ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՄՆ հետախուզությունը կքանդի՞ սահմանի ռուս-թուրքական հանգույցը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՄՆ հետախուզությունը կքանդի՞ սահմանի ռուս-թուրքական հանգույցը

02.08.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի հանձնաժողովը, որ ղեկավարում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը, դիմել է ԱՄՆ հետախուզական ծառայությանը: Ըստ նախագծի, առաջարկվում է 90-օրյա ժամկետում ներկայացնել գրավոր փաստաթուղթ հայ- ադրբեջանական լարվածության վերաբերյալ, այդ թվում` Արցախի հետ Ադրբեջանի սահմանին: Հետաքրքիր է, թե հատկապես ի՞նչ ժամանակահատվածի ակնկալիքի մասին է խոսքը:

Բանն այն է, որ անցնող երկու տարում հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում` Արցախի հատվածում, եղել է համեմատական կայունություն ու հանդարտություն, մինչ Տավուշի լարումը: Ըստ այդմ, գնահատականի կարիք ունի թերեւs դրան նախորդած հատվածը, կամ հատկապես 2016-ի քառօրյա պատերազմի եւ դրանից առաջ եղած 2-3 տարիների ժամանակահատվածը:

Որովհետեւ, 2016-ի ապրիլից հետո էլ Ադրբեջանն, իհարկե, խախտում էր հրադադարը, սպանում հայ զինվորների, բայց ինտենսիվությունը, միաժամանակ նաեւ գրոհային գործողությունների հնարավորությունն էապես նվազել էր հայկական առաջնագծի արդիականացման շնորհիվ: Այդ իմաստով հանգուցային էր 2017-ի փետրվարի 25-ը, երբ ադրբեջանական էլիտար ստորաբաժանման դիվերսիոն փորձը կանխվեց դեռեւս չեզոք տարածքում, ստանալով պատժիչ հարված, ինչի հետեւանքով ադրբեջանցիները կորցրին հինգ զինվոր: Դրանից հետո ադրբեջանցիները աշխատում էին առավելապես դիպուկահարներով: Օրերս այդ երկրի պաշտպանության նախարարը խոստովանեց, որ հայկական կողմն ԱՄՆ աջակցության առաջնագծում տեղակայել է անվտանգության այնպիսի մեխանիզմներ, որոնք բարդացնում են ադրբեջանցիների աշխատանքը:

Ամբողջ հարցն այն է, թե որն է լինելու զեկույցի նպատակը: Ենթադրվում է, որ նպատակը պետք է լինի ռեգիոնալ կայունության հեռանկարին նպաստելը: ԱՄՆ-ն արդեն իսկ նպաստել է դրան, աջակցելով հայկական կողմին առաջնագծի այն արդիականացման հարցում, որի մասին դեռեւս 2017-ին հայտարարել էր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, իսկ օրերս էլ ստիպված էր խոստովանել Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Սակայն, ինչպես տավուշյան հայկական պատժիչ գործողությունից եւ հաջողությունից հետո հայտարարեց վարչապետ Փաշինյանը, անհրաժեշտ է մտածել կայունության եւ հրադադարի ու թեկուզ հարաբերական խաղաղության հարցի ռազմավարական լուծման, ըստ այդմ՝ հրադադարի վերահսկողության միջազգային մեխանիզմների մասին:

Այդ մեխանիզմների հրամայականը նախօրեին Երեւանում վերահաստատեցին Հայաստանի ու Արցախի արտգործնախարարները: Մեծ հաշվով, մեխանիզմների հարցը օրակարգ բերեց ԱՄՆ-ը, ապրիլյան քառօրյայից հետո, Վիեննայի հանդիպմանը: Հետո, իհարկե, հարցը չեզոքացվեց, որովհետեւ այն չէր ընդունում Ադրբեջանը, որին աջակցեց Ռուսաստանը, քանի որ Մոսկվան չի ցանկանում բաց թողնել «կառավարչի» գերիշխող դիրքը: Վիեննայի օրակարգը չեզոքացվեց կամ մի քանի պլան հետ մղվեց՝ օգտագործելով Հայաստանի նախորդ իշխանության քաղաքական լեգիտիմության խնդիրը:

Տավուշի իրադարձությունները Հայաստանին թույլ տվեցին շեշտել այդ մեխանիզմների անհրաժեշտությունը: Կհաջողվի՞ այս անգամ էլ ազդել օրակարգում դրանց առաջընթացի վրա: Ներկայումս չկա Հայաստանի իշխանության լեգիտիմության այն խնդիրը, որն օգտագործվեց նախկինում: Թե՞ նաեւ դրա «ստեղծելուն» է միտված այսպես կոչված ներքաղաքական կյանքում մի շարք խմբերի միջոցով գործադրվող ջանքը:

Ըստ այդմ, Երեւանն ու մեխանիզմների հարցում շահագրգիռ կողմերը պետք է ավելացնեն ջանքը: Կոնգրեսի նախաձեռնությունը դրա շրջանակում կարող է լինել ծանրակշիռ փաստարկ, եթե ներառի այն շրջանը, որը գործնականում հանգեցրեց ապրիլյան պատերազմի՝ իր անպատժելիությամբ եւ ռեգիոնալ անվտանգության «ռուսական կառավարման» անարդյունավետության հետեւանքով:

Կօգնի՞ ԱՄՆ հետախուզությունը ամրապնդել Վիեննայի օրակարգը, որը նաեւ պետք է բացառի ռեգիոնալ անվտանգության համակարգում Նահանգներին շրջանցելու ռուս-թուրքական մեկդարյա մանեւրի կրկնության ռիսկը, թեեւ այստեղ, իհարկե, դրա բացառման գլխավոր գործոնը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանությունը: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի միջազգային զսպման մեխանիզմը կլինի Հայաստանի ինքնիշխանության ներուժն ավելացնելուն ուղղված նշանակալի քայլ:

US-Congress

lragir.am/2020/08/02/568580/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail