Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարթակում է. Մնացականյանը՝ Jerusalem Post-ին
29 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական հարթակում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասել է իսրայելական Jerusalem Post-ի հարցերին ի պատասխան, հիշեցնելով, որ Իսրայելի ժողովուրդն էլ վերապրել է Հոլոքոստի արհավիրքը:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է: Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրեաներ՝ հանրային դեմքեր, մտավորականներ և հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակետը: Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները պետք է որոշեն՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը թե ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաև Իսրայելին»,- ասել է Մնացականյանը:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Իսրայելի Կնեսետում մի քանի անգամ հարցը բարձրացվել է, սակայն այդ երկրում վերջնական ճանաչման չի հասել։
armenpress.am/arm/news/1023447.html