Թուրքիան ձգտում է լարվածությունը պահել հարավկովկասյան ուղղությամբ՝ փորձելով դիմակայության մեջ ներքաշել Մոսկվային․ Կարեն Վերանյանը՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների նպատակների մասին
04 ՕԳՈՍՏՈՍ 2020 – Թուրքիայ – Ատրպէյճան – Նորութիւններ – Քաղաքականութիւն:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ Ադրբեջանում ու Թուրքիայում փորձում են ամեն կերպ այս օրերին անցկացվող համատեղ զորավարժությունները ներկայացնել որպես աննախադեպ միջոցառումներ, սակայն իրականում այդ զորավարժանքներում որևէ նախադեպային տարր չկար, նման ծավալի կամ խորության համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ առաջին անգամ չեն ընթանում։
«Դրանով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է տեղեկատվական-հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, ինչպես նաև վախի ու լարվածության մթնոլորտ ստեղծել մեր հանրության շրջանում»,- ասում է նա:
–Պարոն Վերանյան, այս օրերին հայ-ադրբեջանական սահմանում տեղի են ունենում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որոնք հաջորդում են Տավուշի սահմանին հուլիսյան լարվածությանը: Դատելով այս օրերին իրականացվող զորավարժությունների բնույթից և երկու երկրների հռետորիկայից՝ ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում:
– Նախ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում ու Թուրքիայում փորձում են ամեն կերպ այդ համատեղ զորավարժությունները ներկայացնել որպես աննախադեպ միջոցառումներ, սակայն իրականում այդ զորավարժանքներում որևէ նախադեպային տարր չկար, նման ծավալի կամ խորության համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ առաջին անգամ չեն ընթանում։ Դրանով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է տեղեկատվական-հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, ինչպես նաև վախի ու լարվածության մթնոլորտ ստեղծել մեր հանրության շրջանում։
Քարոզչական հնարքներից մեկն այն տեսանյութի հրապարակումն էր, որտեղ թուրքական ռազմական տեխնիկան մուտք էր գործում Նախիջևան։ Այդ տեսանյութը շատ արագ սկսեց տարածվել մեր մեդիա տիրույթում ու սոցցանցերում՝ «Թուրքիան մտնում է Նախիջևան», «Թուրքիան հարձակվելու է Հայաստանի վրա» և այլ նման անհիմն խորագրերով հրապարակումներով։ Կցանկանայի նշել, որ մեր հանրությունը նման իրավիճակներում չպետք է առաջնորդվի զգացմունքայնությամբ և դառնա հակառակորդի ապատեղեկատվության զոհը։
Նշեմ, որ թուրքական արտադրության ռազմական տեխնիկա ու սպառազինություն տարիներ շարունակ մատակարարվում է Նախիջևան։ Գաղտնիք չէ, որ դրանց զգալի մասը հարձակողական բնույթի է, այս ամենը նորություն չէ մեզ համար․ հայկական կողմը ոչ միայն հետևում է Նախիջևանի ռազմականացման գործընթացին, այլև անհրաժեշտ պրագմատիկ քայլեր ձեռնարկում այդ մարտահրավերների զսպման, հակազդման ու չեզոքացման ուղղությամբ։
Անհրաժեշտ է նկատել, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններով Անկարան և Բաքուն հետապնդում են մի քանի նպատակ՝ միասին վերցրած ու առանձնացված շահերով։ Առաջին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բացահայտ տապալելով ռազմական գործողությունները, փորձում է «հաջողության» կամ «հաղթանակի» իմիտացիա ստեղծել, որպեսզի կարողանա արդարանալու հիմքեր ունենալ իր հանրության առաջ՝ հուլիսյան ռազմական գործողությունների տապալման համար։ Երկրորդ՝ հաջորդելով հուլիսյան լարվածության ընթացքում տեղի ունեցած հայ-ռուսական զորավարժանքներին՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները միտված են ցույց տալ Թուրքիայի պատասխան քայլը։ Առհասարակ, հուլիսյան ռազմական գործողությունները շատ ավելի խորքային էին, քան զուտ հայ-ադրբեջանական դիմակայությունը։
Այն ներառում էր տարածաշրջանային շահեր, մասնավորապես Թուրքիա-Ռուսաստան շահերի դիմակայությունը։ Երրորդ՝ Թուրքիան ձգտում է լարվածությունը պահել հարավկովկասյան ուղղությամբ՝ փորձեր կատարելով դիմակայության մեջ ներքաշել Մոսկվային։ Չորրորդ, Թուրքիան Ադրբեջանին աջակցելու՝ իր հնչեցրած հայտարարություններին հավատարիմ մնալու պատրվակով կարող է փորձել Ադրբեջանին հրահրել հերթական արկածախնդրության, ինչի հետևանքով Բաքվի անհաջողությունները կթուլացնեն երկրի ռազմաքաղաքական ղեկավարության դիրքերը երկրի ներսում․ սա շահավետ է Անկարայի համար, քանի որ նման պարագայում Ադրբեջանը դառնում է առավել վերահսկելի Թուրքիայի համար։
–Շատ վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիան հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օրերին աննախադեպ ակտիվություն դրսևորեց, Հայաստանի դեմ սպառնալիքները հնչում էին տարբեր պաշտոնյաների շուրթերից: Ի՞նչ եք կարծում` դրանք միայն հռետորաբանությա՞ն մակարդակում էին, թե՞ այնուամենայնիվ պատեհ առիթով կարող են վերածվել գործողությունների: Ի՞նչ սպասի Հայաստանը:
-Հուլիսյան ռազմական գործողությունների ընթացքում էլ առիթներ եղել են նշելու, որ Թուրքիան հիմքեր չունի Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու․ չկան ինչպես դրա ներքին, այնպես էլ արտաքին՝ տարածաշրջանային նախադրյալները։ Չեմ կարծում, որ Անկարան, հանուն Ադրբեջանի ու վերջինիս շահերի, ցանկություն ունենա ներքաշվել հերթական տարածաշրջանային միջնորդավորված պատերազմում, այն էլ՝ Ռուսաստանի ազգային շահերի համար կենսական նշանակություն ունեցող հետխորհրդային տարածքում և այն էլ՝ փխրուն կայունությամբ ու ռիսկային տարածաշրջանում։
Կարծում եմ` Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հակահայկական ագրեսիվ հայտարարություններն առաջին հերթին ուղղված էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը և անձամբ Ալիևին՝ Անկարայի համերաշխությունն Ադրբեջանին հայտնելու նպատակով։
Մյուս կողմից, չեմ բացառում, որ Անկարան նման հայտարարություններով ձգտում է սիրաշահել Ալիևին ու դրդել նրան հերթական արկածախնդրության՝ Ադրբեջանի ներքաղաքական, ռազմաքաղաքական ու հանրային ուղղություններով իր դիրքերն ամրապնդելու համար։
Ուստի, ոչ միայն սխալ է կարծել, որ Անկարայի ու Բաքվի շահերը ամբողջությամբ համընկնում են, այլև որոշ դեպքերում Թուրքիան ձգտում է դուրս գալ Հայաստանի կամ արցախյան ուղղությամբ գործընթացներում Ադրբեջանի նկատմամբ իր մեծ եղբոր ստանձնած պարտավորվածության ճնշող սահմաններից։
Այսինքն, խորքային անկայունության կամ ավելի լայն ռազմական գործողությունների չպետք է սպասել ոչ Բաքվի, և ոչ էլ առավելևս Անկարայի անուղղակի մասնակցությամբ։ Թուրքիան ավելի շուտ շարժվում է այն տրամաբանությամբ, որ սպառնալիք հնչեցնելն ավելի արդյունավետ է, քան բուն սպառնալիքի գործադրումը։
–Ի պատասխան Թուրքիայի ակտիվության՝ Հայաստանն այս ընթացքում պարբերաբար հանդես է գալիս քննադատություններով: Արդյոք միայն քննադատությունները բավարար են և համոզիչ արտաքին աշխարհի համար՝ Հայաստանին այս հարցում օժանդակելու գործընթացում:
-Այնքան էլ համամիտ չեմ այդ ձևակերպման հետ, թե հայկական կողմը հանդես է գալիս Թուրքիային հասցեագրված քննադատություններով։ Իրականում այս օրերին հայկական կողմը մեծ ծավալի քաղաքական, դիվանագիտական, իրավական ու տեղեկատվական աշխատանքներ է իրականացնում, որոնք միջազգային հանրությանը ցույց են տալիս Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշումն ու քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
Այդ աշխատանքներում հստակ ուրվագծվում է այն իրողությունը, որ Թուրքիան սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։ Ձեր ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայտարարությունների հնչեցումն առհասարակ ինքնանպատակ չէ․ հայտարարությունների հնչեցմանը նախորդում ու հաջորդում են համապատասխան գործողություններ ու գործընթացներ, որոնց բովանդակությունն ու խորքայնությունն արդեն ամփոփվում է հայտարարության տեսքով։
Եւ Թուրքիայի զսպման, հակազդման՝ հայկական կողմի քայլերը real politics-ում ամենևին էլ չեն սահմանափակվում մեր տարածաշրջանով, այլ ուղղակի կամ անուղղակի ընդգրկում են համագործակցային երկկողմանի ու բազմակողմանի ձևաչափեր՝ աշխարհագրորեն ընդգրկելով Մերձավոր Արևելքը, Արևելյան Միջերկրածովն ընդհուպ մինչև Հյուսիսային Աֆրիկա և այլն։ Կարծում եմ`հայկական կողմի արտաքին արձագանքման գործողություններն արդյունավետ են, օպերատիվ, նախահարձակ ու թիրախային։
–Շատերը ակնարկում են, որ թուրքական ազդեցության մեծացումը Հարավային Կովկասում հարված է Ռուսաստանին և Իրանին: Այս երկրները, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր կարող են խաղալ տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ ձգտումները զսպելու համար, և արդյոք անհրաժեշտության պարագայում ժամանակ և ռեսուրս կծախսե՞ն դրա համար:
-Առհասարակ, Էրդողանի նեոօսմանյան հավակնությունները լրջորեն մտահոգում են աշխարհի տարբեր ազդեցիկ խաղացողներին, դրանք չեն կարող չմտահոգել նաև Թեհրանին ու Մոսկվային․ առավելևս, երբ խոսքը գնում է հարավկովկասյան տարածաշրջանի մասին, որը գտնվում է Ռուսաստանի ու Իրանի անմիջական շահերի ազդեցության գոտում։ Հուլիսյան լարվածության ընթացքում Թուրքիայի ապակառուցողական գործելաոճը նույնպես գտնվում է Ռուսաստանի ու Իրանի ուշադրության կենտրոնում, և կողմերից որևէ մեկը չի պատրաստվում զիջել իր դիրքերը տարածաշրջանում՝ ի հաշիվ Անկարայի։
Ռուսաստանն արդեն հստակորեն ցույց տվեց տարածաշրջանի կարևորությունը՝ հայկական կողմի հետ անցկացնելով խոշոր զորավարժություններ։ Թեհրանը թեև սահմանափակվեց հավասարակշռված հայտարարություններով, սակայն real politics-ում հստակ է դիրքավորվում տարածաշրջանում Թուրքիա-Ռուսաստան-Իրան շահերի առանցքում։ Կցանկանայի նշել, որ մեր տարածաշրջանում շահերի միջև ձևավորված ուժային հավասարակշռությունը, և այդ հավասարակշռության ստատուս քվոն շարունակում է պահպանվել, և չկան նախադրյալներ, որոնք կարող են խախտել այդ փխրուն հավասարակշռությունը։
–Այս օրերին նաև խոսք է գնում այն մասին, որ Հայաստանը կարող է միանալ կամ համագործակցել հակաթուրքական դաշինքների հետ: Նշվում է, որ հաջողված է Հայաստան-Հունաստան-Կիպրոս հակաթուրքական դաշինքը: Դուք ինչպե՞ս եք գնահատում այն, որքանո՞վ է հնարավոր Հայաստանի՝ այլ դաշինքների հետ համագործակցելը: Դա ի՞նչ արդյունք կարող է տալ:
-Բազմիցս խոսվել է այն մասին, որ Թուրքիայի ապակայունացնող նկրտումները լրջորեն մտահոգում են տարածաշրջանի հիմնական խաղացողներին։ Անկարայի հավակնությունները զսպելու նպատակով ձևավորվում են նոր դաշինքներ կամ առանցքներ։ Մասնավորապես՝ շատ է խոսվել Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմավարական դաշինքի մասին, որը ԱՄՆ քաղաքական հովանու ներքո է, և անվանում են հակաթուրքական դաշինք։
Վերջերս տարածաշրջանային խոշոր խաղացողներից մեկը՝ Եգիպտոսը նույնպես հանդես եկավ հակաթուրքական դաշինք ձևավորելու անհրաժեշտության ու պատրաստակամության մասին հայտարարությամբ։ Հակաթուրքական տարբեր ճամբարներում ու գործընթացներում ակտիվ գործունեություն է իրականացնում տարածաշրջանում մեկ այլ ազդեցիկ պետություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։
Հայաստանն իր հերթին արդյունավետությամբ զարգացնում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ դաշինքը։ Նկատենք, որ Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի Եգիպտոսի հետ, Հունաստանն ու Կիպրոսը Հայաստանի բնական դաշնակիցներն են, վերջին շրջանում արդյունավետություն է նկատվում նաև հայ-իսրայելական հարաբերություններում։
Ասել է թե, Հայաստանը կարող է և թերևս արդեն քայլեր կատարում է հակաթուրքական նշված դաշինքների ու գործընթացների միջև երկխոսության ու համագործակցության, կոորդինացման հարթակ ստեղծելու ուղղությամբ։
Այս կարևոր նախաձեռնողականությունը կընդլայնի Հայաստանի ներգրավվածությունը տարբեր գործընթացներում, ինչն իր հերթին սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի տարածաշրջանային կշռի, հեղինակության բարձրացման ու դիրքերի ամրապնդման համար։
Հռիփսիմե Հովհաննիսյան
tert.am/am/news/2020/08/03/Veranyan/3360850