախավորում են հայերին, հայկական պատկանելության հաստատությունները: Իրավիճակն ամենից լարվածը Ռուսաստանում է, բայց հարձակումներն ու վանդալիզմի ակտերը առկա են նաեւ արեւմտյան երկրներում:
Որքա՞ն է շարունակվելու այդ ամենը: Պաշտոնական Երեւանը, տեղի համայնքային կառույցները հայերին կոչ են անում չտրվել սադրանքի:
Բայց կասկածից վեր է, որ շարունակվելու դեպքում անտրամաբանական է լինելու ինքնակազմակերպվելու եւ դիմադրության կոչի բացակայությունը:
«Բուրջհամուդյան» սցենարը Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ տարբեր քաղաքներում թերեւս ամենամղձավանջայինն է, որ կարելի է պատկերացնել ու երեւակայել:
Թույլ կտա՞ որեւէ երկիր ադրբեջանցիներին իրավիճակը հասցնել այդտեղ եւ ստիպել, որպեսզի հայերը անցնեն կազմակերպված ինքնապաշտպանության:
Ինչի՞ վրա է Ալիեւի հույսը կամ հաշվարկը, եթե իհարկե այդ ամենը նրանն է, ոչ թե նրա անունից: Ալիեւն իր կորսվող անձնական իշխանության վերջին շանտաժին է դիմում, այս անգամ դուրս գալով հայ-ադրեջանական սահմանից, որովհետեւ այդտեղ շանտաժը այլեւս շատ թանկ է նստում նրա վրա:
Ալիեւը փորձում է «համաշխարհային քաոսը» դարձնել իր ճակատագրի համար ուժային կենտրոնների հետ առետրի առարկա՞, թե՞ Ալիեւի ճակատագրի վրա այլեւս առեւտուր է անում Թուրքիան, համաշխարհային շանտաժի մղելով նրան:
Մի բան կասկածից վեր է, որ Ադրբեջանը Տավուշում Հայաստանից ստացել է չափազանց ուժեղ հարված, եթե ստիպված է եղել փոխել սլաքի ուղղությունը:
Ներկայում պարզ է, որ Հայաստանի խնդիրը Ադրբեջանի դեպի աշխարհ բաց թողած բումերանգը նրան վրադարձնելն է, իհարկե առավելապես քաղաքական-դիվանագիտական առումով, առավելագույնս ձեռնպահ մնալով որեւէ երկրում ազգամիջյան բախման մեջ ներքաշվելուց:
Միաժամանակ, հայկական սփյուռքի համայնքներին թերեւս անհրաժեշտ է սեփական ներուժի, ժամանակի, մտքի ռացինալ ծախսում: Դրանք պետք չէ վատնել ադրբեջանական դիվանագիտական առաքելությունների դեմ հավաքներ կամ բողոքի ակցիա անելով:
Այդ ռեսուրսը կարող է եւ պետք է շատ ավելի հանգիստ եւ արդյունավետ աշխատանք ծավալի արտաքին գործընկեր երկրների քաղաքական բեմերում եւ հետնաբեմերում, ծավալի թե քաղաքական, թե քաղաքակրթական արդյունավետ երկխոսություն, ինչի պաշարը հայությունն ունի, եւ դա Ադրբեջանի նկատմամբ անբեկանելի առավելություն է, որ պետք է իրացնել:
lragir.am/2020/07/25/566850/