Տոնոյանը Կասպրշիկի ուշադրությունն է հրավիրել հայ սպայի մասնակցությամբ ադրբեջանական տեսաուղերձին
26 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ստեփանյանը նշել որ, որ զրույցի ընթացքում Տոնոյանը դեսպան Կասպրշիկի ուշադրությունը հրավիրել է ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:
«Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք անկախ նրանից, թե ինչ պայմաններում և ինչ տեղանքում է անձը հայտնվել հակառակ կողմի իրավազորության ներքո: Զինծառայող Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված թերի հայերենով մշակված տեքստը», – գրել է Ստեփանյանը։
Գուրգեն Ալավերդյանը Ադրբեջանի տարածքում հայտնվել է օգոստոսի 24-ին: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով նա մոլորվել է:
armenpress.am/arm/news/1025974.html