Ադրբեջանի զինվորականները գաղտնի Թուրքիային են փոխանցել իսրայելական հրթիռներ
08 ՕԳՈՍՏՈՍ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ԱՇԽԱՐՀԸ:
Չնայած պաշտոնական Անկարան տարբեր առիթներով հայտարարում է, որ հավատարիմ է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին եւ պատրաստ է մինչեւ վերջ Ադրբեջանի կողքին կանգնել, իրականում դիտարկում է Ադրբեջանը որպես սեփական աշխարհքաղաքական նպատակների իրականացման գործիք։
Մասնավորապես, ըստ Թուրքիայի մեր աղբյուրի, վերջերս Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրում հայտնվել են իսրայելական արտադրության հրթիռներ, որոնք մանրամասն ուսումնասիրում են մասնագետները, ինչը հեռու գնացող նպատակներ է հետապնդում։ Պետք է նշել, որ այդ առթիվ մի շարք ադրբեջանցի պատշոնյաներ մտահոգություն են հայտնել, որ դա կարող է հարուցել իսրայելական կողմի դժգոհությունը, որի հետեւանքով կդադարեցվի Ադրբեջանին գերճշգրիտ սպառազինության վաճառքը։
Վերջիններս նշել են, որ դեռ չեն կարողացել իսրայելական կողմին փաստարկված բացատրություններ ներկայացնել, թե ինչպես է Հայաստանի Տավուշի մարզում խփվել անխոցելի համարվող Հերմես-900 անօդաչու սարքը, եւ այդ ֆոնին Թուրքիային նշված հրթիռների տրամադրումն ավելի կխորացնի իսրայելական կողմի դժգոհությունն ու կասկածներն Ադրբեջանի նկատմամբ։ Խնդիրն այն է, որ գոյություն ունի զենքի «վերջնական օգտագործման արտոնագիր», որի համաձայն՝ գնորդ պետությունն իրավունք չունի այն վաճառել կամ փոխանցել երրորդ պետության։
Այսպիսով, կարելի է հաստատել, որ իսրայելական արտադրության հրթիռները Թուրքիային են փոխանցել Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականները, ընդ որում, շատ հնարավոր է, որ գործարքը կյանքի է կոչվել ադրբեջանցի զինվորականների՝ վերջերս Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Դատելով ադրբեջանական վերնախավի որոշ ներկայացուցիչների բողոքից՝ գործարքն իրականացվել է՝ շրջանցելով երկրի քաղաքական ղեկավարությանը։ Այս համատեքստում, հաշվի առնելով Ալիեւի ու նրա մերձավորների լռությունը, կարելի է ենթադրել, որ վերջիններս գոնե այժմ զերծ են մնում գործարքն իրականացրած ադրբեջանցի զինվորականներին պատժելուց՝ վախենալով հնարավոր անհնազանդությունից եւ դրանից բխող հետեւանքներից։
Ինչ վերաբերում է Անկարայի գործողություններին, հայտնի է, որ այդ երկիրը լարված հարաբերություններ ունի Թել Ավիվի հետ։ Հետեւաբար, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, օգտվելով Տավուշի իրադարձությունների պատճառով Ադրբեջանում ստեղծված բարդ ներքաղաքական վիճակից, փորձում է Բաքվից ստանալ իրեն հետաքրքրող իսրայելական սպառազինությունը, ուսումնասիրել դրանք եւ սկսել դրանց անալոգների արտադրությունը։
Դա կարող է լուրջ վնաս հասցնել զենքի միջազգային շուկայում Իսրայելի դիրքերին։ Բացի այդ, հաշվի առնելով Ադրբեջանի գնողունակությունը, թուրքական կողմը փորձում է Բաքուն դարձնել իր մշտական հաճախորդը՝ կտրելով նրան Իսրայելի ու այլ երկրների սպառազինության շուկաներից։
lragir.am/2020/08/08/570256/