Արաբական կենտրոններից լսվում են Անկարայի եւ Բաքվի ագրեսորությունը դատապարտող ձայներ․ Գանտահարյան

Editor-in-chief of the Lebanese daily "Aztag" Shahan Kandaharian

Արաբական կենտրոններից լսվում են Անկարայի եւ Բաքվի ագրեսորությունը դատապարտող ձայներ․ Գանտահարյան

30 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հղած ուղերձը Թել Ավիվին ավելի քան օրինաչափ է։

Շահան Գանտահարյանը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում։

«Սպառազինելով Բաքվին՝ Իսրայելը լավ գիտակցում է որ իր տրամադրած զինատեսակն օգտագործվում է ագրեսոր Ադրբեջանի կողմից հայ բնակչության եւ քաղաքացիական ենթակառույցների դեմ։ Կա միջազգային կարգ, որը ոչ միայն արգելում է խաղաղ բնակչության դեմ զենքի օգտագործումը, այլ նաեւ նման նապատակների համար օգտագործվող զինատեսակների վաճառքը։ Եւ այս առումով ավելի քան արդարացված է հայ բնակչության դեմ Բաքվի կողմից ուղարկված իսրայելյան արտադրատեսակի ԱԹՍ-ների խոցումը։

Բայց սա հարցի ռազմաքրեական կողմն է։ Քաղաքական առումով Թուրքիայի այս ատիճան ներգրավումը սահմանագոտում արձանագրված գործողություններին եւ անդադար «մեկ ազգ երկու պետություն» բանաձեւի բարձրաձայնումը համաարաբական տեղեկատվական հարթակներում տեղի է տվել նույն այդ երկու պետությունների նախահարձակ լինելու հանգամանքի սուր քննադատությունների»,- ասաց Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ են արաբական վերլուծական եւ տեղեկատվական կենտրոնների այն հրապարակումները, որոնք դատապարտում են Անկարային տարածաշրջանը անկայունացնելու մեղադրանքով։

«Այս առանցքներն ավելի խորացան, երբ իսրայելյան մամուլը շեփորեց Բաքու-Թել Ավիվ ռազմական գործընկերության հրամայականը, ինչը այս դեպքում համաարաբական ընկալումով պատկերեց Անկարա-Թել Ավիվ-Բաքու եռանկյունաձեւ ռազմավարական գործընկերություն։ Հատկանշական էր նաեւ Բաքվի մեղադրանքը պաշտոնական Ամմանին դեպի Երեւան զենք մատակարած լինելու առումով, ինչին համարժեք հակազդեցին Հորդանանի համապատասխան գերատեսչությունները։

Այս պայմաններում չի բացառվում, որ արաբական տարբեր միջավայրերում հայկական գործոնի հետ առնչված տեղեկատվական դաշտից դեպի պետական հարթություն անցում կատարեն Անկարայի ագրեսոր դերակատարությունը դատապարտող ուղերձները։ Ընդ որում, նաեւ որոշակի բացսական դեր վերապահելով նաեւ Բաքվին»,- նշեց Շահան Գանտահարյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին: Մնացականյանն ասել է իսրայելական Jerusalem Post-ի հարցերին ի պատասխան, անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի թեմային:

«Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ:

Մենք հետևողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապես լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թե՛ երկկողմ և թե՛ միջազգային հարթակներում:

Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին»,- ասել է Մնացականյանը:

Editor-in-chief of the Lebanese daily “Aztag” Shahan Kandaharian

armenpress.am/arm/news/1023553.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail