ՅՈՒՇԱՏԵՏՐ – 17 Օգոստոս 1827․ Օշականի Ճակատամարտին յաղթական աւարտը հիմնովին փոխեց հայ ժողովուրդի քաղաքական ճակատագիրը՝

– 17 Օգոստոս 1827․ Օշականի Ճակատամարտին յաղթական աւարտը հիմնովին փոխեց հայ ժողովուրդի քաղաքական ճակատագիրը՝

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՅՈՒՇԱՏԵՏՐ – 17 Օգոստոս 1827․ Օշականի Ճակատամարտին յաղթական աւարտը հիմնովին փոխեց հայ ժողովուրդի քաղաքական ճակատագիրը՝

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՅՈՒՇԱՏԵՏՐ – ՆԱԽՈՐԴԸ:

ՄԵՐ ՈՒՂԻՆ

Յուշատետր

17 Օգոստոս 1827․

Օշականի Ճակատամարտին յաղթական աւարտը հիմնովին փոխեց հայ ժողովուրդի քաղաքական ճակատագիրը՝

Ռուսաստանը ԱԶԱՏԱՐԱ՞Ր է, թէ՞ ՏԻՐԱԿԱԼ

17 Օգոստոս 2020 – Ն. Պէրպէրեան

Յուշատետրի այսօրուան էջին վրայ տիրական իր դրոշմը պարտադրած է Օշականի Ճակատամարտը, որ ԱՆԿԻՒՆԱՔԱՐը կը հանդիսանայ Արեւելահայաստանի վրայ ՌՈՒՍԱԿԱՆ տիրապետութեան հաստատումին։

17 Օգոստոս 1827ին Ցարական Ռուսաստանի բանակին փոքրաթիւ մէկ գունդը յաղթական դուրս եկաւ պարսկական բանակի տասնապատիկ աւելի մեծաթիւ զօրքին դէմ՝ Արեւելեան Հայաստանը լրիւ դուրս բերելով պարսիկ Խաներու տիրակալութենէն եւ զայն ենթարկելով Քրիստոնեայ Ռուսաստանի Ցարական իշխանութեան։

Պատմականօրէն ԴԱՐԱԳԼՈՒԽ բացող Օշականի Ճակատամարտին մասին հայ պատմագրութիւնը ընդհանրապէս միակողմնակի՝ ի նպաստ Ռուսաստանի կողմնորոշում ունեցած է իր արտայայտութեանց մէջ։ Ակնբախ երեւոյթ է, որ աւելի քան 180 տարի հայ քաղաքական միտքը միայն երախտագիտութեան խօսքերով դրուատած է Արեւելեան Հայաստանի տիրակալութեան փոխարինումը Ռուսաստանի կողմէ։

Բայց ԻՐԱՊԷ՞Ս ա՛յդ է ճշմարտութիւնը։

Հիմնաւոր պատասխանի աւելի քան երբեք պէտք ունինք այսօ՛ր, որովհետեւ մեր օրերուն լայնքին-երկայնքին բացուած է Հայկական Հարցի մէջ Ռուսական ԳՈՐԾՕՆի դերակատարութեան անաչառ ու սպառիչ արժեւորման ՕՐԱԿԱՐԳը։

Յուշատետրը միայն կը յուշէ օրակարգը։

Հայ քաղաքական մտքին ճիտին պարտքն է քննութեան ենթարկել այս հարցին վերաբերեալ պատմաքաղաքական թէ քաղաքական-ռազմավարական տարբեր՝ նոյնիսկ ներհակ մօտեցումները, եզրայանգելու համար Հայաստանի եւ Հայութեան վաղուան ՈՒՂԻԻՆ գաղափարական լրջախոհ հունաւորումին։

Ահա՛ նախ պատմական հակիրճ բանաձեւումը Օշականի ճակատամարտին մասին ընդհանրապէս ընկալեալ ԱՐԺԵՒՈՐՈՒՄԻՆ․-

Arm.Info կայքէջի աշխատակից ՄԱՐԻԱՆՆԱ ՄԿՐՏՉԵԱՆի համաձայն՝

«Օշականի ճակատամարտը Ռուս-Պարսկական պատերազմի պատմութեան ամենադրամատիկ եւ հերոսական էջերից մէկն է։

1827 թուականի Օգոստոսի 17ին Օշական գիւղի մօտակայքում տեղի ունեցաւ 30-հազարանոց պարսկական բանակի եւ 3-հազարանոց ռուսական ջոկատի միջեւ՝ գեներալ Աֆանաս Կրասովսկու հրամանատարութեան ներքոյ։ Չնայած անհաւասար ուժերին, ռուս զինուորները հայ կամաւորների հետ Ներսէս Աշտարակեցու գլխաւորութեամբ կարողացել են յետ մղել թշնամու գրոհները եւ հասել Էջմիածին։ Մահով խիզախ ընկել են 1131 ռուսական Ռազմիկ․․․»։

Տես՝ https://arminfo.info/full_news.php?id=44242&lang=1

*
* *

Ահա՝ հանրագիտական տեղեկանք-գնահատումի ընդհանուր ուղղութեան նմոյշ մը․-

mamoul.amի աշխատակից ՆՈՐԻԿ ՔԷՇԻՇԵԱՆի կարծիքով՝
1827 թ․ի Օգոստոսի 17ին տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը:

Ճակատամարտը ընթանում էր հայ-ռուսական և պարսկական զoրքերի միջեւ: Ճակատամարտն աւարտուեց հայ-ռուսական զoրքերի յաղթանակով:

1827թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկեւիչի գլխաւորութեամբ վերսկսուել են պատերազմական գործողութիւնները:

Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զօրամասը շարժուել է դէպի Երեւան եւ նոյն ամսուայ կէսերին առանց դիմադրութեան գրաւել Էջմիածինը:

Շուտով անձնատուր եղաւ նաեւ Նախիջեւանի խանը:
Արաքսի ափին գտնուող Աբասաբադ բերդը գրաւելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտութիւն կրեցին:

Խախտելով զինադադարը՝ պարսկական զօրքերը թագաժառանգ Աբաս-Միրզայի գլխաւորութեամբ, Օգոստոսի 4ին, գետանցել են Արաքսը, նպատակ ունենալով գրաւել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լէյտենանտ Ա. Կրասովսկու զօրամասը, յարձակուել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղութեամբ, կանխելով գեներալ Պասկեւիչի առաջխաղացումը Թաւրիզ:

Օգոստոսի 6ին պարսկական բանակը գրաւում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին: Օգոստոս 15ին` պաշարում եւ հրետակոծում են Էջմիածինը:

Օգոստոսի 16ի երեկոյեան Կրասովսկին 3 հազարանոց զօրախմբով եւ 12 թնդանօթով Ապարանի սարահարթից շարժւում է դէպի Էջմիածին: Ճակատամարտը սկսուել է առաւօտեան ժամը 8ին Օշականից 2 վերստ հեռաւորութեան վրայ, Էջմիածին տանող ճանապարհի վրայ` Քասաղի կիրճում:

Ճակատամարտն աւարտուել է ժամը 17ին:

Ճակատամարտում զոհուած ռուս զինուորների յիշատակը յաւերժացնելու համար, Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրայ, 1833-1834 թուականներին, ինժեներ-պորուչիկ Կոմպանէյսկու նախագծով ճակատամարտի վայրում յուշարձան կառուցուեց, որը կանգուն է մինչեւ օրս: Ամէն տարի Օգոստոսի 17ին օշականցիները, Ռուսաստանից ժամանած հիւրերի հետ, այցելում են յուշակոթող եւ իրենց յարգանքի տուրքն են մատուցում զոհուածների յիշատակին:
Յղում՝ https://my.mamul.am/…/1827

*
* *

– ՅՈՒՇԱՏԵՏՐ – 17 Օգոստոս 1827․ Օշականի Ճակատամարտին յաղթական աւարտը հիմնովին փոխեց հայ ժողովուրդի քաղաքական ճակատագիրը՝

Օշականի ճակատամարտին մասին ահա թէ ի՛նչ կոնդակ հրապարակած է ՎԱԶԳԷՆ Ա․ ԿԱԹՈՂԻԿՈՍ․-

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Տ. Տ. ՎԱԶԳԷՆ Ա․
ՀԱՅՐԱՊԵՏԻ ԽՕՍՔԸ 1827ԻՆ ՕՇԱԿԱՆԻ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՈՒԱԾ ՌՈԻՍ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԻ
ՅԻՇԱՏԱԿԻՆ
(3 Հոկտեմբեր 1978ին, 1834ին էջմիածին քաղաքում
կանգնեցուած յուշարձանի առաջ)

Գոհութիւն ենք տալիս Աստուծոյ ամենակալին, որ ահա գտնւում ենք այս յուշարձանի կողքին, աղօթելու բիւրաւոր ռուս մարտիկների հոգիների համար, որոնք իրենց կեանքը զոհեցին հարիւր եւ յիսուն տարիներ առաջ, փրկելու համար Արեւելեան Հայաստանը հին Պարսկաստանի խաւարից ու դաժան հարստահարումներից։

Երախտագէտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանալու ռուս ժողովրդի զաւակների հերոսական սխրանքները եւ նրանց նահատակութիւնը։ Թող Տէրը յաւերժ լուսաւոր պահպանի նրանց սուրբ յիշատակը երկնքում եւ այստեղ՝ երկրի վրայ, Հայաստանի հողի վրայ, ամէն մի հայ մարդու սրտում։

Այս յուշարձանը կառուցուել է 1828ից մի քանի տարիներ յետոյ երջանկայիշատակ Ներսէս Ե․ Աշտարակեցի Կաթողիկոսի որոշումով եւ Մայր Աթոռի միջոցներով, ի նշանաւորումն ռուսական բանակի զինուորների նահատակութեան։

Այսօր բոլոր հայերը, որ ի Հայաստան եւ որ ի սփիւռս աշխարհի, յիշում են անցեալը, որպէսզի իրենց երախտագիտութիւնը յայտնեն զոհուած ռուս հերոսների յիշատակին, բայց նաեւ որպէսզի յստակ տեսնել կարողանան իրենց ազգի ապագայ կեանքի ուղիղ ճանապարհը։

Վա՜յ այն ժողովրդին, որ յիշողութիւն չունի, որ չունի յստակ գիտակցութիւնը պատմական փորձի, որ միջազգային միշտ ալեկոծ, միշտ շփոթեցուցիչ հողմերից տարուբերուած կորցնում է իր կենսական շահերի ուղին, երբեմն շլանալով խաբուսիկ երեւոյթներից, երբեմն մղուելով գեր-գգացական պատրանքներից, երբեմն մոլորելով անիրականալի խոստումներից։

Հայ ժողովուրդը, որ իր քաջ որդուոց ծով արեան ճանապարհով հասել է մեր օրերի իր ազգային վերածնունդի լուսաբացին, իր պետականութեան կազմաւորման, միշտ ոուս ժողովրդի եղբայրական օգնութեամբ, այսօր դարձել է արդէն իր գերագոյն շահերին գիտակից ազգութիւն, իր սեփական ուժերի վրայ հաւատք ունեցող ազգութիւն, իր ապագայի նկատմամբ լաւատեսութեամբ համակուած ազգութիւն։

Նաեւ մի ազգութիւն, որ գիտէ յարգել ու փառաւորել յիշատակը իր զաւակների հերոսական ճիգերի եւ զոհաբերումների, որոնք արեամբ ներկեցին հայոց ազատագրական պայքարի ջահը։

Սրբազան պայքարի մի ճանապարհ, որի վրայ իրենց արիւնը թափեցին նաեւ մեր ռուս եղբայրները եւ ոչ միայն 1826-28ի շրջանին, այլեւ 1915ին՝ փրկելով երկու հարիւր հազար վասպուրականցի հայերի կեանքը օսմանեան ցեղասպանութիւնից, 1918ին՝ իրենց գործօն մասնակցութիւնը բերելով Սարդարապատի հայոց մեծ յաղթանակին, 1920ին՝ Հայաստանից դուրս քշելով Քարապեքիր Փաշայի բանակները եւ պատռելով Ալեքսանդապոլի սեւ դաշնագիրը։

Այսօր այս յուշարձանի առաջ կանգնած պարտաւոր ենք յիշել այս բոլորը․ պարտաւոր ենք գիտակցել, թէ պատմութիւնը ինչ-որ հեռուանց-հեռւում տեղի ունեցած դէպքերի պարզապէս մի շարադրանք չէ․ պարտաւոր ենք զգալ, թէ պատմութիւնը մեզ հետ քայլում է եւ քայլ առ քայլ հարստացնում մեր ազգային հաւաքականութեան կենսափորձը։ Անցեալի փորձառութեամբ լուսաւորուած պարտաւոր ենք յառաջ ընթանալու դէպի մեր ապագան, մեր ոտքերի տակ մեր մայր հողը ունենալով որպէս ամուր պատուանդան։ Ու այդ պատուանդանի վրայ կանգնած եւ այդ պատուանդանից միայն պարտաւոր ենք դիտել համայն աշխարհը ու դատել իրադարձութիւնները միջազգային կեանքի։

Մենք, Հայրապետ Ամենայն Հայոց, այս հաւատամքը, այս վկայութիւնն ենք բերում այսօր այս յուշարձանի առաջ, մեր ժողովրդի առաջ, մեր վերածնուած հայրենիքի առաջ։
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի. Ամէն։

Յղում՝ https://arar.sci.am/…/publica…/267117/edition/244657/content

*
* *

Վերջապէս, ահա՛, մերօրեայ վերապահութեանց եւ վերանայումներու մօտեցումին վերաբերեալ նմոյշ հրապարակում մը՝ որ իր վերնագրով իսկ կը խտացնէ հարցադրումը․-

ՅՈՒՇԱՐՁԱՆ ՍՏՐԿՈՒԹԵԱՆ

Lragir.am, 30 Մարտ 2011

Օշական գիւղի մօտ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնութեամբ բարեկարգւում է զոհուած ռուս զինուորների յիշատակը յաւերժացնող յուշարձանը:

Ըստ այդ կապակցութեամբ տարածուած հաղորդագրութեան, ռուս զինուորները 1827 թ. Օշականի ճակատամարտի ընթացքում փրկել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը պարսկական յարձակումից:
Աշխատանքներն իրականացնում է Պատուի Գործ բարեգործական կազմակերպութիւնը: Յիշեցնենք, որ դեսպանի եւ կազմակերպութեան նախաձեռնութեամբ բարեկարգուել է նաեւ Գիւմրիի Պատուոյ Բլուրը:

Հաղորդագրութեան մէջ նաեւ նշւում է.-

«Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է: 1827 թ. Օգոստոսի 17ին պարսից շահ Աբբաս Միրզայի զօրքերը պաշարել էին Էջմիածինը, որի փրկութեանն էր շտապում ռուսական զօրախումբը` Ա. Կրասովսկու գլխավորութեամբ: Պարսիկները ճակատամարտը տանուլ տուեցին: Որոշում ընդունուեց Օշականում ռուս զինուորների յիշատակը յաւերժացնող յուշահամալիր կանգնեցնել, որի բացումը կայացաւ 1834թ.»։

Պատմաբանութիւնը, հէնց պատմաբանների խօսքով, ամենասուբյեկտիվ եւ ամէնից շատ գրաքննութեան ենթարկուող գիտութիւնն է: Բնականաբար, տուեալ ժամանակի իշխողները պատմաբաններին պատմութիւնը գրել են տուել այնպէս, ինչպէս իրենց է եղել ձեռնտու: Հայոց պատմագիտութիւնը ոչ միայն բացառութիւն չէ, այլեւ թերեւս այլ ժողովուրդների համեմատ դարերի ընթացքում ամենաշատ աղաւաղուածն է:

Չխորանալով մանրամասների մէջ՝ նշենք նաեւ, որ ժողովուրդներին ստրկացնելու լաւագոյն ձեւը նրանց պատմութիւնը նենգափոխելը եւ սեփական սյուժէներով յուշարձաններ կանգնեցնելն է: Ոչինչ այնքան արդիւնաւէտ չէ ժողովուրդներին ստրկացնելու հարցում, որքան նրա գիտակցութեան մէջ որոշակի կարծրատիպեր ամրագրելը: Այս տեսակէտից, ռուսներն առաջատար դիրքեր են գրաւում Հայաստանի նուաճողների շարքում:

Տուեալ պարագայում՝ Օշականի ճակատամարտում, ռուսներն ու պարսիկները ճակատամարտում էին ազդեցութեան գօտիների, եւ ոչ թէ հայ ժողովրդի թախծոտ աչքերի համար: Եւ եթէ ճակատամարտը եղել է Օշականում, դեռ չի նշանակում, որ կողմերից մէկը նպատակ ունէր աւերել Մայր Աթոռը: Մանաւանդ որ Էջմիածնի Մայր Տաճարն իր ներկայիս տեսքը ստացել է հէնց պարսից տիրապետութեան շրջանում:

Նշենք նաեւ, որ վերը ասուածը որեւէ կերպ չի վերաբերում ռուս հասարակ զինուորներին, որոնք զոհուել են սեփական կայսրութեան համար:

Յղում՝ https://www.lragir.am/2011/03/30/45869/

– ՅՈՒՇԱՏԵՏՐ – 17 Օգոստոս 1827․ Օշականի Ճակատամարտին յաղթական աւարտը հիմնովին փոխեց հայ ժողովուրդի քաղաքական ճակատագիրը՝

*
* *

Օշականի ճակատամարտին նուիրուած Յուշատետրի այս հրապարակումը կ՚առաջադրէ հայոց նորագոյն պատմութեան կարեւորագոյն էջերէն մէկուն առարկայական լուսաբանումը։

Ոչ միայն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմավարական դաշինքի աշխարհաքաղաքական գնահատման խնդիրը, այլեւ ընդհանրապէս հայեւռուս բարեկամութեան ու մշակութային սերտաճման ժառանգութիւնը արժանի են բազմակողմանի եւ խորքային քննարկումի ու արժեւորումի՝ անդին անցնելով ռուսամէտ եւ հակառուս բեւեռացման կարգախօսային բանակռուի արդէն սպառած առճակատումներէն։

Ի վերջոյ կայ իմաստութիւնը՝ կայսրին բաժինը կայսեր, իսկ Աստուծոյ բաժինը Աստուծոյ տալու։

Հայ քաղաքական միտքը ի վերջոյ պէտք է կարենայ ազգային-քաղաքական իրաւունքներու եւ շահերու հետեւողական պաշտպանութեամբ ու հետապնդումով լեցնել խրամատը՝ Ռուսաստանի մէջ սոսկ ԱԶԱՏԱՐԱՐ կամ լոկ ՏԻՐԱԿԱԼ տեսնելու բեւեռացումներուն միջեւ։

– ՅՈՒՇԱՏԵՏՐ – 17 Օգոստոս 1827․ Օշականի Ճակատամարտին յաղթական աւարտը հիմնովին փոխեց հայ ժողովուրդի քաղաքական ճակատագիրը՝

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՅՈՒՇԱՏԵՏՐ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail