Շահան Գանտահարյան – Ժամանակավոր տարհանման գործողությունները պետք է տարբերակել մեծ հայրենադարձության օրակարգից

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյան

Շահան Գանտահարյան – Ժամանակավոր տարհանման գործողությունները պետք է տարբերակել մեծ հայրենադարձության օրակարգից

08.08.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:

Մեր զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը

Այս պահին լիբնանահայերն ի՞նչ պասելիքներ ու սպասումներ ունեն Հայաստանից, ավելի շատ մտածում են Հայաստան տեղափոխվելու մասի՞ն, թե՞ ուզում են աջակցություն ստանան և շարունակեն մնալ Լիբանանում:

Բնական է, որ յուրաքանչյուր ճգնաժամից հետո արտահոսքի միտումներ տեսանելի կլինեն: Իհարկե, մինչև պայթյունն էլ արդեն որոշակի Հայաստան տեղափոխվելու նախադրյալներ ու միտումներ կային, բայց հայրենադարձություն հասկացությունը միայն մշտական տեղափոխվելով չէ: Կոնցեպտուալ առումով նաև տարբեր սահմանումներ կան՝ մարդկանց տեղափոխումը կամ միաժամանակ այս գլոբալ աշխարհում մի քանի հասցե ունենալը:

Որոշ ցուցիչներ կան այս ուղղությամբ՝ երկքաղաքացիության դիմումների կտրուկ աճ, հայրենիքում նոր բնակարաններ, նոր տարածքներ վերցնել, Հայաստանում բարձրագույն ուսում ստանալու ցանկություն ունեցողների աճ: Ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը հավաքական առումով հայտնվել է Լիբանանի հայ համայնքի կիզակետում: Իհարկե, և գործազրկությունը, և տնտեսական ճգնաժամը Լիբանանում հավելյալ թափ են հաղորդում այդ միտումների զարգացմանը:

Իսկ նման վտանգավոր պայմաններում ժամանակավոր տարհանման գործողությունները պետք է տարբերակել մեծ հայրենադարձության օրակարգից, որը տարբեր երկրներ իրականացնում են երկարաժամկետ կտրվածքով:

Ի վերջո, կա նաև երրորդ միջազգային պրակտիկան, որ երբ աղետի գոտի են հայտարարում, դրան հետևում է հումանիտր, մարդասիրական միջազգային օժանդակությունը, հետևում են նաև որոշ երկրների միգրացիոն քաղաքականության փոփոխություններ, որտեղ ընդունում են տվյալ երկրից եկողներին, կեցության վայրեր են տրամադրում, նաև քաղաքացիություն ստանալու ընթացակարգում իրավական առումով դյուրություններ են ստեղծում:

Այս երրորդ ուղղությունն, իհարկե, տեսանելի չէ մեր դեպքում, չնայած եթե միջազգային ընտանիքի համապատասխան բաժանմունքների հետ աշխատեն, գուցե դա ևս լինի:

Բայց սա միայն հայերին չի վերաբերում, ես խոսում եմ երկարաժամկետ դրվածքով միջազգային պրակտիկայի մասին: Այսինքն ուզում եմ ասել, որ խնդիրը բազմաշերտ է՝ տարհանման ժամանակավոր գործողություններ, հայրենադարձության առումով համեմատաբար ավելի երկարատև ռազմավարական ծրագիր, և միջազգային պրակտիկան նկատի ունենալով՝ ընդհանրապես միգրացիոն քաղաքականություն:

Հիմա ակնկալիքը հումանիտար աշխատանքներն են, և այստեղ քաղաքական նոր դիտարկում կարելի է անել այն առումով, որ այն երկրները, որոնք քաղաքական դրդապատճառներով տնտեսապես և ֆինանսապես երկիրը պաշարել ու մեկուսացրել էին, հիմա այդ նույն երկրները հերթագրվում են գալու և աջակցություն ցուցաբերելու:

Սա քաղաքական մեկնաբանությամբ ընկալվում է իբրև պաշարման օղակները թուլացնելու որոշակի քաղաքական ակտեր՝ մարդասիրության տեսքով, բայց նաև Լիբանանը կարող է փուլ առ փուլ ապամեկուսացվել: Չնայած այստեղ տարբեր աշխարհաքաղաքական գործընթացներ են. օրինակ, գիտեք, որ հիմա համաշխարհային տնտեսական պատերազմ է, որի բևեռներն են Ամերիկան ու Չինաստանը:

Առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ը պաշտոնական Թեհրանին հրավիրում է հանդիպման, վերջինս չի զիջում, չի գնում՝ քաջ գիտակցելով, որ հիմնական նպատակներից մեկը Չինաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական առանցքը թուլացնելն է: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ ևս հայտարարություններով հանդես է եկել պաշտոնական Վաշինգտոնը:

Ուզում եմ ասել, որ այս բոլորի մեջ փոխկապակցված նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրներ են, որտեղ գլխավոր խաղացողները տեղ-տեղ շահերով բախվում են, բայց որոշ տեղերում այդ շահերը համընկնում են:

Հայաստանի Սփյուռքի հարցերով հանձնակատարն է ժամանել Լիբանան՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին: Այս պահին քանի՞ լիբանանահայ է պատրաստ տեղափոխվել ու հաստատվել Հայաստանում, և ինչ են նրանք ակնկալում ՀՀ վերադառնալու դեպքում:

Սփյուռքի հանձնակատարի այցելությունը փաստահավաք առաքելություն ունի: Մարդասիրական կարճաժամկետ գործողությունների համար տեղեկություններ են հավաքվելու: Ընդհանուր առմամբ հումանիտար բնույթի երեք թռիչք է իրականացվելու, որոնցով հիմնականում առողջապահական ոլորտին առնչվող սարքավորումներ են բերելու:

Բայց նաև ուզում են իմանալ հայ համայնքի կարիքները: Փաստորեն պետությունը համակարգում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով աջակցությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն հաշիվ է բացել և ընդունում է նվիրատվություններ:

Մինչ այս պայթյունը արդեն իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը օժանդակություն հատկացրեց հատկապես կրթության ոլորտին, Լիբանանում գործող հայկական վարժարաններին: Ինչ վերաբերում է Հայաստան տեղափոխվելուն, առ այս պահը Հայաստան մեկնելու հնարավորությունը սահմանափակ է: Այսինքն Հայաստան կարող են գնալ միայն ՀՀ քաղաքացիություն ունեցողները և կեցության հատուկ կարգավիճակ ունեցողները:

Երրորդ կատեգորիան այն է, որ եթե անմիջական ընտանեկան ազգակցական կապ կա՝ ծնող-զավակ, եթե օրինակ զավակը չունի ՀՀ քաղաքացիություն, բայց ծնողն ունի, զավակը կարող է ընկերակցել ծնողին կամ հակառակը: Կարծում եմ, որ օգոստոսից հետո կվերանան նաև այդ սահմանափակումները, և լիբանանահայերին ընդհանրապես կթույլատրվի մեկնել Հայաստան առանց նման պայմաններ առաջադրելու:

Այս պահին հայերից քանիսն են բուժում ստանում հիվանդանոցներում:

Ընդհանուր առմամբ, մենք ունենք մոտավորապես 250 հայ վիրավոր, բայց վիճակագրական տվյալներ չունեմ, թե նրանցից քանիսն են ծանր վիճակում, քանիսի կյանքին է վտանգ սպառնում: Բայց այս օրերին նկատելի է, որ վիրավորների շոշափելի մասը բուժում է ստացել և վերադարձել տուն: Ասեմ նաև, որ գերծանրաբեռնված իրավիճակ է հիվանդանոցներում, դրա համար հայկական թաղամասերում գործող դարմանատները հիվանդանոցային գործառույթներ են իրականացնում՝ ընդունելով հայ վիրավորներին և համապատասխան հիվանդանոցային բուժում ապահովելով:

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյան

lragir.am/2020/08/08/570305/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail