ՅՈՒՇԱՏԵՏՐ – Արթուր Ռոբերտի Սարգսեան (1968-2017) Հայկական Յեղափոխութեան անմոռանալի ՀԱՑ ԲԵՐՈՂը

Արթուր Ռոբերտի Սարգսեան (1968-2017) Հայկական Յեղափոխութեան անմոռանալի ՀԱՑ ԲԵՐՈՂը

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՅՈՒՇԱՏԵՏՐ – Արթուր Ռոբերտի Սարգսեան (1968-2017) Հայկական Յեղափոխութեան անմոռանալի ՀԱՑ ԲԵՐՈՂը

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՅՈՒՇԱՏԵՏՐ – ՆԱԽՈՐԴԸ:

ՄԵՐ ՈՒՂԻՆ

Յուշատետր

Արթուր Ռոբերտի Սարգսեան (1968-2017)․
Հայկական Յեղափոխութեան անմոռանալի ՀԱՑ ԲԵՐՈՂը

Ն․ Պէրպէրեան

09 ՕԳՈՍՏՈՍ 2020

Օգոստոս 9ի այս օրը, 52 տարի առաջ, Հայաստան Աշխարհը ծնունդ տուաւ Արթուր Սարգսեան անուն-ազգանունով մանչուկի մը, որ կոչուած էր արժանաւոր ժառանգորդ մը դառնալու Հայոց Սասմայ Ծռերուն՝ Հայկական Յեղափոխութեան անմոռանալի ՀԱՑ ԲԵՐՈՂը մարմնաւորելով եւ անոր ոգեշնչող ԱՒԱՆԴը կտակելով մեր սերունդներուն։

Հանրագիտական աղբիւրները քանի մը պարբերութենէ աւելի տեղեկութիւն չեն փոխանցեր Արթուր Սարգսեանի կենսագրութեան մասին։ Յատկանշական է, որ Արցախեան Ազատամարտի առաջին օրէն զինուորագրուած՝ ազատամարտիկի անոր ուղին յատկանշուեցաւ մարտի դիրքերու վրայ գտնուողներուն ՀԱՑ ԲԵՐՈՂի գործունէութեամբ։

2016ի Յուլիս 17ին տեղի ունեցաւ «Սասնայ Ծռեր» անունով զինեալ խմբաւորման ծանօթ գրաւման գործողութիւնը Երեւանի Էրեբունի թաղամասի Հ․Հ․ ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան (Պ․Պ․Ծ․) զօրանոցին վրայ։ Զօրանոցը գրաւած աւելի քան երեսուն զինեալ մարտիկներուն Յուլիս 26ին միացաւ, սեփական ինքնաշարժով զօրանոցը շրջապատած ոստիկանական շղթան հատելով, Արթուր Սարգսեան՝ հաց հասցնելով զօրանոցը գրաւած պաշարեալներուն։

Իբրեւ այդպիսին՝ իբրեւ Հայաստանի ժողովուրդը կեղեքող բռնիշխան վարչախումբին դէմ ըմբոստացած յեղափոխականներուն ՀԱՑ ԲԵՐՈՂ գաղափարի մարտիկ, Արթուր Սարգսեան իր ուրոյն տեղը գտաւ մեր ժողովուրդի յուշատետրին մէջ։ Մանաւանդ որ զօրանոցի գրաւման հետեւած իր բանտարկութեան հետեւանքով՝ առողջական վիճակը արագօրէն վատթարացաւ եւ 16 Մարտ 2017ին վախճանեցաւ Հայկական Յեղափոխութեան մերօրեայ վերածնունդին ՀԱՑ ԲԵՐՈՂը։

*
* *

ՎԻՔԻՊԵԴԻԱ Ազատ Հանրագիտարանի տեղեկանքով՝
Արթուր Ռոբերտի Սարգսեան (առաւել յայտնի՝ որպէս Հաց բերողը, Օգոստոսի 9, 1968, Հայաստան – Մարտի 16, 2017, Երեւան, Հայաստան)․

Հայ ժող․ վարպետ, փայտի գեղարուեստական փորագրող, Արցախեան ազատամարտի մասնակից, Էրեբունու ոստիկանական զօրամասը գրաւած «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած անձ։

Արթուր Սարգսեանը սովորել է Երեւանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թուականին աւարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։

Զուգահեռաբար՝ սովորել է նոյն ինստիտուտի հասարակական մասնագիտութիւնների ֆակուլտետի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն աւարտել է 1989 թուականին:

2002 թուականին գերազանցութեամբ աւարտել է Երեւանի ֆինանսաբանկային համալսարանի իրաւագիտութեան ֆակուլտետը, 2007 թուականին՝ նոյն համալսարանի Ֆինանսներ եւ Վարկ բաժինը:

Արթուր Սարգսեանը մասնակցել է Արցախեան ազատամարտին։ Հրազէնային վիրաւորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ։

Զբաղուել է փայտի փորագրութեամբ։ 1996-2016 թուականներին իր ստեղծած աշխատանքները վաճառել է Վերնիսաժում։

Ա. Սարգսեանը, որպէս առաքելական եկեղեցու սարկաւագ, ծառայել է Երեւանի Քանաքեռի համայնքի «Սուրբ Յակոբ» եկեղեցում։

2016 թուականի Յուլիսի 26ին, առաւօտեան 07։00ի սահմաններում, Արթուր Սարգսեանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնէշը եւ սնունդ է հասցրել այն գրաւած եւ արդէն 10 օր այնտեղ գտնուող «Սասնայ Ծռերին»։

Նոյն օրը «Հիմնադիր Խորհրդարանը» (զինեալ խմբաւորման քաղաքական թեւը – Ն․Պ․) տարածեց «Սասնայ Ծռերի» յայտարարութիւնը․- «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրայ: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասուածք չի ստացել եւ բարեյաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։

2016 թուականի Յուլիսի 31ին «Սասնայ Ծռերի» կողմից զէնքը վայր դնելուց եւ իրաւապահներին յանձնուելուց հետո, Արթուր Սարգսեանը կալանաւորուեց եւ նրան մեղադրանք առաջադրուեց Հ․Հ․ քրէական օրէնսգրքի 218 յօդուածի 3րդ մասի 1ին կէտով (պատանդ վերցնելը) եւ 235 յօդուածի 3րդ մասով (ապօրինի զէնք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։

Օգոստոսի 5ին վերաորակաւորուեց Արթուր Սարգսեանի մեղադրանքը, եւ նա մեղադրուեց զինուած խմբի անդամներին օժանդակելու մէջ։

2016 թուականի Դեկտեմբերի 30ին Արթուր Սարգսեանը ազատուեց կալանքից։

2017 թուականի Փետրուարի 9ին կրկին ձերբակալուեց` Փետրուարի 3ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով։
Երկրորդ ձերբակալութեան առաջին օրուանից Արթուր Սարգսեանն անժամկէտ հացադուլ յայտարարեց, ինչի հետեւանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացաւ եւ, նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձաւ մահուան։

Արթուր Սարգսեանի երկրորդ ձերբակալութիւնից յետոյ Երեւանում տեղի ունեցան նրա ազատութեան պահանջով բողոքի մի շարք ցոյցեր եւ երթեր։

Փետրուարի 28ին, Հ․Հ․ գլխաւոր դատախազութիւնը ստացաւ Ազգային Ժողովի պատգամաւորների ստորագրութիւններով անձնական երաշխաւորագիր՝ Հաց բերող Արթուր Սարգսեանի խափանման միջոցը փոխելու վերաբերեալ։

Մարտի 6ին, գլխաւոր դատախազի որոշմամբ՝ Արթուր Սարգսեանն ազատ արձակուեց։

2017 թուականի Մարտի 15ին, ժամը 18:50ին, Արթուր Սարգսեանը օղակուած ճողուածքի կապակցութեամբ տեղափոխուել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը կատարուել էր անյետաձգելի վիրահատութիւն: Նրա մօտ առկայ էր աղիքային անանցանելիութիւն եւ տարածուն պերիտոնիտ։ Ըստ բժշկական հաստատութեան տարածած հաղորդագրութեան՝ կատարուել էր ռադիկալ վիրահատութիւն` ճողուածքահատում, ճողուածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա եւ աղիների շինաւորում։

Վաղ յետ-վիրահատական շրջանում Արթուրի մօտ զարգացել էր սուր սրտանօթային եւ թոքային անբաւարարութիւն, միացուել էր արհեստական շնչառութեան սարք։

Վերը նշուած հիւանդութիւնների մեծ մասը զարգացել կամ ձեռք էին բերուել անազատութեան մէջ գտնուելու ժամանակ՝ Հաց Բերող Արթուր Սարգսեանի աւելի քան 25 օր տեւած հացադուլի ընթացքում, որը վերջինս իրականացնում էր ի նշան Հ․Հ․ դատախազութեան կողմից իրեն առաջադրուած մեղադրանքների:

Ըստ տարածուած պաշտօնական տեղեկատուութեան՝ Արթուր Սարգսեանը յետ-վիրահատական բարդութեան հետեւանքով 2017 թուականի Մարտի 16ին ժամը 15:40ին՝ ազատութեան մէջ յատնուելու 10րդ օրը, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։

Արթուր Սարգսեանի մահուանից անմիջապէս յետոյ՝ հասարակական, քաղաքական տարբեր շրջանակների կողմից որպէս մահուան մեղաւոր նշուել է Հ․Հ․ նախկին Հանրապետական իշխանութիւնները՝ Հ․Հ․ նախկին նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ:

*
* *

ՀԱՑ ԲԵՐՈՂի յիշատակին նուիրուած է, ստորեւ արտատպուած, անոր յեղափոխական ընկերոջ՝ ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇԵԱՆի դամբանական սրտի խօսքը․

Սիրելի Արթուր,

Քաղաքականութիւնը շատ փոքր հասկացութիւն է քո վեհութեան դիմաց, իսկ դու մի հսկայ ես, որպէսզի համեմատուես քաղաքականութեան հետ:

Հետեւաբար, այսօր ոչ ոք իրաւունք չունի քեզ հողին, քո պաշտած հայրենի հողին յանձնելուց յետոյ քաղաքական խօսք ասել:
Դու ծնուեցիր 48 եւ կէս տարի առաջ: Ամբողջ 48 տարի քեզ ճանաչեցին քո հարազատները, քո դասընկերները, ուսուցիչները, քո ընկերները, պատերազմի տարիներին՝ քո զինակից ընկերները, ապա քո գործընկերները: Ամբողջ 48 տարի ժողովուրդը անհաղորդ մնաց քո էութեանը, որ քո մէջ եղել է քո ծնուած օրից եւ դու ապրել էիր այդ արժէքներով: Եւ յանկարծ 8 ամիս առաջ դու ժայթքեցիր քո ամբողջական էութեամբ, դու ներկայացար քո ժողովրդին քո արժէքներով, ա՛յն արժէքներով, որին մենք հաղորդ չէինք, եւ յանկարծ հաղորդ եղանք:

Քո մասին ասել ազնիւ քաղաքացի, հայրենասէր մարդ՝ դա համազօր է ոչինչ չասելուն: Դու աստուածային եւ մարդկային առաքինութիւններով առաջնորդուող, հաւատի, ճշմարտութեան, բարոյականութեան, արժանապատուութեան, ազատութեան, արդարութեան առաքինութիւններով առաջնորդուող եւ քո ամբողջ կեանքը այդ առաքինութիւններով ապրած մարդ եղար, եւ այդ ամբողջը քո ներսում դու բազմապատկեցիր, դրա վրայ աւելացրիր։

Ի հարկէ ամբողջ կեանքդ դու նաեւ աւելացրածով էիր ապրել, բայց յատկապէս դու քո կեանքի վերջին 8 ամիսներին դու այդ աստուածային ու մարդկային առաքինութիւններին աւելացրեցիր խիզախութիւնը, յամառութիւնը, քեզ յատուկ յամառութիւնը, միայնակութիւնը, այն ներքին խորը համոզումը, որ այո՛, պատմութիւնը հաւաքականութիւններն են կերտում, բայց եթէ անհատը սպասելու է, որ հաւաքականութիւնը խելքի գայ, ժամանակը կը գայ կ՚անցնի, կը տապալի այդ հաւաքականութեանը:
Եւ դու քո միայնակութեամբ, միայնակ քայլով ոչ միայն 2016թ. Յուլիսի 26ին, այլ դրան հաջորդած 8 ամիսների ընթացքում քո իւրաքանչիւր քայլով, քո միայնակութեամբ, քո յամառութեամբ, քո խիզախութեամբ դու ապացուցեցիր, որ մեզնից իւրաքանչիւրը պարտաւոր է յանդգնել եւ ունենալ այդ խիզախութիւնը:

Եւ այդ՝ ե՛ւ աստուածային, ե՛ւ մարդկային առաքինութիւնները, քո յամառութիւնը, խիզախութիւնը դա հայ ժողովրդի հոգու խորքում անթեղուած արժէքներն են, առաքինութիւններն են, դա հէնց Սասնայ Ծռերի առաքինութիւններն են, եւ դու ամենայն յարգանքով իմ եղբայրներին եւ իմ ընկերներին՝ Սասնայ Ծռերին, որոնցից իւրաքանչիւրի առաջ մենք խոնարհուելու պարտաւորութիւն ունենք, դու ամենամեծ Սասնայ Ծուռը եղար:

Արթուր ջան, այսօր շատերը երդւում են վրէժխնդիր լինել քեզ սպաննողներից: Դա՝ իրենց այդ ցասումը, նրանց իրաւունքն է, այդ արդարացի ցասումը: Ես ինքս ասում եմ, որ քեզ սպաննողները պատժուելու են, պատժուելու են առաջինը՝ բարոյականութեան եւ երկրորդը՝ օրէնքի ուժով:

Նրանք պատժուելու են:

Բայց նրանց մեծագոյն պատիժը եւ քո մեծագոյն յաղթանակը, մեր բոլորի, մեր ժողովրդի մեծագոյն յաղթանակը ա՛յն Հայաստանի կերտումն է, որը յենուելու է քո մարմնաւորած առաքինութիւնների վրայ: Այդ ժամանակ նրանք կրելու են իրենց ամենավերջին, ամենադաժան պատիժը, եւ դու ունենալու ես, քո եւ քո առաջնորդութեամբ, մեր ազգը, մեր ժողովուրդը ունենալու է իր ամենամեծ յաղթանակը, եւ մենք պարտաւոր ենք քո այդ ուխտը հասցնել իր աւարտին:

Սիրելի Արթուր,
Թոյլ տուր ինձ մի փոքր անհամեստ լինել եւ մի փոքր անձնաւորուած խօսք ասել:

Ուղիղ մէկ շաբաթ առաջ այս օրը, երեկոյեան ժամը 8:30ին, երբ քեզ առաջնորդում էին վիրահատութեան սենեակ, ես կէս-կատակ քեզ ասացի՝ շատ երկար չքնես, Արթուր ջան:

Երեւի դու զգում էիր, որ այս անգամ եթէ քնես, դա կարող է քո վերջին քունը լինի:

Եւ երեւի այդ պատճառով է, որ վիրահատութեանը նախապատրաստելու համար քեզ զգայազերծելու գործողութիւնը եղաւ այնքան դժուար եւ քո համար այնքան տանջալի:

Դու քնեցիր եւ շարունակում ես քնած մնալ ֆիզիկապէս:

Հիմա քեզ ասում եմ, Արթուր ջան, երկար քնիր, քո մարմինը, քո տանջահար մարմինը թող երկար քնի, բայց ինչպէս երէկ Տէր Կիւրեղը ասաց՝ մարմինը մահանում է, բայց հոգին եւ միտքը մնում են անմահ:

Այո՛, դու հանգիստ քնիր, բայց դու բարձրանալու ես Բարձրեալի մօտ, քո հոգին եւ միտքը բարձրանալու են Բարձրեալի մօտ, բայց դու իմացիր, որ մենք դեռեւս կարիքն ունենք, անհրաժեշտութիւնն ունենք քո այդ հոգուն եւ այդ մտքին: Մէկ-մէկ այցելիր մեզ, մէկ-մէկ ճախրիր, թեւածիր մեր վերեւում, ուժ տուր մեզ, առաջնորդիր մեզ քո վեհանձնութեամբ, քո առաքինութիւններով:

Ես խոստանում եմ, Արթուր ջան, եւ ես վստահ եմ, որ մենք բոլորս այստեղ խոստանում ենք, այո՛, խոստանում ենք քեզ, քո տանջահար, բազմաչարչար մարմինը մի անգամ եւս տանջել:

Քո երկիրը, քո հայրենիքը, մեր բոլորի հայրենիքը զաւթած տականքները այսօր ուժից ելնելով զլանում են քո այս տանջահար մարմինը ամփոփել տալ քո ընկերների մօտ, քո արժանի անմահների պանթէոնում: Ես անձնապէս եւ վստահ եմ բոլորի անունից եմ խօսում, ես երդւում եմ եւ մենք բոլորս ուխտում ենք, որ քեզ մի անգամ էլ ֆիզիկապէս, քո հանգիստը մի՛ անգամ ընդամէնը խանգարելու ենք եւ մենք քեզ ամփոփելու ենք քո ընկերների մօտ՝ Եռաբլուրում եւ կամ, եթէ ժողովուրդը գտնի, որ քո համար անձնապէս անհրաժեշտ է ունենալ մի առանձին յուշահամալիր՝ այդ յուշահամալիրում:

Ես եւ մենք բոլորս երդւում ենք, որ դա անելու ենք: Բայց սա ինչքան էլ կարեւոր լինի, եւ սա չափազանց կարեւոր է, սա ինչքան էլ կարեւոր լինի՝ աւելի կարեւորը քո երազած, քո արժէքներով, քո մարմնաւորած առաքինութիւններով, Սասնայ Ծռերի առաքինութիւններով, առաքինութիւնների արժէքների վրայ Հայաստան երկրի, Հայաստան պետութեան կերտումն է, եւ վա՛յ մեզ, եթէ մենք ողբանք քո վրայ, եթէ մենք լաց լինենք քո վրայ, եթէ մենք՝ երէկ եւ այսօր քեզ յարգանքի վերջին տուրքը տուող այս բազմահազար հայորդիները եւ այս երկու օրերին այստեղ չգտնուող բազմատասնեակահազար, հարիւր հազարաւոր հայորդիները, եթէ մենք բաւականանանք պարզապէս սգալով, պարզապէս ափսոսալով քո անժամանակ կորստի համար, բայց մենք չշարունակենք քո պայքարը, մեզ սովորեցրած քո առաքինութիւններով առաջնորդուած, այդ արժէքներով, խղճի այդ թելադրանքով պայքարը, եւ մենք այդ պայքարը եթե չհասցնենք աւարտին, եթէ մենք մեր երկիրը, մեր հայրենիքը չհասցնենք ապահով ափ, ապա վա՛յ մեզ, մենք կը լինենք ստախօսներ, մենք կը լինենք կեղծաւորներ, մենք կը լինենք դաւաճաններ քո առջեւ եւ մեր հայրենիքի առջեւ:

Մենք խոստանում ենք, որ անելու ենք դա, եւ մինչեւ այդ՝ դու հանգիստ մնայ, քո հոգուով եւ մտքով շարունակիր առաջնորդել մեզ, խորհուրդներ տալ մեզ մինչեւ այդ ամէն ինչից յետոյ քո վերջնական եւ խաղաղ, քո հոգու վերջնական հեռացումը Բարձրեալի մօտ:

Արթուր Ռոբերտի Սարգսեան (1968-2017) Հայկական Յեղափոխութեան անմոռանալի ՀԱՑ ԲԵՐՈՂը

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՅՈՒՇԱՏԵՏՐ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail