«Նշել, թե 2500-ամյա պետականություն ունենք, նշանակում է՝ տուրք տալ հայերի եկվորության կեղծ տեսությանը, որն այսօր միայն թուրք-ադրբեջանական և պրոթուրքական ուժերն են թմբկահարում». Արտակ Մովսիսյան
Օգոստոս 6 2020 – Խորագիր – Քաղաքականություն – ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ:
Երեկ ilur.am-ը տարածել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարճ անդրադարձը կրթական չափորոշիչների շուրջ ընթացող բանավեճի վերաբերյալ, մասնավորապես՝ պատմագիտության հետ կապված, որում նշում է.
«Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։ Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի և Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով, ըստ էության, մենք հավասարվում ենք Ադրբեջանի և Թուրքիայի պատմագիտությանը։
Եթե թուրքերն ու ադրբեջանցիները պատմությունը կեղծում են, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է կեղծիքների դիմենք։
Չեմ ուզում ավելի խիստ բառեր օգտագործել, բայց սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն, ամենևին ոչ վայել հիրավի փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդի՝ հազվագյուտ ազգերից մեկի համար, որ պետություն է ունեցել ավելի քան 2500 տարի առաջ և այսօր էլ պետություն ունի»:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանն այս առնչությամբ մի քանի կարևոր դիտարկում արեց.
«Լևոն Տեր-Պետրոսյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, հին գրականության մասնագետ, և շատ լավ կլիներ, որ խոսեր, ձայն բարձրացներ, երբ գրականության ծրագրից փորձում էին հանել ամբողջ հայ հին գրականությունը՝ Խորենացի, Նարեկացի և այլն: Շատ լավ կլիներ, որ մարդն իր մասնագիտության շրջանակում կարծիք հայտներ: Երկրորդ՝ կուզենայի իրեն և մեր ամբողջ ժողովրդին հիշեցնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այն նույն անձն է, ով հայտարարում էր՝ պատմությունը կեղծ գիտություն է, ազգային գաղափարախոսությունը՝ կեղծ կատեգորիա: Իր խոսքի մեջ «հայդատական պատմագիտություն» ձևակերպումը ես չէի ուզենա քննարկել, որովհետև քաղաքական ոլորտի հայտարարություն է և կապ չունի գիտության հետ»:
1992 թվին լույս է տեսել Արտակ Մովսիսյանի «Հնագույն պետությունը Հայաստանում․ Արատտա» աշխատությունը, որում գիտականորեն ապացուցվում է դեռևս Ք․ա․ 28-27-րդ դարերում Հայաստանում ստեղծված հնագույն պետության փաստը, և ոչ թե ավելի քան 2500 տարվա, այլ՝ շուրջ 5000: Ավելին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ-1993» մրցույթում այս գործը ճանաչվել է հաղթող՝ որպես լավագույն պատմագիտական աշխատանք, երբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր (որն իր ձեռքով էլ հանձնեց մրցանակը), ով գտնում է, որ պետություն ունեցել ենք ավելի քան 2500 տարի առաջ:
«Ինչ վերաբերում է մեր պատմությանը՝ 2500 թե 5000, դա այնքան հայտնի բան է, որ քննարկելու իմաստ չեմ տեսնում: Մի բան պարզապես կուզենայի շեշտել. Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է մեր մեծերին՝ Նիկողայոս Ադոնց, Հակոբ Մանանդյան, Սուրեն Երեմյան և Գագիկ Սարգսյան: Ցանկանում եմ հիշեցնել, որ «Հնագույն պետությունը Հայաստանում․ Արատտա» գիրքը, որն իմ ուսանող տարիներին է գրվել և հրատարակվել, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ-1993» մրցույթում ճանաչվել հաղթող՝ որպես լավագույն պատմագիտական աշխատանք։ Այդ գրքի մասին կարծիք է հայտնել մի մեծ հանձնաժողով՝ այն ժամանակվա հայտնի պատմաբաններից բաղկացած, որոնցից մեկը հենց Գագիկ Սարգսյանն էր, մյուսները՝ Վլադիմիր Բարխուդարյանը, Լենդրուշ Խուրշուդյանը, Բաբկեն Հարությունյանը և ուրիշներ:
Այդ հանձնաժողովն է եզրակացություն ներկայացրել գրքի գիտական արժանիքների մասին, ինչը, կարծում եմ, բավականին լուրջ գնահատական էր։ Դրանից տարիներ հետո Արատտան՝ որպես Հայաստանի մինչ օրս հայտնի առաջին պետական կազմավորում, մտավ բուհական և դպրոցական դասագրքեր:
Եվ այսօր նշել, թե 2500-ամյա պետականություն ունենք, դա նշանակում է՝ մեր պետականությունը սկսել Երվանդունիներից և համարել, որ ոչ Ուրարտուն է հայկական, ոչ էլ դրանից առաջ հայկական պետականություն կար Հայկական լեռնաշխարհում, ասենք, օրինակ՝ Ք․ա․ 15-13-րդ դարերում հիշատակվող Հայասան կապ չունի հայերի հետ, կամ Ք․ա․ 24-23-րդ դարերի Արմանին՝ Արմենիայի։ Իսկ դա նշանակում է՝ տուրք տալ հայերի եկվորության կեղծ տեսությանը, որն այսօր միայն թուրք-ադրբեջանական և պրոթուրքական ուժերն են թմբկահարում»,- մեր հիշեցմանն ի պատասխան՝ ընդգծեց Արտակ Մովսիսյանը:
168.am/2020/08/06/1347321.html?