Ադրբեջանը պետք է վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ. ՀՀ ԱԳՆ
27 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է հուլիսի 27-ին Ադրբեջանի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանությանը և Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին Ադրբեջանի հայտարարությանը՝ նշելով, թե այդ ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աննա Նաղդալյանն իր հայտարարության մեջ նշել է. «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը:
Միաժամանակ Ադրբեջանը հայտարարում է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստին: Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համար»:
armenpress.am/arm/news/1023202.html