Հայաստանի պետական-քաղաքական մտքի և XXI դարի մարտահրավերների անխուսափելի բախումը
16.08.2020 | Մեկնաբանություն | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:– ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
Երբ ուշադիր հետևում ենք ազգերի գոյատևման և զարգացման պատմական տրամաբանությանը, ապա տեսնում ենք, որ գործում է որոշակի օրինաչափություն։ Մասնավորապես համաշխարհային պատմության մեջ ակնառու դեր խաղացած ազգերի անցյալն ուսումնասիրելով, ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ անցյալը հիմնականում օգնում է արդյունավետ գործել ներկայում, իսկ ճանաչելով ներկան, վստահաբար կարելի է համոզիչ և հիմնավոր դատողություններ կամ եզրակացություններ անել ապագայի առնչությամբ։ Նշված օրինաչափությունը հիմք է տալիս անելու հետևյալ դիտարկումը։ Հատկապես մեծ կայսրություններ ստեղծած տիտղոսակիր ազգերի պատմական անցյալում նկատելի է մի ուշագրավ հանգամանք.այդ ազգերը, ըստ երևույթին, հավաքական-ինքնապահպանման բնազդի կամ պետական գերակա շահի գիտակցման թելադրանքով իրենց առջև դնում էին մեկ ռազմավարական նպատակ, այն է՝ երաշխավորված գոյություն ապահովելու և զարգանալու միակ ճանապարհը կայսրության ստեղծումն է և նրա պաշտպանությունը ցանկացած գնով։ Այս դատողությունների մեջ, անշուշտ, առկա է պատմական փորձով հաստատված որոշակի ճշմարտություն։
Իբրև ասվածի ապացույց, բերեմ մի քանի օրինակ։ Այն ազգերը, որոնք ստեղծել են հսկայական տարածքներ ընդգրկող կայսրություններ և պատմական տարբեր հանգամանքների պատճառով զրկվել են նվաճված տարածքներից, որպես կանոն, չեն կորցրել (անշուշտ, առկա են նաև բացառություններ) բնապատմական աշխարհագրական այն վայրը, որտեղ ձևավորվել, ամրապնդվել ու աստիճանաբար կառուցել են իրենց հզոր պետությունները։ Այդպիսի ազգերից են՝ պարսիկները, հույները, ֆրանսիացիները, անգլիացիները, իտալացիները, ռուսները, իսպանացիներ, պորտուգալացիները, մոնղոլները և այլն։ Դատելով պատմական արդյունքներից, կարծես թե, վերը թվարկված ազգերը իրենց առջև գոյատևման երկու հիմնական նպատակ են դրել, մեկը՝ նվազագույն, մյուսը՝ առավելագույն։ Ըստ էության, այս երկու տարբերակված նպատակները պետք է ծառայեին մեկ ընդհանուր ռազմավարական մեծ նպատակի՝ բնապատմական օրրան հանդիսացող հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը։ Այսինքն՝ առավելագույն նպատակի իրականացումը՝ կայսրության ստեղծումը (անկախ այն բանից, թե քանի դար կամ տասնամյակներ է գոյատևել այն), եղել է հավելյալ ազդեցության հնարավորություն, հարստության աղբյուր, որը հիմնականում նպաստել և երաշխավորել է նվազագույն նպատակի իրականացմանը, այն է՝ ապրել, հիմնավորվել, ամրապնդվել սեփական բնօրրանում։ Նրանք (մեծ մասը) քայլել են հետագա դարերի միջով և հասել են մինչև մեր ժամանակները՝ ներկայանալով աշխարհին որպես հզոր, զարգացած և հիմնավորապես կայացած ազգային պետություններ։
Իսկ ի՞նչ պատահեց հայերի՝ Տիգրան Մեծի ստեղծած կայսրության հետ։ Կա՞րող ենք մեզ դասել պատմական տարբեր ժամանակաշրջաններում հսկայական տարածքներ նվաճած և կայսրություններ ստեղծած ազգերի շարքին։ Անշուշտ, այո։ Բայց մենք կարողացա՞նք հետագայում օգտվել նրա ստեղծած հսկայածավալ կայսրության վիթխարի առավելություններից։ Իհարկե, ոչ։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք՝ հայերս, առավելագույն նպատակին հասնելով՝ կայսրություն ստեղծելով, այդպես էլ չկարողացանք վերջինիս ընձեռած հսկայական ազդեցության հնարավորություններն ու հարստության միջոցները ծառայեցնել մեր իսկ բնօրրանի՝ Մեծ Հայաստանի, հզորացմանը, պետականության ամրապնդմանը, ինչը պայմաններ կձևավորեր և ամուր պետության հիմքեր կստեղծեր գալիք սերունդների համար ազատ ու անկախ ապրելու ու զարգանալու ավելի քան 300 000 քառ. կմ տարածքի վրա։ Սակայն Տիգրան Մեծի հիմնած կայսրությունը որպես առավելագույն նպատակի իրականացման անժխտելի իրողություն, ըստ էության, որևէ նշանակալից հեռանկար հետագայում չապահովեց նվազագույն նպատակի՝ Մեծ Հայքի, թեկուզ, ոչ էական տարածքային կորուստներով, գոյատևման համար։ Մենք երբևիցե փորձել ենք ինչ-որ կերպ տալ շատ թե քիչ համոզիչ պատասխան այն «առեղծվածին», թե ինչի շնորհիվ էր, որ իր հզորության գրեթե գագաթնակետին հասած Հին Հռոմի (Ք. ա. 1-ին դ) և նույն ժամանակաշրջանում մեկ այլ գերտերության՝ Պարթևստանի, գոյության պայմաններում Տիգրան Մեծին հաջողվեց ստեղծել հայոց առաջին ու վերջին կայսրությունը։ Ավելին, Տիգրան Մեծին հաջողվեց հպատակեցնել Պարթևստանին՝ դառնալով Հին Հռոմի ամենամեծ ախոյան կայսրությունն աշխարհում։ Ամենամեծ ցանկության դեպքում չի գտնվի որևէ ողջախոհ մասնագետ, որ Տիգրան Մեծի ապրած տարիները (նախորդածը՝ նույնպես) բնութագրի որպես բարենպաստ ռազմա-քաղաքական պայմաններով աչքի ընկնող դարաշրջան։ Բայց Տիգրան Մեծը կարողացավ ոչ միայն իրականացնել նվազագույն նպատակը (իմա՝ միավորել հայկական բոլոր հողերը), այլև հասավ առավելագույն նպատակին՝ ստեղծելով հսկայածավալ կայսրություն (տարածքը՝ մոտ 3 միլիոն քառ.կմ)։
Իսկ ի՞նչ պատճառներով կարելի է բացատրել այն իրողությունը, որ Տիգրան Մեծին հաջողվեց ստեղծել հսկայածավալ մի կայսրություն, իսկ նրա հետնորդ թագավորները չկարողացան նույնիսկ պահպանել Արտաշես 1-ինի ստեղծած Հայաստանի պատմական տարածքները։ Պատճառներից մեկն, իմ կարծիքով, այն է, որ, եթե Տիգրան Մեծը որպես գահաժառանգ չգտնվեր գերության մեջ Պարթևստանում (այսինքն՝ մշտապես կայսրության ձգտումներով ապրող ու շնչող պարթևական արքունիքում), որտեղից նա հայրենիք վերադարձավ որպես լիովին կայացած պետական գործիչ (45 տարեկան), գուցեև, մենք՝ հայերս, չունենայինք մեր առաջին ու վերջին կայսրությունը։ Չցանկանալով լինել կատեգորիկ վերն արտահայտած դատողություններիս մեջ, այդուհանդերձ, ենթադրում եմ, որ պարթևական արքունիքում գտնվելը և որպես պետական գործիչ կայանալը անպայման նրա կողմից կայսրություն ստեղծելուն միտված պետական-քաղաքական ամբիցիաների ձևավորման որոշիչ գործոններից մեկն է եղել։ Կրկին հարց է առաջանում. ինչո՞ւ երկու հարևան ազգերի՝ հայերի ու պարսիկների պատմական ճակատագրերը դասավորվեցին բոլորովին տարբեր կերպ։ Օրինակ, Կյուրոս Մեծը ստեղծեց Աքեմենյան կայսրությունը, որը, ըստ մասնագետների, եղել է մարդկության պատմության մեջ առաջին մեծածավալ կայսրությունը։ Այնուհետև, Աքեմենյան կայսրությանը հաջորդեցին Պարթևական և Սասանյան կայսրությունները։ Ըստ պատմական տվյալների, Ք. թ. ա. 6-րդ դարից սկսած պարսիկները 1500 տարուց ավելի եղել են կայսրություն ստեղծած տիտղոսակիր ազգ: Այսինքն՝ իրականացրել են առավելագույն նպատակը 1500 տարուց ավելի (հասկանալի է, որ այս թիվը հանրագումարային է), ինչի արդյունքում ներկայումս մեր հարևան Իրանի տարածքը կազմում է մոտավորապես 1,7 մլն. քառ. կմ, իսկ բնակչության թիվը հասնում է 80 միլիոնից ավելի: Անշուշտ, կարելի է ամենատարբեր պատճառներ, հանգամանքներ, նախադրյալներ, շարժառիթներ, պայմաններ, աշխարհագրական, կրոնական, էթնիկ, աշխարհաքաղաքական և այլ գործոններ թվարկել՝ օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն արդարացնելով հայոց պետության, քաղաքական անկախության, գրեթե, հազարամյա կորուստը (խոսքը միայն պատմական Հայաստանի մասին է, 1045թ. հետո)։ Տիգրան Մեծին հաջողվեց ստեղծել կայսրություն, որովհետև նա առաջին և վերջին հայ թագավորն էր, որը հայ իրականության մեջ ցուցաբերեց աննախադեպ քաղաքական հավակնություններ, որոնց կյանքի կոչելուն միտված հետևողականորեն ու վճռականորեն իրականացրած քայլերը օրինաչափորեն հանգեցրին հզոր ու լայնածավալ կայսրության ստեղծմանը։ Ասել, թե Տիգրան Մեծի ժամանակներում պարսիկների թիվը եռակի կամ քառակի ավելին է եղել, քան՝ հայերինը, նշանակում է մեղանչել պատմական արդարության առջև։ Եթե նույնիսկ պարսիկները իրենց են ձուլել նվաճված բազմաթիվ ցեղերի, ապա դատապարտելի ոչինչ չկա նման գործողությունների կամ էլ իրականացրած քաղաքականության մեջ, քանզի հանրահայտ ճշմարտություն է, որ քաղաքականության ոլորտում հաշվի են նստում կատարված փաստի հետ և հաղթողներին էլ չեն դատում։ Հիրավի այն հեռավոր ժամանակներում աշխարհը նման էր տարբեր մեծ ու փոքր ժողովուրդների, ցեղերի անվերջ ձևավորման, ձուլման մի հսկայական խառնարանի։ Ընդունենք, որ փոքրաքանակ ազգ ենք եղել և այլն։ Բայց կրկին ծառանում է նույն հարցը. ինչպե՞ս Տիգրան Մեծին հաջողվեց կայսրություն ստեղծել, իսկ նրան հաջորդող մյուս թագավորները չկարողացան պաշտպանել նույնիսկ պատմական Հայաստանի տարածքները։ Պատմական փաստ է, որ Տիգրան Մեծը իրականացնում էր հիմնականում հարձակողական մարտավարություն: Իսկ բացառապես պաշտպանողական մարտավարության որդեգրումը, ինչպես վկայում է պատմությունը, հղի է մեծ վտանգներով։ Ենթադրվում է, որ ոմանք անպայման կպատճառաբանեն, թե մենք իրապես փոքրաքանակ ազգ ենք եղել, կամ էլ՝ հայերի գահի համար մղած պայքարը, իշխանական տների կողմից հաճախակի կրկնվող կենտրոնախույս նկրտումները մշտապես թուլացրել են հայոց պետության հիմքերն ու հասցրել այն կործանման և այլն։ Սակայն այս պարագայում ևս բնական հարց է առաջանում. այդ ո՞ր ազգերն են հենց այդ դարաշրջանում եղել մեծաքանակ, կամ էլ այդ ո՞ր ազգերի թագավորական արքունիքներում ինտրիգներ, դավադրություններ, դավաճանություններ կամ կենտրոնախույս ձգտումներ ցուցաբերող ուժեր չեն եղել։ Միանշանակ կարելի է պնդել, որ գրեթե բոլոր ազգերի, առանց բացառության, կառավարող վերնախավի մեջ բոլոր դարերում միշտ էլ եղել են անհաշտ հարաբերություններ (նույնիսկ ներկա դարաշրջանում նման երևույթներն առկա են)։ Հետևաբար, մեր ժողովրդի մեջ տարածված այն թյուր մտայնությունը, թե՝ «մենք միշտ անհաշտ ենք եղել» կամ՝ «դավաճանությունների պատճառով է, որ մենք պետություն չենք ունեցել» և այլ նմանաբնույթ «արդարացումները» առողջ քննադատության չեն դիմանում։ Վերն արծարծված խնդիրների վերաբերյալ ցանկանում եմ ևս մի նկատառում հայտնել։ Անկախ պետություններ ձևավորելու ժամանակաշրջանում բնապատմական-քաղաքական գործընթացներն ընթանում էին բարդ, ինքնատիպ ու հակասական դրսևորումներով, որոնք տողերիս հեղինակը բնութագրում է որպես ազգերի քաղաքական ինքնահաստատման գործընթացներ։ Պատմական բոլոր դարաշրջաններում այս կամ այն չափով կայացած ազգերը քաղաքականապես ինքնահաստատվելու հաջողված կամ էլ անհաջող փորձեր են արել։ Հսկայածավալ կայսրություն ստեղծելը հենց քաղաքական ինքնահաստատման ամենահաջողված փորձն է ցանկացած ազգի համար: Նման փորձերի օրինակ կարող են ծառայել պարսիկները, իտալացիները և այլք (խոսքս վերաբերում է միայն հնագույն ազգերին), որոնք իրենց բնօրրան հանդիսացող տարածքներում այսօր էլ ունեն հզոր ու կայացած անկախ պետություններ։ Սակայն նույնը չենք կարող ասել մեր՝ հայերիս մասին, կամ էլ Հայաստանի պարագայում։ Ես համոզված եմ, որ Ք. թ. առաջին հազարամյակում եթե քաղաքական ինքնահաստատման գործընթացները չընդհատվեին և պահպանվեր ազգային անկախ պետությունը մեր պատմական հողերի, թեկուզ, գերակշռող հատվածի վրա, ապա անպայման ի զորու կլինեինք դիմագրավելու երկրորդ հազարամյակի բոլոր մարտահրավերներին ու փորձություններին այնպես, ինչպես հարևան պարսիկները։ Հարկ է նկատել, որ ազգերի քաղաքական ինքնահաստատման պատմական գործընթացները սկիզբ ունեն, բայց ոչ երբեք՝ ավարտ։ Ներկա դարաշրջանում նույնպես ընթանում են այդ խիստ ինքնատիպ գործընթացները, որոնք պայմանավորված են տվյալ ազգի անցած պատմական ճանապարհով, պետական-քաղաքական մտքի և հոգևոր-մշակութային զարգացման առանձնահատկություններով՝ տվյալ ժամանակի պահանջներին համահունչ:
Ազգերի քաղաքական ինքնահաստատման գործընթացների էությունն այն է, որ տվյալ ազգը յուրաքանչյուր դարաշրջանում ձգտում է բացահայտել իր քաղաքական-պետական, տնտեսական և հոգևոր-մշակութային զարգացման ողջ պոտենցիալը՝ դարձնելով այն աներեր հիմք, հաջորդ տասնամյակներում կամ դարաշրջանում նվազագույն նպատակը իրականացնելու և պատմական բնօրրանում զարգանալու համար։ Դրանք միայն ազգային ինքնության ճանաչման և սեփական անվտանգության ապահովման գործընթացներ չեն, այլ բոլոր առանձնահատկությունները հնարավոր լիարժեքությամբ դրսևորելու միջոց՝ միտված մեծ նպատակի իրականացմանը։ Այդ գործընթացները, եթե ինչ-որ ժամանակաշրջանում ընդհատվում են (անկախ պատճառներից), ապա տվյալ ազգի կենսագործունեության բոլոր ոլորտներում աստիճանաբար սկսում են ի հայտ գալ անխուսափելի հետընթացի արատավոր երևույթներ, որոնք էլ ինչ-որ X ժամանակահատվածում հանգում են իրենց տրամաբանական ավարտին, այն է՝ քաղաքականապես անկախ ազգային պետության կործանմանը։ Քաղաքական ինքնահաստատման գործընթացների ընդհատման հետևանքով էր, որ մենք 387թ. կորցրեցինք հայոց անկախ պետությունը։ Որպես առողջ ու բավականին հզոր պետականության արմատներ ունեցող ազգ, մեզ կրկին հաջողվեց 9-րդ դարում վերականգնել հայոց անկախ պետությունը, որը գոյատևեց մեկ ու կես դարից ավելի (885-1045թթ.): Սակայն, ինչպես հայտնի է, Բագրատունյաց թագավորության անկումից հետո գրեթե մի ամբողջ հազարամյակ հայ ժողովրդին այդպես էլ չհաջողվեց (մինչև 1918-1920թթ.) պատմական Հայաստանի տարածքում վերականգնել իր անկախ պետությունը (Կիլիկիայի հայկական պետության խնդիրն այլ է)։
Եթե տվյալ ազգը չունի հարձակողական բնույթի (խոսքը առավելագույն ինչ-որ նպատակի ձգտելու մասին է) պետական-քաղաքական միտք, ապա նրա հավակնությունների վերաբերյալ քննարկումներ լինել չեն կարող։ Հայոց քաղաքական մտքի հավակնությունների ռազմական, տնտեսական, սոցիալ-հոգեբանական և, վերջապես, սոցիալ-մշակութային նախադրյալները հիմնականում բացակայում էին, որովհետև մոտավորապես մի ամբողջ հազարամյակ ընդհատվել էր հայ ազգի պետական-քաղաքական մտքի պատմական երթը, որի զարգացումը բնականաբար, տեղի է ունենում հիմնականում ազգային անկախ պետության մշտական գոյության պայմաններում։
Իհարկե, բոլորովին այլ է պատմական իրողություններն ու իրերի դասավորությունը ներկա փուլում։ Հարկ է արձանագրել, որ վերջին հազարամյակում առաջին դեպքն է, որ հայոց անկախ պետությունը գոյատևում է արդեն մոտ 30 տարի։ Մասնավորապես, հայոց Արցախ աշխարհի մի մասի ազատագրումը (Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում) և, որ ամենակարևորն է, նրա պաշտպանությունը մինչև այսօր համահայկական մեծագույն իրադարձություն է հազարամյա պատմության մեջ։ Ինչպես հայտնի է, պատմության մեջ եղել են դեպքեր, երբ մենք ազատագրել ենք մեր պատմական հայրենիքի այս կամ այն հատվածը, սակայն երկար ժամանակահատվածում պաշտպանել, պահել հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, տարբեր պատճառներով (հատկապես՝ քաղաքական-դիվանագիտական) չի հաջողվել։
Իհարկե, չափազանց բարդ ու դժվարին աշխարհաքաղաքական թնջուկ է պատմական Հայաստանի տարբեր հատվածների վերամիավորման հիմնահարցը։ Օտոո ֆոն Բիսմարկն ասել է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Սակայն մեր ժողովրդի ողբերգական անցյալը, դեռևս լիարժեք չկայացած ներկան և անորոշ ապագան օբյեկտիվորեն պահանջում են, որ մենք անպայման կարողանանք ապացուցել, որ քաղաքականությունը նաև անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է։ 2016թ. ապրիլի 2-ից մինչև 5-ը տևած չորս օրյա Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կրկին ապացուցեց, որ ռազմավարական դաշնակից երկիրը հանուն սեփական աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության, կարող է ցանկացած պահի ոչ դրական անակնկալներ մատուցել: Եթե չենք ուզում, որ ներկայի և ապագայի աշխարհաքաղաքական պրագմատիկ մտքի գործադրման հետևանքով կրկին կորցնել այնքան տառապանքներով ու արյան գնով ձեռք բերած Հայաստանի և Արցախի անկախությունը (գուցե, սա պատմության կողմից Հայ Ազգին տրված վերջին հնարավորությունն է),ապա ոչ միայն անհրաժեշտ է, այլև համայն հայությունը պարտավոր է անհնարինը հնարավոր դարձնելու համար միաբանված հիմք դնել հայ պետական-քաղաքական նոր մտքի հավակնությունների և´ ձևավորմանը, և´ իրագործմանը։ Կարծում եմ, որ մենք ազգովին՝ Հայաստանը (Արցախը), և Սփյուռքը միակամորեն ինքներս մեզ մի օր պիտի խոստովանենք, որ վերջնականապես սպառել ենք հայության ճակատագիրը ներքաղաքական, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների (նաև՝ դաշնակիցների) քմահաճույքներին, կամ ինչ-ինչ հանգամանքների դասավորությանը հանձնելու իրավունքից օգտվելու պատմական լիմիտը։ Ավելին՝ հարկավոր է խորապես գիտակցենք նաև, որ վերջապես ավարտվել են հետին թվով հայության անխտիր բոլոր հատվածների կողմից հնչող անհիմն բարոյական արդարացումները և մեր սեփական սխալները անվերջ ուրիշների վրա բարդելու միայն թույլին և անկազմակերպ ազգին բնորոշ գործելակերպի ժամանակները՝ արմատական շտկումներ մտցնելով ոչ թե գոյատևման, այլ բացառապես զարգացման ռազմավարության մեջ։
Ժամանակն է նաև, որ ազգովին փորձենք բացահայտել մի «առեղծված» ևս. ինչո՞ւ է հասարակական կյանքի մյուս ոլորտներում (տնտեսություն, գիտություն, արվեստ, ռազմական բնագավառ և այլն) մեզ հաջողվում մեծ բարձունքների հասնել, բացի քաղաքականությունից և դիվանագիտությունից: Որովհետև մենք հասարակական, ազգային կյանքն ու գոյատևումը երաշխավորող ամենավճռորոշ ոլորտներին՝ քաղաքականությանն ու դիվանագիտությանը, վերաբերվել ու վերաբերվում ենք քամահրանքով, իսկ երբեմն էլ՝ իրավիճակի թելադրանքով կայացնում այնպիսի քաղաքական որոշումներ, որոնց բացասական հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում տարիներ, տասնամյակներ, հարյուրամյակներ, նույնիսկ՝ հազարամյակ։ Ինչու ոչ,հնարավոր է նաև, որ ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որ էլ ի զորու չլինենք վերացնելու քաղաքական մտքի թույլ տված այս կամ այն սխալի հետևանքներն ընդհանրապես։ Հաճախ հնչում են կարծիքներ, թե հայի տեսակը խիստ անհատականացված, «հավակնոտ տեսակ» է, ինչը շատ հաճախ խանգարել է համազգային միասնության գաղափարի իրականացմանը։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև հայության մեջ ընդհանրապես բացակայում են հայկական պետական քաղաքական մտքի հավակնությունները։ Ուստիև, ստեղծվում է վակուում, որը լցվում է անհատական հավակնություններով (շատ դեպքերում՝ առանց օբյեկտիվ հիմքերի), և, որպես հետևանք, տեղի են ունենում անհատական հավակնությունների (անձնական շահերի) և ազգային-պետական շահերի նկատելի կամ աննկատ բախումներ, որոնց պատճառով տուժում է ազգը, երկիրը, Հայրենիքը, անկախ պետությունը, իսկ որոշ դեպքերում էլ՝ կործանվում։ Եթե հայը, ընդունենք, որ խիստ անհատականացված «հավակնոտ տեսակ» է, ապա չափավոր, առողջ տրամաբանության մակարդակում արտահայտված, օբյեկտիվ հիմքերով և գիտականորեն հիմնավորված համահայկական պետական-քաղաքական հավակնոտ մտքին պիտի ենթարկել պետության և ազգի առջև մեծ պատասխանատվություն կրող հայերի տարբեր ձևերով դրսևորվող անհատական հավակնությունները։ Միանգամայն բնական է, որ պատմական տարբեր դարաշրջաններում հայ առավել ազդեցիկ, հզոր իշխանների ցուցաբերած հայրենադավ կենտրոնախույս ձգտումներն ու գործելակերպը միշտ էլ դատապարտելի են եղել։ Նման գործելակերպի հավանական պատճառներից մեկն էլ եղել է այն, որ այդ իշխանները իրենց անհատական հավակնությունների իրականացման երաշխիքներն ու անվտանգ ապրելակերպի հույսերը ավելի շատ կապել են օտար թագավորի, քան թե՝ իրենց սեփական թագավորի իշխանության հետ (հավանաբար վերջինիս մոտ չտեսնելով հզոր պետություն ստեղծելու ձգտում, կամ, այլ կերպ ասած՝ քաղաքական հավակնություններ)։ Հետևաբար, հարկավոր է, այսպես ասած՝ «համակարգել» և «հունավորել» (հանուն ազգային-պետական ռազմավարական շահերի) պետական-քաղաքական, տնտեսական և ռազմական պատասխանատվություն ունեցող անձանց տարբեր բնույթի հավակնությունները՝ ուղղորդելով դրանք դեպի հայոց պետական-քաղաքական հավակնոտ միտքը։ Վերջին հաշվով, ո՞վ չի ցանկանա ապրել ռազմական առումով հզոր, տնտեսապես զարգացած, քաղաքական մեծ հավակնություններ ունեցող երկրում և ծառայել նրան։ Չէ՞ որ հավակնոտ պետական-քաղաքական միտքը ենթադրում է և´ պաշտպանողական, և´ հարձակողական ռազմավարական պլանավորում։ Իսկ ռազմավարությունը իմաստավորված շարժում է դեպի առաջ եւ ոչ թե լոկ գոյատևման դիրքորոշում։ Իսկ ի՞նչ հիմնախնդիր ենք լուծել նախորդ հազարամյակում, եթե ոչ՝ միա՛յն գոյատևման։ Միայն գոյատևման հիմնախնդիր լուծել՝ նշանակում է մշտապես բախվել ապագայի անորոշության վտանգավոր պատին: Այստեղից էլ հետևում է, որ մեր ազգային քաղաքական խեղճության և շատ դեպքերում ցուցաբերվող անհիմն ծայրահեղ զգուշավորությամբ պայմանավորված բարդույթավորվածության հիմնական պատճառներից մեկը ոչնչով չհիմնավորված համազգային պետական-քաղաքական մտքի հավակնությունների (ամբիցիաների) իսպառ բացակայությունն է։
Իսկ ծայրահեղ զգուշավորությունը քաղաքականության մեջ՝ առանց հավակնությունների դրսևորման, շատ հաճախ վերաճում է վախերով թելադրված մարտավարության։ Միայն գոյատևման կենսափիլիսոփայությանը սևեռված պետական-քաղաքական միտքը չի կարող հավակնություններ ունենալ։ Ողջախոհության շրջանակում գործող հայ հավակնոտ պետական-քաղաքական միտքը միայն կարող է ռազմավարական նպատակներ դնել իր առջև, հասնել դրան և ստեղծել կառավարելի ապագա։ Հայաստանին անհրաժեշտ են մեծ թվով ռազմավարական համարձակ մտածելակերպի տեր քաղաքական և պետական գործիչներ, որոնք իրենց առջև կդնեն քաղաքական հավակնոտ նպատակներ և կիրականացնեն դրանք։ Դաժան է, բայց նաև իրողություն, որ հայոց պետական-քաղաքական միտքը շատ հաճախ ղեկավարել են քաղաքականության այբուբենին չտիրապետող, դիվանագիտության նրբություններից անտեղյակ և ռազմավարական մտածելակերպից բացարձակապես զուրկ պետական և քաղաքական գործիչներ։ Առավել ևս, որ, որպես կանոն, ռազմավարական մտածելակերպը և ռազմավարական պլանավորումը համատեղելու պարագայում ընդարձակվում են ազգային հաջողությունների հնարավորություններն այնքանով, որքանով դրանք թույլ են տալիս իրական արդյունավետություն հաղորդել ապագայի ծրագրերի կառավարման բարդ ու դժվարին գործընթացներին։ Այլ կերպ ասած, միայն հայոց հավակնոտ պետական-քաղաքական միտքը կարող է ստեղծել հիմնավոր, ուժեղ և բոլոր առումներով զարգացած ներկա, որը կդառնա ամուր հիմք՝ երաշխավորելով ապագան։ Ուստի, ով ճանաչում և վերահսկում է ներկան, միաժամանակ նա հիմք է ունենում վերահսկելու նաև ապագան։ Եթե բնութագրելու լինենք նախորդ հազարամյակի տարբեր դարաշրջանների հայ քաղաքական միտքը (ներառյալ՝ անկախության 29-ը տարիները), ապա այն եղել է հիմնականում պաշտպանողակա՛ն և միա՛յն պաշտպանողական։ Իսկ միայն պաշտպանողական ռազմավարությամբ և մարտավարությամբ ղեկավարվելու պարագայում, լայն իմաստով, ազգի քաղաքական ինքնագիտակցության մեջ դանդաղ, աննկատ սողոսկում է ինքնահանգստացման, անտարբերության, ինքնախաբեության վտանգավոր հարուցիչը և հանդուրժողական վերաբերմունք է ձևավորվում բոլոր ոլորտներում առկա տարաբնույթ արատավոր երևույթների նկատմամբ, ինչը անցանկալի է ցանկացած ազգի, պետության գոյատևման համար։ Ինչ վերաբերում է պետական–քաղաքական միտքին, ապա վերջինս իր էությամբ ագրեսիվ է և մարտնչող։ Իսկ եթե այդպիսին չէ, ապա պարտավոր է լինել այդպիսին: Բնականաբար, հայ պետական-քաղաքական մտքին նույնպես պետք է բնորոշ լինի ռազմա-քաղաքական անհրաժեշտությունից բխող ագրեսիվություն։ Մեր անցյալի պատմության դասերի թելադրանքով մշտապես պարտավոր ենք ունենալ ագրեսիվությամբ աչքի ընկնող ռազմավարություն, որն էլ իր հերթին կապահովի հարձակողական բնույթի մարտավարություն՝ և´ արտաքին քաղաքականության,և´ դիվանագիտության,և´ քարոզչության բնագավառներում։ Որպես կանոն, հիմնականում փոքրաքանակ ազգերն են արժևորում պաշտպանողական ռազմավարությունն ու մարտավարությունը քաղաքականության մեջ։ Մարդկության քաղաքական մտքի պատմությունը վկայում է, որ հենց բարոյական գործոնը ներխուժում է արտաքին քաղաքականություն, սկիզբ են առնում (շատ դեպքերում՝ չեն էլ ավարտվում) պետական-քաղաքական մտքի բարդույթավորման բարդ ու հակասական, միայն պաշտպանողական մարտավարությանը միտված, հյուծիչ ու վիճարկելի գործընթացները։ Բացարձակապես արգահատելի են նաև այն դեպքերը, երբ հայ ազգի վերնախավի (և ո՛չ միայն վերնախավի) որոշ ներկայացուցիչներ իբր թե <<հանուն ազգային շահերի պաշտպանության>> ցուցաբերում են բացարձակեցված, ծայրահեղացված ապազգային ծառայություններ և ստրկամիտ նվիրվածություն օտար երկրի շահերի հանդեպ` նպաստելով սեփական պետության կամ պատմական Հայրենիքի կործանմանը:
Հայոց հավակնությունների բացակայության պատճառով բարդույթավորված պետական-քաղաքական մտքի նախադրյալները թերևս երեքն են՝
ա.խոր թերահավատություն սեփական ուժերի նկատմամբ ընդհանրապես, իսկ քաղաքական մտքի պոտենցիալի հանդեպ՝ մասնավորապես,
բ.ռազմական հաղթանակների համեմատությամբ քաղաքական-դիվանագիտական հաղթանակների դերի քրոնիկ թերագնահատում,
գ.անվստահ վերաբերմունք մեծ կորուստների գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքների (հետևանքների) պահպանման հանդեպ։
Վերը նշված գործոնների գերակայության պատճառով ստիպված միշտ հավատացել ենք դարերի ընթացքում մեր իսկ կողմից հյուսված քաղաքական-բարոյական բնույթի պատրանքներին և առասպելներին։ Իսկ ներկա իրողությունների պայմաններում ազգի ֆինանսական (նյութական) առումով գոյատևմանը վերաբերող առկա հիմնախնդիրները չպետք է նույնացնել հայ պետական-քաղաքական մտքի կողմից գործադրվող գոյատևման ռազմավարության հիմնախնդիրներիհետ (խոսքս վերաբերում է անկախության ժամանակաշրջանին)։ Համապատասխան դասեր չքաղելու պարագայում անցյալի սխալները կարող են պատանդ պահել այն պետական-քաղաքական միտքը, որը բարդույթավորված է։ Իսկ բարդույթավորված և քաղաքական հավակնություններից զուրկ միտքը կարող է պատանդ պահել ոչ միայն ներկան, այլև, որն առավել մտահոգիչ և վտանգավոր է, նաև ապագան։
Եթե ուշադիր հետևում ենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների տրամաբանությանը, ապա կարող ենք արձանագրել, որ 21-րդ դարի սկզբներին նախկին կայսրությունները դրսևորում են «փափուկ ուժի» կիրառման միջոցով իրենց կորսված ազդեցությունը վերականգնելու գրեթե ակնհայտ միտումներ։ Օրինակ, հայտնի են ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հավակնությունները ամբողջ աշխարհի առաջնորդության նկատմամբ, ՌԴ-ի կողմից նվազագույնը նախկին ԽՍՀՄ –ի ազդեցության վերականգնման փորձեր՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շղարշով ու այլ մեխանիզմների գործադրմամբ, Թուրքիան իր «նոր օսմանիզմի» գաղափարախոսությամբ ձգտում է հնարավորինս վերականգնել իր ազդեցությունը օսմանյան կայսրության նախկին տարածքներում, Իրանը փորձում է իսլամական աշխարհում գրավել գերակայող, առաջնորդող դիրք և այլն: Էլ չենք խոսում Չինաստանի առայժմ տնտեսական հավակնոտ ծրագրերին հաջորդող գործողությունների մասին։ Ֆրանսիան իր ֆրանկոֆոնիայի (ֆրանսախոս երկրների համագործակցություն) միջոցով փորձում է իր դիրքերն ամրապնդել աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Նման նպատակներ են հետապնդում նաև Մեծ Բրիտանիան և Գերմանիան։ Օրինաչափ հարց է ծագում. ինչպե՞ս ենք գոյատևելու կայսերապետական հավակնություններով տառապող ներկայիս գերտերությունների և տարածաշրջանային հզոր պետությունների համադրված (կամ չհամադրված) աշխարհաքաղաքական բազմակի ստանդարտներով մատուցվող խաղերի որոգայթներում՝ առանց հայ պետական-քաղաքական հավակնոտ մտքի գոյության։
Հայ քաղաքական հավակնոտ մտքի առկայության պայմաններում Գարեգին Նժդեհի և մյուս մեծերի ստեղծագործական ժառանգության հիմքի վրա կարելի է մշակել ընդհանրապես բարդույթներից ձերբազատված, ժամանակի պահանջները բավարարող, 21-րդ դարի ոգուն համարժեք որակական նոր մակարդակի և հիմնավոր հանդգնություն պարունակող համահայկական պետական-քաղաքական միտք։
Ուզում ենք մրցունակ ազգ լինել և երաշխավորել հայոց անկախ պետության (Արցախը ներառյալ) առաջընթաց զարգացումը գալիք դարերի համար, ուրեմն հարկավորէ չվախենալ կենսագործել հայոց պետական-քաղաքական մտքի հավակնություններին վերաբերող ծրագրեր։ Իհարկե, հայ պետական-քաղաքական մտքի հավակնությունները կընկալվեն վերացական, ամբարտավան, արկածախնդրությամբ ներծծված և մեծամիտ մտածելակերպի ձախողված դրսևորումներ, եթե դրանք չհիմնվեն մրցունակ և հզոր տնտեսության, մշտապես արդիականացվող ռազմաարդյունաբերական մեծ ուժի, օրենքների անվերապահ գերակայության և ժողովրդագրական խնդիրը օր առաջ լուծելու արդյունավետ քաղաքականության վրա։ Այսինքն՝ հայոց պետական-քաղաքական հավակնոտ մտքի առկայությունը ինքնանպատակ չէ։ Ընդհակառակը, դրա մշակման և գործադրման անհրաժեշտությունը թելադրված է օբյեկտիվ հրամայականով և կարող է դառնալ մեծ ռազմավարական նպատակներից մեկը, որը նկատելիորեն կխթանի մյուս բոլոր ոլորտների զարգացումը՝ ապահովելով որակական բարձր մակարդակներ։ «Ներքին քաղաքականության մեջ մենք սոսկ պարտություն կրելու վտանգին ենք ենթարկվում, իսկ արտաքին քաղաքականությունը ընդունակ է մեզ գերեզման տանելու»,-ասել է Ջոն Քենեդին։ Ավելորդ չէ նշել, որ «գերեզման տանելու ընդունակ արտաքին քաղաքականությունը» ներքին քաղաքականության օրգանական և տրամաբանական շարունակությունն է։
Արդի փուլում աշխարհում տեղի են ունենում այնպիսի իրադարձույթուններ, որոնց համակարգային ընկալման համար համապատասխան նախադրյալները, թվում է, թե հիմնականում բացակայում են։ Անշուշտ, հնարավոր քաղաքական իրադարձությունների և դեպքերի վերացականության մասին պատկերացումների, այսպես կոչված՝ «անառարկայական» լինելու պատրանքը ունի հազարամյակների պատմություն։ Եվ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ պատրանքներին ապավինելը այնքան վտանգավոր ու անօգուտ զբաղմունք է, որքան բարոյական նորմերով առաջնորդվելը: Ըստ էության, քաղաքականության մեջ կամ դիվանագիտական հարաբերություններում պատրանքներին ու բարոյականության նորմերին տուրք տալը հատկապես աշխարհաքաղաքական շահերի արժևորումների համատեքստում ոչ միայն վտանգավոր է, այլև որոշ դեպքերոմ ՝ կործանարար։
Ընդհանուր հայացք ձգելով արցախյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքի և անկախ պետության կայացման բարդ ու հակասական գործընթացների վրա, մեզանում նկատելի են եղել և կան քաղաքականության մեջ բարոյականությանն ապավինելու փորձեր, որոնց համար ընդհանրապես բացակայում են պատմական և քաղաքական հիմքերը։
Վերը նշված խնդրի վերլուծությունը ցույց է տալիս, որ, կրկնում եմ, հարկավոր է էապես փոխել վերաբերմունքը աշխարհաքաղաքական նոր պահանջների նկատմամբ և քաղաքական որակապես նոր մտքի գործադրումով փորձել դիմագրավել ներկա փուլի տարաբնույթ մարտահրավերներին։
Առաջին խնդիրը, որը ծառացած է հայոց պետական-քաղաքական մտքի առջև, այն է, որ հարկավոր է պայմանականորեն տարանջատել համաշխարհային մասշտաբով և տարածաշրջանային մակարդակով ընթացող աշխարհաքաղաքական բնույթի գործընթացների հիմնական ուղղություններն ու զարգացումները։ Երկրորդն այն է, որ որոշակիորեն ճանաչելով և իմաստավորելով գլոբալ բնույթի մարտահրավերները, անհրաժեշտ է կոնկրետացնել տարածաշրջանային այն հնարավոր քաղաքական զարգացումները, որոնք պայմանավորված են համաշխարհային գործընթացներով և անմիջականորեն կամ էլ միջնորադավորված մեխանիզմներով ուղղակիորեն ներգործում են տարածաշրջանային ներկա կամ պոտենցիալ իրողությունների կայացման վրա։ Եվ, երրորդ, հայ հավաքական քաղաքական միտքը պետք է հստակորեն ճշգրտի, թե ո՞րոնք են հայ ժողովրդի գոյատևման և զարգացման ռազմավարական շահերից բխող համապարփակ առաջնահերթությունները։ Իսկ ավելի կոնկրետ, պետք է ճշտել Հայաստանի տեղն ու դերը, ինչպես նաև՝ հետագա անելիքներն այս տարածաշրջանում։
Օրինաչափ հարց է առաջանում. որո՞նք են աշխարհաքաղաքական այն նոր մարտահրավերները, որոնց բարեհաջող դիմակայելու նպատակով Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է համատեղ ջանքերով և ուժերով մշակեն քաղաքական, տնտեսական, ռազմական և հոգևոր-մշակութային բնույթի այնպիսի «իմունիտետ» -պետական գաղափարախոսություն, որը հայ էթնոսի խոցելիության աստիճանը կհասցնի նվազագույնի։
Այժմ փորձեմ արտահայտել մի քանի նկատառումներ Հայաստանին և Արցախին սպասվող քաղաքական մարտահրավերների վերաբերյալ։
1. Բազմաբևեռ աշխարհի ձևավորման նախաշեմին, մասնավորապես, փոքր և միջին պոտենցիալ ունեցող երկրների համար բազմավեկտոր աշխարհաքաղաքական կողմնորոշումների փուլը, ըստ իս, առաջիկա 15 կամ 20 տարիների (հնարավոր է՝ և ավելի շուտ) ընթացքում անխուսափելիորեն կմոտենա իր տրամաբանական ավարտին։
Հայաստանը, ինչպես հայտնի է, քաղաքական անկախություն ձեռք բերելուց հետո իրականացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Հարկ է նկատել, որ իրականացվող նման արտաքին քաղաքականությունը ներկա փուլում հիմնականում իրեն արդարացնում է, քանզի բազմաբևեռ աշխարհի ձևավորումը դեռևս փորձեր են և ավարտված-կայացած իրողություն չէ։ Կարծում եմ, որ բազմաբևեռ աշխարհակարգի գործընթացներից հետո հազիվ թե հնարավոր լինի հավասարակշռված (բալանսավորված) կամ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն իրականացնել, քանզի այն երկարաժամկետ ռազմավարական պլանում կհակասի աշխարհաքաղաքական այլ բևեռների հետ շահերի ներդաշնակ համադրման տրամաբանությանը: Նման գնահատականի օբյեկտիվ հիմքն հետևյալն է. դինամիկ փոփոխվող աշխարհում կարող են փոխվել աշխարհաքաղաքական կենսական շահերի վեկտորները, իսկ արդյունքում՝ նաև ազդեցության ոլորտները:
Ելնելով աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ, հակասական դեպքերի ու իրադարձությունների զարգացման տրամաբանությունից, ակնհայտ է դառնում մի բան, այն է՝ միաբևեռ աշխարհը վերջին երեսուն տարում, կարծես թե, արդեն սպառել է իրեն, իսկ բազմաբևեռ աշխարհի ձևավորման մոդելներին, «ձևաչափերին» միտված քաղաքական և գիտական ակտիվ որոնումները դեռևս շարունակվում են։ Եվ դա հասկանալի է, քանզի «կառավարելի քաոսի» տեսությունը չի կարող փոխարինել կառուցողական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական համադրելի սկզբունքներով կառավարվող աշխարհի մոդելին։ Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների համար լուծումներ փնտրող Զբ. Բժեզինսկին առաջարկում է այնպիսի տարբերակ, որի իրականացումը չի կարող այս կամ այն կերպ չշոշափել Հարավային Կովկասի տարածաշրջանի շահերն ընդհանրապես, իսկ Հայաստան-Արցախինը՝ մասնավորապես։ Նա անում է հետաքրքիր մի դիտարկում. «Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան կձգտեն ընդլայնել Արևմուտքի շրջանակները, Ռուսաստանն ինքը պետք է էվոլյուցիոն ճանապարհով սերտ կապեր հաստատի ԵՄ-ի հետ։ Նրա քաղաքական ղեկավարությունը պետք է ընդունի այն փաստը, որ երկրի ապագան բավականին մշուշոտ է լինելու, քանի դեռ այդ պետությունը կմնա համեմատաբար չմշակված ու տափաստանային մի տարածություն, որը գտնվում է հարուստ Արևմուտքի և դինամիկ զարգացող Արևելքի միջև։ Իրավիճակը չի փոխվի, եթե նույնիսկ Ռուսաստանին հաջողվի մոլորեցնել Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների և նրանց ներառի Եվրասիական միության մեջ, որը հանդիսանում է կառավարության նախագահ Վլադիրմիր Պուտինի եսակենտրոն գաղափարը։ Բացի դրանից, չնայած ռուսական հասարակության նշանակալի մասը ողջունում է ԵՄ-ին անդամակցությանը՝ առաջ անցնելով իր կառավարությունից, սակայն ռուսաստանցիների մեծ մասը հաշիվ չի տալիս իրեն այն բանում, թե որքան խիստ են Եվրոպական Միությանը անդամակցման չափանիշները, հատկապես ժողովրդավարական բարեփոխումների մասով[1]»։
Այստեղ հետաքրքրականն այն է, որ համաշխարհային հռչակ վայելող քաղաքագետը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ Արևմուտքի ռազմավարական հակառակորդին, չի տեսնում, իր բառերով ասած՝«քաղաքակիրթ և ժողովրդավար «Մեծ Արևմուտքի»» կազմում՝ Հայաստանի Հանրապետության (և Արցախի) համար այստեղից բխող տարաբնույթ և, նույնիսկ, անկանխատեսելի հետևանքներով: Այլ կերպ ասած, կողմնորոշման խնդիր է դրվում. դեպի «Մեծ Արևմո՞ւտք», թե՞ Եվրասիական Տնտեսական Միություն:
Երկարաժամկետ պլանում (մոտ 15-20 տարիների կտրվածքով) զարգացող երկրները այս կամ այն չափով ու ձևերով անխուսափելիորեն կդաշնակցեն ապագայում ձևավորվելիք աշխարհաքաղաքական որևէ բևեռի հետ։ Ուստի, որպեսզի Հայաստանը խուսափի ապագա աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ կապված արտաքին և ներքին հնարավոր քաղաքական ցնցումներից, անհրաժեշտ է հենց ներկա փուլում նախապատրաստվել ապագայում սպասվելիք համաշխարհային վերադասավորումներին։ Այլ կերպ ասած,միայն այն երկիրը կարող է հիմնականում շահած դուրս գալ ապագա արտաքին քաղաքական վերադասավորումների լաբիրինթոսից, որը ներկայումս արդեն հայեցակարգային մակարդակում ապագա աշխարհաքաղաքական ռազմավարական շահերի բախման համատեքստում կկարողանա հնարավորինս ճիշտ որոշել այն պոտենցիալ բևեռը կամ ուժային կենտրոնը, որին էլ ուղղված կլինի նրա աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ «Նոր իրադրությունը արմատապես տարբերվում է նրանից, ինչ եղել է անցյալում: Ներկայումս տեղի են ունենում ուժերի դասավորության սկզբունքային փոփոխություններ, իմա՝ ընթանում են ինչպես ակտիվ աշխարհաքաղաքական, այնպես էլ միջազգային ֆինանսա-տնտեսական հարաբերությունների նոր ճարտարապետության ձևավորման գործընթացներ, որոնք պետք է պատասխանեն նոր իրողություններին»[2],- նշում է ռուս քաղաքագետ Ի.Ա. Վասիլենկոն: Հակառակ պարագայում, եթե որևէ երկիր չունի գիտականորեն հիմնավորված և ապագային միտված պետական ռազմավարական շահերի պաշտպանության վերաբերյալ հայեցակարգ, ապա աշխարհաքաղաքական մարտավարական շահերի համար մղվող պայքարում կարող է անդառնալիորեն լուրջ կորուստներ ունենալ։
- Ներկայումս ընթացող գլոբալիզացիայի և բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացներում նկատելի են հետաքրքիր և էության մեջ նաև՝ խորամանկ միտումներ։ Այսինքն՝ որպեսզի ակնհայտ չլինի մեկ կամ էլ մի քանի ուժային կենտրոնների կողմից կառավարվող համաշխարհային մասշտաբի գործընթացների իմաստն ու նպատակը, ազդեցության ոլորտների բաշխմանն ու վերաբաշխմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական գործողությունները տեղափոխվել են (ռեգիոնալ) տարածաշրջանային տարբեր մակարդակներ։ Ուստի պատահական չէ, որ երկրագնդի տարբեր ծայրերում տեղային բնույթի հակամարտությունները փորձ է արվում լուծել ոչ միայն հակամարտող կողմերի մասնակցությամբ, այլև,այսպես կոչված՝ «տարածաշրջանային գերտերությունների» («խաղացողների») օգնությամբ։ Իսկ վերջիններս էլ նման դեպքերում ձգտում են իրենց ազգային-պետական ռազմավարական շահերը հմտորեն համադրել գերտերությունների հետապնդած աշխարհաքաղաքական շահերի հետ՝ փայաբաժին «պոկելով» տարածաշրջանի այս կամ այն երկրի շահերի հաշվին:
(Փակագծում նշեմ, որ տարածաշրջանային բարդ ու հակասական նման զարգացումների պայմաններում, ինչպես վկայում է պատմությունը, հիմնականում կարողանում է շահեկան դիրքերում հայտնվել դիվանագիտական փորձ ունեցող մեր հարևանը՝ Թուրքիան)։
Ինչպես վերն ասվեց, տարածաշրջանային հակամարտությունների լուծումը տարածաշրջանում գտնվող միայն հակամարտող կողմերի միջոցով կամ օգնությամբ չի իրականանում։ Երկրագնդի այս կամ այն մասում ծագած հակամարտությունը կարող է «մաքուր» տարածաշրջանային բնույթ չկրել։ Կամ էլ հակամարտությունը կարող է ծագել «մաքուր» տեղային նախադրյալների առկայության պայմաններում, սակայն դրա լուծմանն առնչվող հիմնական հարցերի դասակարգման ու համադրման գործընթացները իրականացվեն տվյալ տարածաշրջանից դուրս։
Այս առումով, Հայաստանի աշխարհագրական ներկայիս տարածքը դժվար է բարենպաստ համարել։ Սակայն, միաժամանակ ամեն մի աշխարհագրական տարածք, իր թերություններով հանդերձ, ունի նաև բազմաթիվ առավելություններ։ Հասկանալի է, որ օբյեկտիվ իրողություններից դժգոհելը անօգուտ զբաղմունք է։ Հարկավոր է պարզապես առավելագույնս օգտվել աշխարհագրական այն դիրքից, որ ունի Հայաստանը։ Քաղաքական փիլիսոփայությունը գործնականում փաստում է հետևյալը. որքան հնարավոր է, որ մեծ երկիրը դառնա փոքր, այնքան էլ աշխարհաքաղաքական հանգամանքների որոշակի դասավորության դեպքում փոքրը կարող է ընդարձակվել և կայանալ որպես մեծ պետություն (պատմությունը տվել է նման բազմաթիվ օրինակներ)։
Պետության գոյության պահպանումը և հզորության առկայությունը գործնականում իրականացվող քաղաքականության օրինաչափ արդյունք է։ Պետության կործանումը տվյալ ժամանակաշրջանի պահանջներին ոչ համարժեքորեն և ոչ ճկունորեն արձագանքող քաղաքականության հետևանք է։ Իսկ պետությունը կորցրած ազգը դարերի ընթացքում ոչ թե ապրում ու զարգանում է, այլ պարզապես գոյատևում առանձին-առանձին հատվածներով։ Ընդ որում, գոյատևել են ոչ միայն հայրենի հողի վրա ապրողները, այլև՝ օտար երկրներում սփռվածները։ Ազգային պետության կործանումից հետո մենք կորցրեցինք պատմական հայրենիքի գերակշռող հատվածը, և հայ ազգի թվակազմը նվազեց թե՛ դարերի ընթացքում իրականացված զանգվածային բազում կոտորածների, և թե՛ օտար երկրներում ուծացումների պատճառով։ Միաժամանակ, դարեր շարունակ տարբեր երկրներում սփռված հայերի տաղանդը ծառայեց օտար պետությունների ռազմական, տնտեսական և հոգևոր-մշակութային տարբեր ոլորտների զարգացման ու հզորացման գործին։
3. Եթե ընդհանրացնենք նախորդ հազարամյակում հայ ազգի կեցության եղանակը, ապա այն ոչ այլ կերպ, քան գոյատևման մարտավարություն, բնութագրել չենք կարող։ Սակայն եթե նախորդ դարերը հայ ազգի համար եղել են ընդամենը գոյատևման ժամանակաշրջաններ՝ հիմնված նրա աշխատասիրության և սեփական տեսակը բոլոր հնարավոր միջոցներով պահպանելու կենսական բնազդի վրա, ապա XXI դարը պիտի դառնա հայ տեսակի համար պետական-քաղաքական նոր մտքի զարթոնքի դարաշրջան։ Իսկ ավելի կոնկրետ, հայոց անկախ պետության գոյության պայմաններում հարկավոր է ստեղծել բոլոր նախադրյալները, որպեսզի հայ ազգը գոյատևման մարտավարությունից վերջապես անցում կատարի զարգացման և հզորացման ռազմավարության: Իսկ, ինչպես վկայում է Արևմտյան զարգացած երկրների հարուստ փորձը, զարգացման ռազմավարության մշակման հիմնական պայմաններից մեկը կարող է լինել նաև հայոց քաղաքագիտական համակարգված մտքի ձևավորման խնդրի լուծումը: Ամբողջ հարցն այն է, որ մենք ազգովին կարողանանք բարձր պատասխանատվությամբ գնահատել պատմության կողմից մեզ տրված չափազանց սուղ ժամանակահատվածը՝ անկախ և հզոր պետություն կառուցելու համար՝ նաև Սփյուռքի ամենաակտիվ աջակցությամբ։ «Ամէն ժողովուրդ իր ուսերի վրա է կրում իր պատմական բախտի բեռը։ Նուազ ոգելից և խոստումնալի է այն ժողովուրդը, որը գնալով չի երիտասարդանում հոգեպէս, որին պակասում է իր պատմական առաքելության գիտակցությունը»[3],- նկատել է Գարեգին Նժդեհը։
Գուցե եկել է պատմական այն հրամայական պահը, երբ համատեղ ուժերով և նաև քաղաքագիտական մտքի օգնությամբ մենք պետք է փորձենք ձևավորել Նժդեհի պատգամած «պատմական առաքելության գիտակցությունը» և բացահայտել, թե որտեղ է թաքնված հայոց մտքի հզորության աղբյուրը և վերջինս էլ փորձենք ծառայեցնել մեր Հայրենիքի զարգացման գործին։ Եվ սա էլ այն դեպքում, երբ, ինչպես դարեր առաջ, այնպես էլ ներկա փուլում, համաշխարհային քաղաքականությունը շարունակում է հենվել միմյանց լրացնող հետևյալ երեք սկզբունքների վրա։
- Ստատուս-քվոյի պահպանման քաղաքականություն, որի հիմնական նպատակն է՝ բոլոր միջոցներով պաշտպանել միջազգային հարաբերություններում ամբողջապես կամ էլ առանձին տարածաշրջանում մինչև տվյալ պահը ունեցած իշխանությունը, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդարձակել ազդեցության սահմանները։
- Համաշխարհային տիրապետության հաստատման քաղաքականություն, որն արտահայտվում է հետևյալ կերպ. ձգտել փոխել աշխարհում կամ էլ առանձին տարածաշրջանում գտնվող կոնկրետ երկրի (երկրների ) վրա հակառակորդ մեկ այլ հզոր տերության ունեցած ազդեցության ուժերի հարաբերակցությունը հօգուտ իրեն, այսինքն՝ հաջողության դեպքում հիմնովին կամ էլ՝ մասամբ վերաձևել աշխարհի քաղաքական քարտեզը։
- Հեղինակության, վարկանիշի ամրապնդման քաղաքականություն, որի կարևորությունը գործնականում շատ աննշան է, քանզի վերջին հաշվով, այն ծառայեցվում է կամ ստատուս-քվոյի ամրապնդմանը, կամ էլ, այսպես կոչված՝ կայսերապետական էֆեմիզմի վրա հիմնված քարոզչական քաղաքականության իրականացմանը։
Համենայն դեպս, հայ-ադրբեջանական ռազմական, քաղաքական, դիվանագիտական և քարոզչական հակամարտության 30 և ավել տարիների փորձը ցույց է տալիս, որ, ըստ էության, միայն աշխարհաքաղաքական շահեր հետապնդող հզոր տերություններն են առայժմ բծախնդիր հավատարմություն ցուցաբերում վերոհիշյալ երեք սկզբունքների գործադրմանն աշխարհում ընդհանրապես, իսկ կոնկրետ որևէ տարածաշրջանում՝ մասնավորապես։
Վերը նշված երեք աշխարհաքաղաքական հաստատումներից բխող հրամայական պահանջը կարևորվում է հետևյալ տեսանկյուններից.
- հարկավոր է հայոց պետական-քաղաքական մտքի օգնությամբ ճշգրտել, թե Հայաստանը աշխարհաքաղաքական ինչպիսի չափումների պայմաններում պիտի գտնվի և գործի.
- աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումների հեռահար նպատակները հնարավորինս օբյեկտիվ հասկանալու համար անհրաժեշտ է համակարգել նման խնդիրներով զբաղվող գիտահետազոտական կենտրոնների քաղաքագիտական միտքը։
- Հայաստանի ռազմավարական շահերի խոր իմացության հիման վրա մշակել աշխարհաքաղաքական այն չափումները, որոնք ուղղակի ածանցված չեն լինի տարածաշրջանային տարաբնույթ և անկանխատեսելի զարգացումներից, այլ, ընդհակառակը, կդարձնեն դրանք մեզ համար հնարավորինս կանխատեսելի։
Նախորդ հազարամյակի ընթացքում քաղաքական հայանպաստ մտքի բացակայության պայմաններում բարոյական ըմբռնումների վրա հիմնված և պաշտպանողական մարտավարությունը անհրաժեշտ է պարտադիր կերպով փոխարինել XXI դարի հայ քաղաքագիտական համակարգված մտքի քարոզչական-հարձակողական ռազմավարությամբ։ Իմ խորին համոզմամբ, Հայաստանի Հանրապետությունը Արցախի հետ միասին (անշուշտ, նաև Սփյուռքի օգնությամբ) երբեք չի կարող ունենալ երաշխավորված ապագա, եթե առաջիկա երկու տասնամյակների ընթացքում չկայանա որպես տարածաշրջանային ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ։ Քանի որ Արցախի միացումը Հայաստանի Հանրապետության հետ դե-ֆակտո կայացել է, հետևաբար դե-յուրե միավորումը սկիզբ կդնի Մեծ Հայաստանի (նկատի ունեմ առայժմ Սևրի պայմանագրով նախատեսված սահմաններում) ուրվագծվող երազների իրականացմանը:
Վերը նշված նկատառումներից և արտահայտած ռազմավարական մտահոգություններից հետո օրինաչափ հարց է առաջանում. ի՞նչ է արել հայ պետական-քաղաքական միտքը, որ չպետք է աներ և, հակառակը, ի՞նչ չի արել հայ պետական-քաղաքական միտքը, որ պարտավոր էր անել։ Կամ, արդյո՞ք մեր ձեռքի տակ ունենք նշված երկու հարցերին վերաբերող ռազմավարական բնույթի համակողմանի և խոր քննական վերլուծություններ, հետևություններ, եզրակացություններ՝ ապագայի համար գործունեություն ծավալելու նպատակով։ Իհարկե, ոչ։ Անշուշտ, սրանք հռետորական հարցեր չեն։ Սրանք հարցեր են, որոնց կարող են տրվել ամենատարբեր պատասխաններ՝ և դրական (որ արվելէ հնարավորը), և բացասական (որ չի արվել հնարավորը)։ Սակայն, եթե մենք պատմությունից դասեր քաղելու ընդունակություն ունեցող ազգ ենք, ապա պիտի խոստովանենք, որ արցախյան հաղթական պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում քաղաքական իշխանությունները ի զորու չեղան համախմբելու ողջ հայության ներուժը՝ հայրենիքի համար անելու հնարավորը։
Ինչպես իրավացիորեն ասել է ԱՄՆ-ի Քաղաքացիական իրավունքների շարժման հանրահայտ առաջնորդ Իդա Բ. Վելսը՝ «Սխալները շտկելու համար հարկավոր է դրանք դիտարկել ճշմարտության լույսի ներքո»։ Պարզապես մենք՝ հայերս, անցյալի սխալները խոստովանելու ուժ ու քաջություն պիտի ունենանք։ Ես կարծում եմ, որ անցյալի-ներկայի-ապագայի շղթայի առանձին օղակների տեղը, դերն ու նշանակությունը մենք ճիշտ չենք գնահատում և արժևորում։ Հաճախ անցյալը փոխարինում է ներկային ու ապագային և բազմաթիվ լուրջ հիմնահարցեր քննում և իմաստավորում ենք բացառապես անցյալի պրիզմայով։ Եվ ստացվում է այնպես, որ, կարծես թե, մենք ազգովին ապրում ենք ոչ թե ներկայում, այլ անցյալում…
Բացարձակապես ոչ ոք չի ժխտում անցյալի դերն ու նշանակությունը ներկայի և ապագայի համար։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ անցյալը մեզ՝ ներկայում ապրողներիս, պետք է ուժ տա և ոչ թե թուլացնի։ Միայն ուժ ստանալու համար մենք պետք է նայենք անցյալին։ Ուժ ենք ստանում անցյալից և ինքնավստահ գործում ներկայում՝ հուսավառ հայացքներս հառում ապագային։ Հակառակ պարագայում, մենք մեզ կմոռանանք ներկայում և կկորցնենք ապագայում։ Չէ որ ներկա իրականության մեջ են դրվում ապագայի կառուցման հիմքերը։ Եթե ներկա իրականության մեջ արվում է հնարավորը երկիրը ռազմա-տնտեսապես հզոր դարձնելու և ազգային ինքնությունը պահպանելու համար, ուրեմն պետության զարգացման հեռանկարը անորոշ չէ։
Հայաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական և հոգևոր-մշակութային զարգացման և արդիականացման հիմքում պետք է դրված լինի այնպիսի բարոյա-քաղաքական դոկտրինա, որը բացառապես կհենվի ազգային առանձնահատկությունների և ավանդույթների վրա։*
Հայաստանի քաղաքական անկախությունը ձեռք բերելուց հետո անխուսափելիորեն ծագեցին պետական կառուցվածքի, ձևի, պետական իշխանության, պետական կառավարման հարցերը, որոնց ճշգրիտ և իրատեսական լուծումից է նաև կախված հայոց պետության առաջընթաց զարգացման հեռանկարը։ Սակայն պետության զարգացման համար հարկավոր է նախապես հստակեցնել այն տեսական հիմնադրույթները և առանցքային քաղաքական գաղափարները, որոնք կդրվեն նաև ազգային անվտանգության (ոչ միայն ֆիզիկական) հայեցակարգի մշակման հիմքում։ Նման հարցադրման առաջնահերթությունը պայմանավորված է այն բանով, որ գաղափարախոսության կրող հիմնական օբյեկտը՝ ազգը, պետք է հավատա սեփական անվտանգությունը և շահերը պաշտպանող գլխավոր սուբյեկտին՝ պետությանը։
Այսինքն՝ ազգը պիտի պարզի իր համար, թե որոնք են արժեքային այն կողմնորոշիչները, որոնք պարտավոր է ցանկացած գնով ու միջոցներով պաշտպանել ինքը։
Հայ ազգը թե՛ գիտակցաբար, թե՛ ենթագիտակցաբար պատրաստ է գնալու ամեն տեսակի զոհողությունների, եթե իր համար ընդունելի արժեքային բոլոր կողմնորոշիչները բխում են Հայկական Էությունից ու բովանդակությունից։ Հետևաբար, ենթադրվում է, որ սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ հենց Հայկական Ինքնությունն է ազգային արժեքների միջոցով ձևավորում այն գաղափարը, որն ընկած է հայոց ազգային ինքնագիտակցության, պետականության և հոգևոր մշակութային ժառանգության հիմքում։ Հայկական Ինքնության գաղափարը ամենից առաջ ազատ Հայ լինելու և որպես ազատ Հայ սեփական Հայրենիքում ապրելու գիտակցությամբ հպարտանալու գաղափարն է։ Հայկական Ինքնության գաղափարը առաջին հերթին արտահայտվում է հայ մարդու հայրենասիրությունը, պետականապաշտությունը և հոգեվոր-մշակութային ժառանգությունը բոլոր միջոցներով պահպանելու հետևողական վարքագծում։ Հայրենասիրությունը, պետականապաշտությունը և հոգևոր-մշակութային ժառանգությունը այն երեք գաղափարական հենասյուներն են, որոնց վրա խարսխվում է Ազգային Անվտանգության Գաղափարախոսությունը։ Իսկ Ազգային Անվտանգության Գաղափարախոսության առանցքային գաղափարը Հայկական Ինքնության անվերապահ պաշտպանությունն է։
Հարկ է նշել, որ և´ Հայաստանում, և´ Սփյուռքում Հայկական Ինքնության գաղափարը կրելու, մեկնաբանելու, պաշտպանելու, արհամարհելու, աղավաղելու, ուրանալու և, վերջապես, ոչնչացնելու և´ ձևերը, և´ միջոցները, և´ եղանակները բազմազան են։ Սակայն ներկա փուլում, Հայաստանի անկախությունից ի վեր, ստեղծվել են աննախադեպ բավարար քաղաքական, տնտեսական, հոգևոր-մշակութային և բարոյական պայմաններ աշխարհի բոլոր հայերին համախմբելու Հայկական Ինքնության պաշտպանության գաղափարի շուրջ։ Հայկական Ինքնության գաղափարը իր հզոր մագնիսական ուժի շնորհիվ կարող է դառնալ Հայաստանի և Սփյուռքի իրականության մեջ գործող բոլոր քաղաքական կուսակցություններին, հասարակական բազում կազմակերպություններին և տնտեսական-ֆինանսական մանր ու խոշոր սուբյեկտներին, տարբեր ոլորտներում սփռված մտավոր ուժերին հայոց պետականության ամրապնդման համար միավորող գաղափարախոսական առանցքը։ Ընդ որում, Հայկական Ինքնության գաղափարի հիմնական իրագործողն ու պաշտպանը պետք է լինի հայոց ազգային պետությունը։ Ինչու ոչ, Հայ լինելը և որպես Հայ ապրելը պետք է նաև շահեկան լինի Հայի համար աշխարհի բոլոր անկյուններում: Մյուս կողմից, աշխարհասփյուռ հայությունն էլ պիտի խորապես գիտակցի, որ ինքը բոլոր բնակավայրերում հնարավոր բոլոր միջոցներով ու ձևերով պարտավոր է պաշտպանել իր գոյատևման միակ երաշխավորին՝ հայոց ազգային պետությանը։ Առավել ևս, որ Հայաստանի անկախ պետությունը հարկադրված է գոյատևել աշխարհագրական այնպիսի միջավայրում, որտեղ դարեր շարունակ բախվել և բախվում են Արևմուտքի և Արևելքի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական շահերը։ Իսկ աշխարհը շարունակում են կառավարել «Աշխարհաքաղաքական իրողությունները և ոչ թե համամարդկային արժեքները»,-ասել է է Զ. Բժեզինսկին։ Հայկական Ինքնության գաղափարն իր նպատակին ծառայելու համար ունի մեկնարկային հիմնախնդիր, որը գտնվում է պետության՝ իբրև հայոց ռազմավարական շահերի գլխավոր պաշտպանի, գործունեության ոլորտում։ Հայոց պետությունը պետք է ձեռք բերի այնպիսի որակներ (ամենից առաջ արժանանա համայն հայության վստահությանը), որոնց վրա հիմնվելով ի զորու կլինի ստանձնել Հայկական Ինքնության գաղափարի կենսագործման իրավունքներն ու պարտականությունները։ Չէ՞ որ Հայկական Ինքնության գաղափարն իր կոչումով և բնույթով քաղաքական գաղափար է և այն պետք է դառնա հայ ազգի գոյատևման կռվանն արդի պայմաններում քաղաքականապես նորովի ինքնահաստատվելու համար։ Հայկական Ինքնության գաղափարը Ազգային Անվտանգության Գաղափարախոսության հետ միասին այն արժեքներն են, որոնք և´ հայաստանյան, և´ Սփյուռքի իրականության մեջ այլընտրանք չպետք է ունենան։ Ըստ էության, Հայկական Ինքնությունը հայ ազգի մտավոր բարձր պոտենցիալի համար կլինի «քարշիչ ուժ», ղեկավար գաղափար, որը ազգային պետության գոյության պայմաններում ընդունակ է հրաշքներ գործելու։ Արդի փուլում քաղաքակրթությունների, մշակույթների բազմատեսակ և բազմաբնույթ խառնարանում Հայկական Ինքնության պաշտպանությունը պետք է դիտվի որպես ընդհանրական երևույթ, ինչպես օրինակ, ամերիկանիզմը, ռուսականությունը և այլն։ Հայկական Ինքնության գաղափարը չպետք է գռեհկացվի և արժևորվի պարզունակ առօրյա դատողությունների մակարդակով։ Հայկական Ինքնության պաշտպանությունը միաժամանակ չպետք է նույնացնել ծայրահեղ ազգայնականության (նացիոնալիզմի) հետ։ Հայկական Ինքնությունը, կրկնում եմ, հայ ազգի դեմքն ու դիմագիծը, ազգային ինքնագիտակցությունը, արժանապատվությունն ու առանձնահատկությունները պաշտպանող գաղափար է: Հայկական Ինքնության քայքայելուն միտված ցանկացած փորձ (լինեն դրանք ներքին թե արտաքին) պետք է արժանանա պետական-քաղաքական և իրավական համարժեք գնահատականի: Այսինքն՝ Հայկական Ինքնությունը՝ որպես ազգային ձև և բովանդակություն ունեցող երևույթ, կարող է դառնալ այն բնական պաշտպանական շերտը, որը անհրաժեշտաբար պետք է ունենա աշխարհում ինքն իրեն հարգող և քաղաքակիրթ համարող յուրաքանչյուր ազգ։
Իսկ եթե կան տեսակետներ, գաղափարական դիրքորոշումներ, մոտեցումներ, որոնց միջոցով փորձ է արվում «հիմնավորել» նման գաղափարի կամ գաղափարախոսության «ավելորդությունը», ապա այդպիսի մարդիկ կամ ուժերը միանշանակ հետապնդում են Հայկական Ինքնությունը քայքայելու և ապազգայնացնելու նպատակ: Աշխարհի բոլոր զարգացած և գերզարգացած երկրները (ԱՄՆ, Ճապոնիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա և այլն) ունեն այդպիսի բնական պաշտպանական շերտ – գաղափար, որի արթուն «պահակը» իրենց ազգային պետություններն են: Համազգային ոգու դեր կատարող նման գաղափարի բացակայության պայմաններում մեր երկիրը դատապարտված է մնալու որպես հումքային կցորդ, էժան ու անորակ ապրանքների սպառման տաղավար-պետություն: Իսկ նման երկիրը դառնում է հեշտ կառավարելի ՝ բոլոր առումներով:
Այսպիսով, Ազգային Անվտանգության Գաղափարախոսությունը Հայի ազգային առանձնահատկությունները, ձգտումները, Հայկական Ինքնության էությունն ու բովանդակությունը համակողմանիորեն արտացոլող գաղափարի շուրջ ձևավորված ռազմավարական նպատակների, հոգեվոր-մշակութային արժեքների, հայացքների, ըմբռնումների միասնական, ամբողջական և մշտանորոգ համակարգ է:
Հայկական Ինքնության գաղափարի իրագործման համար հարկավոր է լուծել մի քանի խնդիրներ: Այդ խնդիրներն են՝
ա.պետականամետության բարձր գիտակցության, մտածելակերպի ու վարքագծի դրսևորման համար համապատասխան պայմանների ստեղծում,
բ. Հայաստանում ապրող հայության քանակական աճի հարցին պետք է վերաբերվել ոչ թե սոսկ հայ մարդկանց «մի քիչ ավել, կամ մի քիչ պակաս» մեխանիկական համախումբ ներկայացնող զանգվածի, այլ պետականորեն՝ որպես ռազմա-քաղաքական բաղադրիչի,
գ. սփյուռքահայության բոլոր հատվածների և Հայրենիքի միջև տարաբնույթ կապերի, հարաբերությունների և մոդելների մշակում՝ նկատի ունենալով տարբեր վայրերում նրանց ապրելու սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններն ու նրբությունները,
դ.համահայկական քարոզչական ռազմավարության իրագործման դաշտի ձևավորում և այլն:
Հարկ է նկատել, որ վերը նշված խնդիրներից յուրաքնաչյուրի լուծման համար անհրաժեշտ է մշակել միջոցառումների առանձին ծրագիր, որոնց իրականացումը պահանջում է պետության ակտիվ աջակցությունը: Յուրաքանչյուր պետական-քաղաքական համակարգ կործանվում է այն ժամանակ, երբ նրա ներսում ստեղծվում են բարենպաստ պայմաններ կամ նախադրյալներ արտաքին բացասական ազդակների և միջամտությունների համար: Միայն Ազգային Անվտանգության Գաղափարախոսության առկայությունն է, որ ի զորու է համախմբելու հայոց տարաբնույթ ներազգային բոլոր ուժերին և հետևողական, և վճռական հակազդեցություն ցույց տալու արտաքին բոլոր միջամտություններին, անկախ այն բանից, թե ինչ շղարշի տակ և ինչ ձևերով են դրանք դրսևորվում: Եթե առաջիկա տարիներին չհստակեցվեն հայ ազգի հետագա զարգացման գաղափարական ընդհանուր մոտեցումները, ելակետերը և չմշակվի քաղաքական-տնտեսական ռազմավարական հիմնադրույթները, ապա դա կնշանակի, որ մենք գիտակցաբար զրկում ենք մեզ մեր Հայկական Ինքնությունը պաշտպանող նաև գենային դիմադրողականությունից ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
Ներկայումս աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտական, հոգևոր-մշակութային, բարոյա-հոգեբանական աննախադեպ, հաճախ նաև՝ անկանխատեսելի որակական փոփոխությունները վկայում են, որ 21-րդ դարում Հայկական Ինքնության գաղափարի պահպանումը շատ ավելի բարդ է լինելու, քան նախորդ դարերի հաղթահարած բազում դժվարությունները միասին վերցրած…
Եթե որևէ ազգ չի ղեկավարվում հիմնավորված պետական-քաղաքական հավակնոտ (ամբիցիոզ) մտքով, ապա նա գիտակցաբար մասնակցում է իր տաղանդի և ապագայի ամենօրյա թաղմանը:
ՍԻՐԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տպագրվող նյութը որոշակի փոփոխություններով մի հատված է քաղաքագետ Սիրակ Հովհաննիսյանի վերջերս հրատարակված Հայոց պետականության փշրված երազները մենագրությոունից:
Ըստ հեղինակի, հայոց պետականության երազները փշրված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իրականություն չի դարձել նվազագույնը՝ Սևրի պայմանագրով գծված սահմաններով Հայաստանը:
—————————————
[1]Бжезинский Зб. «Стратегический план: Америка и кризис мировой власти», на которой основан данный очирк. ОпубликовановжурналеForignAffairs, N1 2012год
@CouncilonForeignRelations, Inc.
[2] Василенко И. А. Политология. – М., 2012, с.362.
[3]Գարեգին Նժդեհ։ Բանտային գրառումներ։ (Խորհրդածութիւններ), Երևան-1993թ., էջ 27։
lragir.am/2020/08/16/572071/