ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Իրանը Բաքվին ու Անկարային պատասխանել է հրթիռով. Թեհրանը զգուշացնում է
29.07.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Իրանը Պարսից ծոցի շրջանում եւ Հորմուզի նեղուցի արեւմտյան մասում ձեռնամուխ է եղել «Մեծ մարգարե-14» անվանումը կրող զորաշարժերի ավարտական փուլին, որում ներգրավվել են նաեւ ռազմածովային եւ օդատիեզերական ուժերը: Այդ փուլում Թեհրանը արձակել է բալիստիկ հրթիռներ: Իրանական Tasnim գործակալության տվյալով՝ Իրանի զինվորականները կատարել են գետնի տակ տեղակայված արձակման կայանքներից բալիստիկ հրթիռների հաջող արձակում:
Թեեւ իրանյան զորավարժության ուղղվածությունը բոլորովին այլ է, այդուհանդերձ, խիստ հատկանշական է, որ Ադրբեջանում թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժության մեկնարկին Թեհրանն իր մոտ մեկնարկող զորավարժության երկրորդ փուլում փորձարկում է բալիստիկ հրթիռ՝ գետնի տակից արձակումով:
Ինչպես ադրբեջանա-թուրքական, այդպես էլ իրանյան զորավարժությունն անկասկած չունեն մեկ ուղղվածություն: Թեհրանն, անշուշտ, հիանալի է պատկերացնում, որ ադրբեջանա-թուրքական ուժի ցուցադրության միակ հասցեատերը Հայաստանը չէ: Եվ Ռուսաստանի հետ չէ նաեւ, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են սակարկել ուժի ցուցադրությամբ:
Ադրբեջանա-թուրքական ուժի ցուցադրության ուղղություններից, ընդ որում անմիջական ուղղություններից մեկն Իրանն է: Եվ այդպես է վաղուց: Ադրբեջանը հակաիրանյան պլացդարմ դիտարկում են գործնականում բոլորը, թե Ռուսաստանը, թե Թուրքիան, թե Իսրայելը: Բաքուն, իհարկե, այդ հարցում չունի բաց դիրքավորում, սակայն Բաքվի համար էլ հաճախ, պարբերաբար բավականին դժվար եւ անհնար է դառնում Իրանի հանդեպ մեղմ ասած անբարյացկամության դրսեւորումն ու նյարդային վերաբերմունքի ցուցադրումը: Այստեղ կան բազմաթիվ հարցեր, թե երկկողմ հարաբերության եւ ռազմավարական շահերի բախման տեսանկյունից, եւ թե ներադրբեջանական իրողությունների, որտեղ Իրանի ազդեցությունը բավականին լուրջ հարց է Ադրբեջանի իշխանության համար:
Այդ համատեքստում հատկանշական է նաեւ այն, որ Թեհրանը պարբերաբար զգուշացնող ակնարկներ է հղում Բաքվին, որ ռեգիոնալ ապակայունացման աղբյուր Ադրբեջանի քաղաքականությունը դիտարկում է Իրանի ազգային անվտանգության սպառնալիք եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում կատարել կանխարգելիչ հարված:
Դրան զուգահեռ, ակնառու է նաեւ, որ Իրանին ռեգիոնալ արդիական զարգացումներից դուրս թողնելու միտում ունեն Ռուսաստանն ու Անկարան, որոնք ներկայումս գտնվում են բավականին խորացող հակադրության եւ հակաճառության ռեժիմում, սակայն դրանով հանդերձ ունեն ցանկություն հարցերը լուծել եւ քննարկել երկուսով, այդ թվում՝ ներկայումս Ադրբեջանի իշխանության եւ դե ֆակտո նաեւ տարածքային ամբողջության հարցը՝ կապված Նախիջեւանի հետ: Հատկանշական է, որ տավուշյան զարգացումների ֆոնին Թեհրանը Բաքվին ակնարկել էր տարածքային ամբողջության մասին, փաստացի ուղերձ հղելով, որ ռեգիոնալ ապակայունացման առիթ եւ ըստ այդմ ռուս-թուրքական ներգրավվածության ինտենսիվացման, ընդհուպ ռազմական շարժառիթ տալու դեպքում Բաքուն կարող է կորցնել անգամ ներկայիս ռեժիմով տարածքային ամբողջությունը: Իսկ Իրանն, անկասկած, տիրապետում է դրան հասնելու գործուն հնարավորության:
Ահա այդ համատեքստում, Իրանի բալիստիկ հրթիռի փորձարկումը յուրօրինակ լատենտ ազդակ է թուրք-ադրբեջանական զորավարժությանը, որից առաջ Էրդողանը Պուտինին զանգահարել է, իսկ Ռոհանիին՝ ոչ:
Իսկ հուլիսի 29-ին Իրանի դեսպանը այցելել է Հայաստանի ՊՆ եւ հանդիպել նախարար Տոնոյանի հետ:
lragir.am/2020/07/29/567775/