ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Բաքուն ընդունեց կապիտուլյացիան. Ադրբեջանը դուրս մնաց քարտեզից
14.08.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
Թուրքիայի՝ Ադրբեջանի թիվ մեկ ռազմա-տեխնիկական գործընկեր լինելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը կապիտուլյացիա է: Չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո «մեկ ազգ-երկու պետություն» հայտարարված սկզբունքին, Ադրբեջանը ունեցել է ռազմա-տեխնիկական գործակցության մի կառուցվածք, որտեղ Թուրքիան չի եղել թիվ մեկը: Իսկ այդ հանգամանքը հատկանշական է նրանով, որ պատերազմի մեջ գտնվող, այն էլ «տարածքի վերադարձի» խնդիր հռչակած պետության համար ռազմա-տեխնիկական գործոնը առանցքային է: Այդպիսով, չնայած «մեկ ազգ-երկու պետություն» սկզբունքին, Թուրքիան առանցքային գործոնի առումով չի եղել Բաքվի թիվ մեկ գործընկերը:
Հնարավոր բացատրությունը, թե Թուրքիան նոր է ստանում մրցունակ ռազմարդյունաբերական հեռանկար, թույլ է, որովհետեւ բանը լոկ ռազմարդյունաբերությունը չէ: Առավել եւս, որ հայտարարությունը խորքային առումով քաղաքական է, քանի որ Ադրբեջանը ամենեւին չի պատրաստվում բանակի մինչ այդ եղած սպառազինությունը փոխարինել թուրքականով:
Պարզապես Բաքուն երբեք չի ունեցել ցանկություն ամբողջությամբ հայտնվել Թուրքիայի ներքո: Ավելին, Բաքվում եղել է բոլորովին այլ մտադրություն՝ «ավագ եղբորը» պահել բարոյական զսպանակների մեջ, որքան հնարավոր է օգուտ քաղել «կրտսեր եղբոր» կարգավիճակից: Իհարկե, համեմատությունը կթվա բավականին անհամարժեք-կենցաղային, բայց ինչպիսի՞ն է ընտանիքներում կրտսեր-ավագ հարաբերությունը: Կրտսերը գրեթե միշտ ստանում է բարոյական առավելություն:
Ադրբեջանը առաջնորդվել է այդ տրամաբանությամբ: Անկարան տեւական ժամանակ եղել է «ավագ եղբոր» բարոյական պարտքի տակ, ստիպված լինելով հոգ տանել Բաքվի մասին, թեեւ ոչ բոլոր ուղղություններում է, որ Թուրքիան ինքն ուներ դրա անհրաժեշտությունը: Բայց, Էրդողանական Թուրքիան վերելքի ճանապարհին էր եւ իրեն թույլ էր տալիս «շալակել» Ադրբեջանին: Ւսկ Բաքուն այդ ընթացքում փորձում էր նավթադոլարների շնորհիվ իր խաղերը կառուցել ռուսական, իրանական, Կասպիցի, Վրաստանի ուղղությամբ, Արեւմուտքի հետ:
Ներկայում Անկարան վերելքի վրա չէ, ունի թե տնտեսական, թե քաղաքական ներքին ու արտաքին լուրջ խնդիրներ: Ադրբեջանն այլեւս բեռ է, ըստ այդմ առաջանում է հարց՝ կամ Բաքուն ամբողջապես անցնում է թուրքական ենթակայության, կամ ունենում է առավել քան լուրջ խնդիրներ, որովհետեւ Բաքվի համար տնտեսա-քաղաքական վիճակը մեղմ ասած ավելի բարվոք չէ:
Տավուշում Հայաստանը փաստացի «նպաստեց» Բաքվի կապիտուլյացիային՝ ադրբեջանական սադրանքին ասիմետրիկ ուժգին պատասխանով ապահովելով հաղթանակ: Նկատի առնելով խնդիրների ողջ համալիրը, այդ թվում Ռուսաստանի ուղղությամբ, Բաքուն ստիպված էր ընդունել Թուրքիայի կապիտուլյացիայի առաջարկը: Այլ կերպ ասած, գործնականում ստեղծվել է մի վիճակ, երբ Ադրբեջանն այլեւս դե ֆակտո չկա քարտեզի վրա, այն Թուրքիան է: Ընդ որում, Անկարան փաստորեն կապիտուլյացիան ընդունելու էր մեկնել պաշտպանության նախարարի մակարդակով, անգամ ոչ Էրդողանի:
Հայկական բանակը Տավուշի գործողությամբ փաստացի ստեղծեց մի վիճակ, երբ իրերը սկսեցին կոչվել իրենց անունով: Միեւնույն ժամանակ, բավական բարդ վիճակ է նաեւ Թուրքիայի համար, որովհետեւ ստիպված լինելով դե ֆակտո կապիտուլյացիայի ենթարկել Բաքուն՝ այլապես Ադրբեջանի տրոհումը կարող էր սկսել ֆիզիկապես, Անկարան այդուհանդերձ ունի իրավասության էական խնդիրներ: Ըստ այդմ հավանական է, որ հաջորդիվ Անկարան Ալիեւի առաջ դնի դե յուրե իրավասությունների ձեռքբերման հարց:
lragir.am/2020/08/14/571841/