29 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2015
Մելինե Անումյան
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու
Վերջին տարիներին թուրք պետական գործիչների, ինչպես նաև` հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների մեծ մասը կրոնափոխ հայերի խնդրին հիմնականում անդրադարձել է նման հայերի` «քրդի և ալևիի դիմակի տակ` ահաբեկչական կառույցներում ընդգկված լինելու և դրանցում ակտիվ դերակատարում ունենալու դիտանկյունից»:
Հատկապես Թուրքիայի ներկայիս իշխանության գլուխ կանգնած Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) անդամները նման հայերի խնդիրն արծարծելիս, որպես կանոն, կիրառում են վիրավորական խոսքեր: Այսպես, օրինակ, 2012 թ. օգոստոսին Արդարություն և զարգացում կուսակցության ցուցակով ընտրված Էրզրումի (Կարինի-Մ.Ա.) պատգամավոր Մուհյեթթին Աքսաքը, ելույթ ունենալով իր կուսակցության նահանգային ժողովին, առաջարկել է PKK-ի սպանված անդամների վերաբերյալ օգտագործել ոչ թե «չեզոքացված», այլ «սատկացված» բառը: Նա PKK-ի անդամներին անվանել է նաև «հայ կրոնափոխների զավակներ» (1):
Նույն դիտանկյունից են սույն հարցին անդրադարձել նաև Ազգայնական շարժում կուսակցության (MHP) անդամները` Թուրքական պատմագիտական ընկերակցության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի գլխավորությամբ: Վերջինս, որը հայտնի է կրոնափոխ հայության մասին իր պարբերական հայտարարություններով, դեռևս 2010 թ. էր նշել, թե ՊԿԿ-ի անդամների 60-80 տոկոսը հայ են: Հալաչօղլուն այն ժամանակ պատասխանելով «Թաքվիմ» օրաթերթի լրագրող Էմին Փազարջըի հարցերին, ընդգծել էր. «Այսօր ո՞րն է Թուրքիայի առջև ծառացած ամենամեծ խնդիրը: Բաժանման ու մասնատման հարցն է: Ուզում են Թուրքիային ներքաշել թուրք-քրդական ընդհարման մեջ, իսկ դա ցանկանում է իրագործել ՊԿԿ-ն: Ես ձգտում եմ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այն և ումից է կազմված: Դուք կպնդեք, թե ՊԿԿ-ն քրդական միավորում է և պայքար է մղում հանուն քրդերի: Այնինչ, ՊԿԿ ահաբեկչական կազմակերպության մեջ 60-80 տոկոս հայ կա» (2):
Նույն Հալաչօղլուն 2014 թ. հուլիսին արդեն հայտարարում էր, որ ՊԿԿ-ն ուղիղ 80 տոկոսով հաստատապես բաղկացած է միայն հայերից` թվարկելով նաև տվյալ կազմակերպության մի շարք առաջնորդների անուններ, որոնք, ըստ իրեն, հայկական ծագում ունեն. «Հայերի մոտ հանդիպող թուրքական անունները և հատկապես թուրքական «ազգանունները» նրանց կողմից իրենց թաքցնելու նկատառմամբ են վերցված»,-ասում էր Հալաչօղլուն` միտումնավոր կերպով աչքաթող անելով այն փաստը, որ Թուրքիայում հայերին ուղղակի ստիպել են վերցնել թուրքական անուններ, և շարունակում. «35 հազար հոգու մահվան մեջ մեղավոր ՊԿԿ-ի առաջնորդ Արթին Հակոբյանը` ԱՓՈՆ, (նկատի ունի Աբդուլլահ Օջալանին-Մ.Ա.) հայ է: «Մատ չունեցող խելացի» անվամբ հայտնի Շեմդին Սաքըքը հայ է: Նա ինքն է հայտնել, որ իր մեծ մայրը հայ է եղել: Անջատողական քրդական կուսակցության այսպես կոչված համանախագահ Էմինե Այնան զտարյուն հայ է:
1977 թ. Սիլվանում ծնված Բյուլենթ Բաքըրը հայ է: «Վտարանդի կառավարության» պատվիրակ Մերյեմ Թաբաշը ևս հայ է: Պապը Հոքարն է, տատը` Հայկանուշը: «Զազան Բերթին» անվամբ հանդես եկող` 1980 թ. Սիլվանում ծնված Ռուշեն Թափանջըն հայ է: Նրա մեծ հոր անունը Օհաննիս է» (3):
Վերջերս Թուրքիայում լույս տեսած «Խորքային ձախ» գրքի հեղինակ Հաքքը Օզնուրը նշել է, թե ՊԿԿ-ի շարքերում 300 ծպտյալ հայեր գտնվում են բարձր դիրքերում, իսկ 2 հազար կրիպտոներ էլ ընդգրկված են սույն կառույցի տարբեր ենթակառուցվածքներում: Այս հեղինակը հայտնելով, որ Թուրքիայի ծպտյալ հայերն այլևս իրենց թաքցնելու կարիքն անգամ չեն զգում, գրել է նաև, թե կրիպտոներն սկսել են մկրտվել եկեղեցիներում և օգտագործել իրենց իրական անունները: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի ծպտյալ հայերը մեկտեղվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության տանիքի ներքո և այն ընտրել որպես իրենց կենտրոնական ռազմակայան (4):
Այստեղ հարկ է նկատել, որ թուրք պատգամավորների և մտավորականների` քրդական ահաբեկչական կազմակերպությունների անդամների մեծ մասի` հայ լինելու մասին հայտարարությունները հետապնդում են երկու հիմնական նպատակ. թիրախավորել կրոնափոխ հայերին և քրդերի շրջանում հեղինակազրկել ՊԿԿ-ն:
ՊԿԿ-ի՝ որպես զուտ հայկական կազմակերպություն լինելու մասին այս տարվա սեպտեմբերին հայտարարել է նաև Պահպանողական վերելք կուսակցության (Muhafazakar Yükseliş Partisi – MYP) առաջնորդ Ահմեթ Ռեյիզ Յըլմազը: Ի դեպ՝այս կուսակցությունը, որը հիմնվել է 2013 թ. հունվարին, հասցրել է մասնակցել 2014 թ. մարտի 30-ին կազմակեպված տեղական ինքնակառավարական ընտություններին: Ուշագրավ է, որ Ահմեթ Ռեյիզ Յըլմազը պնդել է ոչ միայն ՊԿԿ-ի, այլև` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) բացառապես հայկական կազմակերպություն լինելու մասին` այդկերպ թերևս փորձելով խոչընդոտել HDP-ի` մեծ թվով ձայներ հավաքելուն. «Հայերը գաղտնի կերպով ներթափանցել են այս երկրի քաղաքականության մեջ: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չի ներկայացնում քուրդ ժողովրդին: Զինված ահաբեկչական կազմակերպության մի քաղաքական ածանցյալը եղող այդ շարժումը հայկական շարժում է» (5):
Թուրքական իշխանությունների կողմից հիմնված հասարակական-քաղաքական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ հանդես են գալիս նաև այն պնդմամբ, թե ահաբեկչական կառույցներում ընդգրկված անխտիր բոլոր ալևիներն ունեն հայկական ծագում: Այսպես, օրինակ, 2015 թ. օգոստոս ամսին նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքմենական, ալևիական, բեքթաշիական հիմնադրամի նախագահ Օզդեմիր Օզդեմիրը: Անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ սույն հիմնադրամը ստեղծվել է թուրքական իշխանությունների կողմից` իրական ալևիականության հիմնադրույթները կեղծելու նպատակով (6): Օզդեմիրը “Kanal A Haber”-ի գլխավոր խմբագիր Օգյուն Օջեքի հարցերին պատասխանելիս հայտնել է, թե իբր փողոցային դեպքերին խառնված բոլոր ալևի քաղաքացիներն իրականում ծպտյալ հայեր են, որոնց թիվը շուրջ մեկ միլիոն է կազմում:
Ըստ Օզդեմիրի` «Անատոլիայի ալևիներից ոչ մեկը չէր խառնվի փողոցային դեպքերին: Փողոցային գործողությունների մեջ խառն է նաև Զուգահեռ կառույցի մատը, իսկ 1 միլիոն կրիպտո հայերը, համագործակցելով նրա հետ, ջանում են վնաս հասցնել երկրին» (7): Օզդեմիրն այդ հարցազրույցում նաև նշել է. «…Ալևիի հանդերձանքի տակ ծպտված, իրենց որպես քուրդ ալևի ներկայացնող այդ հայերը, որոնք, ըստ էության, ոչ մի կապ չունեն նաև քրդերի հետ, զավթել են ալևիական միությունների և ֆեդերացիաների գլխավոր պաշտոնները: (…) Փողոցային գործողություններ իրականացնող բոլոր ալևիական կազմակերպությունները բաղկացած են հայկական արմատներով կրիպտոներից, որոնք երբեք չեն կարող ալևիականությունը ներկայացնել: (…) Թուրքիայում ապրող 16 միլիոն ալևիների մեջ 1 միլիոն կրիպտո հայ քաղաքացիներ կան: Այդ 1 միլիոնը, որքան էլ դա տարօրինակ լինի, գտնվում է մամուլի, բյուրոկրատիայի, պետության և ձախ քաղաքական կուսակցությունների ամենավերին դիրքերում: Նրանք այդ դեպքերը թաքցնում են ալևիի հանդերձանքի և քրդի ինքնության տակ» (8):
Հավատափոխ և ծպտյալ հայերի խնդրին անդրադարձած թուրք մտավորականների շրջանում կան այնպիսիք, ովքեր սույն հարցը քննարկում են Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց ու աղջիկների բռնի իսլամացման և ամուսնությունների համատեքստում: Այսպես, օրինակ, դոկտոր, պրոֆեսոր Սելիմ Դերինգիլը դեռևս 2010 թ. նոյեմբերին «Ակօս» շաբաթաթերթում գրում էր. «Դոկտոր Իբրահիմ Էթհեմ Աթնուրի` «Թուրքիայում հայ կանանց և երեխաների խնդիրը 1915-1923 թթ.» գրքում ընթերցում ենք. «Թուրքերի և այլ մուսուլմանական խմբերի ու հայերի միջև ամուսնություններ են եղել: Պատերազմի ժամանակ այս ամուսնությունների հարցում պետության դերակատարությունը եղել է կանանց և աղջիկներին պաշտպանելը: Այն, որ օսմանյան կառավարությունը բոլոր անտեր աղջիկներին և կանանց ամուսնացրել է մուսուլմանների հետ, չի կարող համարվել ընդհանուր ասիմիլացիա. պատերազմի պայմաններում անտեր, գեղեցիկ, հարուստ և կրթված մի քանի աղջիկներ և այրի կանայք տեղահանությունից փրկվելու համար ընտրել են մուսուլմանների հետ ամուսնությունը»: Ինչպես երևում է, գրողը կարծում է, որ վերոհիշյալ «անտեր և գեղեցիկ» հայ կանայք այս «հովանավորությանն» արժանանալու համար գրեթե երախտապարտ պետք է լինեն,-գրում է Դերինգիլը, ապա շարունակում,-Հարցի ամենավտանգավոր կողմն այն է, որ այս տողերը տեղ են գտնելու ոչ թե 1915 կամ 1916, այլ 2005 թ. հրատարակված մի աշխատության մեջ, որը հանդիսանալու է ակադեմիական ուսումնասիրություն: Այսինքն` դուրս է գալիս, թե պետությունը, այս «խեղճ անտերներին ամուսնացնելով», փրկել է նրանց: Երբեք չուղղված հարցերի շարքում առաջինը, որ մարդու միտքն է գալիս, հետևյալն է` ինչու՞ էին այդ կանայք անտեր մնացել…» (9) :
Դերինգիլը 2010 թ. մարտին բռնի կրոնափոխված հայ մանուկների վերաբերյալ հարցազրույց էր տվել նաև «Թարաֆ» օրաթերթի թղթակից Նեշե Դյուզելին` մասնավորապես նշելով. «1915 թ. «որդեգրված» հայ աղջիկ ու տղա երեխաների համար 300 հազար թիվն են սահմանում, բայց պետք է այդ թիվն ուսումնասիրվի: Մենք Հրանտ Դինքի հետ խոսել էինք այդ հարցի շուրջ:
Համատեղ նախագիծ էինք իրականացնելու` «Որդեգրման» թեմայի վերաբերյալ: Որդեգիրների մեջ կան նաև որպես ծառա կամ աղախին վերցված երեխաներ: Թուրքիայում սույն խնդրի շուրջ միայն հուշեր կան մեր ձեռքի տակ: Այն պահոցները, որ կարող էին աղբյուր ծառայել, գտնվում են Երուսաղեմում, ուր ոչ բոլորը մուտք գործելու հնարավորություն ունեն: 1915-ին որդեգրվում են ենթադրաբար 7-16 տարեկան հայ երեխաներ, որոնց մեծ մասն աղջիկ էր: Առավելապես նախապատվություն էր տրվում փոքր տարիքի մանուկներին, քանի որ նրանց ինքնագիտակցությունը դեռևս լիովին ձևավորված չէր, և կարող էին հեշտ իսլամացվել» (10):
Սույն խնդրին հաճախակի անդրադաձող թուրք մտավորականների շարքում հիշատակման է արժանի հատկապես Մեհմեթ Շևքեթ Էյգին, ով կրոնափոխ ու ծպտյալ հայերի թեման մշտապես քննարկում է նրանց` թուրքական պետության համար մեծ սպառնալիք և վտանգ լինելու դիտանկյունից: Հիմնականում Առաքինություն (Fazilet) կուսակցության պարբերականը եղող «Միլլի գազեթե» օրաթերթում հանդես եկող Մեհմեթ Շևքեթ Էյգին դեռևս 2008 թ. մարտին նշելով, թե Թուրքիայում քրիստոնյա արմատներով 21 դեկանների և ռեկտորների մեծ մասը հայկական ծագում ունի, գրում էր. «Այլևս հայտնի է, որ մեր երկրի արևելյան հատվածում գտնվող մի համալսարանի ղեկավարը, որը չափից դուրս թշնամանաբար է տրամադրված իսլամի և մահմեդականների նկատմամբ, ունի հայկական արմատներ: Ես, որպես մուսուլման, դեմ կլինեմ որևէ հայ ռեկտորի ու դեկանի նշանակմանը, եթե անգամ նա լինի արժանավոր ու հմուտ մասնագետ…» (11):
Նույն Էյգին այս տարվա հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհդարանական ընտրություններում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` մեծ թվով ձայներ հավաքելու առթիվ հանդես եկավ այն պնդմամբ, թե ընտրություններում հաղթել են ծպտյալ հայերը: Նրա համոզմամբ` այդ կուսակցությունն իրականում քրդական չէ: Ըստ Էյգիի` այն արտաքուստ քրդական թվացող, իսկ իրականում ծպտյալ հայկական կուսակցություն է: «Ծպտյալ հայերն օգտագործում են մահմեդական քրդերին: Այս գործից ամենամեծ վնասը սուննի մահմեդական քրդերն են կրելու»,- գրում է Էյգին՝ նշելով, որ նման դրության մեջ չհայտնվելու համար քրդերը պետք է զարթոնք ապրեն, գիտակցեն իրենց մահմեդական ինքնությունը, ճշտորեն կատարեն պարտականությունները և թույլ չտան, որ ուրիշներն օգտագործեն իրենց (12):
Թուրք մտավորականների շրջանում կրոնափոխ հայության վերաբերյալ իր գիտական մոտեցումներով առանձնանում է թուրք պատմաբան, ԱՄՆ-ի Կլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը: Սույն թեմայի վերաբերյալ նաև օսմանյան փաստաթղթերի հասու դարձած Աքչամը 2013 թ. օգոստոսին «Թարաֆ» օրաթերթում հրապարակված իր հոդվածում անդրադառնում է 1915 թ. և դրանից հետո պետության` հայերի իսլամացման գործընթացը հսկողության տակ վերցնելու և նման հայերի ազատ տեղափոխվելու իրավունքը սահմանափակելու գործընթացին. «Կառավարությունը դեռևս չի վստահում հայերին` չնայած նրանց կրոնափոխ լինելուն, և հատուկ միջոցներ է ձեռնարկում նրանց վերաբերյալ, որոշ արգելքներ սահմանում: Արգելքների ցանկը գլխավորում է ազատ տեղափոխվելու իրավունքը: Հավատափոխ հայերը չեն կարողանում օգտվել այդ իրավունքից, որը շնորհված է մյուս մահմեդականներին: Ճամփորդել կարողանալու համար պարտավոր են լինում հատուկ թույլտվություն ստանալ, բայց դա շնորհելու իրավասությունը չի գտնվում տեղական իշխանավորների ձեռքին: Թույլտվությունը կարելի է ձեռք բերել միմիայն Ստամբուլից, անմիջականորեն` Ներքին գործերի նախարարությունից: Սակայն խնդիրը հետևյալն է. ինչպե՞ս պետք է պարզել ուղևորության մեկնել ցանկացողի կրոնափոխ հայ լինել-չլինելու հարցը: Այդ խնդիրը լուծելու համար միայն մեկ ուղի կա. պետք է հայերի անձնագրերում այնպիսի նշում անել, որը կօգնի հասկանալ նրանց հայ լինելը: Այդ մասին որոշում է կայացվում: Այդպիսով հնարավոր կլիներ կանխել մահմեդական անուն վերցրած հայերի` մյուս մուսուլման բնակչության մեջ անհետ կորչելը…» (13):
Ցեղասպանագետ Թաներ Աքչամը` 2014 թ. Ստամբուլում հրատարակված «ՀԱՅԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԻՍԼԱՄԱՑՈՒՄԸ. ԼՌՈՒԹՅՈՒՆ, ԺԽՏՈՒՄ ԵՎ ԲՌՆԻ ՈՒԾԱՑՈՒՄ» վերնագրով իր մենագրության մեջ նշում է, որ բռնի ասիմիլացիան ևս ցեղասպանության գործընթացի անքակտելի մասն է, և 1915-1918 թթ. Հայոց ցեղասպանության ամբողջ ընթացքում հայերի նկատմամբ նույնպես գործադրվել է բռնի ուծացման քաղաքականությունը, որն իրականացվել է 3 տարբեր ձևերով. «Առաջինը «կամավոր» և/կամ հարկադիր կրոնափոխությունն է: (…) Բռնի ուծացման քաղաքականության երկրորդ կարևոր հենքը 12 տարեկանից ցածր տղա և աղջիկ երեխաների հանդեպ գործադրվածն է, երբ մանուկները հարկադիր կերպով մուսուլման են դարձել, ցրվել որբանոցներում և մահմեդականների տներում, որտեղ դաստիարակվել են` թուրք-իսլամական մշակույթին համապատասխան: (…) Ասիմիլացիայի երրորդ հենքը մանկամարդ աղջիկների բռնի ամուսնացումն էր մահմեդական տղամարդկանց հետ: Այս բոլոր հարցերի շուրջ կենտրոնից անընդհատ հրամաններ են հղվել շրջաններ» (14):
Այսպիսով, թուրք պետական գործիչների և հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների մեծ մասը կրոնափոխ հայերի խնդրին անդրադառնում է միայն ՊԿԿ-ի պես ահաբեկչական կառույցներում նրանց ընդգրկված լինելու դիտանկյունից: Վերջերս շատ քաղաքական գործիչներ ու մտավորականներ փորձել են առաջ քաշել նաև այս տարի խորհրդարանական ընտրությունների 10 տոկոս շեմը հաղթահարած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` գաղտնի հայկական կազմակեպություն լինելու վարկածը` դրանով իսկ փորձելով խոչընդոտել նրա` ձայների մեծ թիվ հավաքելուն:
Այն դեպքում, երբ մի շարք թուրք ազգայնամոլ մտավորականներ շեշտում են կրոնափոխ և ծպտյալ հայերի` թուրքական պետության համար պոտենցիալ սպառնալիք և մասնատման վտանգ լինելը, սույն թեմայով ակադեմիական ուսումնասիրություններ կատարած որոշ թուրք գիտնականներ խնդրին անդրադառնում են Հայոց ցեղասպանության գործընթացի դիտանկյունից` Մեծ եղեռնի հետևանքներից մեկը համարելով կրոնափոխ հայերին:
[1]http://www.hurriyet.com.tr/pkk-liya-geberdi-diyelim-21276012
[2]http://akunq.net/am/?p=2214
[3]http://www.adanapress.com.tr/mhpli-yusuf-halacoglu-sirri-sakik-ermenidir.html
[4]http://www.gazetevahdet.com/pkk-yonetimi-kripto-ermeni-19221h.htm
[5]http://www.gercekgundem.com/siyaset/154021/pkk-bir-ermeni-organizasyonudur
[6]Դա նկատելի է հիմնադրամի պաշտոնական կայքէջն ուսումնասիրելու դեպքում, տես` http://www.turkmenalevivakfi.org.tr/
[7]http://www.kanalahaber.com/haber/gundem/turkiyede-1-milyon-kripto-ermeni-var-249967/
[8]Նույն տեղում:
[9]Ակօս, թիվ 762:
[10]http://www.taraf.com.tr/haber/kurt-ermeni-cok-fazla.htm
[11]http://www.milligazete.com.tr/index.php?action=show&type=writersnews&id=17302
[12]http://www.milligazete.com.tr/koseyazisi/Kripto_Ermeniler_Kazandi/25073
[13]http://www.taraf.com.tr/haber/devlet-musluman-ermeninin-pesinde.htm
[14] Taner Akçam, “Ermenilerin Zorla Müslümanlaştırılması. Sessizlik, İnkar ve Zorla Asimilasyon”, ‘İletişim’ Yayınları, 2014, s. 77-78.
Akunq.net