Եթե Սևրն իրավական ուժ չունի, ապա ի՞նչ փաստաթղթի հիմքով ենք ճանաչում Մեծ Մերձավոր Արևելքի պետությունների ներկայիս սահմանները. Գ. Դանիելյան

Եթե Սևրն իրավական ուժ չունի, ապա ի՞նչ փաստաթղթի հիմքով ենք ճանաչում Մեծ Մերձավոր Արևելքի պետությունների ներկայիս սահմանները. Գ. Դանիելյան

12 ՕԳՈՍՏՈՍ 2020 – ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔԸ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ –ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

Այս օրերին իմ կողմից հիրավի ընդունված պատմաբաններ և իրավագետներ, ընդգծելով, որ պետք է ազնիվ լինել և խոստովանել, որ Սևրի պայմանագիրը իրավական ուժ չունի, քանի որ չի վավերացվել, իսկ 1-ին Հանրապետությունն էլ այն մերժել է, հանգել են այն եզրակացության, որ իրատեսական չէ այդ պայմանագրի վրա որևէ հղում անելը։

Հարգելիներս, ավագի իրավունքով մի մեծ խնդրանք ունեմ. որևէ մեկը չի կասկածում ձեր ազնվության վրա, բայց զերծ մնացեք իմպերատիվ գնահատականներից, մի փոքր վերապահում արեք, օրինակ՝ «կարծում ենք»։

Ինքս կարծում եմ, որ Սևրի պայմանագիրը, որով Հայաստանը պետք է ունենար 160 հազար քառ. կմ, ինչը պայմանականորեն կոչվում էր «Փոքր Հայաստան», ունի իրավական ուժ, իսկ վավերացումը այս դեպքում որևէ իրավական բեռ չունի։ Հասկանում եմ, որ այս պայմանագիրը վիճահարույց է ընկալվում, քանի որ սահմանված կարգով չի վավերացվել, բայց չանտեսենք, որ պետությունների կամահայտնությամբ, նախ, այն գրեթե ամբողջությամբ կիրառվել է՝ բացառությամբ 6-րդ և 3-րդ բաժինների՝ համապատասխանաբար, Հայաստանի և Քրդստանի մասով։

Իսկապես, եթե մի պահ ընդունենք, որ այդ պայմանագիրն իրավական ուժ չունի, ապա առնվազն ի՞նչ փաստաթղթի հիմքով ենք ճանաչում Մեծ Մերձավոր Արևելքի պետությունների ներկայիս սահմանները, որոնք ուրվագծվել են հենց Սևրի պայմանագրին համաձայն։ Բացի այդ, ՄԻՆՉԵՎ ՀԻՇՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔԵԼԸ, իրավասու պետություններն արդեն իսկ, անկախ հետագա միջազգային իրավական հարաբերությունների կարգավորումից, Վուդրո Վիլսոնին (մասնագիտությամբ իրավագետ է եղել) լիազորել էին Իրավարար վճռով լուծելու Հայաստանի սահմանների հարցը, ինչն էլ արվել է (ստորագրվել է 1920 թ. նոյեմբերի 22)՝ Սևրի պայմանագիրը կնքելուց հետո (1920 թ. օգոստոսի 10-ին), ավելին՝ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ։

Այսպիսով, զուտ ժամանակագրական տեսանկյունից, Իրավարար վճիռը հաջորդում է Սևրի պայմանագրին, սակայն նախորդում է դրա կնքմանը և ունի ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ իրավական ակտի նշանակություն։

Մի հարց էլ՝ Իրավարար վճիռը դժվար է դիտարկել, որպես փոխհատուցման իրավական աղբյուր, դրանում անգամ ակնարկ չկա դրա մասին, փոխհատուցման հարցերին անդրադաձ է արված հենց Սևրի պայմանագրով։

Իսկ թե ինչու իրավարար վճիռը մնաց թղթի վրա, որովհետև արդեն չկար պահանջատեր երկիրը՝ Հայաստանը հեղափոխության արդյունքում արդեն դարձել էր բոլշևիկյան։ Այնպես որ, կարծում եմ, պետք է հանգիստ թողնենք 1-ին Հանրապետությանը, իրադարձությունների ժամանակագրությունը հստակ ցույց է տալիս, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ դա հնարավոր չէր։

Հ.գ. այս թեմային անդրադառնալիս միշտ հիշում եմ Պերճ Զեյթունցյանին. «Ուզում եք վրեժխնդիր լինել Թուրքիայից, կառուցեք հզոր Հայաստան»։ Այ սա է իրական չափորոշիչը…

www.yerkir.am/news/view/210229.html

akunq.net/am/?p=72115

Facebooktwitterredditpinterestlinkedinmail