Թուրքիայի կոշտ արձագանքը Հայաստանի ԱԳՆ-ին. Ինչն է մտահոգել Անկարային
17.08.2020 | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ | – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հայաստանի ԱԳ նախարարության՝ Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ հայտարարությանը:
«Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները», նշված էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, թե «Հայաստանը կարծես իր աշխարհագրական դիրքի մասին թյուր պատկերացում ունի. խոսքը ոչ թե Սևանա լճի, այլ Արևելյան Միջերկրականի մասին է»: Հիշեցնելով Սևրի պայմանագրի 100-ամյակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարությունը՝ Աքսոյը ընդգծել է, որ «Հայաստանը հիմա էլ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելով չափն անցնում է, անպատասխանատու կեցվածք է դրսևորում»:
«ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո ծով ելք չունեցող Հայաստանն է իրեն իրավունք վերապահում տարածաշրջանում խոսք ասելու: Սա ցույց է տալիս, թե Թուրքիայի դեմ ձևավորվող նենգ դաշինքը ինչ մասշտաբներ ունի», ասել է Աքսոյը։
Թուրք խոսնակի արձագանքը հետաքրքիր է: «Նենգ դաշինքներին» Հայաստանի առնչությունն իսկապես մասշտաբ է հաղորդում քաղաքական գործընթացներին, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դուրս է գալիս «Սեւանա լճի» շրջակայքից, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան դեռ 1919-ին մտադիր էին «փակել» Հայաստանն ու հայերին, եթե չիրագործվի Հայաստանի լիարժեք ոչնչացումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց Թուրքիային զսպելու հարցում նոր ձեւաչափերի անհրաժեշտության մասին, որոնցից մեկն էլ Արեւելյան Միջերկրականում ձեւավորվող դաշինքն է շրջանի մի քանի պետությունների մասնակցությամբ: Ավելի վաղ Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը հայտարարել էին եռակողմ ձեւաչափի մասին, որի առաջին հանդիպումը պետք է լիներ Երեւանում, սակայն հետաձգվեց համաճարակի կապակցությամբ:
Ահա այս հանգամանքները նկատի առնելով, Հայաստանի քաղաքական նոր կուրսը չի կարող չմտահոգել Թուրքիային, քանի որ հայկական իրավունքների հարցը միջազգային քաղաքականության մեջ ոչ մի տեղ չի անհետացել եւ կիրառվում է Թուրքիայի հանդեպ, անկախ նրանից՝ Հայաստանը կա, թե ոչ: Հայկական հողերի ու արյան վրա կառուցված Թուրքիան կանգնած է այդ ականի վրա, դա իր քաղաքականության անխուսափելի հետեւանքն է:
Սեւանա լճի հիշատակումն ինչ որ փորձ է հիշեցնելու ոտքերը վերմակի չափով մեկնելու հայկական ոչ վաղ անցյալի քաղաքական հավատամքը, միաժամանակ անհնար է խուսափել հայկական հետքից ու ժառանգությունից: Արեւելյան Միջերկրականը Հայկական ծոցն է, այդտեղից մինչեւ Հյուսիսային օվկիանոս երկու կայսրություն կերտած եւ տնտեսական, կրոնական եւ մշակութային էքսպանսիա իրականացրած ժողովրդի անունով: Թուրքերը դա լավ են հասկանում:
lragir.am/2020/08/17/572230/