ԳՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՐԴԱՊԵՏԸ / Ռուզան ԱՍԱՏՐԵԱՆ
24/09/2015 , ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ
Մինչեւ Նարեկացին և Նարեկացուց յետոյ ո՛չ համաշխարհային գրականութեան մէջ և ո՛չ էլ հայ գրականութեան պատմութեան բազմադարեան շերտերում մարդու աստուածանալու նարեկացիական մտքի երեւակայական ճախրանքները, ամէն բանում աստծոյ շունչը որպէս սեփական գոյութեան ինքնախոստովանութիւն ընդունելու, ամէնօրեայ ուղեկցի խնկարկումը որպէս քո ներքին սրբալոյս ես-ի, մարդկութեան բոլոր մեղքերի բեռնաթափման՝ կամաւոր զոհի և աստուածանմանի այսպիսի հոգեւոր շռայլութիւն՝ հոգեւոր անհորիզոն ողբերգութեան մէջ, կարծում եմ, չի եղել:
«Մատեան ողբերգութեան» պոէմի սկզբից մինչեւ աւարտը Նարեկացին Աստծոյ սպասուած հիւրն է որպէս աստուածաշնորհ անհատականութիւն՝ նա խօսում է ԱՍՏԾՈՅ հետ, իբրեւ վեհագոյն զրուցակցի ու խորապատկեր մտահոգի: Համարձակօրէն անտեսելով ժամանակի կղերական պարտադրանքները, Նարեկացին մարդու մէջ՝ ամէն ինչից վեր է գնահատում բանականութեան ուժը, նրան վստահելով մտքի երիվարի սանձը: Նա դուրս եկաւ համամարդկային ստեղծագործական բոլոր չափանիշներից և Աստծոյ կողքին կարեւորեց մարդկային հոգու անկատարելութիւնը որպէս սքողուած բողոք՝ հենց իր, կատարեալ Աստծոյ ստեղծածի դէմ: Տասը դար առաջ այդ մասին մեկնել է Նարեկացին, տասը դար յետոյ նոյն կարծիքին ենք մենք, այսինքն՝ հզօր իմաստասէրն ու հոգու քերթողահայրը յաւերժի եկուորն ու վկան է, Աստծոյ ճշմարիտ բանախօսը:
Թէեւ դարերի քննադատներից ոմանց կարծիքով, Նարեկացին իբրեւ թէ չարաշահել է մարդու մեղքերի նկարագրութիւնը՝ նրան վեհացնելու փոխարէն, դարեր անց, տեղափոխուելով մեր իրականութիւն, կարծում եմ, եթէ Նարեկացին ողջ լինէր՝ մարդկային անսովոր արատների և քաղաքական նոր կանիբալիզմների մասին նրա կարծիքն ու նկարագրութիւնները առաւել կոշտ էին լինելու…
Առաջինը քրիստոնէութիւն ընդունած ազգը չէր կարող հոգեւոր ազգ չլինել: Հայը գիրք ու գիր սրբացնող և արարչաստեղծ ազգ է, որի ազգային առանձնայատկութեան յատկանշական կողմը, որպէս աստծոյ ժողովրդի, անարդարութեան դէմ ընդվզելն է: Յանձին Նարեկացու՝ Թոնդրակեան շարժումներից մինչեւ մեր խառնածին օրերը, մենք տեսնում ենք արդարութեան համար պայքարող հային, որի համար շատ աւելի կարեւոր է տիեզերական համամարդկային սկզբունքը՝ համակարգի պահպանութիւնը, քան անհատի սոցիալական պահանջները: Եւ սա է պատճառը, որ սերնդէ-սերունդ արդարամիտ ու պատուասէր հայը միշտ խուսափել է սոցիալական բողոքներից:
Իմ մանկութիւնն անցել է «Նարեկի» խորհրդաւոր շշուկների տակ: Մինչև 1937 թ. ռեպրեսիաները պապս Մաստարայի 5-րդ դարի կառոյց սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու վանահայրն է եղել: Թոնրատան պատի ներսում, կապոյտ բեհեզի մէջ փաթաթած մի գիրք կար, որ պապիս մահից յետոյ էլ տնեցիները սրբօրէն էին պահում, համբուրում, ճակատներին հպում, իսկ եթէ գիւղում ծանր հիւանդ էր լինում, գալիս խնդրում էին «Նարեկը» մէկ օրով հիւանդի մօտ տանել որպէս ամենահաս ու բժշկող երեւոյթի:
Նարեկը մեր տան 150 տարեկան սուրբն է, այսօր էլ նա խորհրդաւոր հողաբոյր է ու հացահոտ… Սա կարծրատիպ չէ և ոչ էլ միֆական սարսուռ, այլ հոգուց բխած իրական աղերսների մեր խոստովանութիւնն է Նարեկացու զօրեղ գրչի, նրա պոէմի ու տաղերի և, որ ամենակարեւորն է, ԳՐԻ նկատմամբ, որից այն կողմ՝ բարձրագոյն Ես-ն է՝ Աստուած:
Մատեան ողբերգութիւն պոէմը տիտանական ժայթքում է: Եթէ վերածնութեան նախահայր Տանթէն իր «Դժոխքում» բացայայտեց մարդու մարմնական տառապանքները, ապա Նարեկացին իր չափազանց հարուստ բառամթերքի բարդ ու խրթին խաչմերուկներում վերամարմնաւորում է մարդկային հոգու բիւրեղը, այն դարձնելով տիեզերական խօսքի անփոխարինելի ուղենիշ… Խոնարհուել պէտք է այն թարգմանիչների առջեւ, ովքեր գրաբարի իմացութեան ու նաեւ նարեկացիական բառամթերքի ովկիանոսի խորքերից կարողացել են թարգմանել և ընթերցողին ներկայացնել նրա անհատնում հոգեւոր գանձերը որպէս բոլոր ժամանակների մարդկային հոգու նկարագիր: Առանձին հոգածութեամբ պէտք է արժեւորել Մկրտիչ Խերանեանի և Վազգէն Գէոորգեանի թարգմանութիւնները, նրանք անխաթար ու բնագրի հարազատութեամբ մարդկութեանը հասանելի դարձրին ընդհանրական Աղօթագիրքը: Նոր, ֆիզիկայի օրէնքների բարձրագոյն իմացութեամբ Նարեկացու բացայայտումը արժեւորուեց որպէս գիտական նոր յայտնագործութիւն ակադեմիկոս Յովհաննէս Դաւթեանի կողմից:
Նա «Նարեկացու ֆունդամենտալ դաշտի տեսութիւնը» գրքում ոչ միայն հայ, այլեւ աշխարհի մարդկութեանը ներկայացրեց միջնադարեան հոգեւոր գլուխգործոցը որպէս «Գեոնային լուսապսակ» տիեզերահանճար երեւոյթ, ինչպէս անուանել է ակադեմիկոսը, իսկ Նարեկացուն՝ որպէս այդ հզօր ինֆորմացիոն թագի կրողն ու կապաւորը: Դաւթեանը նոր լոյս սփռեց հանճարի հրաբխային ժայթքումներին, որը մշտապէս ճառագելով մարդկային բանականութեան կենսունակ բացառիկութեան ու ժողովրդի բնազդներում՝ միշտ կենդանի է որպէս տիեզերական հրաշքի ներբողման աղբիւր: Եւ փառք Աստծոյ, որ այսօր, շնորհիւ Յովհաննէս Դաւթեանի թոռնուհու՝ Անահիտ Դաւթեանի յամառ ջանադրութեան, Նարեկացու Ողբը, որպէս կենդանի խօսք, պահպանուել է մեր մեծատաղանդ դերասան Սօս Սարգսեանի՝ անկրկնելի ու խորհրդաշունչ ձայնով:
Հռոմի պապի կողմից Տիեզերական եկեղեցու վարդապետի ընծայած կոչումը Նարեկացուն նրա համամարդկային մեծ վաստակն էր, թէեւ ուշացած՝ սակայն անհրաժեշտ, որպէս գալիք սերնդի ինքնակերտման ու ինքնամաքրման, Պարոյր Սեւակի խօսքերով ասած՝ անլռելի զանգակատուն:
Նարեկացին իր մահկանացուն կնքեց 1003 թ., նրա աճիւնն ամփոփուած է Նարեկ վանքի բակում, Արեւմտեան Հայաստանում…
Որքանով եմ մօտենում ճշմարտութեանը, չգիտեմ, սակայն փորձ եմ արել բացայայտել Նարեկացի անուան առեղծուածը՝ Նարեկացի- նա է Արարչի կողմից եկածը… Գուցէ ճշմարիտ է, ո՞վ իմանայ, չէ՞ որ գիտութիւնն անսահմանափակ է…
Ազատ Խօսք – Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ
կայք էջ : www.azadkhosk.com
Խմբագիր – Երան Գույումճեան
Թիւ (53) Դեկտեմբեր 2015