ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – ԱՄՆ-ը գիտեր եւ փոխեց համանախագահին. սպառնալիքն ու հայկական կամքը եւ իրավունքը

ԱՄՆ-ը գիտեր եւ փոխեց համանախագահին. սպառնալիքն ու հայկական կամքը եւ իրավունքը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – ԱՄՆ-ը գիտեր եւ փոխեց համանախագահին. սպառնալիքն ու հայկական կամքը եւ իրավունքը

28.07.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով հայ-ադրբեջանական լարվածության մասին, նշել է, թե հակամարտության կարգավորման խնդիրը ձեւաչափը չէ, այլ հակամարտության կողմերում քաղաքական կամքի բացակայությունը:

Ամերիկացի նախկին համանախագահը, որն ի դեպ պաշտոնն ու դիվանագիտական ծառայությունը թողնելուց հետո աշխատանքի է անցել ռուսական «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերությունում, իրավացի է, սակայն մասամբ:

Բանն այն է, որ ձեւաչափն իսկապես խնդիր չէ, ի հակառակ այն բանի, որ այն փորձում են խնդիր ներկայացնել ադրբեջանցիները, թուրքերը եւ անգամ ռուսական շրջանակներ (դեպուտատ Կալաշնիկովի «ականջը կանչի»):

Հակառակը, ձեւաչափը՝ Մինսկի խմբի համանախագահությունը, բացառիկ է մի շարք առումներով, ինչով էլ վկայում է այսպես ասած հակամարտության, իսկ իրականում հայկական հարցի արցախյան հատվածի բացառիկությունը: Այդ բացառիկությունից է բխել նաեւ միջնորդական բացառիկ ձեւաչափը, որտեղ ներգրավված են ՄԱԿ ԱԽ մշտական անդամ հինգ երկրներից երեքը, որոնք իրականացնում են որեւէ այլ հակամարտության պրոյեկցիայի առումով անկրկնելի աշխատանք:

Հենց բացառիկության հանգամանքն է նաեւ, որ Ուորլիքի գնահատականը դարձնում է կիսատ: Բանն այն է, որ քաղաքական կամքի խնդիրը առկա է իհարկե մի կողմում՝ Ադրբեջանում, որտեղ իսկապես հզոր կամք է պետք առանց ռազմական շանտաժի եւ նախապայմանի խաղաղության շուրջ զրուցել կարողանալու համար՝ առավել եւս «ալիեւյան ատելության ինքնության տապալված դարաշրջանից»:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա այստեղ քաղաքական կամքի խնդիր չկա, այն պարզ պատճառով, որ կա Հայաստանի եւ Արցախի՝ հայկական պետականության միացյալ անվտանգության էքզիստենցիալ խնդիր: Դրա չափազանց վառ վկայությունն ու ապացույցները ներկայացնում է ոչ միայն Ադրբեջանը, այլ արդեն եւ վաղուց՝ Թուրքիան: Ընդ որում, էքզիստենցիալ անվտանգության խնդիրը ունի պայմանականորեն մեկդարյա խորություն եւ անգամ փաստաթղթավորում՝ ռուս-թուրքական պայմանագրեր:

Ինչ խոսք, փաստաթղթավորված էր նաեւ այլ բան՝ Հայաստանի անվտանգության որոշակի երաշխիքը, Սեւրի դաշնագրի տեսքով, Վիլսոնյան իրավարար վճռով: Ուորլիքը անշուշտ կիմանա, որ Վիլսոնն ԱՄՆ նախագահն էր: Եվ տեղյակ կլինի, որ Հայաստանի անվտանգության այդ փաստաթղթավորվող երաշխիքը չաշխատեց, փոխարենը հենց փաստաթղթավորվեց Հայաստանի, հայկական պետականության եւ ընդհանրապես հայկական սուբյեկտության էքզիստենցիալ սպառնալիքը՝ ռուս-թուրքական համաձայնությամբ եւ կնիքով:

Այդ պայմաններում, Հայաստանից պահանջվում է բացարձակապես այլ քաղաքական կամք, քան կարգավորման հասնելը: Հայաստանից պահանջվում է իր ներկայիս անվտանգության համակարգի պահպանման նվազագույն խնդիրը լուծելու քաղաքական կամք, եւ անհրաժեշտության ու նոր սպառնալիքի դեպքում այդ համակարգը ընդլայնելու քաղաքական կամք: Իսկ դա ենթադրում է կամք ներքին ռեֆորմացիայի, տնտեսությունից մինչեւ անվտանգություն եւ հասարակական հարաբերությունների մշակույթ արդիականացման համար:

Արդիականացումն է լինելու Հայաստանի պաշտպանունակության, ըստ այդմ՝ անվտանգության համակարգի ամրությունն ապահովելու ներուժի գլխավոր եւ անընդհատ սնուցման աղբյուրը: Մի բան, որը խոշոր հաշվով «ակամա մոդելավորումով» հայկական զինուժը եւ ռազմարդյունաբերական համալիրը կոնկրետ արդյունքով ի ցույց դրեցին Տավուշում:

Միեւնույն ժամանակ, ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը թերեւս հենց այդ քաղաքական կամքը նկատի ունի, որովհետեւ նա ի վերջո չի ասում, թե երկու կողմում անհրաժեշտ է նույն ուղղությամբ եւ բովանդակությամբ քաղաքական կամք: Իսկ որպես նախկին միջնորդ, համանախագահ, նա թերեւս լավ է պատկերացնում ռեգիոնալ անվտանգության համակարգի տրամաբանությունն ու հարցի աշխարհաքաղաքական համատեքստը, ըստ այդմ պատկերացնում է նաեւ, որ խաղաղության եւ կայունության թեկուզ հարաբերական ապահովումը իսկապես կախված է առկա անվտանգային համակարգի ապահովման հայկական կամքից:

Խոշոր հաշվով նաեւ այդ իրողության թափանցիկ եւ նուրբ արձանագրում էր նաեւ ամերիկացի համանախագահի փոփոխությունը, երբ Ջեյմս Ուորլիքին փոխարինեց Էնդրյու Շեֆերը՝ կիպրական հարցում աշխատանքի մեծ փորձով, ինչով Վաշինգտոնը թերեւս դրսեւորեց խնդրին ու իրավիճակին իր «էքզիստենցիալ» մոտեցումը:

Եվ ի վերջո, Ուորլիքը թերեւս տեղյակ է ամերիկացի մեկ այլ դիվանագետի՝ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզի խոսքին, որ նա ասել էր Հայաստանից հեռանալուց առաջ: Հայ ժողովուրդը չի ուզում տարածք հանձնել, ասել էր Միլզը, դե ֆակտո նկատելով, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց այդպես մտածելու հայ ժողովրդի իրավունքը:

ԱՄՆ-ը գիտեր եւ փոխեց համանախագահին. սպառնալիքն ու հայկական կամքը եւ իրավունքը

lragir.am/2020/07/28/567467/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail