Թուրքիայի մղձավանջը. Սեւրի պայմանագրի նկատմամբ թուրք «գիտական» շրջանակների նոր մոտեցումները և անհեթեթ առաջարկները
04 ՕԳՈՍՏՈՍ 2020 – ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:
Մելինե Անումյան
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու
Թեև հայտնի են թուրքական պնդումներն այն մասին, թե Սևրի պայմանագիրը վավերական չէ ու երբեք էլ չի եղել, այնուամենայնիվ սույն դաշնագիրը 100 տարի շարունակ մղձավանջ է եղել թուրք ժողովրդի և հատկապես Թուրքիայի Հանրապետության քաղաքական ու գիտական շրջանակների համար։ Այս ահը երբեմն այնքան ցայտուն է դրսևորվել, որ մինչև իսկ շրջանառության մեջ է մտել «Սևրի սինդրոմ» (թուրք․՝ Sevr Sendromu) արտահայտությունը(1)։
Վերջին տարիներին որոշ թուրքական «գիտական» շրջանակներ, մասնավորապես Թուրքիայի պաշտոնական պատմագրության խոսափողը հանդիսացող Թուրքական պատմագիտական ընկերության (Türk Tarih Kurumu) ներկայացուցիչները փորձում են նոր մոտեցումներ մշակել Սևրի պայմանագիրը թուրք հասարակության շրջանում և Թուրքիայի կրթական հաստատություններում ներկայացնելու ուղղությամբ։
Այսպես, օրինակ, ըստ «Միլլիյեթ» պարբերականի՝ տվյալ ժամանակաշրջանում Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ դոկտոր, պրոֆեսոր Ռեֆիկ Թուրանը 2018 թ․ օգոստոսի 9-ին հայտարարել է, թե Պատմագիտական ընկերությունն աշխատանքներ է սկսել Թուրքիայի կրթական հաստատությունների նոր ուսումնական ծրագրերում Սևրի դաշնագիրը որպես ոչ թե պայմանագիր, այլ ընդամենը փաստաթուղթ ներկայացնելու ուղղությամբ։
Ռեֆիկ Թուրանը մասնավորապես նշել է․ «․․․Դա կարող է ոչ էական թվալ, սակայն կարևոր է, քանի որ Սևրը մեր երեխաների և (թուրք) հասարակության գիտակցության մեջ որպես դաշնագիր է ընկալվում։ Այնինչ խոսքը գնում է ոչ թե պայմանագրի, այլ միայն փաստաթղթի մասին» (2)։
Թուրանն ընդգծելով, որ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը 1920 թ․ օգոստոսի 10-ին կնքված, սակայն «անվավեր համարվող» Սևրին տվել է «Թուրք ժողովրդի դեմ կազմակերպված մեծ մահափորձ» բնութագրումը, թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում շեշտում էր նաև, թե «Սևրը իրենց համար պայմանագիր չէ, քանի որ դաշնագրերը հիմնված են միջպետական փոխադարձ համաձայնության վրա, մինչդեռ Սևրի դեպքում նման բան չի եղել»(3) ։
Խեղաթյուրելով պատմական փաստերը, նաև նշում է, թե իբր Սևրի պայմանագիրը չի ստորագրվել, և հավելում․ «Այսուհետև Թուրքական պատմագիտական ընկերությունը, որպես հաստատություն, Սևրն անվանելու է «փաստաթուղթ» և պաշտոնապես հանդես է գալու «Սևրի պայմանագիր» արտահայտության օգտագործման դեմ։ Երբեմն սխալ ձևով են արտահայտվում։ Նման դաշնագիր չկա։ Մենք սույն հարցն այդ կերպ ենք ներկայացնելու նաև մեր կրթական ծրագրերում։ Թեև իրավասու չենք դա օրենքով ամրագրելու, բայց ջանքեր ենք գործադրելու, որպեսզի մեր հասարակությունն սկսի այդ ձևով ընկալել սույն փաստաթուղթը» (4)։
Հասկանալի է, որ թուրք պատմաբանների կողմից այս մոտեցման մշակումը չի սկսվել 2018 թ․, այլ շատ ավելի վաղ։ Այսպես, օրինակ, 2017 թ․ օգոստոսի վերջերին «Haber7.com» թուրքական լրատվական կայքէջում հրապարակվել է թուրք պատմաբան Ահմեթ Անափալըի հոդվածաշարը, որը կրում էր հետևյալ խորագիրը «Անգրագետ են բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Սևրի պայմանագիրը ստորագրվել է» (5)։ Այս թուրք կեղծարարը ևս փորձում է ներկայացնել, թե իբր «Սևրը չի ստորագրվել», ու «Թեև այն միջազգային շրջանակներում հայտնի է որպես պայմանագիր, սակայն ընդամենը «նախագիծ» մնացած մի ծրագիր է եղել» (6)։
Ահմեթ Անափլըն սույն հոդվածում վկայակոչում էր նաև Մուստաֆա Քեմալին և այդ թեմային վերաբերող այս հատվածը ներկայացնում վերջինիս հանրահայտ «Ճառից»․ «․․․Պարոնա՛յք, Մուդրոսի զինադադարի կնքումից հետո, հաղթանակած տերությունների կողմից Թուրքիային 4 անգամ խաղաղության պայմաններ են թելադրվել։ Դրանցից մեկն էլ Սևրի խաղաղության նախագիծն է, որը, առանց քննարկվելու, ներկայացրել են Անտանտի տերությունները՝ Հունաստանի վարչապետ Վենիզելոսի մասնակցությամբ, 1920 թ․ օգոստոսի 10-ին էլ ստորագրվել սուլթան Վահիդեթթինի կառավարության կողմից (ընդգծումն իմն է-Մ․ Ա․)»։ (․․․) Ինչպես տեսնում եք, Մ․ Քեմալ փաշան այդ տեքստը միշտ որպես նախագիծ է անվանում։ (…) Մինչև իսկ Իսմեթ Ինյոնյուն, անգամ իր հուշերում, Սևրին անդրադառնալիս այն նախագիծ է կոչում» (7)։
()
Ուշագրավ է, որ Աթաթյուրքի խոսքը մեջբերող թուրք պատմաբանը փաստորեն ակամա ընդունում է, որ Սևրի պայմանագիրն այնուամենայնիվ ստորագրվել է։ Անափալըն փորձում է այդ փաստը խեղաթյուրել այն «հիմնավորմամբ», թե այս փաստաթուղթը ստորագրվել է ոչ թե քեմալականներից բաղկացած Անկարայի իշխանությունների, այլ միայն Ստամբուլի իշխանության, այն է՝ օսմանյան սուլթանի կողմից՝ անտեսելով, որ տվյալ ժամանակաշրջանում, որպես Թուրքիայի օրինական իշխանություն, այլ տերությունների կողմից ճանաչված էր միայն Ստամբուլի կառավարությունը։
Թուրք կեղծարարների այս ոչ գիտական մոտեցումը խիստ քննադատության է արժանացել անգամ որոշ թուրք պատմաբանների կողմից։ Այսպես, օրինակ, հայությանը Թալեաթ փաշայի փաստաթղթերի հրապարակմամբ հայտնի թուրք պատմաբաններից Մուրադ Բարդաքչըն «Հաբերթյուրք» պարբերականի 2018 թ․ օգոստոսի 12-ի համարում «Ահա՛ այն Սևրի պայմանագրի փաստաթղթերը, որի մասին ասում են, թե գոյություն չունի» վերնագրով հրապարակված իր հոդվածում Ռեֆիկ Թուրանի և ընդհանրապես Թուրքական պատմագիտական ընկերության այդ մոտեցման մասին գրում է․ «Պարզվում է՝ Թուրքական պատմագիտական ընկերությունն աշխատանքներ է իրականացնելու, որ այսուհետև դպրոցներում Սևրը ներկայացվի ոչ թե որպես «պայմանագիր», այլ «փաստաթուղթ», քանզի պարզվում է, որ «Սևր» անվամբ որևէ պայմանագիր գոյություն չունի։ Ճիշտ է, մի փաստաթուղթ այնուամենայնիվ կա, սակայն պարզվում է, որ այն չի կարող «պայմանագիր» լինել։
Լա՛վ, մենք սովոր չենք մեր պարտությունների մասին խոսել, աշխատում ենք չհիշել դրանք մինչև իսկ այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է մեր սխալներն ուղղելու համար։ (…)
Սևրը Թուրքիայի կողմից չի վավերացվել, սակայն թուրք պատվիրակները ստորագրել են այն, իսկ սույն դաշնագրի տակ իրենց ստորագրությունները դրած մյուս պետություններից մի քանիսի նախագահները, թագավորները և խորհրդարանները հետագա ամիսներին հաստատել են այս պայմանագիրը․․․» (8)։
Մուրադ Բարդաքչըն իր այս հոդվածում նաև նշելով, թե «Ինչպե՞ս կարելի է անտեսել այս փաստաթղթերը», հրապարակել է Թուրքիայի օսմանյան արխիվում պահպանվող Սևրի պայմանագրին առնչվող բազմաթիվ վավերագրեր (9)։
Թուրք հեղինակը նաև ընդգծում է, որ թեև գրեթե մեկ դար է անցել Սևրի պայմանագրի կնքումից հետո, սակայն սույն թեմայի վերաբերյալ թուրք գիտական շրջանակների կողմից դեռևս որևէ համապարփակ ուսումնասիրություն չի արվել, որի հետևանքներից մեկն էլ Թուրքիայում տարածված այն թյուր պատկերացնում է, թե Սևրը բաղկացած է Դաշնակից տերությունների և Թուրքիայի միջև կնքված միայն մեկ դաշնագրից, այնինչ սույն փաստաթուղթը «պայմանագրերի մի ամբողջ շարք է» (10)։
Բարդաքչըն, շարունակելով Թուրքական պատմագիտական ընկերության հիշյալ նախաձեռնությանն ուղղված իր քննադատությունը, հոդվածի վերջում շեշտում է․ «Թուրքական պատմագիտական ընկերությունը, որը պատմագրության առումով պետք է լինի մեր երկրի ամենալուրջ հաստատությունը, կարողանում է պնդել, թե «Սևրը պայմանագիր չէ»։ Թուրքական պատմագիտական ընկերության՝ Սևրի վերաբերյալ այդ տրամաբանությամբ շարժվելով՝ կարող ենք այլ տարօրինակ պնդումներ էլ անել։ Օրինակ՝ ելնելով այն փաստից, թե քանի որ 1878 թ․ մարտի 3-ին Ռուսաստանի հետ կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրի ծանր դրույթները մեղմացվեցին նույն տարվա հուլիսի 13-ին ստորագրված Բեռլինի կոնգրեսի ժամանակ, ուրեմն՝ մեր պատմության մեջ «Սան-Ստեֆանո» անվամբ որևէ դաշնագիր չի եղել, չի գործադրվել։ Կարող ենք բարբաջել, թե «Սան-Ստեֆանոն ընդամենը փաստաթուղթ է»։ Առանց այդ էլ մեր նորագույն պատմության վերաբերյալ տարիներ շարունակ աշխարհի չափ ստեր ենք փչում, հիմա էլ «Սևրը ոչ թե պայմանագիր է, այլ փաստաթուղթ» ասելով՝ գիտական աշխարհի քմծիծաղին ենք արժանանալու և մի քանի սերունդ հետո ծիծաղելի, խեղճ ու անկարող վիճակում ենք հայտնվելու մեր ապագա լուրջ պատմաբանների առաջ։
(Լուսանկարը՝ Մուրադ Բարդաքչըի)
Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ և սելջուկյան պատմության մասնագետ դոկտոր, պրոֆեսոր Ռեֆիք Թուրանը թող ներողամիտ լինի, սակայն պետության՝ պատմությունն ուսումնասիրող ամենանշանավոր հաստատությունը բացարձակապես իրավունք չունի նման անհեթեթություններով այդպիսի ամոթալի պիտակ կպցնել թուրք պատմագրությանը» (11)։
Փաստորեն Սևրի մղձավանջը շարունակում է հանգիստ չտալ թուրք պատմաբաններին և լրագրողներին։ Բայց և այնպես հատկանշական է, որ Սևրի թեման, հասկանալի պատճառներով, առանձնապես շատ չի արծարծվում թուրքալեզու մամուլում, իսկ անդրադարձների մեծ մասն էլ պարուրված են լինում կեղծ շեշտադրումներով։
Հետաքրքիր է, որ անցյալ տարի՝ 2019 թ․ օգոստոսին 10-ին, անգլիական հեղինակավոր “Independent” պարբերականի թուրքալեզու ծառայության կայքէջում թեմային է անդրադարձել թուրք լրագրող Մեհմեթ Մազլում Չելիքը, որի նպատակն առավելապես եղել է անգլախոս ընթերցողներին մոլորության մեջ գցելը։
Այսպես՝ թուրք հեղինակը «Դամաթ Ֆերիթ փաշայի մեղքերի օրագիրը Սևրի պայմանագրի տարելիցին» վերնագրով հոդվածում (12) նախ՝ անդրադառնում է այդ օրերին Օսմանյան պետության մեծ վեզիր Դամաթ Ֆերիթ փաշայի դեմ ծրագրված մահափորձին՝ շեշտելով, որ այն իրականում կազմակերպել էր հենց ինքը՝ Դամաթ Ֆերիթը, որպեսզի քիչ թե շատ թոթափի թուրք ժողովորդի շրջանում իր դեմ ուղղված բացասական տրամադրությունները, ապա՝ ներկայացնում, թե իբր անգլիացի մտավորականները ևս դեմ են արտահայտվել այդ դաշնագրին (13)։
Այսպիսով՝ վերջին տարիներին թուրքական պաշտոնական պատմագրությունը փորձել է նոր մոտեցումներ մշակել՝ Սևրի պայմանագիրը թուրք հասարակությանը ներկայացնելու ուղղությամբ։ Սակայն այս պայմանագիրը միայն որպես փաստաթուղթ, բայց ոչ՝ «պայմանագիր» ներկայացնելու անհեթեթ առաջարկը քննադատության է արժանացել մի շարք թուրք պատմաբանների կողմից։
Թեև թուրքական լրատվամիջոցները փորձում են հնարավորինս հազվադեպ անդրադառնալ իրենց համար անհաճո այս թեմային, այնուամենայնիվ Սևրի «ուրվականը» շարունակում է հետապնդել թուրք քաղաքական գործիչներին և մտավորականներին։
Ծանոթագրություններ
- Սևրի սինդրոմի մասին ավելի մանրամասն տես՝ Լևոն Հովսեփյան, Սևրի սինդրոմ: Սևրի սինդրոմի դրսևորումները Թուրքիայի հասարակական-քաղաքական քննարկումներում, Երևան, 2012։ Հրատարակվել է նաև այս մենագրության անգլերեն տարբերակը՝ Levon Hovsepyan, The Fears of Turkey: The Sèvres Syndrome․ Manifestations of the “Sèvres Syndrome” in Turkey’s Socio-Political Discourse, Yerevan, 2012.
2.https://www.milliyet.com.tr/gundem/son-dakika-ttkdan-sevr-hamlesi-antlasma-degil-belge-2721674 (Վերջին դիտում՝ 17․07․2020)։
- Նույն տեղում։
- Նույն տեղում։
- Ahmet Anapalı, Sevr Antlaşması İmzalandı Diyenler Cahildir “1”, Sevr Antlaşması İmzalandı Diyenler Cahildir “2”, Sevr Antlaşması İmzalandı Diyenler Cahildir “3”, www.haber7.com
- https://www.haber7.com/yazarlar/ahmet-anapali/2410633-sevr-antlasmasi-imzalandi-diyenler-cahildir-3, (Վերջին դիտում՝ 17․07․2020)։
- Նույն տեղում։
- Murat Bardakçı, İşte, ‘Yoktur’ dedikleri Sevr’in belgeleri!, https://www.haberturk.com/yazarlar/murat-bardakci/2099644-iste-yoktur-dedikleri-sevrin-belgeleri, (Վերջին դիտում՝ 17․07․2020)։
- Նույն տեղում։
- Նույն տեղում։
- Նույն տեղում։
- https://www.indyturk.com/node/60506/haber/sevr-antla%C5%9Fmas%C4%B1n%C4%B1n-y%C4%B1l-d%C3%B6n%C3%BCm%C3%BCnde-damat-ferit-pa%C5%9Fa%E2%80%99n%C4%B1n-g%C3%BCnah-defteri (Վերջին դիտում՝ 17․07․2020)։
- Նույն տեղում։
«Դրօշակ», թիվ 8 (1642), օգոստոս, 2020 թ
akunq.net/am/?p=71992